Հարկաբյուջետային կարգապահության համար միայն կանոնները բավարար չեն

11.06.2026 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Անտոնիո Ֆատասը ֆրանսիական INSEAD բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր է եւ Փարիզի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փոխնախագահը։

Անտոնիո Ֆատաս 

Մի շարք զարգացած տնտեսություններում պետական պարտքը խաղաղ ժամանակների համար աննախադեպ բարձր մակարդակի է հասել, իսկ զարգացող շուկաների պարտքը վերջին տասնամյակում անդադար աճել է։ Քանի որ տոկոսադրույքները այլեւս չեն գտնվում ռեկորդային ցածր մակարդակում (ինչպես 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո), հարկաբյուջետային կայունության վերաբերյալ մտահոգությունները աճում են։

Հարկաբյուջետային կայունությունը վերականգնելու հարցը նոր չէ։ Քաղաքականություն մշակողներն ու գիտնականները տասնամյակներ շարունակ քննարկում են, թե ինչպիսի քաղաքականություններ եւ ինստիտուտներ են անհրաժեշտ հարկաբյուջետային կարգապահությունն ապահովելու եւ պետական պարտքը նվազեցնելու համար։ Շատ երկրներ ընդունել են քանակական հարկաբյուջետային կանոններ։ Մյուսները ուժեղացրել են կառավարությունների նկատմամբ վերահսկողության եւ հակակշիռների մեխանիզմները, այդ թվում՝ ստեղծելով անկախ հարկաբյուջետային խորհուրդներ։

Սակայն արդյունքները միանշանակ չեն եղել. չնայած որոշ հաջողությունների՝ ձախողումները շատ ավելի բազմաթիվ են եղել: Սա չպետք է զարմանալի լինի, քանի որ հարկաբյուջետային քաղաքականությունը, ի վերջո, քաղաքական գործընթացների արդյունք է: Ծախսերի եւ հարկման վերաբերյալ որոշումներն արտացոլում են հասարակական նախասիրությունները, տնտեսական սահմանափակումները, բաշխման հետ կապված հակասություններն ու ընտրական դրդապատճառները: Հարկաբյուջետային կայունությունը ենթադրում է այս ճնշումները համադրել այնպես, որ պետական պարտքը հայտնվի կայուն հետագծի վրա։ Հաշվի առնելով դա՝ հեշտ լուծում գոյություն չունի։


Սակայն լավ մշակված հարկաբյուջետային շրջանակները կարող են քաղաքական որոշումները թեքել դեպի հարկաբյուջետային կարգապահություն, նույնիսկ այն դեպքում, երբ առկա են հակառակ ուղղությամբ գործող ճնշումներ: Հետազոտություններն ու գործնական փորձը ցույց են տվել, որ ավելի լավ նախագծումն էական տարբերություն է ստեղծում երկու ոլորտներում՝ պարտքի կայունության գնահատման եւ քաղաքական ցիկլերին դիմակայող հարկաբյուջետային կանոնների ձեւավորման հարցերում։ Թեեւ պարտքի կայունության գնահատման ստանդարտ շրջանակը լայնորեն ընդունված է, այն լիարժեք չի արտացոլում այն հետադարձ կապի մեխանիզմը, որի միջոցով հարկաբյուջետային քաղաքականության որոշումները ազդում են մակրոտնտեսական արդյունքների վրա, որոնք իրենց հերթին նպաստում են պարտքի կայունության ապահովմանը։ Օրինակ, հարկաբյուջետային խստացումը կարող է նվազեցնել պարտքի ցուցանիշները, սակայն միայն այն դեպքում, երբ իրականացվում է ճիշտ ժամանակին եւ պատշաճ կերպով։ Հակառակ դեպքում այն կարող է այնքան թուլացնել տնտեսական աճը, որ վնասի պարտքի կայունությանը։

Ավելին, բոլոր ծախսերը նույն հարթության վրա դիտարկելը կարող է նույնքան հակաարդյունավետ լինել. պետական ներդրումների, կրթության կամ գիտահետազոտական գործունեության ֆինանսավորման կրճատումը՝ հանուն կարճաժամկետ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, կարող է թուլացնել տնտեսական աճը եւ միջնաժամկետ հեռանկարում նույնիսկ բարձրացնել պարտքի ցուցանիշները։ Սխալ է նաեւ պնդել, որ ցանկացած ծախս կփոխհատուցվի ավելի բարձր տնտեսական աճի միջոցով: Անհրաժեշտ են ավելի հստակ ուղենիշներ այն մասին, թե ծախսերի որ տեսակներն են առավելապես նպաստում կայունությանը եւ ինչ պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է ավելի խորքային մոդելավորում՝ ներկայիս շրջանակների հնարավորություններից դուրս, որպեսզի ավելի լավ գնահատվի հարկաբյուջետային որոշումների եւ կայունության միջեւ կապը։

Ավելի մեծ հստակություն է անհրաժեշտ նաեւ հարկաբյուջետային կանոնների վերաբերյալ, որոնք աշխարհի բազմաթիվ երկրներում դարձել են հարկաբյուջետային կառավարման ստանդարտ գործիք: Թեեւ փաստերը ցույց են տալիս, որ այդ կանոնները միջին հաշվով բարելավում են հարկաբյուջետային արդյունքները, դրանց արդյունավետությունը միատեսակ չէ, իսկ երկարակեցությունը մեծապես կախված է դրանց ընդունման հանգամանքներից։

Տնտեսական անկայունության ժամանակ շուկայական ճնշման ներքո ընդունված կանոնները հաճախ հանգեցնում են միայն կարճաժամկետ բարելավումների: Երբ անմիջական ճնշումը թուլանում է, նվազում է նաեւ կանոնների կիրառումն ապահովելու քաղաքական հանձնառությունը: Հարկաբյուջետային կանոնները, որոնք ընդունվում են քաղաքական կոնսենսուսի հիման վրա, սովորաբար ավելի կենսունակ են, քան այն կանոնները, որոնք մեծամասնություն ունեցող կառավարությունները պարզապես պարտադրում են։ Ինչպես ցույց է տալիս փորձը, օրենք ընդունելով հնարավոր չէ ապահովել վստահելիություն։ Ամուր հարկաբյուջետային համակարգերը պետք է ձեւավորվեն նախքան ճգնաժամի սկսվելը, այլ ոչ թե այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է։


Վերջին հաշվով, հիմնական մարտահրավերը նույնն է։ Պարտքի կայունության վերլուծությունը հիմնված է տեխնիկական գնահատականների վրա՝ տնտեսական աճի հեռանկարներից մինչեւ տարբեր տեսակի ծախսերից ակնկալվող արդյունքների գնահատում, իսկ նման գնահատականներ անելն իսկապես բարդ է։ Բացի այդ, կառավարություններն ունեն խթաններ՝ օգտագործելու լավատեսական կանխատեսումներ կամ ընտրողական հաշվառման մեթոդներ՝ այդ գնահատականները առավել բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար։ Նմանապես, հարկաբյուջետային կանոնների հավաստիությունը կախված է ոչ միայն դրանց հետեւողական կիրառումից, այլեւ կայունության այնպիսի գնահատականներից, որոնք բավականաչափ խիստ են վստահություն ներշնչելու համար, եւ միաժամանակ բավականաչափ դիմակայուն, որպեսզի հետագայում չխեղաթյուրվեն։

Երկու ոլորտներն էլ պահանջում են տեխնիկապես հիմնավորված եւ քաղաքական ճնշումներից անկախ հետազոտական աշխատանք։ Սա ընդգծում է անկախ հարկաբյուջետային խորհուրդների, թափանցիկ բյուջետային գործընթացների եւ ամուր փորձագիտական ինստիտուտների կարեւորությունը։ Կառավարությունները, իհարկե, կայացնում են բոլոր հարկաբյուջետային որոշումները, սակայն այս տեխնոկրատական դերակատարները նպաստում են այդ որոշումների որակի բարձրացմանը, կասկածի տակ են դնում անիրատեսական ենթադրությունները, հստակեցնում են առկա փոխզիջումները եւ ապահովում, որ կանոնները հիմնվեն ավելի լայն վստահություն վայելող վերլուծության վրա։

Ի վերջո, հարկաբյուջետային կարգապահությունը պահանջում է ոչ միայն համապատասխան շրջանակ, այլեւ պետական հաստատություններ, որոնք ունեն խիստ եւ անաչառ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական կարողություններ եւ ռեսուրսներ։ Վերլուծական խստության եւ մասնագիտական բարեվարքության պակասը հանգեցնում է վատ հարկաբյուջետային որոշումների եւ կարճատեւ հարկաբյուջետային կանոնների։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                  


Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW