Պրոմեթեյ Բանկ. «4-5 ամսում վարկային պորտֆելի աճը կազմել է 33%»

15.06.2011 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Պրոմեթեյ Բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- Տարեսկզբից «Պրոմեթեյ Բանկը» երկու անգամ համալրել է կանոնադրական կապիտալը, որի արդյունքում փոխվել է նաեւ բանկի փայատերերի կառուցվածքը. այսուհետ բանկի ամենախոշոր փայատերն է ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի»-ն: Կխնդրեմ ներկայացնեք Ձեր ռուսաստանյան գործընկերոջը:

- Կանոնադրական կապիտալի համալրման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում մեր բանկի կանոնադրական կապիտալը կրկնապատկվեց՝ 7.2 մլրդ-ից աճելով մինչեւ 14.4 մլրդ դրամ` «Պրոմեթեյ-Սիթի» ռուսաստանյան ընկերության մասնակցության հաշվին:

Մեր համագործակցությունը «Պրոմեթեյ-Սիթի»-ի հետ պատահական չէր: «Պրոմեթեյ-Սիթի»-ի բաժնետերերը միաժամանակ հանդիսանում են “Պրոմեթեյ Բանկի” գլխավոր հիմնադիր` հայկական «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ  բաժնետերեր: Բացի այդ, մեր բանկի փայատեր Վազգեն Գեւորգյանը /ֆիզիկական անձ, ոչ ռեզիդենտ/ վերոհիշյալ երկու ընկերությունների խոշոր փայատերերից է:

“Պրոմեթեյ-Սիթի”-ն մասնագիտացած է տուրիստական եւ հյուրանոցային բիզնեսում` իր գործունեությունը ծավալելով ռուսաստանյան, հայաստանյան եւ եվրոպական շուկաներում:  Ընկերությանն են պատկանում հյուրանոցային համալիրներ եւ հանգստյան տներ:

- Ի՞նչ ազդեցություն կունենա ռեսուրսների ներգրավումը բանկի վարկային պորտֆելի վրա:

- Կանոնադրական կապիտալի կրկնապատկման փաստն ինքնին նշանակալից իրադարձություն է ոչ միայն մեր բանկի, այլեւ Հայաստանի ողջ ֆինանսավարկային շուկայի համար:

Այսօր չբաշխված շահույթի հետ միասին բանկի ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 17.4 մլրդ դրամ: Իսկ Կենտրոնական բանկի /ԿԲ/ 3.6 մլրդ դրամի չափով սուբսիդավորած երկարաժամկետ վարկի շնորհիվ մոտ ժամանակներս մեր բանկի ընդհանուր կապիտալը կկազմի շուրջ 20 մլրդ դրամ:

Հասկանալի է, որ այս միջոցները պետք է նպաստեն բանկի վարկային պորտֆելի աճին: Միայն ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում բանկի վարկային պորտֆելը աճել է մոտ  5 մլրդ դրամով: Սա բավականին լուրջ ցուցանիշ է մեզ համար, քանի որ ընդամենը 4-5 ամսում վարկային պորտֆելի աճը կազմել է 33%:

Այսօր մենք հնարավորություն ունենք բավարարելու ավելի շատ կորպորատիվ հաճախորդների լուրջ վարկային հայտերը: Նշեմ, որ մեր վերջին բիզնես վարկերի միջին ծավալը տատանվում է $4 մլն-ի սահմանում:

Այս տարվա ռազմավարական ծրագրի համաձայն` մենք նախատեսում ենք մինչեւ տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 25 մլրդ դրամի: Ավելին, մինչեւ 2013թ. վարկային պորտֆելի ծավալով մենք մտադիր ենք ընդգրկվել հայաստանյան բանկերի տասնյակում` հասցնելով այն 35 մլրդ դրամի:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել նաեւ, որ այս տարի մենք ընդլայնում ենք բանկի դեպոզիտային քաղաքականությունը: Այսուհետ բանկն ավանդները ձեւակերպում է ոչ միայն գլխավոր գրասենյակում, այլեւ մասնաճյուղերում:

- Իսկ չե՞ք պլանավորում ակտիվանալ մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում:

- Միջոցների ավելի ռացիոնալ բաշխման նպատակով բանկը որոշում է կայացրել եւ համապատասխան աշխատանքներ է իրականացրել  սպառողական վարկավորման շուկա մուտք գործելու առումով, տրամադրելով վարկեր ապաոիք ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Մենք արդեն պայմանավորվածություններ ունենք կենցաղային տեխնիկայի եւ հեռախոսների վաճառք իրականացնող մի շարք առեւտրային կետերի հետ:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ բանկը հաստատել է նշված վարկերի պարզեցված տոկոսադրույքը` առանց որեւէ միջնորդավճարների: Մասնավորապես, ապառիկ ապրանքներ  ձեռք բերելու նպատակով վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 18% կամ 20 %` կախված տվյալ ապրանքի գնային առաջարկից:

- Ինչպե՞ս են զարգանում ձեր հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ եւ նախատեսու՞մ  եք  այս տարի եւս համագործակցել շվեյցարական «E.F.G. Ցյուրիխ» բանկի հետ պարտատոմսերի տեղաբաշխման շուրջ:

- «E.F.G. Ցյուրիխ» բանկի հետ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, բանակցություններն այսօր էլ են շարունակվում: Շվեյցարական գործընկերը հետաքրքրություն է ցուցաբերում բանկի պարտատոմսերի նկատմամբ, բանակցությունների միակ առարկան տոկոսադրույքն է, որը մենք առաջարկում ենք իջեցնել: Կարծում եմ, մոտ ապագայում մենք կգանք ընդհանուր հայտարարի:

Այսպես, թե այնպես, վստահ եմ, որ կապիտալի համալրումը եւս մեկ քայլ է մեր արտասահմանյան գործընկերների մոտ մեր բանկի նկատմամբ վստահությունն ամրապնդելու եւ բարձրացնելու ուղղությամբ:

Ի հաստատում ասածներիս, նշեմ, որ վերջերս մենք 2 մլն եվրոյի վարկ ենք ստացել գերմանական BAADER ներդրումային բանկից, ինչը հնարավորություն կտա կապիտալի շուկայում մեր ծրագրերը իրականացնելիս մեզ ավելի վստահ զգալ: Ինչպես հայտնի է, բանկը առաջարկում է նոր ներդրումային գործիքներ, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս իրենց միջոցները ներդնել  մի շարք համաշխարհային առաջատար բորսաներում գնանշվող բազմաթիվ արժեթղթերում:

- Դուք կարծում եք, որ արդեն եկե՞լ է կամ մո՞տ է այն ժամանակը, երբ հաճախորդին կարելի է ոգեւորել նման առաջարկով:

- Այդ ժամանակը ոչ միայն եկել, այլեւ արդեն անցել է. այսօր Հայաստանի կապիտալի շուկան պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի հետ բերի բաց թողածը: Եթե այս մասին խոսում է բազմամյա մասնագիտական փորձ ունեցող պահպանողական բանկիրը, ապա հավատացեք, որ դա, իսկապես, այդպես է:   

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ներդրումային գործիքների հաշվին բանկն արդեն սկսել է շահույթ ստանալ, մասնավորապես, վերջերս իրականացրած մեկ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 13 հազ. եվրոյի շահույթ:

Դիտում՝ 14632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai