«Անելիք Բանկի» հայտերի վերլուծության նոր մոդելը «կարող է կանխատեսել ապագայի սցենարները»

20.05.2011 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Անելիք Բանկը» ներդնում է նոր մոդել, որը  հնարավորություն է ընձեռում  ավտոմատացնել վարկերի տրամադրման և որոշում կայացնելու գործընթացը միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընթացքում:   

«Անելիք Բանկի» վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետ Մկրտիչ Թադևոսյանը Մեդիամաքս գործակալությանը  եւ Banks.am պորտալին տված հարցազրույցում պարզաբանել է մոդելի առանձնահատկությունները  :

-Որո՞նք են  ներդրվող մոդելի հիմնական առավելությունները:


- Մոդելը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ կատարել դիմորդի վարկունակության վերլուծությունը և տրամադրել պահանջվող վարկը` համապատասխան տևողությամբ, անհրաժեշտ արտոնյալ ժամկետով և առավել հարմարավետ մարման գրաֆիկով:

Այս մոդելի առավելությունները կայանում են նրանում, որ վարկային մասնագետը, ստանալով տեղեկատվություն պոտենցիալ վարկառուից, մուտքագրում է ստացված ինֆորմացիան մոդելի համապատասխան դաշտերում, իսկ մոդելը ավտոմատ կատարում է անհրաժեշտ ցուցանիշների հաշվարկը, համեմատում ներդրված սահմանափակումների հետ և համապատասխան առաջարկություններ անում:

Վարկային մասնագետը, հիմնվելով մոդելի կողմից տրված առաջարկների վրա, ընտրում է դրանցից ռացիոնալ տարբերակը, որի հիման վրա սահմանվում են տվյալ վարկառուի համար ամենահարմար վարկի գումարը, ժամկետը և մարման գրաֆիկը:

Օգտագործելով մոդելում ներդրված պատրաստի տվյալների բազան` մուտքագրման մի մասը կատարվում է բացվող ցանկերից համապատասխան տվյալի ընտրությամբ, որը զգալիորեն կրճատում է մուտքագրման ժամանակը:

Այս մոդելը կարող է հաշվի առնել նաև վարկառուի բիզնեսի սեզոնայնությունը:

-Կպարզաբանե՞ք,  ինչ նկատի ունեք բիզնեսի սեզոնայնություն ասելով:

-Ցանկացած բիզնես ունի իր դրամային մուտքերի և ելքերի որոշ սեզոնայնություն, որը կախված է տարվա ընթացքում տվյալ արտադրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջարկի փոփոխությունից:  

Օրինակ` գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների համար տարվա մի քանի ամիսներին` մրգերի, բանջարեղենի մթերման ժամանակաշրջանում, պահանջվում են մեծ գումարներ, ուստի այդ ժամանակահատվածներում ցանկալի է վարկառուների համար իջեցնել վարկի մարման չափը:

Իսկ այն ամիսներին, երբ վաճառքի ծավալները մեծանում են, իսկ ծախսերը նվազում, սահմանել վարկի մարման ավելի մեծ չափ: Տվյալ մոդելը հնարավորություն է տալիս հաշվի առնել նշված բոլոր գործոնները:

- Իսկ կիրառվե՞լ են մինչ այժմ բանկում  նմանատիպ մոդելներ:

- Առ այսօր «Անելիք Բանկը» կիրառել է 7-8 նմանատիպ մոդելներ, բայց դրանք աստիճանաբար իրենց սպառել են, ինչի հիմնական պատճառ են հանդիսացել փոփոխվող ցուցանիշներն ու սահմանաչափերը, ինչպես նաև շատ այլ գործոններ:

Նշված մոդելները ճկուն չեն եղել սահմանաչափերի և այլ հիմնական գործոնների փոփոխությանների նկատմամբ և դրա հետևանքով ժամանակի ընթացքում կորցրել են իրենց կիրառելիությունը և արդիականությունը:

Այս նոր մոդելը հնարավորություն է ընձեռում լրացնել այդ բացը: Այն նաև թույլ է տալիս կանխատեսել ապագայի սցենարները` վատից դեպի լավ, ինչը նախկին մոդելներն իրականացնում էին մասնակիորեն:

-Բացի  «Անելիք Բանկից » մոդելի ստեղծմանը մասնակցե՞լ են այլ կառույցներ:

-Մոդելը մշակվել է «Անելիք Բանկում», ապա քննարկվել է  Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի կողմից (IFC), որը ներկայումս խորհրդատվական ծառայություններ է մատուցում մեր բանկին: Վերջինս մանրամասնորեն ուսումնասիրել և հավանության է արժանացրել այս մոդելի ներդնումը:

-Ունե՞ք  արդյոք ծրագրեր մոդելի հետագա զարգացման առումով:

-Հետագայում մոդելը պլանավորվում է զարգացնել` ըստ բիզնես գործունեության  տարբեր ոլորտների և դրանց առանձին ճյուղերի: Օրինակ` գյուղատնտեսական ոլորտում` անասնապահության, այգեգործության, էներգետիկայի ոլորտում` փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերազինման վերլուծությունների համար և այլն: Նույնիսկ հնարավոր է հաշվի առնել տարածաշրջանների առանձնահատկությունները` ըստ մարզային տարբերակման:

Դիտում՝ 8036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai