Հատուկ նախագիծ «Made in Armenia»` «Նինայի գանձեր»

10.08.2012 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

2006 թվականից Երեւանի կենտրոնում գործում է «Նինայի գանձեր» խանութ-սրահը, որտեղ ներկայացված են hայկական հուշանվերներ, նվերներ, հագուստ, ձեռագործ իրեր, ինտերիերի ձեւավորման պարագաներ` պատրաստված «Նինա Հովնանյան կուտյուր» ընկերության կողմից:

\"\"

«11 տարի առաջ, երբ ստեղծվեց Զբոսաշրջության զարգացման գործակալությունը,  մենք ուսումնասիրում էինք, թե  ինչ է պետք  Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Հայերը ոսկի ձեռքեր ունեն, ուզում էի մի վայր ունենանք, ուր արվեստն ու արհեստը միասին կներկայացվեն, զբոսաշրջիկները կտեսնեն այդ ոսկի ձեռքերի աշխատանքը, գանձեր կգտնեն. այստեղից ծնվեց նաեւ խանութ-սրահի անունը»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Նինայի գանձեր» խանութ-սրահի հիմնադիր, «Նինա Հովնանյան կուտյուր» ընկերության տնօրեն Նինա Հովնանյանը:

\"\"

Նա նշել է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել խանութ-սրահը կոչել «Հայաստանի գանձեր». «Բայց Հայաստան բառն օգտագործելու համար ասացին, որ 600 հազար դրամ պետք է վճարեմ. դա չլսված բան է»:

Սկզբում խանութ-սրահում ներկայացվել են հին հայկական գորգեր, ձեռագործ իրեր, քանդակներ, ոսկյա եւ արծաթյա զարդեր: «Ես մասնագիտությամբ դիզայներ եմ, երբ զգացի, որ շուկան հասուն է դիզայնի կենտրոն բացելու համար, անմիջապես գործի անցա»,- պատմել է Նինա Հովնանյանը:

«Նինա Հովնանյան կուտյուր»-ի կողմից Նինա Հովնանյանի դիզայնով պատրաստվող արտադրանքն արտահանվում է Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ավստրալիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլ երկրներ` “Պատրաստված է Հայաստանում” պիտակով: Ընկերությունը նաեւ պատվերներ է ունենում  Նյու Յորքից, Ռուսաստանից, այլ երկրներից: Պատվերների դեպքում աշխատողների թիվը հասնում է  80-ի:

\"\"

«Հայաստանում մեր արտադրանքի հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են եւ խելացի տեղացիները: Ցավոք, մեր ազգը հայկական ապրանք գնելու բարդույթ ունի, մենք ունենք մի շարք ապրանքներ, որոնք տուրիստական հուշանվերներ չեն, կարող են տեղացիները եւս օգտվել դրանցից, բայց  նրանք պատրաստ են նույնը գնել օտար արտադրողից»,- ասել է ընկերության տնօրենը:

Արտադրության մեջ շեշտը դրված է մանկական հագուստի վրա, որը հիմնականում ձեռագործ է. «Ունենք մանկական հագուստի տեսակ, որը լինում է ընդամենը 100 օրինակից, հաճախորդին այս հագուստի հետ սերտիֆիկատ է տրվում: Մանկական հագուստի 95%-ն արտահանվում է: Կանանց  համար էլ հագուստ, պայուսակներ կան: Պայուսակները համարակալված են, արտերկրից  հաճախորդներ ունենք, ովքեր հավաքածու ունեն, միշտ գալիս են հաջորդ համարի պայուսակը գնելու»,- ասել է Ն. Հովնանյանը:

\"\"

Ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանում տնտեսական առումով շահույթ չունեն. «Միջազգային մամուլը սիրահարված է  մեր արտադրանքին, աշխարհի 4 կողմերից մեզ հրավիրում են տարբեր մրցույթների, դեֆիլեների  մասնակցելու, իսկ  այստեղ մտածում են` հայկական է, ուրեմն լավը չէ: Եթե 95-99%-ը դրսում է վաճառվում, նշանակում է` ներսի շուկան չի գնահատում մեր արտադրանքը»:

Այնուամենայնիվ, Նինա Հովնանյանը կարծում է, որ Հայաստանում այս ոլորտում մրցակից չունեն:

«Արտադրանքը երկրի մեջքն է»,- ասում է նա ու հավելում. «Հարկային օրենքներն ու, առհասարակ, ամեն ինչն այստեղ հակա «Made in Armenia» է»: 

\"\"

Տնօրենի կարծիքով, «Նինա Հովնանյան կուտյուր»-ի արտադրանքը հայկական շուկայի համար մատչելի է. «Թանկ ապրանք գնողի համար մեր արտադրանքն ավելի մատչելի է, քան արտերկրից բերվածը: Հարց է առաջանում` եթե օտարները գնահատում են մեր արտադրանքը, ինչո՞ւ մեր հայրենակիցները նույնը չեն անում…»:

Խանութ-սրահը մասնաճյուղ ունի Դիլիջանում: Ծրագրվում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ այլ վայրերում, իրականացնել առցանց վաճառք Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Դիտում՝ 27047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai