“Մելլաթն աշխատում է ՀՀ օրենսդրության համաձայն”, ասել է բանկի ղեկավարը

23.12.2011 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւանի Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Մոհամմադ Բաղեր Բաղերիի հարցազրույցը Banks.am պորտալին

Բավականին երկար ժամանակ փորձում էիք հարցազրույցի մասին պայմանավորվել Մելլաթ բանկի ղեկավարության հետ: Ի վերջո, երկար բանակցություններից հետո, մեզ առաջարկեցին գրավոր ներկայացնել հարցերը: Ձեզ ենք ներկայացնում ստացված պատասխանները` առանց խմբագրման:


- Մելլաթ Բանկը կանգնած է եղել Հայաստանի բանկային համակարգի կայացման ակունքներում` դառնալով մեր երկրում առաջին արտասահմանյան բանկը: Սակայն այս ողջ ընթացքում բանկը վարել է զուսպ հանրային քաղաքականություն, ինչպես ԶԼՄ-ների հետ հարաբերություններում, այնպես էլ գովազդային արշավի կազմակերպման առումով: Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը` մի՞թե չկային առիթներ կիսվելու հաջողություններով, կամ, հակառակը` բարձրաձայնելու այս կամ այն խնդիրները:

- Չնայած այն հանգամանքին, որ Երեւանի Մելլաթ Բանկը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ունի լայն շփում հասարակության տարբեր խավերի հետ, սակայն իր ծառայությունների հիմնական մասը մատուցում է Հայաստանի Հանրապետությունում սովորող պարսիկ ուսանողներին եւ իրանահայերին: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ խմբերը լավ տեղյակ են Երեւանի Մելլաթ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների մասին, ուստի առկա չէ գովազդի անհրաժեշտությունը զանգվածային լրատվական միջոցներով:

- Մելլաթ Բանկի գործունեությունը, որպես կանոն, ասոցիացվում է երկու երկրների գործարարների միջեւ ներմուծման եւ արտահանման գործարքների սպասարկման հետ: Միաժամանակ, Ձեզ մոտ գործարկված է ավանդական բանկային ծառայությունների բավականին լայն ընտրանի: Այդ առումով հետաքրքիր է իմանալ, կարելի՞ է արդյոք Հայաստանում աշխատանքի Ձեր գերակայություններում հավասարության նշան դնել արտաքին առեւտրական գործարքների եւ վարկային/ավանդային գործունեության միջեւ:


- Վերջին տարիների ընթացքում Մելլաթ Բանկն ավելի մեծ շեշտադրում է կատարել վարկերի տրամադրման եւ արտարժույթի փոխանցման վրա` պարսիկ ուսանողների եւ գործարարների համար:

- Երեւան այցելող պարսիկ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը նպաստել Մելլաթ Բանկի մասնաճյուղային եւ բանկոմատային ցանցի զարգացմանը:

- Հաշվի առնելով տվյալ պահին իրանցի զբոսաշրջիկների թվաքանակի աճը՝ Մելլաթ Բանկն ունի հնարավորություն միանձնյա մատուցելու պատշաճ ծառայությունները: Ապագայում կորոշվի նոր մասնաճյուղ բացելու եւ/կամ POS-տերմինալ տեղադրելու հարցը:

- Համացանցում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնց համաձայն Իրանում գործող նորմատիվ-իրավական բազան կանխորոշում  է երկրի բանկային համակարգի առանձնահատկությունը` վերջինիս տարբերությունը համընդհանուր ստանդարտներից: Ո՞րն է, իրականում, Իրանի բանկային համակարգի առանձնահատկությունը եւ ինչպե՞ս է այն համատեղվում հայաստանյան ֆինանսաբանկային օրենսդրության հետ` Մելլաթ Բանկի աշխատանքի փորձից ելնելով:

-Երեւանի Մելլաթ Բանկն անկախ բանկ է, որն աշխատում է Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրության եւ Կենտրոնական բանկի պահանջների համաձայն:

- Համաձայն Wikileaks-ի հրամարակումների` 2008-2009թթ. ԱՄՆ-ը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին Մելլաթ Բանկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հրապարակումը:

- Ի պատասխան Ձեր հարցի, կրկին անգամ հայտնում ենք, որ Երեւանի Մելլաթ Բանկը աշխատում է ՀՀ ԿԲ-ի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, եւ իր գործունեությունը կարգավորվում է ՀՀ բանկային օրենսդրությամբ:

- Վերադառնալով զրույցի սկզբին՝ կցանկանայի կիսվել մեր ընթերցողների հետ իրանյան Մելլաթ Բանկի գովազդային արշավի լուծումներով, որոնք հասանելի են այս հղումով՝ http://newsregions.ru/?p=313: Ի՞նչ եք կարծում, չի հասունացել արդյոք ժամանակը ցուցադրել նման կրեատիվ լուծումներ Հայաստանում` Ձեր պոտենցիալ հաճախորդներին:

- Հայաստանի հաճախորդների պահանջի դեպքում վերջիններս կարող են դիմել Մելլաթ Բանկի պաշտոնական վեբ-կայք` օգտվելով բանկային տարբեր ծառայություններից:

Դիտում՝ 10072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai