Արժեշղթաներ, ֆինտեխ, ԱԲ եւ էներգաանվտանգություն. ՎԶԵԲ Տարեկան ժողովը՝ Երեւանում

10.05.2024 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #տարեկան ժողով #Գործարար համաժողով #Երեւան
Հաջորդ շաբաթ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկն (ՎԶԵԲ) իր 33-րդ Տարեկան հանդիպումը եւ Գործարար համաժողովը կանցկացնի Երեւանում «Միասին ազդեցություն ապահովելով» կարգախոսի ներքո։

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ միջոցառումը Հայաստանում անցկացված ամենամեծը կլինի իր տեսակի մեջ, իսկ վայրի ընտրությունը խորհրդանշում է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին եւ կովկասյան տարածաշրջանին:

Եռօրյա հանդիպմանը, որը բացումը կկայանա մայիսի 14-ին, կմասնակցեն ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող բոլոր տարածաշրջանների պետական պաշտոնյաները, ֆինանսական եւ կորպորատիվ ղեկավարները, ձեռնարկատերերը, քաղաքացիական հասարակությունը եւ լրատվամիջոցները:

Մայիսի 15-ին Կառավարիչների խորհրդի բացման նիստի շրջանակում ելույթով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ՝ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Լիտվայի ֆինանսների նախարար Գինտարե Սկայստեն եւ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն:

Մայիսի 16-ին կառավարիչները կընտրեն ՎԶԵԲ նախագահ, որը բանկը կղեկավարի հաջորդ չորս տարվա ընթացքում։ Ռենո-Բասսոն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է բանկի 2020թ-ի տարեկան հանդիպման շրջանակում. նա ՎԶԵԲ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։

Նշվում է, որ Հայաստանում Կառավարիչները նաեւ քննարկումներ կսկսեն բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզի»՝ Ռազմավարական եւ կապիտալի շրջանակի շուրջ, որով կսահմանվեն առաջնահերթությունները 2026-2030թթ․ ժամանակահատվածի համար։

Գործարար համաժողովին կքննարկվեն տարածաշրջանային կապակցվածությունը եւ արժեշղթաները, ֆինտեխը, արհեստական բանականությունը եւ կիբեռանվտանգությունը, էներգաանվտանգությունը եւ վերականգնվող էներգետիկան, Ուկրաինայի պատերազմով պայմանավորված մարտահրավերները, թվայնացումը զարգացող շուկաներում եւ ֆինանսական ծառայությունների մեծ հասանելիությունը։

Պանելային քննարկումների հրավիրյալ բանախոսներն են «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Meridiam»-ի գործադիր տնօրեն Թիերի Դոն, Մարտին Վուլֆը FT-ից, Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, քաղաքագետ Մելանի Գարսոն, Կալիֆորնիայի համալսարանական քոլեջի պրոֆեսոր, պատմաբան Հարոլդ Ջեյմսը եւ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուն:
Մայիսի 15-ին կհրապարակվի նաեւ Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների զեկույցը, որով կներկայացվեն մակրոտնտեսական վերջին կանխատեսումները բանկի տարածաշրջանների համար։

Հայաստանի Գործարար համաժողովի ամենավառ իրադարձություններից մեկը կլինի «Հայաստանի ներդրումային հեռանկարներին» նվիրված նիստը, որը կանցկացվի նույն օրը։

Վերջին հինգ տարվա ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում կատարել է €640 միլիոնի ներդրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը եւ գյուղական շրջաններում թվայնացմանը։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում 210 ծրագրերի շրջանակում ներդրել է €2․1 մլրդից ավելի գումար:
Դիտում՝ 4835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW