Աղբի վերամշակումը վերջին տասնամյակներում աշխարհում շահավետ բիզնես է դարձել: Թղթի, պլաստիկի եւ այլ թափոնների վերամշակումից ստացված նյութերն էժան երկրորդային հումք են ծառայում, իսկ էլեկտրաէներգիան, որը կարելի է ստանալ աղբի այրումից, դարձնում է վերջինիս նաեւ էժան էներգակիր: Այս ամենի հետ մեկտեղ աղբի տեսակավորումը և վերամշակումը լուծում է լուրջ բնապահպանական խնդիրներ: Հայաստանի տնտեսության այս՝ մինչ վերջերս բաց հատվածի պիոներն է Քլինլենդ ընկերությունը, որը երկրում աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ  զբաղվող առաջին ընկերությունն է:

Աղբը... բիզնես է

2009-ին հիմնադրված Քլինլենդ ընկերությունը պայմանագրեր է կնքել Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանների հետ՝ ձեռքբերելով կենցաղային կոշտ աղբի ընդունման բացառիկ իրավունք և վերոհիշյալ քաղաքներում շահագործել է աղբի տեսակավորման գործարաններ:

Կենցաղային աղբի ողջ ծավալը բերվում է տեսակավորման գործարաններ, որտեղ ընդհանուր աղբից տարանջատվում են պլաստիկ շշերը, պոլիէթիլենային թաղանթները, խառը եւ կոշտ պլաստիկը, մետաղը, թուղթը և ապակին: Պետշիշը, պելիէթիլենային թաղանթը, խառը և կոշտ պլաստիկը տեսակավորման գործարաններից տեղափոխվում են Երևան և վերամշակվում ընկերության կողմից կառուցված աղբի վերամշակման գործարանում: Վերջինս աշխատում է արդեն 2 ամիս: Ընկերությունը հիմնադրվել է հայկական կապիտալով եւ մինչ օրս կատարել է շուրջ 1 մլրդ դրամի ներդրումներ ($2,5 մլն):

\"\"
Գյումրիում եւ Վանաձորում կենցաղային աղբի ողջ ծավալը բերվում է տեսակավորման գործարաններ, որտեղ տարանջատվում են վերամշակելի նյութերը

Շուտով Քլինլենդ-ը կսկսի վերամշակել նաեւ թուղթը: Ընկերությունը պատվիրել է թղթի վերամշակման հոսքագիծ և նախատեսում է 2012թ. սեպտեմբերից գործարկել այն: Ընկերությունն ընդլայնվում է՝ պայմանագրեր կնքելով Հայաստանի այլ քաղաքների հետ, որոնցից հերթականներն են Սևանը, Դիլիջանն ու Հրազդանը:

Քլինլենդ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Գաբրիելյանի գնահատմամբ Հայաստանի բոլոր քաղաքներում տեսակավորման գործարաններ կառուցելը տնտեսապես անարդյունավետ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ  քաղաքային բնակավայրերում օրական «արտադրվում» է ընդամենը մեկ մեքենա աղբ: Ընկերությունն առայժմ աշխատում է Հայաստանի  համեմատաբար խոշոր քաղաքներում:

Հարց է առաջանում, ինչու ընկերությունը  դեռևս չի տեսակավորում այս տեսանկյունից «ամենահարուստ» Երեւանի աղբը: Տիգրան Գաբրիելյանը հավաստում է, որ իրենք պատրաստակամ են իրենց վրա վերցնել Երևանի աղբի տեսակավորումն ու վերամշակումը, գործարանները պատրաստ են այդ ծավալների համար, ինչպես Գյումրիում և Վանաձորում, այնպես էլ մայրաքաղաքում ունեն հնարավորություն կառուցել տեսակավորման գործարան, սակայն սպասում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող համապատասխան մրցույթներին: «Անցյալ տարի քաղաքապետարանում եղել են թեմայի շուրջ 2 խորհրդակցություն՝ մեր մասնակցությամբ, եւ հիմա մենք սպասում ենք Երեւանի իշխանությունների համապատասխան քայլերին», - ասել է Տիգրան Գաբրիելյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

\"\"
Քլինլենդ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Գաբրիելյանը

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ քաղաքապետարանն արդեն ավարտել է աղբահանությանն ու սանմաքրմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի մշակումը եւ այս տարի միջազգային մրցույթ կկազմակերպի՝ Երեւանում վերոհիշյալ գործառույթն իրականացնելու համար 2 օպերատոր ընտրելու նպատակով:

«Աղբի վերամշակման օպերատորի ընտրությունն առանձին մրցույթի առարկա է: Երբ մեզ մոտ կարգավորվում են աղբահանության և սանմաքրման գործընթացները, հեշտանում է անցումն աղբի վերամշակման կազմակերպման փուլին», - ասել է Կամո Արեյանը, հավելելով, որ փաթեթի մշակումը, իր ակնկալիքներով, կսկսվի մինչեւ այս տարեվերջ:

Ըստ նրա, ողջ գործընթացի տրամաբանությունն է թելադրել ամենավերջում թողնել աղբի տեսակավորմանն ու վերամշակմանը վերաբերող հարցերը:

Աղբը... էներգակիր է

Այսօրվա դրությամբ Քլինլենդ-ը ընդունում է Գյումրու եւ Վանաձորի ողջ կենցաղային աղբը, տեսակավորում այն, ինչից հետո վերամշակման ոչ ենթակա աղբը, որն իրենից վտանգ չի ներկայացնում, ուղարկվում է աղբավայր:

Ընկերությունն ուսումնասիրում է չվերամշակվող աղբն այրելու եւ այրելուց էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունը: Դա կլուծեր միանգամից 2 կարեւոր հարց. մի կողմից կվերանային աղբավայրերը, իսկ մյուս կողմից՝ ի հայտ կգար էժան էներգակիր:

\"\"
Գյումրու աղբի տեսակավորման գործարանը

Ընկերության ուսումնասիրություններն այս ուղղությամբ, սակայն, դեռ գոհացուցիչ չեն: «Այրման ժամանակ աղբի կալորիականությունը պետք է բավարար լինի էլեկտրաէներգիա ստանալու համար: Ուսումնասիրությունների արդյունքները դեռեւս ոչ այնքան գոհացուցիչ են՝ այրման համար աղբի բաղադրությունն այնքան էլ լավը չէ», - ասում է Տիգրան Գաբրիելյանը: Ըստ նրա, աղբի այրման եւ էլեկտրաէներգիայի ստացման կայանները Երևանից բացի արդարացված կլինեին միայն Գյումրիում, Վանաձորում, որտեղ օրական կարող է այրվել նվազագույնը 50տ. աղբ: «Կարծում եմ, անպայման կանենք դա: Եվ այդ ժամանակ վերոնշյալ քաղաքները վերջնականապես կազատվեն աղբավայրերից», - ասում է ընկերության ղեկավարը:

Աղբը... արտահանում է

Պլաստիկից եւ պոլիէթիլենից վերամշակման արդյունքում ստացվում է երկրորդային հումք, որն օգտագործելու համար Հայաստանում չկան անհրաժեշտ արտադրական հզորություններ: Այս պատճառով Քլինլենդ-ը բանակցում է արտերկրի գործընկերների հետ եւ շուտով սկսելու է հումքի արտահանումը Չինաստան, Իրան եւ Ռուսաստան:

\"\"
Պետշիշը, պելիէթիլենային թաղանթը, խառը և կոշտ պլաստիկը տեսակավորման գործարաններից տեղափոխվում են Երևան և վերամշակվում ընկերության կողմից կառուցված աղբի վերամշակման գործարանում

«Ի դեպ, նույն Չինաստանի տնտեսական հրաշքում բավականին մեծ ներդրում ունի այն հանգամանքը, որ այդ երկիրը ժամանակին նավերով աղբ էր գնում այլ պետություններից: Իսկ այսօր արդեն Չինաստանն արգելում է ներմուծել տեսակավորված, բայց չվերամշակված հումք», - պատմում է Տիգրան Գաբրիելյանը:

Ա՞ղբ ես ուզում... վճարի՜ր


Ուշագրավ է, որ աղբի ընդունման պայմանագրեր կնքելով քաղաքապետարանների հետ, ընկերությունը պարտավորվում է վճարել նրանց ամսական 3-ական մլն դրամ: Տիգրան Գաբրիելյանի գնահատմամբ, դա նորմալ է՝ քաղաքապետարանների կողմից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում:

«Քաղաքապետարաններին տրվող գումարի չափը պայմանավորված էր նրանով, որ աղբի որակը եւ ծավալը պետք է համապատասխանեն այն տվյալներին, որոնք ի սկզբանե ներկայացվել էին մեզ: Եթե Վանաձորում պաշտոնական տվյալներով ապրում է 105 հազ. մարդ, քաղաքում օրական պետք է կուտակվի ամենաքիչը 80տ. աղբ, բայց այնտեղ մենք օրական ստանում ենք  ընդամենը 25տ., ինչը դնում է մեր բիզնեսը ծանր դրության մեջ: Դա հարցի մի կողմն է, հիմա անցնենք աղբի որակին. քաղաքի բնակիչներն ազատորեն տանում են աղբարկղերից վերամշակելի նյութերը և օգտագործում դրանք, հիմնականում, ստվերային տնտեսությունում, եւ քաղաքապետարանները որևիցե կերպ չեն փորձում կանխել դա: Արդյունքում, աղբի ծավալը՝ խայտառակ, իսկ աղբի որակը՝ ավելի խայտառակ վիճակում են», - ասում է Տիգրան Գաբրիելյանը:

\"\"
Ընկերությունը նախատեսում է 2012թ. սեպտեմբերից պլաստիկից բացի վերամշակել նաեւ թուղթ

Ըստ նրա, տեսակավորման ընթացքում վերամշակելի նյութերի տեսակարար կշիռը պետք է կազմի նվազագույնը 20-25%, մինչդեռ Գյումրու եւ Վանաձորի տեսակավորման գործարաններն առանձնացնում են ընդամենը 10-13% վերամշակելի նյութ:

Տնտեսական անարդյունավետությունը վերացնելու նպատակով Քլինլենդ-ը դիմել է Գյումրու և Վանաձորի քաղաքապետարաններին՝ առաջարկելով մեկ տարով իջեցնել վարձավճարն ամսական 3 մլն-ից 300 հազ. դրամ, այն պայմանով, որ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանները կապահովեն պատշաճ աղբահանություն: Խնդրին ըմբռնմամբ է մոտեցել Գյումրու քաղաքապետը, իսկ Վանաձորի քաղաքապետի հետ ընկերությունը դեռ բանակցում է:

\"\"
Ահա թե ինչպիսին է վերամշակված աղբը

«Մենք ստեղծել ենք 35 աշխատատեղ Վանաձորում եւ 40-45՝ Գյումրիում: Տեսակավորման գործարանների աշխատակիցները սոցիալապես անապահով խավից են: Բացի այդ, մենք համագործակցում ենք «Փյունիկ» հաշմանդամների միության հետ և ընդունում ենք մեզ մոտ աշխատելու ընդունակ հաշմանդամների: Այսպիսով, ստեղծելով աշխատատեղեր, այդ թվում՝ հաշմանդամների համար, և լուծելով էկոլոգիական լուրջ խնդիր՝ ես չեմ կարող հասկանալ, թե ինչ մոտեցումներով են առաջնորդվում Վանաձորի քաղաքապետն ու ավագանին՝ մերժելով մեր առաջարկը: Եթե նրանք շարունակեն համառորեն մերժել, մենք ստիպված ենք  լինելու փակել Վանաձորի աղբի տեսակավորման գործարանը, որն ի դեպ, այսքան տարիների ընթացքում այդ քաղաքում ստեղծված միակ արտադրական ձեռնարկությունն է: Այսօր դեռեւս բանակցում ենք, եւ հուսով ենք, կհասնենք դրական արդյունքի», - ասում է Տիգրան Գաբրիելյանը, նշելով, որ Վանաձորի գործարանը, որը գործում է 2011թ. փետրվարից եւ քաղաքային բյուջե է փոխանցել արդեն 21 մլն դրամ,  ներկայումս աշխատում է ամսական 4-5 մլն դրամի վնասով:

Աղբի տեսակավորումը սկսվում է բնակչից

Շատ երկրներում աղբն ի սկզբանե տեսակավորվում է բնակչության կողմից, որոնք տարբեր աղբարկղեր են լցնում վերամշակվող եւ չվերամշակվող նյութերը: Խանութներում եւ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մետաղյա եւ պլաստիկից տարա ընդունող ապարատներ, որոնք տարայի դիմաց տրամադրում են որոշակի գումար կամ կտրոններ՝ զեղչով գնումներ կատարելու կամ խաղարկության մասնակցելու համար:

Հայաստանում նման մշակույթի ներդրումը զգալիորեն կբարձրացներ աղբի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների արդյունավետությունը: Դրա համար տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հանդես գան համապատասխան բիզնես-առաջարկներով:

\"\"
Պլաստիկի եւ պոլիէթիլենի վերամշակման արդյունքում ստացված երկրորդային հումքը Քլինլենդ-ն արտահանելու է Չինաստան, Ռուսաստան եւ Իրան

Տիգրան Գաբրիելյանը պատմում է, որ ընկերությունը նախատեսում է տեղադրել վերոհիշյալ ապարատները Երեւանում, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքապետարանի կողմից աղբահանության ոլորտում իր քաղաքականության վերջնական ձեւակերպումը:

Ի դեպ, վերջերս Երեւանի կենտրոնում կարելի է նկատել պլաստիկ շշերի հավաքման արկղեր: Դրանք տեղադրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ: Տիգրան Գաբրիելյանի գնահատմամբ, այս նախաձեռնությունը հետաքրքիր փորձ է, սակայն տնտեսապես արդյունավետ չէ, քանի որ մեկ այսպիսի արկղում լցվում է ամենաշատը 8 կգ պլաստիկ, եւ աղբատար մեքենայի կողմից բոլոր այսպիսի արկղերից շշերի հավաքելը եւ վերամշակման գործարան տեղափոխումը ձեռնտու չէ:

Չսպասել պետությանը   


Փոխքաղաքապետի հետ հարցազրույցից հետո մեզ համար պարզ դարձավ, որ երեւանյան աղբի տեսակավորման եւ վերամշակման սկիզբը դեռ մոտ չէ, թեև քաղաքում արդեն 2 ամիս է, ինչ գործում է աղբի վերամշակման ժամանակակից գործարան:  

Քանի դեռ աղբի տեսակավորման եւ վերամշակման մշակույթը Երեւանում չի ներդրվել համատարած, ձեռնարկությունները, որոնց մոտ կուտակվում են վերամշակվող թափոններ, կարող են հանձնել դրանք Չարբախում գտնվող աղբի վերամշակման գործարան:

«Չարբախում գործող մի շարք ձեռնարկություններ, իմանալով մեր գործունեության մասին,  ուղղակիորեն բերում են մեզ մոտ տեսակավորված աղբը, ինչի դիմաց ստանում են համապատասխան վճար», - պատմում է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ամենաուշը սեպտեմբերին գործարանը պլաստիկից բացի կսկսի ընդունել նաեւ թուղթ:

Քլինլենդ-ին դիմել է նաեւ «Այբ» ավագ դպրոցը, որտեղ շաբաթական կուտակվում է մեծ ծավալով թուղթ, մեկանգամյա օգտագործման սպասք, որոնք դպրոցը սկսելու է պարբերաբար հանձնել գործարանին:

Կրթական հաստատությունների հետ ընկերության համագործակցությունը չի սահմանափակվում գործառնական հարաբերություններով. վերջերս ընկերությունը դասընթացներ է կազմակերպել երեւանյան միջնակարգ դպրոցներից մեկում՝ ներկայացնելով աղբի տեսակավորման եւ վերամշակման անհրաժեշտությունը և սովորեցնելով աշակերտներին, թե ինչպես պետք է տեսակավորել կենցաղային աղբը:

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի

Դիտում՝ 6112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai