Պրոմեթեյ Բանկ. «UNIStream-ի հաճախորդները մրցակցության առկայությունից միայն կշահեն»

14.12.2011 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am  պորտալին

- Օրերս Պրոմեթեյ Բանկը միացավ UNIStream համակարգին, ինչը, ըստ էության, անսպասելի  էր` թվում էր, թե այս տարիների ընթացքում UNIStream-ը,  աշխատելով իր միակ հայաստանյան  գործընկերոջ հետ, այլեւս հավակնություններ չի  ունենա ընդլայնել սպասարկման ցանցը:  Ի վերջո, որո՞նք էին այս գործարքի դրդապատճառները:

 - UNIStream համակարգը դասվում է Հայաստանում դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգերի շարքին: Հրապարակված տեղեկատվության համաձայն, համակարգի շրջանառությունը Հայաստանում 2010 թ-ին կազմել է շուրջ $600 մլն, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների շրջանառությունն արդեն իսկ գերազանցել է $540 մլն:

Բնականաբար, Պրոմեթեյ Բանկը մշտապես հայտնել է իր ցանկությունը անդամակցելու UNIStream համակարգին, եւ ուրախալի է, որ համակարգի օպերատոր` ռուսաստանյան  «Յունիստրիմ» բանկի ղեկավարությունը հավանության արժանացրեց Պրոմեթեյ Բանկի կողմից ներկայացված անդամակցության հայտը:

Կարծում եմ, որ ինչպես եւ ցանկացած այլ ոլորտում, նշված բնագավառում նույնպես` ծառայությունից օգտվող հաճախորդները մրցակցության առկայությունից միայն կշահեն:

- Կարելի է ենթադրել, որ համակարգին միանալը պահանջեց ծավալուն աշխատանք եւ համապատասխան ներդրումներ: Ի՞նչ կասեք այս առումով:

- Պրոմեթեյ բանկի` UNIStream համակարգին անդամակցելու վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ ամիսներ առաջ: Ժամանակ եւ որոշակի աշխատանք պահանջվեց տեխնիկական խնդիրների կարգավորման համար, եւ սկսած դեկտեմբերի 2-ից UNIStream համակարգը սկսեց գործել Բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում:

Քանի որ բանկի բոլոր տարածքային ստորաբաժանումները հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով` UNIStream համակարգին անդամակցելու նպատակով լրացուցիչ ներդրումներ իրականացնելու կարիք չառաջացավ:

- Որքանո՞վ է բանկի համար եկամտաբեր սպասարկել միջազգային դրամական փոխանցումները, եւ ինչպիսի՞ք են Ձեր ակնկալիքները UNIStream-ի հետ համագործակցությունից:

 - Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը, հաշվի առնելով նշված փոխանցումների խոշոր ծավալները, հանդիսանում է առանձնահատուկ կարեւոր բաղադրիչ բանկի ընդհանուր ծառայությունների շարքում:

Եթե նշենք, որ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ ՀՀ-ից արտերկիր կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների ծավալը 2010թ-ին կազմել է, համապատասխանաբար, $1.293,7 մլն  եւ $221,8 մլն, իսկ 2011թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, համապատասխանաբար, $1.238,0 մլն եւ $214.9 մլն, ապա կարելի է պատկերացնել այն ուշադրությունը, որ բանկի կողմից հատկացվում է նշված հոսքերի մի մասն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով սպասարկելու հարցին:

Տվյալ ենթատեքստում կարելի է դիտարկել նաեւ բանկի անդամակցությունը UNIStream համակարգին, որն ընդհանուր շրջանառության կազմում ունի խոշոր մասնաբաժին: UNIStream համակարգին միանալուց ի վեր` անցած 10 օրերի արդյունքները բանկի համար գոհացուցիչ են եւ հուսադրող: Ներկայումս բանկը անդամակցում է դրամական փոխանցումների թվով 6 համակարգերի` UNIStream, MoneyGram, Migom, Anelik, Contact եւ Быстрая Почта: Նշված համակարգերի համադրությունը թույլ է տալիս բանկին բավականաչափ հիմնավորված ակնկալել դրամական փոխանցումների շուկայում իր պատշաճ ներկայացվածության ապահովումը:

- Աշնանը պատիվ ունեցա մասնակցելու Պրոմեթեյ Բանկի 21-ամյակին նվիրված կլոր սեղանին` կորպորատիվ հաճախորդների մասնակցությամբ, որի ընթացքում բազմիցս գոհունակության խոսքեր հնչեցին բանկի սպասարկման բարձր մակարդակի վերաբերյալ: Ինչպե՞ս եք պատրաստվում պահպանել այս նշաձողը մանրածախ  ծառայությունների ոլորտում` առաջին հերթին,  UNIStream-ի հաճախորդներին սպասարկելու առումով:

- Ուրախալի է, երբ բանկի կորպորատիվ հաճախորդերը, որոնք ունեն բանկային համակարգում սպասարկման երկարամյա պատմություն եւ համեմատություն անցկացնելու հնարավորություն, իրենց խոսքում նշում են բանկի սպասարկման բարձր որակի մասին: Բանկը հետեւողական աշխատանքներ է տանում իր հաճախորդների սպասարկման որակի կատարելագործման եւ շարունակական բարձրացման ուղղությամբ` բնականաբար նաեւ մանրածախ ծառայություններից օգտվող հաճախորդների սպասարկման մասով:

Բանկը մտադիր է լայնորեն օգտվել UNIStream համակարգի բոլոր հնարավորություններից: Մոտ ապագայում հաճախորդներին կներկայացնենք UNIStream համակարգի հետ համատեղ co-brand պլաստիկ քարտեր, որոնց հաճախորդների ցանկությամբ կփոխանցվեն իրենց անունով ստացված դրամական միջոցները, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի առավել ցածր միջնորդավճարով ՌԴ-ց փոխանցված գումարները ստանալ ազգային արժույթով:

Դիտում՝ 11203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai