Մեր օրերի, բիզնեսի եւ վաղվա օրվա մասին

28.12.2012 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կցանկանայի, որ մենք ազգովի ամեն Նոր տարի «Արարատ»-ի գավաթով միմյանց շնորհավորենք` համոզված լինելով,  որ այս Նոր տարին ավելի լավ ենք ապրելու, քան նախորդը: Երբ այդ միտումը մեր մեջ կարողանանք ֆիքսել եւ շարունակել, ամեն ինչ լավ կլինի»:

Սա մի հատված է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի վերջերս մեր կայքին տված հարցազրույցից, որն, ըստ էության, առիթ հանդիսացավ վերանայել մեր տարեվերջյան ամփոփիչ նյութի բովանդակությունը:

Մենք դեռ առիթ կունենանք Ձեզ ներկայացնել 2012թ.-նի առավել կարեւոր ֆինանսական իրադարձությունները, փորձելով դիտարկել դրանց ազդեցությունը  տնտեսության իրական հատվածի եւ գործարար ակտիվության վրա: Նման մոտեցումը պայմանավորված է նաեւ նրանով, որ անցնող տարին ինչ-որ տեղ շրջադարձային էր Banks.am-ի համար: Մասնավորապես, մենք արեցինք առաջին քայլերը՝ զուտ ֆինանսական կայքից դեպի գործարար աշխարհի հիմնահարցերը լուսաբանող նախագծի վերափոխվելու ուղղությամբ:

Իսկ այսօր ցանկանում ենք շարունակել պարոն Գրիգորյանի մեզ հաղորդած լավատեսական կայծը եւ «շիկացնել» այն անցնող տարում մեր զրուցակիցների կողմից hնչեցրած ոչ պակաս լավատեսական մտքերով:

Մեր օրերի մասին

«Ես չեմ կիսում այն տարածված կարծիքը, թե «մեր ժամանակները» ավելի վատն են, քան «այն ժամանակները», եւ որ «այն ժամանակներում» ավելի շատ էին բարի եւ հարուստ հոգեւոր աշխարհ ունեցող մարդիկ: Հոգեւորի եւ նյութականի հակադրությունը նոր չի առաջացել: Այն դարերի պատմություն ունի: Բոլոր ժամանակներում էլ եղել են ագահ եւ նյութապաշտ մարդիկ, որոնք հարստանալու մրցավազքում կորցրել են իրենց մարդկային դիմագծերը: Նույնը կատարվում է եւ մեր ժամանակներում», - Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցից:

Բիզնեսի մասին

«Մարդը ռացիոնալ արարած է եւ անում է ամեն ինչ, որպեսզի քիչ աշխատի եւ շատ վայելի: Սակայն բիզնեսն յուրահատուկ ոլորտ է, այն նման է խաղամոլության, այստեղ կանգ առնելը հղի է անդառնալի կորուստներով` բիզնեսը միշտ պետք է առաջ շարժվի: Միեւնույն ժամանակ, սպառողների եւ հետինդուստրիալ հասարակություն ստեղծելով՝ մարդկությունը գնում է դեպի կործանում, բայց, մեկ է, չի կարող կանգ առնել: Սա փոքր բիզնեսի մակրո մոդելն է: Կանգ առնելը փոքր բիզնեսում կնշանակի պարտություն, ուստի պետք է շարժվել առաջ: Տվյալ դեպքում բիզնեսմենն ավելացնում է իր հոգսերը եւ պետք է պատրաստ լինի դրան. նա կամ շարժվում է առաջ, կամ պետք է գնա թոշակի», - «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հարցազրույցից:

Վաղվա օրվա մասին

«…ես իրոք սիրում եմ հայրենիքս,  եթե չսիրեի, ժամանակին հետ չէի վերադառնա: Ինքս երկար տարիներ սովորել, աշխատել եմ Մոսկվայում, հետո հայրենիքի կանչով վերադարձել: Իհարկե, կուզենայի Հայաստանը շատ առումներով ավելի լավը լիներ, քան այսօր է: Հուսով եմ,  երբ երեխաներս հասնեն չափահասության տարիքի, արդեն կապրենք մեր երազած Հայաստանում», - Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանի հարցազրույցից:

«Թվում է, թե ուրիշ երկրում կլինես ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ: Սակայն չպետք է մոռանալ, որ ուր էլ գնաս, առաջին հերթին դու քեզ ես վերցնում քո հետ: Ուր էլ գնաս, ինչ էլ անես, չկա կատարյալ երկիր», - մենեջեր Էդգար Մանուկյանի հարցազրույցից:   

Գալիք Նոր Տարում բոլորին լավատեսություն ենք մաղթում:

Banks.am

Դիտում՝ 6878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai