Կորպորատիվ կառավարում. նոր ծառայություն ՀՀ ընկերությունների համար

17.07.2012 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հայաստանյան Կորպորատիվ կառավարման Կենտրոն Հիմնադրամ (ԿԿԿՀ) կազմակերպության հետ համատեղ գործարկել է երկարաժամկետ ծրագիր՝ ուղղված հայկական ընկերություններում կորպորատիվ կառավարման զարգացմանը, այսպիսով` նպաստելով ընկերությունների եւ առհասարակ Հայաստանի տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացմանը: Նախաձեռնության մեկնարկային միջոցառումն էր «Ռիսկերի կառավարումը եւ տնօրենների խորհուրդը» սեմինարը, որը կայացել է Երեւանում հունիսի 8-ին եւ 9-ին:

Կորպորատիվ կառավարման գծով Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄՖԿ տարածաշրջանային նախագծերի ղեկավար Օլիվեր Օրտոնը եւ ԿԿԿՀ գլխավոր իրավախորհրդատու եւ Հայաստանում ծրագրի ղեկավար Վահագն Մովսեսյանը Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել են, թե ինչ քայլեր է նախատեսվում ձեռնարկել նախագծի շրջանակներում եւ որոնք են ակնկալվող արդյունքները:


- Որքան տեղյակ ենք, հայաստանյան ծրագիրը ՄՖԿ տարածաշրջանային լայն նախաձեռնության մի մասն է: Ինչպիսի՞ քայլեր է նախատեսվում ձեռնարկել ծրագրի շրջանակներում եւ ինչո՞ւ է որոշվել ներգրավել տեղական գործընկեր:

Օլիվեր Օրտոն. – Ինչպես, հավանաբար, գիտեք, ՄՖԿ-ն ճանաչված համաշխարհային առաջատար է կորպորատիվ կառավարման ստանդարտների մշակման գործում եւ մշակել է կորպորատիվ կառավարման կիրառման, ընկերություններում ռիսկերի եւ հնարավորությունների գնահատման ամբողջ աշխարհում ընդունված եւ լավ փորձված մեթոդաբանություն: Այս մեթոդաբանությունն արտացոլված է Կորպորատիվ կառավարման զարգացման  հայեցակարգում, որն իրենից ներկայացնում է կորպորատիվ կառավարման հանդեպ միասնական մոտեցում: 2011-ին այն ընդունվել է 29 գլոբալ զարգացման ֆինանսական ինստիտուտների կողմից:

ՄՖԿ-ն արդեն ավելի քան 10 տարի է, ինչ աշխատում է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կորպորատիվ կառավարման բարելավման վրա, համագործակցելով ավելի քան 11 000 ընկերությունների եւ ֆինանսական հաստատությունների հետ, խորհրդատվություն մատուցելով ավելի քան 400 հաճախորդների եւ օժանդակելով նրանց գործունեության բարելավման հարցում: Մեր հետ համագործակցող ընկերություններին բարելավված կառավարման շնորհիվ հաջողվել է ներգրավել ավելի քան $3 մլրդ-ի ֆինանսավորում:

Ներկայումս ՄՖԿ-ն կորպորատիվ կառավարման առաջխաղացման ուղղությամբ աշխատում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում իր տեղական գործընկերների հետ: Հայաստանում ՄՖԿ-ը եւ ԿԿԿՀ-ը միացին կառաջարկեն ընկերություններին եւ ֆինանսական հաստատություններին կորպորատիվ կառավարմանն առնչվող ծառայություններ՝ սկսած թեմատիկ թրենինգներից, «ախտորոշիչ» ուսումնասիրություններից եւ կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվությունից մինչեւ կառավարման համակարգերի խորը գնահատում եւ ներդրման ծրագրերի մշակում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ստեղծել ՄՖԿ մեթոդաբանության վրա հիմնված կորպորատիվ կառավարման ծառայությունների մատուցման տեղական կարողություն: Երկրորդ նպատակը՝ ընկերությունների հետ ուղղակիորեն աշխատելով, նրանց կողմից կորպորատիվ կառավարման կիրառման գնահատումն է, հանձնարարականների մշակումը եւ իրենց ներդրման հարցում օժանդակությունը: Մեթոդաբանությունը թույլ է տալիս գնահատել ընկերությունում կորպորատիվ կառավարման ընթացիկ վիճակը, բարելավման ենթակա ոլորտների առանձնացումը եւ հանձնարարականներ իրագործման հարցում օժանդակությունը: Նման մոտեցումը ենթադրում է ներքին փաստաթղթերի, տնօրենների խորհրդի քաղաքականության եւ գործողությունների, աուդիտի եւ հսկողության գործառույթների, ռիսկերի կառավարման, թափանցիկության ապահովման եւ տեղեկատվության բացահայտման մեխանիզմների, ինչպես նաեւ բաժնետերերի իրավունքների  ուսումնասիրություն:

Կորպորատիվ կառավարումը հաճախ ընկալվում է ընկերությունների կողմից ինչպես որեւէ պարտականություն՝ կապված զուտ որոշակի օրենքներին եւ կարգավորումների հետ, բայց դա հարցի փոքր մասն է միայն: Գրագետ կորպորատիվ կառավարումն օգնում է ընկերությանը հասնել իր նպատակներին. այն օգնում է ռազմավարության մշակման, արդյունավետության եւ մրցունակության բարձրացման, կայուն զարգացման եւ ռիսկերի հմուտ կառավարման ապահովման, կապիտալ ներդրումների ներգրավման եւ այլ հարցերում: Այսպիսով, մենք նաեւ քարոզելու ենք կորպորատիվ կառավարման նման ընկալումը:

ԿԿԿՀ-ի հետ միասին մենք կազմակերպելու ենք իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հանդիպելու ենք Հայաստանի այն խոշոր ընկերությունների հետ, որոնք մեր կարծիքով, հետաքրքրված կլինեն մեզ հետ աշխատելու մեջ: Նրանց օրինակը կարող է դեմոնստրատիվ ազդեցություն ունենալ շուկայի վրա՝ կորպորատիվ կառավարման տված դրական արդյունքների առումով:

- Հայաստանում լայնատարած ընկալում կա, որ կորպորատիվ կառավարումը վերաբերում է միայն խոշոր մասնավոր բիզնեսին եւ ոչ թե փոքր ու միջին չափի ընկերություններին: Արդյո՞ք ծրագիրն ուղղված է խոշոր ընկերությունների վրա, թե այն ընդգրկում է նաեւ պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների, ընտանեկան բիզնեսների եւ փոքր ձեռնարկությունների:

Օլիվեր Օրտոն.
– Միանշանակ: Մենք կիրառելի ենք դիտարկում կորպորատիվ կառավարումը բոլոր ընկերությունների, այդ թվում՝ փոքրերի համար, թեեւ այստեղ պետք է հստակեցնել, թե ինչ ենք պատկերացնում փոքր ընկերություն ասելով. կորպորատիվ կառավարումն այնքան էլ տեղին չէ, օրինակ, 2 հոգու կողմից ղեկավարվող եւ 10 աշխատակից ունեցով ընկերությունների համար:

Այնուամենայնիվ ընկալումը, որ այն վերաբերում է միայն խոշոր եւ բարդ կառուցվածք ունեցող ընկերություններին, շատ սխալ է: Մենք աշխարհով մեկ աշխատել ենք բազմաթիվ ընկերությունների հետ, որոնք Հայաստանի չափանիշներով միջին չափի ընկերություններ են, եւ այդ ընկերությունները զգալի օգուտ են ստացել կորպորատիվ կառավարումից:

Ընտանեկան բիզնեսների պարագայում, կարծում ենք, կորպորատիվ կառավարման կիրառումը խիստ կարեւոր է՝ ելնելով ոչ միայն զուտ բիզնեսին, այլ նաեւ ընտանեկան հարցերին առնչվող բարդություններից: Բազմաթիվ ընտանեկան բիզնեսներ աշխարհով մեկ տանուլ են տալիս սեփականատերերի առաջին իսկ սերնդափոխության ժամանակ, քանի որ հաշվի չեն առնվում որոշակի կարեւոր եւ նուրբ հարցեր: Դրա հետ մեկտեղ աշխարհի ընկերությունների զգալի մասը հենց ընտանեկան բիզնեսներ են, եւ նրանք հաճախ խուսափում են կորպորատիվ կառավարման հարցերի հետ առնչվելուց՝ ընտանիքին վերաբերող բարդ եւ զգայուն հարցերի պատճառով: Մենք յուրահատուկ մեթոդաբանություն ունենք՝ մշակված հենց ընտանեկան բիզնեսների համար (մեծ թե փոքր), որն ընդգրկում է իրենց համար հատուկ մարտահրավերները:

Կարծում եմ, կորպորատիվ կառավարումը վերաբերում է բոլոր ընկերություններին՝ զարգացման բոլոր աստիճանների վրա, եւ հատկապես աճի մտադրություն ունեցողներին: Մեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ ընկերությունների ենք հանդիպել, որոնք հիմնադրել են 2-3 հոգի՝ վարձելով, ասենք, 10 աշխատակից: Իհարկե, չենք կարծում, որ կորպորատիվ կառավարման ներդրումն այս փուլում իրական արդյունք կտա: Այնուամենայնիվ, բազմաթիվ ընկերություններ աճում են օրգանիկ կերպով եւ երբ մի քանի տարի անց դուք հարցնում եք այդ ընկերությունների սեփականատերերին, ինչպես է կառավարվում իրենց 50-200 աշխատակիցներ ունեցող ընկերությունը, նրանք հաճախ խոստովանում են, որ դեռեւս կառավարում են բիզնեսն այնպես, ինչպես անում էին դա շատ ավելի փոքր ընկերություն լինելու ժամանակ: Եվ հենց այստեղ է, երբ կորպորատիվ կառավարումն օգնության է հասնում. Այն օգնում է կառավարել կայուն զարգացումը:

Վահագն Մովսեսյան. – Աշխատելով հայկական ընկերությունների հետ ԿԿԿՀ-ը եւ ՄՖԿ-ն կիրառելու են վերջինիս Կորպորատիվ Կառավարման Մեթոդաբանությունն ու գործիքները՝ մշակված տարատեսակ ընկերությունների համար, ներառյալ` ցուցակված, ընտանեկան, սեփականաշնորհված, պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների և ֆինանսական հաստատությունների համար:

Մեր դերը կայանալու է ամեն մի ընկերության համար մեթոդաբանության տեղայնացման եւ ամեն ընկերության համար լավագույն լուծում հայտնաբերելու մեջ: Մենք նախատեսում ենք նաեւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ընկերությունների աշխատակազմերի համար: Սա մի բան է, ինչ նախկինում Հայաստանում չի արվել:

- Հայաստանյան ընկերություններում կառավարման հիմնական խնդիրներից է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման պակասը, ինչը կորպորատիվ կառավարման կարեւոր մասնիկ է: Շատ մենեջերներ ասում են, որ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման բացակայությունը բացատրվում է տարածաշրջանում քաղաքական անկայունությամբ: Դուք հասցեագրելո՞ւ եք այս խնդիրը:

Օլիվեր Օրտոն. – Այո: Քաղաքական անկայունությունը եւ առհասարակ, ցանկացած այլ գործոն, չի հանդիսանում կորպորատիվ կառավարման հանդեպ համակարգային մոտեցումից խուսափելու պատճառ: Գրագետ կորպորատիվ կառավարումն օգնում է ընկերություններին լավագույն կերպով արձագանքել իրականությանը, լինեն դրանք մարտահրավերներ կապված քաղաքական անկայունության հետ թե ցանկացած այլ հարց: Ի վերջո, նման խնդիրների համար պատասխանատու են տնօրենների խորհուրդները եւ մեր կողմից դիտարկվող կարեւորագույն հարցերից է հենց տնօրենների խորհրդի դերը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ խորհուրդն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչով այն պետք է զբաղվի: Խորհուրդը չպետք է զբաղվի ամենօրյա գործառնական կառավարմամբ: Նրա հիմնական նպատակներից է մենեջմենթի վերահսկողությունը, ինչի կարեւոր կողմերից է ռիսկերի կառավարումը: Ռիսկերի կառավարման կառուցվածքն էլ իր հերթին պայմանավորված է այն իրողություններով (այդ թվում՝ քաղաքական), որոնց հետ առնչվում է ընկերությունը:

Բայց լավ ռիսկերի կառավարումը ենթադրում է նաեւ հնարավորությունների փնտրում: Բազմաթիվ ընկերություններ, որոնց հետ մենք աշխատում ենք, հաճախ կարծում են, թե հստակ ռազմավարություն ունեն, մինչդեռ հաճախ նրանք իրական եւ լավ հնարավորություններ են կորցնում: Այսպիսով, խորհուրդը պետք է պատրաստված լինի անել իր աշխատանքը՝ անկախ քաղաքական կամ այլ միջավայրից:

- Երկու տարի առաջ Հայաստանի խոշոր ընկերություններում պարտադիր աուդիտի պահանջ է սահմանվել: Կարո՞ղ են արդյո՞ք հարկադրական միջոցները նպաստել կորպորատիվ կառավարման բարելավմանը:


Օլիվեր Օրտոն. – Դժվար հարց է: Անգամ ակադեմիկոսներն են տարբեր տեսանկյուններից դիտարկում այս հարցը: Իմ անձնական կարծիքն է, որ երկուսի տարրերն էլ անհրաժեշտ են:  Կարծում եմ, պարտադիր կարգավորման որոշակի մակարդակի կարիքը կա: Թափանցիկ աշխատաոճի առաջմղումը կարեւորագույն նշանակություն ունի շուկայի ամբողջականության ապահովման եւ ներդրումների ներգրավման տեսանկյուններից:

Մյուս կողմից, կորպորատիվ կառավարումը ճկունության կարիք ունի եւ կորպորատիվ կառավարման բազմաթիվ կոդեքսներ հիմնված են այպիսի մեխանիզմների վրա, որոնցով ընկերությունները կարող են բացատրել, թե ինչու են հրաժարվում որոշակի պահանջներին համապատասխանելուց: Ամբողջ միտքը կայանում է նրանում, թե ինչպես է շուկան արձագանքելու ընկերության այս բացատրություններին: Բարդությունը բազմաթիվ շուկաներում կայանում է նրանում, որ շուկան չի արձագանքում, քանի որ բավականաչափ զարգացած չեն:

Կարծում եմ, դա կախված է կոնկրետ ոլորտներից: Բանկերը եւ ֆինանսական հաստատությունները համակարգաստեղծ դեր ունեն  եւ այստեղ փաստարկներն ավելի խիստ վերահսկողության օգտին են, սա վերաբերում է նաեւ ցուցակված ընկերություններին՝ ներդրող հանրության իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով:

Այնպես որ, պետք է լինի պարտադիրի եւ կամավորի համակցություն:

- Հավանաբար գիտեք, որ Հայաստանի կապիտալի շուկան թերզարգացած է; բաժնետոմսերի ազատ շրջանառությունը գրեթե բացակայում է: Հնարավո՞ր է արդյոք զարգացնել կորպորատիվ կառավարման մշակույթը առանց ակտիվ գործող կապիտալի շուկայի:

Օլիվեր Օրտոն.
– Անշուշտ, բորսաները կարող են լինել կորպորատիվ կառավարման ակտիվ քարոզողներ եւ շարժիչ ուժ: Բիզնեսները բազմաթիվ երկրներում նախընտրում են ֆինանսավորման համար բանկ դիմել, քան դուրս գալ կապիտալի շուկա: Բորսայում փող ներգրավելն իրենց համար բարդ է, քանի որ այնտեղ դրվում է կորպորատիվ կառավարման որոշակի մակարդակի պահանջ: Մյուս կողմից, չեմ կարծում, որ կորպորատիվ կառավարումը բիզնես-մշակույթի մաս դարձնելու համար երկիրը պետք է անպայման ակտիվ կապիտալի շուկա ունենա:

Վահագն Մովսեսյան.
– Վերջերս մի համաշխարհային հետազոտություն էր անցկացվել, ըստ որի ներդրողները պատրաստ են մինչեւ 40% ավելի վճարել այն ընկերությունների համար, որոնք ավելի լավ կորպորատիվ կառավարում ունեն: Ահա այս պատճառով մենք բազմաթիվ երկրներում տեսնում ենք կորպորատիվ կառավարման կոդեքսների պահանջներին համապատասխանության բազմաթիվ կամավոր դեպքեր: Ընկերությունները փորձում են իրականացնել այս համապատասխանեցումը առանց դրանց վերաբերյալ պարտադիր պահանջների, քանզի գիտակցում են վերջիններիս բացահայտ առավելությունները: Ծրագրի իրականացման ընթացքում մենք պատրաստվում ենք օժանդակել մեր կորպորատիվ կառավարման կոդեքսի պահանջներին համապատասխանեցումը՝ բոլոր տիպի ընկերություններում, լինեն դրանք ցուցակված թե ոչ:

- Ինչպիսի՞ն էր նախագիծը ներկայացնելուց հետո առաջին արձագանքը:


Վահագն Մովսեսյան.
– Մենք քննարկել ենք ծրագիրը էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի, եւ մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչների հետ: Բոլորը ողջունում են գաղափարը: Ավելին, սեմինարին մասնակցած բարձրագույն օղակի կառավարիչների աննախադեպ մեծ քանակը ապացուցեց, որ այս հարցերը խիստ արդիական են ոչ միայն քաղաքականություն մշակողների, այլ նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար եւ նման ծառայությունների նկատմամբ արձանագրված բարձր հետաքրքրությունը եւս մեկ վկայություն է, որ մեր ու ՄՖԿ կողմից համատեղ մատուցվելիք կորպորատիվ կառավարման ծառայությունները բարձր պահանջարկ կվայելեն: 








Դիտում՝ 10244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai