Հատուկ նախագիծ «Made in Armenia». «Արքա ձուկ» խավիար

29.10.2012 | 01:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

Ձկնաբուծությամբ զբաղվող «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը 2000 թվականից «Արքա ձուկ» ապրանքանիշով շուկայում ներկայացնում է իշխանի կարմիր, իսկ 2007-ից` թառափի սեւ խավիար:

«Խավիարը ստանում ենք յուրահատուկ` կթելու ճանապարհով, արդյունքում ունենում ենք բարձր որակի արտադրանք, իսկ ձուկը կենդանի է մնում»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Արքա ձուկ»-ի հիմնադիր տնօրեն  Արկադի Գեւորգյանը: Նա նշել է, որ աշխատանքներն արվում են մարդու միջամտությամբ, կթելուց հետո խավիարը մշակվում է:

2000-ից արտադրվող կարմիր խավիարի սպառման շուկան հիմնականում արտերկիրն է. այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Դուբայ, Հունաստան, Միացյալ Նահանգներ: Արկադի Գեւորգյանի փախանցմամբ, պահանջարկը հատկապես մեծ է ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում. «Տարեկան մոտ կես տոննա կարմիր խավիար արտահանվում է Ռուսաստան»: Մոտ ապագայում ընկերությունը ծրագրեր ունի արտահանել նաեւ թառափի խավիարը, որը դեռեւս փոքր ծավալներով է արտադրվում:   

\"\"

Արկադի Գեւորգյանը նշել է, որ մեծ գումարներ են ներդրել խավիարի արտադրության համար: «Սա ներդրումներ պահանջող աշխատանքն է, բայց ժամանակի ընթացքում այն իր ծախսերը կփոխհատուցի եւ, կարծում եմ, իր արժանի տեղը կգրավի շուկայում», - ասել է մեր զրուցակիցը:

Ձկները պահվում են ավազաններում, կերակրվում Եվրոպայից ներկրված կերով: Տնօրենի փոխանցմամբ, կերը մեծ նշանակություն ունի խավիարի որակի ապահովման համար: 

Խավիարի արտադրությունն այսօր ունի 20-30 տոննա իշխանի մայրական կազմ, որից կարելի է 2-3 տոննա խավիար ստանալ, թառափի մայրական կազմը դեռեւս 1,5 տոննա է: «Իշխանը հասունանում է ամեն տարի, 1,5 տարի ընդմիջմամբ այն կարելի է կթել, իսկ թառափը` 6 տարին մեկ: Յուրաքանչյուր տեսակից կարելի է ստանալ իր քաշի տասը տոկոսի չափ խավիար», - ասել է արտադրության հիմնադիրը:

\"\"

«Արքա ձուկ» ապրանքանիշով իշխանի եւ թառափի խավիարները շուկայում հասանելի են  70, 130, 300 գրամ տարողությամբ տարաներով: Կարմիր խավիարի մեկ կիլոգրամի գինը մոտ 18.000 դրամ է, սեւ խավիարի գինը` 250.000 դրամ:

Արկադի Գեւորգյանի նշել է, որ պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային ցուցահանդեսների, փորձի փոխանակման շփումներ ունենում օտարերկրացի մասնագետների հետ, իսկ միջազգային շուկայում հայկական խավիարի մրցունակությունը բացատրում է որակով ու համային հատկանիշներով:

Անդրադառնալով արտահանման խոչընդոտներին` նա ասել  է, որ որոշ ժամանակ եղել են արհեստական խնդիրներ. «Կարծում եմ, այդ խնդիրները եւս կլուծվեն»:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 8299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai