Հյուրանոց, հյուրատուն, հոսթել. գլխավորը հյուրընկալությունն է (Ֆոտոշարք)

28.06.2013 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արտերկիր մեկնելուց առաջ շատերն ակամայից դառնում են տվյալ երկրի հյուրանոցային տնտեսության հմուտ գիտակներ՝ նախապես ուսումնասիրելով ապագա հանգրվանի հնարավոր տարբերակները: Եվ բնական է, որ, կախված ուղեւորության նպատակից, տեւողությունից եւ ֆինանսական միջոցների ծավալից, հյուրանոցային օբյեկտի ընտրությունը կարող է լինել նաեւ այլընտրանքային՝ ներառելով ծառայությունների ոչ ավանդական եւ/կամ սահմանափակ փաթեթ:

Միջազգային դասակարգման մեջ նման հյուրանոցները ստացել են Bed and Breakfast (B&B) անվանումը, ինչն ենթադրում է, որ հաճախորդին տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանափակվում է մահճակալով (bed) եւ նախաճաշով (breakfast): B&B հյուրանոցները հատկապես հարմար են նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ գումար ծախսել սովորական հյուրանոցներում բնակվելու համար, սակայն ակնկալում են ստանալ հարմարավետության բավարար չափաբաժին:

B&B հյուրանոցների առանձնահատկություններից են սենյակների սահմանափակ քանակն ու կառավարման ձեւը. որպես կանոն, դրանք կառավարվում են անմիջապես սեփականատիրոջ կամ նրա ընտանիքի անդամների կողմից: Մեծամասամբ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այցելուներին է փոխանցվում ընտանեկան ջերմ մթնոլորտը եւ տնական խոհանոցի համն ու հոտը:

B&B-ի հայկական առանձնահատկությունները

Հայաստանում B&B տիպի հյուրանոցները հայտնի են որպես զբոսաշրջային տներ կամ հյուրատներ: Համաձայն «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաեւ կազմակերպվում եւ մատուցվում են սննդի ծառայություններ:

 «Հայկական հյուրընկալությունը դասվում է ազգային բրենդերի շարքին, եւ հայկական օջախում ազգային ճաշատեսակներ վայելելն ու հյուրընկալ տանը գիշերելը դարեր ի վեր պատվի եւ հարգանքի նշան է եղել»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Հայաստանի Զբոսաշրջային տների ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Նաիրա Խառատյանը:

Նրա փոխանցմամբ, դեռ 3 տարի առաջ՝ Ասոցիացիայի գործունեության սկզբնական փուլում, վերջինիս անդամակցում էին շուրջ 60 զբոսաշրջային տներ, իսկ այսօր այդ թիվը հասնում է 150-ի: «Դրան էլ գումարած եւս 200 հյուրատներ, որոնք գործում են Ասոցիացիայի շրջանակներից դուրս`շատերը ստվերում»,- ասում  է Նաիրա Խառատյանը, հավելելով, որ ներկայումս շուկայում եղած առաջարկը գերազանցում է պահանջարկը: Դա, ըստ փորձագետի, պայմանավորված է համապատասխան մասնագիտական կրթական համակարգի, ենթակառուցվածքների եւ, ընդհանուր առմամբ, զբոսաշրջության՝ որպես տնտեսության գերակա ճյուղի պետական քաղաքականության բացակայությամբ:

Զբոսաշրջային տների մոտ 75-80%-ը բաժին է հասնում մարզերին, սակայն դրանց զբաղվածության (ծանրաբեռնվածության) մակարդակը չի գերազանցում 50%-ը: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Երեւանը, որին հաջորդում են Կոտայքի եւ Տավուշի մարզերը: Ինչ վերաբերում է գնային առաջարկին, ապա հյուրատներում մեկ գիշերակացի գինը մեկ մարդու հաշվարկով մարզերում կազմում է 5 000 - 10 000, իսկ Երեւանում՝  8 000 - 25 000 դրամ:

Նաիրա Խառատյանի կարծիքով, Հայաստանում հյուրատների շուկայի զարգացումը   տարերային բնույթ է կրում, ուստի շատ կարեւոր է հատուկ այս ոլորտի համար ռազմավարության մշակումը: «Հարեւան Վրաստանում ծովափնյա հանգստյան բիզնեսի  80%-ը բաժին է ընկնում հյուրատներին: Տեղում ծանոթացել եմ վրաց գործընկերների աշխատանքին եւ հիացած եմ իշխանությունների կողմից  իրականացվող զարգացման ծրագրերով: Բավական է նշել անտոկոս վարկերի հնարավորությունը նորաստեղծ ընտանիքների համար, ինչպես նաեւ մինչեւ 4% տոկոսադրույքով վարկավորումը՝  համապատասխան զարգացման ծրագրի առկայության դեպքում: Հուսանք, մեզ մոտ եւս այս ոլորտն ի վերջո կարժանանա պետական նմանատիպ հոգատար աջակցության», - եզրափակել է Նաիրա Խառատյանը:

Հայացք 14-րդ հարկից

«14th floor» հյուրանոցի անվանումը պատահական չէ, այն իրոք գտնվում է Երեւանի կենտրոնում տեղակայված նորակառույց շենքի վերջին՝ 14-րդ հարկում, զբաղեցնելով շենքի ամբողջ մեկ հարկը: Ունի 8 համար, ճաշարան եւ մեծ պատշգամբ, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն վայելելու երեւանյան գիշերները: «Մեր հյուրանոցը B&B տեսակի է, ճիշտ է, չունի ծառայությունների մեծ ընտրանի, սակայն առանձնահատուկ է թե իր տեղակայման դիրքով, թե համարների սահմանափակ քանակությամբ: Վերջին հանգամանքը հանգիստ մթնոլորտ է հաղորդում մեր հյուրերին, ինչը, բնականաբար, գնահատվում է իրենց կողմից»,- նշում է հյուրանոցի մենեջեր Զարուհի Սահակյանը:

Հյուրանոցը բացվել է 2010 թ-ին, ակտիվ գործունեություն է ծավալում 2011թ. մարտից: «Արդյունքները գոհացուցիչ են, տարեց տարի դրանք ավելի լավն են դառնում: Աշխատելով փոքր հյուրանոցում՝ մեզ հաջողվում է ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծել հյուրերի համար: Ի ուրախություն մեզ, այն զբոսաշրջիկը, ով մեկ անգամ հյուրընկալվում է մեր հյուրանոցում, հաջորդ տարի, այցելելով Երեւան, նորից գալիս է մեզ մոտ: Ամենաշատ այցելուները Ռուսաստանից են, այնուհետեւ՝ եվրոպացի հյուրերն են, ավելի քիչ՝ Իրանից», - պատմում է մենեջերը:

Հյուրանոցն ունի դելյուքս, լյուքս եւ ընտանեկան տիպի համարներ: Գնային առաջարկները սեզոնային են, ընդ որում ամենաթանկ շրջանը աշունն է: Այսպես, սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում դելյուքս համարը կարժենա 47 600 դրամ, այն դեպքում, երբ ձմռան ամիսներին այդ նույն համարի գինը կազմում է 28 000 դրամ, իսկ ամռանն ու գարնանը՝ 39 200 դրամ:  

Չնայած հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքում, այն էլ՝ Երեւանի ամենակենտրոնական հատվածում, այն զերծ չի մնացել ճանապարհաշինական խնդիրներից: «Մեր առջեւ ծառացած խնդիրը մեզ շրջապատող տարածքն է, մասնավորապես, Բյուզանդի փողոցը, որը գտնվում է սարսափելի վիճակում, ճանապարհը քանդված է: Կարծում եմ, նախապես կարելի էր մի քանի բան անել, որպեսզի գոնե մեքենաները կարողանային հանգիստ տեղ հասնել: Եղել են  դեպքեր, երբ զբոսաշրջիկները եկել են, սակայն վատ ճանապարհի պատճառով  չեն ցանկացել հյուրընկալվել մեզ: Նաեւ պետք է նշեմ Տերյան-Բյուզանդ փողոցների խաչմերուկում կուտակված աղբի մասին, որը ուժեղ քամու ժամանակ ուղղակի ցաք ու ցրիվ է լինում»,- ասել է Զարուհի Սահակյանը:

Զրույցի ավարտին մենեջերն իր խոսքն ուղղեց բոլոր նրանց, ով մտադրություն ունի զբաղվել  հյուրատնային բիզնեսով: «Անկեղծ կլինեմ եւ խորհուրդ կտամ այս տիպի հյուրանոցներ հիմնելուց հետո չվերածել դրանք մոթելների: Մեր երկիր այցելող զբոսաշրջիկները շատ անգամ չեն ցանկանում մեծ գումար ծախսել կեցության վրա եւ նախընտրում են հենց այս տիպի հյուրանոցներ: Նրանք գերադասում են մաքուր ու հարմարավետ սենյակներ եւ, բնականաբար, շատ տհաճ կզգան, եթե հանկարծ հարեւան սենյակը դառնա ժամանցի վայր՝ անբարո կանանց մասնակցությամբ»:

Ճանաչում ձեռք բերելու համար տարիներ են անհրաժեշտ

Ի տարբերություն նախորդ հյուրատան, «Պրիմեր» հյուրանոցը գործում է 4-հարկանի առանձին շենքում եւ գտնվում է Երեւանի ոչ կենտրոնական մասում: «Հողատարածք ունեինք, եւ այն առավել արդյունավետ օգտագործելու համար որոշեցինք հյուրանոց կառուցել եւ զբաղվել այս բիզնեսով:  Հյուրանոցը B&B տիպի է, սակայն հաճախորդի ցանկությամբ կարող ենք ավելացնել նաեւ ճաշ եւ ընթրիք ու մատուցել հյուրանոցի տարածքում գործող ռեստորանում»,- պատմում է հյուրանոցի սեփականատեր-մենեջեր Գրենյա Պողոսյանը:

Հյուրանոցն այցելուների առջեւ իր դռներն է բացել 2010թ. սեպտեմբերին: «Սպասելիքների արդարանալու մասին դեռ վաղ է խոսել, քանի որ 2.5 տարին բավական ժամկետ չէ հյուրանոցային բիզնեսում լուրջ արդյունքների հասնելու համար: Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի շուկայում ճանաչում ձեռք բերես: Բայց եւ այնպես, յուրաքանչյուր տարի նախորդի համեմատ ունեցել ենք ավելի լավ արդյունք: Իսկ այս տարին դեռ առջեւում է, մեծ ակնկալիքներ ունենք նաեւ այս տարվանից»,- նշում է մենեջերը:

Հյուրանոցն ունի 18 սենյակ, որոնցից  9-ը՝ ստանդարտ (20 000 դրամ), 6-ը՝ դելյուքս  (22 000 դրամ) եւ 3-ը՝ ընտանեկան (34 000 դրամ): Այցելուներ ներգրավելու համար, որպես կանոն, օգտագործվում են համացանցի հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային ամրագրման համակարգերը:  

«Պրիմեր»-ի հյուրերը Ռուսաստանից են, Ֆրանսիայից, Անգլիայից, Իտալիայից, Գերմանիայից: Լինում են նաեւ սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից: Մարտ ամսին հյուրերի գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են: Այցելուներ գրեթե չեն լինում ձմռան ամիսներին, անգամ եթե գալիս են, ապա մեկ-երկու օրով` կոնֆերանսներին մասնակցելու կամ գործնական այլ նպատակներով:

Ինչպես նշում է մենեջերը, պայմանների մասին նախապես հետաքրքրվելիս, դիմողների գերակշիռ մասը ցանկանում է, որպեսզի  հյուրանոցին հարող տարածքում լինեն ժամանցի վայրեր, սուպերմարկետներ, ամռան ամիսներին՝ լողավազան: Նախապես փորձում են իմանալ նաեւ, որքանով է հյուրանոցը մոտ կենտրոնին եւ ինչ կարժենա տաքսին մինչեւ կենտրոն: Սակայն ամենից շատ նրանց հետաքրքրում է ինտերնետի առկայությունը:  

Անդրադառնալով մրցակցությանը՝ Գրենյա Պողոսյանը նշեց, որ 2010 թվականին, երբ նոր էր բացվել հյուրանոցը, մրցակցություն որպես այդպիսին չկար, սակայն վերջին 1 տարվա ընթացքում բացվել են 3-4 նմանատիպ հյուրանոցներ:  

Եվրոպական մոդելի հայկական առավելությունները

Թեպետ եւ հոսթելները չեն դասվում B&B հյուրանոցների շարքին, սակայն չէինք կարող շրջանցել գիշերակացի կազմակերպման եվրոպական այս մոդելը՝ հաշվի առնելով վերջինիս կարեւորությունը, առաջին հերթին, զբոսաշրջային խմբերի սպասարկման առումով: Որպես կանոն, հոսթելները նախատեսված են փոքր բյուջե ունեցող երիտասարդ զբոսաշրջիկների համար, ովքեր կարճատեւ այցելությունների ընթացքում բավական մատչելի կերպով կարողանում են լուծել իրենց կեցության հարցը:  

«One way» հոսթելը գործում է 2.5 ամիս եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է  խմբեր հյուրընկալել  Շվեյցարիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից: Եղել են նաեւ թուրք եւ քուրդ այցելուներ: Հոսթելի համահիմնադիր Հակոբ Սումբատյանը պատմում է, որ այս բիզնեսով զբաղվելու գաղափարն առաջացավ Վրաստան այցելությունների արդյունքում: «Արդեն 2 տարի է, ինչ տուռեր ենք կազմակերպում Հայաստանում, Արցախում, Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ Վրաստանում, որտեղ մեր գիշերակացը կազմակերպում էինք հիմնականում հոսթելներում: Որոշեցինք մենք էլ զբաղվել այդ բիզնեսով եւ Երեւանում բացեցինք մեր հոսթելը»,- ասաց նա:

Հոսթելը գտնվում է Երեւանի կենտրոնում, բնակելի շենքի վերջին՝ 5-րդ հարկում: Ունի 4 սենյակ, խոհանոց եւ պատշգամբ: Սենյակներից մեկը նախատեսված է 8 հոգու համար եւ արժե 5000 դրամ ՝մեկ անձի հաշվարկով , ներառյալ նախաճաշը: Մնացած 3 սենյակները երկտեղանոց են եւ արժեն 6 500 - 8 000 դրամ՝  մեկ անձի համար, ներառյալ նախաճաշը:

Հակոբ Սումբատյանի տվյալներով, անցյալ տարի Երեւանում գործում էին 9 հոսթելներ, իսկ  այս տարի դրանց թիվը հասել է արդեն 13-ի: «Ճիշտ է, Թբիլիսիում հոսթելների քանակը մի քանի անգամ ավել է՝ մոտ 30-40 հատ, սակայն համոզված եմ, որ զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ մեզ մոտ եւս այս բիզնեսը կզարգանա: Ավելին, շատ զբոսաշրջիկներ, ովքեր Թբիլիսիից հետո գալիս են Երեւան, նշում են տեղական շուկայի առավելությունները՝ առանձնացնելով մաքրությունը, կահավորանքը եւ սպասարկման բարձր մակարդակը»,- եզրափակել է Հակոբ Սումբատյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Վահագն Գրիգորյանի (հատուկ Banks.am-ի համար)

Դիտում՝ 11555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai