Բազել III-ը գալիս է Հայաստան. պատրա՞ստ ենք դիմավորել

18.03.2013 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից 2010-11թթ. մշակված «խաղի նոր կանոնները», որոնք ստացան Բազել III անվանումը, սկսում են ներդրվել աշխարհում այս տարվանից: Բազել III-ը, մասնավորապես, կպահանջի բանկերից, որպեսզի նրանց բաժնետիրական կապիտալը կազմի ակտիվների առնվազն 4.5%-ը (ներկայումս՝ 2%), ինչպես նաեւ, այսպես կոչված, «Առաջին մակարդակի» (Tier 1) կապիտալի համարժեքության 6%-անոց ցուցանիշ (հիմա՝ 4%). Այն ենթադրում է նաեւ կապիտալի կոնսերվացման 2,5%-անոց բուֆեր, ինչպես նաեւ հակացիկլիկ բուֆեր, որը վարկավորման բուռն աճի ժամանակաշրջաններում թույլ է տալիս կարգավորողներին պահանջել բանկերից պահուստավորել իրենց կապիտալի եւս 2.5%-ը: Այնպես որ, ընդհանուր կապիտալի համարժեքությունը պետք է կազմի 14-16%:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) գնահատականներով, կարգավորման խստացված պահանջների պատճառով բանկերի վարկային եւ ավանդային տոկոսադրույքների սփրեդը մոտակա տարիներին կավելանա 0,15-ից 0,5 տոկոսային կետով, ինչը կդանդաղեցնի գլոբալ տնտեսական աճը 0.05-0.15%-ով: Քննադատների պնդմամբ, հենց խստացող բանկային վերահսկողությունն է պատճառ դարձել, որ հետճգնաժամային վերականգնումն աշխարհում դանդաղ տեմպերով է ընթանում: Նոր ստանդարտների ջատագովներն էլ հակադարձում են, որ հենց բանկային թույլ կարգավորումն է հանգեցրել վերջին ճգնաժամին:

Գործընթացին անմասն չի նաեւ Հայաստանը. մեր բանկերը, որոնք անցան կարգավորման Բազել II ստանդարտներին 2006-7թթ., պետք է հիմա սկսեն անցնել նոր կանոնների: Թե ինչպես է դա ազդելու Հայաստանի ֆինանսական եւ իրական հատվածների վրա, Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը:

- Ո՞ր փուլում է գտնվում Բազել III-ին անցնելու գործընթացը Հայաստանում եւ ե՞րբ է մեզ մոտ նախատեսվում ավարտել այն:
 
- Գործընթացը բաղկացած է 3 փուլերից. առաջինը՝ Բազել III-ի ուսումնասիրությունն է եւ սկզբունքների քննարկումը, երկրորդ փուլը կլինի տվյալ երկրում համապատասխան սթրես-թեսթերի անցկացումը: Դա Բազել 3-ի տեղայնացումն է, որը մենք կիրականացնենք այս եւ հաջորդ տարիներին: 3-րդ եւ վերջին փուլը՝ դա նոր չափանիշների բուն ներդրումն է, որը, կարծում եմ, մենք կավարտենք 2015-ին:

- Կարգավորման ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում մեր բանկերին:   

- Բազել III-ը սկզբունքային փոփոխություններով բանկային կարգավորման դաշտ է: Այն փորձում է հաշվի առնել բոլոր թերությունները, որոնք առկա էին կարգավորման ոլորտում ճգնաժամի ժամանակահատվածում, հաշվի առնել երկրի ցիկլիկ ռիսկերը, մակրոտնտեսական իրավիճակը: Հաշվի է առնվում նաեւ բանկերի աշխարհագրական տեղաբաշխումը, անգամ իրենց ոլորտային ազդեցությունը:

Հիմնական կարեւորագույն փոփոխությունը կլինի կապիտալի հաշվարկում: Բազել III-ում նաեւ կկիրառվի երկու «բարձիկ». մեկը՝ հակացիկլիկ բարձիկն է, մյուսը՝ կապիտալի պահպանության նոր բարձիկը:

Այսօր եվրոպական երկրների մեծամասնությունում բանկերի կապիտալի համարժեքությունը 8% է, իսկ Հայաստանի բանկային համակարգում՝ 12%: Բազել III-ով կապիտալի համարժեքությունը, կախված երկրից, պետք է կազմի 14-16%: Այս առումով, մեզ մոտ անցումն ավելի հեշտ կլինի: Փոխվում են նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ իրացվելիության պահանջները:

Այս տարի մենք  պետք է տեսնենք, թե որքանով են մեզ մոտ կիրառելի նոր սկզբունքները, եւ որ սկզբունքը ինչ ժամանակահատվածում կներդրվի:

Բազել III-I ներդրման արդյունքում կարճաժամկետ առումով մեծանում են բանկերի ծախսերը (կապիտալի ավելացում եւ այլն): Բազել 3-ի կիրառման հետ կապված արդեն իսկ որոշակի նեգատիվ արձագանքներ եղել են մի շարք եվրոպական երկրներում, բայց երկարաժամկետ առումով, ըստ հեղինակների, այն կայունության կբերի ոլորտում:

- Դուք ինքներդ ի՞նչ կարծիքի եք նոր փաստաթղթի մասին:             

- Տնտեսագիտական առումով այն ընդունելի է, այսօրվա դրությամբ հայկական իրողություններն ավելի խիստ են, քան Բազել II-ը:

- Այսօր խոսվում է տարբեր չափի բանկերի նկատմամբ դիֆերենցված մոտեցման անհրաժեշտության մասին:

- Բազել III-ը հենց դա էլ ենթադրում է: Մակրոտնտեսական միջավայրի վրա առավել ուժեղ ազդեցություն ունեցող բանկերի նկատմամբ ավելի խիստ նորմատիվային դաշտ է նախատեսում:

Նախկինում կար սկզբունք, որը կոչվում էր «too big to fail» (շատ խոշոր կործանվելու ձախողվելու համար): Կյանքը ցույց տվեց, որ այդ սկզբունքը չի աշխատում եւ, անսպասելի կարգավորողների  համար խնդիրներ ունեցան խոշոր բանկերը, ինչպես  օրինակ, խնդիրներ ունեցավ աշխարհի խոշորագույն Citigroup-ը: Դա նշանակում է, որ մեծերի հանդեպ ավելի ուշադիր եւ առանձնահատուկ մոտեցում է անհրաժեշտ:

- Իսկ քննարկվո՞ւմ է արդյոք դիֆերենցված մոտեցում ոչ թե կախված բանկի չափից, այլ իր գործունեության վայրից, հաշվի առնելով երկրների տնտեսական զարգացվածության տարբեր մակարդակները:

- Կարգավորման ստանդարտները պետք է նույնը լինեն: Դա նորմալ է եւ լավ է, որովհետեւ, մեկ կարգավորման դաշտում գտնվող ընկերությունները խոսում են իրար հետ մեկ լեզվով: Դա հեշտացնում է մեր աշխատանքը, որովհետեւ այսօրվա դրությամբ բանկային համակարգը գլոբալ է:

Այնպես որ, համոզված եմ, որ կարգավորման  սկզբունքները պետք է լինեն նույնը բոլոր երկրներում, ինչը կհեշտացնի նաև կարգավորողների աշխատանքը:  

- Հայաստանի բանկային համակարգի քննադատների մեծամասնությունը մատնանշում է այն փաստը, որ մեզ մոտ թույլ է կապը իրական եւ ֆինանսական հատվածների միջեւ եւ ֆինանսական հատվածը իրականից շատ ավելի լավ արդյունքներ է ցուցադրում: Բազել III-ը, խաղի կանոնների հետագա խստացմամբ, կարո՞ղ է էլ ավելի խզել կապը Հայաստանի իրական եւ ֆինանսական հատվածների միջեւ:

- Հայաստանում բանկային համակարգի՝ իրական հատվածից ավելի զարգացած լինելը կայանում է առաջինի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության մեջ:

Ինչ վերաբերում է համակարգի շահութաբերության ավելի մեծ ցուցանիշներին, քան իրական հատվածում, դրա հետ չեմ կարող համաձայնվել, ուղղակի բանկային համակարգը թափանցիկ է և  հրապարակում է իր շահույթը: Իսկ կապի խզման մասին խոսք լինել չի կարող, քանի որ միայն վերջին 7 տարիների ընթացքում վարկային  ներդրումների ծավալը ՀՆԱ-ում ավելացել է երկու անգամ:  
 
Մյուս կարեւոր խնդիրը իրական եւ ֆինանսական հատվածների օրենսդրական կարգավորումն է: Այն ավելի ուժեղ է բանկային համակարգում եւ դա նպաստում է զարգացմանը: Մենք ցանկանում ենք, որ իրական հատվածն ունենա այնպիսի կարգավորում, ինչպես ֆինանսականը:

Բազել III-ի արդյունքում բանկերը կավելացնեն իրենց կապիտալը, կվերաիմաստավորեն իրենց վարկային քաղաքականությունը եւ մենք ամեն ինչ կանենք, որ իրական հատվածը դա չզգա:

Մեր երկիրը կարողացել է անցնել Բազել 1-ով, հեղափոխական փոփոխություններ ապրեց Բազել 2-ի ներդրումից հետո (2006-07թթ.), ըստ էության մեր տնտեսությունը չէր էլ զգացել այդ անցումը:

- Մեր բանկերն  առանձնանում են բարձր իրացվելիությամբ, եւ եթե այսօրվա դրությամբ այս բարձր իրացվելիությունը շահավետ ներդրումների ուղղություններ չգտնելու պատճառով է, ապա Բազել III-ի ներդրումից հետո բարձր իրացվելիություն պահելը պարտադրված քայլ է լինելու, այնպես չէ՞:

- Մենք դեռ չենք անցկացրել անհրաժեշտ սթրես-թեսթերը դա հասկանալու համար:
Պետք է նշեմ, որ Բազել 3-ով սահմանվում է իրացվելիության հաշվարկի երկու նոր նորմատիվ`կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ նորմատիվը հաշվարկում է  մինչև 30 օրյա ժամկետում դրամական միջոցների ներհոսքն ու արտահոսքը, իսկ  երկարաժամկետ նորմատիվով հաշվարկվում է բանկի ֆինանսական ռեսուրսների հայթայթման  /ֆոնդավորման / հնարավորությունը:   

Պետք է հասկանալ, թե ինչ տարբերություն կա այսօրվա փաստացի եւ Բազել III-ով նախատեսված իրացվելիության մակարդակների միջեւ: Բոլոր անհրաժեշտ գնահատականները կունենանք արդեն այս տարի:

- Ինչ եք կարծում, դա չի՞ խանգարի ֆինանսական միջնորդության աճին:

- Իսկ որքանո՞վ է խանգարել Բազել II-ը: Այն միայն բերել է ֆինանսական միջնորդության ավելացման: Մենք այն ներդրել ենք 2006-07թթ, եւ այս հատվածում ֆինանսական միջնորդությունը երկրում միայն աճել է:

- Իսկ կբերի՞ արդյոք Բազել III-ը համակարգում խոշորացումների:    

- Հնարավոր է բերի, սակայն դրա մասին դեռ շուտ է խոսել: Կա խոշորացման երկու տարբերակ. կարգավորման եւ շուկայական: Ես ինքս շուկայական  միավորման  կողմնակից եմ, երբ տնտեսվարողները շուկայական դրդապատճառներով գնում են դեպի խոշորացում:

Հիշենք, որ Բազել III-ը 2 թույլ է տալիս կապիտալի համարժեքության 14-16% ցուցանիշ: Մեր երկրում այն 12% է, ու բարձրանալու դեպքում մեծ ազդեցություն մեզ մոտ չի գործի:

- Մեր մոտ՝ ոչ, բայց Եվրոպայում կգործի:

- Այո ու բավականին, հենց այստեղից էլ գալիս են բացասական արձագանքները: Կարեւորն այն է, որ գործընթացը լինի սահուն եւ փուլային: Մեր դեպքում բոլոր փոփոխությունները կանխավ քննարկվում են Կենտրոնական բանկի հետ, ինչը շատ դրական է: Մենք նախօրոք գիտենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու եւ դա մեզ շատ է օգնում:

Աշոտ Օսիպյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը

Դիտում՝ 9487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai