«Շեն-Կոնցեռն». «Նախատեսում ենք անցկացնել IPO»

10.01.2011 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ցուցակվեց հայաստանյան շինանյութերի խոշորագույն արտադրող «Շեն-Կոնցեռն» ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի վեցերորգ թողարկումը (1.5 մլրդ դրամ), որը համալրեց բորսայում շրջանառվող չորրորդ եւ հինգերորդ թողարկումները: Դա տեղի ունեցավ` Հայաստանում կապիտալի շուկայի նկատմամբ տիրող անտարբերության ֆոնին: Արժեթղթերի շուկայում «Շեն-Կոնցեռն»-ի հավակնությունների մասին Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Բեգլարյանը:

- Ինչո՞ւ է «Շեն-Կոնցեռնի» համար պարտատոմսերի թողարկումն ավելի նախընտրելի քան բանկային վարկը:

- Մենք հետաքրքրված ենք Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մեջ, քանի որ նպատակադրված ենք անցկացնել բաժնետոմսերի հանրային առաջարկ (IPO): Իսկ դրա հաջող իրագործման համար երկրին անհրաժեշտ են «երկար փողեր»: Շուկայի զարգացման համար եւս մեկ խթան են հանդիսանում կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես, 2011 թ-ից ներդրվող կամավոր կուտակային բաղադրիչը: Մեր խնդիրն է` սկսել աշխատել «երկար փողերի» հետ: Վերջին թողարկման մարման ժամկետը 3 տարի է, իսկ մեր պարտատոմսերի հաջորդ թողարկումները կունենան արդեն 4-5 տարվա մարման ժամկետ:
Մենք նաեւ շատ ենք շահագրգռված, որպեսզի «Շեն Կոնցեռնի» արժեթղթերը լայն տարածում ստանան բիզնեսի եւ բնակչության շրջանում: «ՎՏԲ-Հայաստան բանկի» հետ բանակցելիս [բանկը ձեռք է բերել ընկերության պարտատոմսերի ողջ թողարկումը] ես խնդրել եմ, որպեսզի ռեպո գործարքներից հետո մեր արժեթղթերը հայտնվեն տարբեր ձեռնարկություններում, ապահովագրական ընկերություններում եւ անհատների մոտ: Հիշում եմ` մեր երկրորդ թողարկման պարտատոմսերը մարելիս դրամարկղից գումարներ ստանալու գալիս էին շատ անհատներ, ինչը շատ ուրախալի էր:

- Չնայած ֆինանսական համակարգում նկատվող հետճգնաժամային կայունացման միտումներին, «Շեն-Կոնցեռնի» պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը թողարկումից թողարկում բարձրանում է  (չորրորդը` 11%, հինգերորդը` 12,5%, վեցերորդը` 13%): Ինչո՞վ  է դա պայմանավորված:

- Դա պայմանավորված է ճգնաժամի ազդեցությամբ, եւ, որպես հետեւանք, փողի թանկացմամբ: Պետպարտատոմսերի եկամտաբերությունն այսօր նույնիսկ գերազանցում է 14%-ը:
Ցանկանում եմ, սակայն, նշել, որ շուկայում արդեն ակնհայտ է վարկային ռեսուրսների էժանացումը, եւ այս միտումը կշարունակվի: Ես սկսում եմ լուրջ մրցակցություն նկատել բանկերի միջեւ. բոլորն ակտիվորեն փնտրում են ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման ուղիներ:

- Ուշագրավ է, որ պարտատոմսերի 6-րդ թողարկումն ամբողջությամբ ձեռք է բերվել մեկ ինստիտուցիոնալ ներդրողի` «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կողմից: Արդյո՞ք բանկի հետ նախօրոք համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

- Ոչ, սակայն կային մի քանի այլ բանկերի առաջարկներ, որոնցից ամենագրավիչը «ՎՏԲ-Հայաստան»-ինն էր. բանն այն է, որ պարտատոմսերի տեղաբաշխումից գոյացած գումարը մեզ պետք էր միանգամից եւ ամբողջությամբ, եւ նշված բանկը բավարարեց մեր պահանջը:
Տեղաբաշխումից գոյացած միջոցներն ուղղվելու են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ խոշոր եւ աննախադեպ տարածաշրջանային նախագծի իրականացմանը` գիպսի արդյունահանում եւ վերջինիս հիմքի վրա 3 արտադրատեսակների արտադրություն, որոնք նորություն են Հայաստանյան շուկայում: Խոսքը գնում է գիպսաբլոկներների, գիպսաստվարաթղթի եւ գիպսային սպեղանու (շտուկատուրկայի) արտադրության մասին: Գործարանն աշխատելու է բացառապես գերմանական տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով: Կցանկանայի նշել, որ, մասնավորապես, գիպսային սպեղանին հեղափոխելու է ներքին հարդարման գործը. այն չի արվելու ձեռքով, այլ փչվելու է պատերին հատուկ մեքենայով, ինչը մի քանի անգամ կրճատելու է հարդարման գործընթացը: Գործարանը կսկսի աշխատել 2012թ. կեսերին:

- Հայտնի է, որ Հայաստանից բացի ընկերությունն իր արտադրանքը իրացնում է նաեւ Վրաստանում, որտեղ պատրաստվում է նաեւ գործունեություն ծավալել: Ինչպիսի՞ գործունեություն է ծավալվելու Վրաստանում եւ ինչպե՞ս է «իրեն զգում» հայկական կապիտալը հարեւան երկրում:

- Վրաստանում մենք հիմնադրել ենք փոշեշաղախներ (սալիկի սոսինձ) արտադրող Shen Georgia գործարանը, որը կսկսի գործել 2011թ. հունվարի վերջին:
Վրաստանում գործարան կառուցելու նախաձեռնությունը ծագեց այն ժամանակ, երբ մենք տեղեկացանք, որ թուրքական մի ձեռնարկություն պատրաստվում էր կառուցել Վրաստանում նման մի գործարան, որի արտադրանքը կարտահանվեր նաեւ հայկական շուկա:
Մենք ժամանակին կողմնորոշվեցինք եւ որոշեցինք դուրս գալ վրացական շուկա ավելի շուտ` կառուցելով Վրաստանում նախադեպը չունեղող այս գործարանը: Նախագիծը իրականացնում ենք 2 գործընկերների հետ, որոնցից մեկը վրացական ընկերություն է, իսկ մյուսը` հայկական կառուցապատող «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն: Մեր մասնաբաժինը գործարանում 35% է:
Ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում կառուցվող նոր գործարանների արդադրանքի իրացման շուկաների թվում է Ռուսաստանի հարավը, որտեղ ակտիվ ընթանում է օլիմպիական օբյեկտների շինարարությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանի բիզնես-միջավայրին, ապա այնտեղ աշխատելն իրոք շատ հեշտ է: Գործարանը կառուցվեց շատ արագ: Պետք է, սակայն, նշեմ մի մտահոգիչ փաստ. այնտեղ լիովին բացակայում է շինարարության վերահսկողությունը եւ ոչ ոք չի հետեւում, օրինակ, սեյսմակայուն է կառուցվող շենքը թե ոչ: Հասկանալի է, որ դա արվում է կոռուպցիան եւ բյուրոկրատիան բացառելու նպատակով, սակայն նման աշխատաոճը մեծ ռիսկեր է պարունակում:

- «Շեն Կոնցեռնի» հաշվետվություննից երեւում է, որ չնայած ընկերության գործունեության ցուցանիշները չեն հասել 2008-ի մակարադակին, դրանք զգալիորեն գերազանցում են անցած տարվա մակարդակը: Ինչպե՞ս կգնահատեք ընկերության ֆինանսական արդյունքները 2010-ին:

- Նախորդ տարի մենք գրեթե մոտեցանք 2008-ի ցուցանիշներին: Տարեկան շահույթը, մեր հաշվարկներով, կկազմի շուրջ 300-350 մլն դրամ: Այս տարի ակնկալում ենք շահութաբերության կտրուկ աճ` հաշվի առնելով արտահանման ծավալների զգալի մեծացումը:

- Ե՞րբ է ընկերությունը նախատեսում գնալ IPO-ի:

- Մենք ցանկանում ենք IPO անցկացնել այն ժամանակ, երբ ընկերության ապրանքաշրջանառությունը կմոտենա $80 մլն-ի: Մեր հաշվարկներով դա տեղի կունենա 2015-16 թվականներին: IPO-ի գրագետ կազմակերպման նպատակով մենք արդեն աշխատում ենք ՎԶԵԲ-ի հետ:

- Ինչպե՞ս է ընկերության վրա անդրադարձել անշարժ գույքի հայաստանյան շուկայում բազմաթիվ ծրագրերի հետաձգումը եւ անշարժ գույքի գների եւ պահանջարկի նվազումը:

- Ճգնաժամի հետեւանքով մեր ապրանքաշրջանառությունը կրճատվեց շուրջ 30-40%-ով: Այնուամենայնիվ, ես որոշակի դրական կողմեր եմ տեսնում շինարարության պասիվացման մեջ, քանի որ այդ ընթացքում շուկայից դուրս եկան բազմաթիվ անբարեխիղճ կառուցապատողներ:  Ճգնաժամի արդյունքում շուկայում մնացել է 3-4 լուրջ կառուցապատող:
Ներկայումս անշարժ գույքի նկատմամբ պահանջարկն ակտիվորեն վերականգնվում է, եւ շինարարությունը կրկին վերելք է ապրում: Այժմ առկա են փողի էժանացման  սպասումներ, եւ միջոցները սկսելու են կրկին ակտիվորեն ներդրվել անշարժ գույքի մեջ: 

 

Դիտում՝ 14822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai