«Բժշկական ապահովագրությունը մնում է մեր շուկայական առավելությունը»

12.10.2010 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Լիգիա Ղազարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ինչպես հայտնի է, «Գարանտ-Լիմենսը» մասնագիտացած է առողջության ապահովագրության ոլորտում եւ ձեզ է պատկանում շուկայի այս հատվածի շուրջ 30%-ը: Ըստ այդմ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բուժապահովագրության ոլորտի ընդհանուր վիճակն ու զարգացումները: 

- Հայաստանում բուժապահովագրության մակարդակը բարձր չէ, եւ դա, ըստ էության, խնդիր է ողջ ֆինանսական համակարգի համար: Խնդիրը կապված է ինչպես հասարակության կրթվածության եւ բարեկեցության մակարդակի, այնպես էլ առողջապահական համակարգի` ենթակառուցվածքային եւ համակարգային զարգացման աստիճանի հետ:

Մեր ընկերությունը փորձում է անել հնարավորինս, որպեսզի մեր հաճախորդները չառնչվեն Հայաստանի բուժհամակարգի խնդրահարույց բացերի հետ` չնայած համակարգի տեսանկյունից գրեթե անխուսափելի է: 

Բուժապահովագրության ոլորտում առաջընթացը ակնառու է հատկապես վերջին տարիներին: Մեզ մոտ, մասնավորապես, գրանցվում է կորպորատիվ հաճախորդների թվի զգալի աճ, որն անցյալ տարվա հետ համեմատած` կազմում է շուրջ 30-40%: Դա մեծապես նպաստում է Հայաստանում ապահովագրության մշակույթի զարգացմանը: 

- Բժշկական ապահովագրության մասնաբաժինը ընկերության պորտֆելում, որքան հայտնի է, գերազանցում է 80%-ը: Դրանից ելնելով, չի՞ նախատեսում արդյոք ընկերությունը դիվերսիֆիկացնել իր պորտֆելը: Որքան հայտնի է, պորտֆելի դիվերսիֆիկացման համար դուք դիտարկում էիք մի քանի տարբերակներ, մասնավորապես, միաձուլում այլ ապահովագրական ընկերության հետ:

- Ժամանակին, իրոք, քննարկվում էր այլ ապահովագրողի հետ միաձուլման հարցը, սակայն դա տեղի չունեցավ: 2009թ-ից սկսած` մենք ակտիվորեն զբաղվում ենք նաեւ ապահովագրության այլ դասերի իրականացմամբ, մասնավորապես` աջակցության, մեքենաների, գույքի, բեռների եւ պատասխանատվության ապահովագրությամբ, ինչի արդյունքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով բժշկական ապահովագրության մասնաբաժինը մեր պորտֆելում արդեն 60% է: 

Այնուամենայնիվ, բուժապահովագրությունը մնում է մեր ընկերության շուկայական բացարձակ առավելությունը, եւ մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերն այս ոլորտում:   

- 2009թ-ից «Գարանտ-Լիմենսը» համագործակցում է ֆրանսիական AXA Group (Inter Partner Assistance) ապահովագրական ընկերության հետ: Ի՞նչ ուղղությամբ եք համագործակցում:

- AXA Group-ի հետ մեր ընկերությունը համագործակցում է ճանապարհորդության աջակցության ապահովագրության շրջանակներում: AXA Group-ը մեր վերաապահովագրողն է եւ աջակիցը: Արդյունքում մեր կողմից տրամադրվող ճանապարհորդական ապահովագրության պրոդուկտը  բարձրորակ է, ինչով էլ բացատրվում է նրա համեմատական բարձր գինը: Եթե մեր հաճախորդի հետ արտերկրում դեպք է պատահում, նրան պետք չէ դիմել բժշկի եւ վճարումներ կատարել: Բավական է կապվել այդ երկրում  AXA Group-ի ներկայացուցչության հետ եւ նրան անմիջապես աջակցություն կտրամադրվի, իսկ վճարումները կկատարվեն ավտոմատ կերպով: 

2010թ. առաջին կիսամյակի տվյալներով ճանապարհորդական ապահովագրության գծով հավաքագրած վճարներով եւ տրված հատուցումներով մեր ընկերությունը զբաղեցնում է շուկայում երրորդ տեղը: Ապագայում նախատեսում ենք դառնալ այս ոլորտի առաջատարը: 

- Հայաստանի ապահովագրական ոլորտն այժմ ակտիվորեն պատրաստվում է ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ներդրմանը: Ի՞նչ ակնկալիքներ եւ մտադրություններ այս առումով ունի «Գարանտ-Լիմենսը»:

- Մենք արդեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մասնակից ենք եւ ակտիվորեն պատրաստվում ենք պոլիսների վաճառքին: Ներկայումս ընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործակալական ցանցը: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործակալները լինեն բանիմաց եւ կրթված, որպեսզի մենք հետագայում խնդիրներ չունենանք հաճախորդների թերտեղեկացվածության եւ նրանց շահերի պաշտպանության հետ:

Այժմ մեզ մոտ շատ ծանրաբեռնված ժամանակաշրջան է. ռեսուրսների շուրջ 80%-ն ուղղված է ապահովագրության այդ դասին: Ակնկալում ենք, որ ԱՊՊԱ-ն  կնպաստի ապահովագրության ոլորտի զարգացմանը Հայաստանում:

-  ԱՊՊԱ պոլիսների վաճառքը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 18-ը: Չի՞ բարդացնի դա ապահովագրական ընկերությունների աշխատանքը:

- Հետաձգումները կապված են բարեփոխումների ծրագրի լայն մասշտաբի հետ: Իրավական կարգավորման նորմերի մշակումը, հաստատումը եւ հաղորդումը ապահովագրողներին բավականին ռեսուրսատար աշխատանք է: Բացի այդ, ինչը շատ գնահատելի է, բարեփոխումներ իրականացնող կառույցները ակտիվորեն աշխատում են ապահովագրական ընկերությունների հետ` բոլոր հարցերին գործնական լուծումներ տալու նպատակով, եւ այդ քննարկումները եւս նպաստեցին պայմանագրերի վաճառքի ժամկետի հետաձգմանը: 

Իմ գնահատականներով, ապահովագրողների գործակալական ցանցերի շնորհիվ կհաջողվի խուսափել տարատեսակ խնդիրներից: Ամեն դեպքում, բոլոր ապահովագրողները միակարծիք են, որ ամենածանր ժամանակահատվածը լինելու է դեկտեմբերը: 

- Գոյություն ունի կարծիք, որ ապահովագրական ընկերությունները պարտադիր ավտոապահովագրությունից կարող են ընդհանրապես շահույթ չունենալ: Համաձա՞յն եք արդյոք այդ մտքին:

- Չեմ կարող հայտնել որեւէ միանշանակ կարծիք: Ապահովագրավճարների հաշվարկը ԱՊՊԱ-ի համար արվել է որոշակի հիմքի վրա, բայց քանի որ Հայաստանում չկա համապատասխան վիճակագրական տվյալների երկար շարք, դեռեւս հայտնի չէ, թե որքանով ենք մենք կարող հիմնվել այդ ապահովագրավճարների հաշվարկների ճշգրտության վրա:

Ամեն դեպքում, անկախ նրանից, կապահովի՞ տվյալ դասը շահույթ, թե ոչ, այն միանշանակ կնպաստի մեքենաների գծով այլ դասերի ապահովագրության ընդլայնմանը: 

Հնարավոր է` սկզբնական փուլում ապահովագրողների շրջանում գոյանա որոշակի խուճապային իրավիճակ, սակայն ընթացքում նորմատիվ ակտերը կհղկվեն, իսկ ապահովագրավճարների մեծությունը կհամապատասխանեցվի շուկայական պայմաններին: 

- Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ակնկալվում է, որ բանկերի եւ կենսաթոշակային հիմնադրամների հետ մեկտեղ քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների կառավարման համար մրցելու են նաեւ ապահովագրական ընկերությունները: Ինչպիսի՞ք են ձեր ակնկալիքները այս բարեփոխումներից:

- Չեմ կարծում, որ 2014-ից սպասվող պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումից ապահովագրական ընկերություններն անմիջապես կընդգրկվեն այս գործընթացում: Կյանքի ապահովագրությունը Հայաստանում կներդրվի այն ժամանակ, երբ շուկայում կձեւավորվի կամավոր կուտակումների նկատմամբ կայուն պահանջարկ: 

- Ւնչպիսի՞ ցուցանիշներով է ընկերությունն ավարտել առաջին 3 եռամսյակները: 

- Բուն ապահովագրական գործունեությունից ստացված շահույթը 3 եռամսյակների տվյալներով կազմել է 52.7 մլն դրամ, սակայն հաշվետու ժամանակահատվածը մենք ավարտում ենք շուրջ 28 մլն դրամ վնասով, որը գոյացել է արտարժութային փոխարժեքի տարբերությունից:

Մենք գոհ ենք 2010թ. մեր ցուցանիշներից. ունենք աճ ապահովագրության տարբեր դասերի գծով: Մեծ ձեռքբերում ենք համարում այն, որ շահել ենք բեռների ապահովագրության գծով «Հայինկասացիայի» կողմից հայտարարված մրցույթը, որի արդյունքում համաապահովագրություն ենք իրականացնում մեկ այլ ընկերության հետ: 

Ողջ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծախսեր ենք ունեցել` պարտադիր ավտոապահովագրության ներդրման հետ կապված: Տվյալ պահին որոշակի խնդիրներ ունենք ներդրումային գործունեության գծով, որի պատճառով ավարտել ենք 3-րդ եռամսյակը փոքր վնասով: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք նորից դուրս գալ շահութաբեր մակարդակի: 

- Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման համար անհրաժեշտ նախապայմանները, եւ ե՞րբ կարելի է ակնկալել, որ առողջության պարտադիր ապահովագրության գաղափարն իրոք կհասունանա Հայաստանում: 

- Առողջության պարտադիր ապահովագրությունը ուղղակիորեն կապված է երկրի զարգացման աստիճանի հետ, որովհետեւ առաջին նախապայմանը բնակչության բարեկեցությունն է. մարդիկ պետք է կարողանան թույլ տալ իրենց առողջության պարտադիր ապահովագրություն: 

Լուրջ խնդիրներ կան նաեւ մեր առողջապահության ոլորտում, ինչն իր հերթին եւս խոչընդոտում է պարտադիր առողջության ապահովագրության ներդրմանը: 

Առողջապահության ոլորտում կան բազմաթիվ բարեփոխումների ծրագրեր, որոնք մեզ հուսադրում են: 
Ես տեղյակ եմ, որ բժշկական ապահովագրության զարգացման հայեցակարգը մշակման փուլում է եւ պետք է պատրաստ լինի մինչեւ տարեվերջ: Մեր կարծիքով, առողջության պարտադիր ապահովագրության ներդրման գաղափարը մեզանում կհասունանա առնվազն 3-4 տարի հետո:        
Դիտում՝ 31235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai