FREDA-ն նախատեսում է կրկնապատկել իր կապիտալը

01.02.2011 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2009թ .սեպտեմբերից գործում է Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ - FREDA), որը ստեղծվել է ՀՀ կառավարության եւ Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախաձեռնությամբ: FREDA-ն հայաստանյան առաջին ներդրումային հիմնադրամն է եւ կոչված է աջակցելու ագրոբիզնեսի այն ոլորտներին, որոնք նպաստում են Հայաստանի գյուղական տարածքների զարգացմանը: 2010-ին հիմնադրամի գործունեության արդյունքների եւ մոտակա ծրագրերի մասին Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է  FREDA-ի գործադիր տնօրեն Տիգրան Խանիկյանը:

- Հունվարի 11-ին հանդես գալով FREDA-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում, Խորհրդի նախագահը՝ Հայաստանի վարչապետը, հույս էր հայտնել, որ 2011թ. բեկումնային տարի կդառնա հիմնադրամի համար, եւ որ նոր տարում այն արդեն ներդրումային շոշափելի ծավալներ կունենա: Ի՞նչ ծրագրեր է իրականացրել FREDA-ն 2010-ին եւ ինչ նախադրյալներ կան՝ 2011-ն իրոք բեկումնային տարի դարձնելու համար:

- 2010-ին մենք ֆինանսավորեցինք ձկնաբուծության ոլորտում գործող «Ակվատեխավտոմատիկա» ընկերությանը, «Փյունիկ» տոհմային թռչնաբուծարանը եւ Մեղրու պահածոների գործարանը:

Տարեվերջին հաստատեցինք 2 նոր ծրագիր, իսկ եւս 2-ը ներկայացվեցին ներդրումային կոմիտեի քննարկմանը: Հաստատված են սառնարանային տնտեսություն հանդիսացող «Ագրոլոգ» ընկերության եւ գինիներ արտադրող «365 Wines» ընկերության ֆինանսավորման ծրագրերը: Երկուսն էլ ստանում են մեր ֆինանսավորումը արտադրության հզորացման եւ ընդլայնման համար:

Այժմ ներդրումային կոմիտեում քննարկվում է «Լեւոն» ՍՊԸ-ի` նախկին Հոկտեմբերյանի պահածոների գործարանի հայտը: Ընկերությունը նախատեսում է արդիականացնել իր սարքավորումները եւ ընդլայնել բիզնեսը: Այս ընկերության հայտը, կարծում եմ, կհաստատվի հունվար-փետրվար ամիսներին:

Մյուս քննարկվող հայտը ներկայացրել է կաթնամթերքի եւ պանրի արտադրության բնագավառում գործող «Չիզ սթոուն» ընկերությունը: Մեր ներդրումներն ընկերությանը անհրաժեշտ են մարզերում կաթի մթերման կայանների ստեղծման եւ արտադրության վերազինման համար:

Նշեմ, որ մեր կողմից արդեն ֆինանսավորում ստացած 3 ընկերությունները 2010-ը փակել են շահույթով, ինչպես նաեւ ապահովել են ընդհանուր առմամբ $1,7 մլն-ի արտահանում:

- Ինչպես հայտնի է, FREDA-ն իրականացնոմ է իր ֆինանսական աջակցությունը ընկերություններում բաժնեմասնակցության միջոցով: Ինչպիսի՞ն է ֆինանսավորվող ընկերությունների կապիտալում FREDA-ի մասնակցության միջին չափը եւ ի՞նչ ծավալի ֆինանսական աջակցություն կցուցաբերվի ձեր կողմից թվարկված 7 ընկերություններին:

- Մեր բաժնեմասնակցությունը միջինում կազմում է 25-35%, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կկազմի  1,1 մլրդ դրամ ($3,05 մլն):

- 2010-ը խիստ անհաջող տարի էր գյուղատնտեսության համար: Որքանո՞վ դա ազդեց FREDA-ի գործունեության վրա:

- Գյուղատնտեսությունում անբարենպաստ տարին ուղղակիորեն ազդեց մեր կողմից ֆինանսավորվող ընկերությունների արտադրության ծավալների աճի վրա: Մրգերի եւ բանջարեղենի սակավությունը եւ նախորդ տարվա համեմատ մթերումների համեմատաբար բարձր գները ուղղակիորեն ազդեցին արտադրանքի ինքնարժեքի վրա:

- FREDA-ն հիմնադրվել է շուրջ $5 մլն կապիտալով, որոնցից շուտով կսպառվի շուրջ $3 մլն-ը: Ո՞ր աղբյուրներից եք նախատեսում իրականացնել կապիտալի համալրում:

- Արդեն հունվար-փետրվար ամիսներին մենք կսպառենք մեր դրամագլխի կեսից ավելին, եւ  կմնա շուրջ 700-750 մլն դրամ: Լրացուցիչ ֆինանսավորման հայթայթումը մեզ համար կլինի 2011 թվականի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը եւ նախապատրաստական աշխատանքներն այս ուղղությամբ կսկսվեն արդեն իսկ ընթացիկ եռամսյակում: Միջոցները նախատեսում ենք ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողներից կամ այլ, օրինակ, սկանդինավյան երկրների զարգացման հիմնադրամներից: Ներգրավելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ` նախատեսում ենք առնվազն կրկնապատկել մեր կապիտալը:

- Ի՞նչ ձեւաչափով է FREDA-ն իրազեկում ագրոբիզնեսի ներկայացուցիչներին իր ներդրումային գործիքների մասին:

- 2010-ին հանդիպումներ անցկացրեցինք ձկնաբույծների ասոցիացիայի, արտահանողների եւ պանրագործների միությունների հետ:

Բացի այդ «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի հետ համատեղ մշակում ենք ներդրումային ուղեցույց, որտեղ հանգամանորեն կներկայացվի մեր ներդրումային գործիքակազմը: Ուղեցույցը լույս կտեսնի 2011-ին եւ մենք նախատեսում ենք ներկայացնել այն բոլոր մարզերի ագրոբիզնեսի ներկայացուցիչներին:


 

Դիտում՝ 12620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai