Ֆրանկֆուրտում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի եւ Եվրոպայի ֆինանսական հատվածների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Ընդունելության նպատակն էր համախմբել գործընկերներին՝ վերահաստատելու ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը եւ անդրադառնալու տարիների ընթացքում կատարված աշխատանքին: Միջոցառմանը մասնակցել են գերմանական առեւտրային բանկերի, Շտուտգարտի ֆոնդային բորսայի, Ֆրանկֆուրտի արդյունաբերական եւ առեւտրային պալատի, Գերմանիայի ակտիվների կառավարման ընկերությունների եւ եվրոպական այլ ֆինանսական կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, հայաստանյան առեւտրային բանկերի գործադիր տնօրեններն ու այլ պաշտոնյաներ:Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն իր երախտագիտությունն է հայտնել վերջին երկու տասնամյակների ընթացքում Գերմանիայի կառավարության եւ ԵՄ-ի կողմից KfW-ի ու Եվրոպական ներդրումային բանկի միջոցով Հայաստանի տնտեսությանը ցուցաբերված տեւական աջակցության համար: Այս աջակցությունը նպաստել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ֆինանսական մշակույթի եւ ինստիտուցիոնալ չափանիշների ամրապնդմանը: Դանիել Ազատյանը նաեւ նշել է, որ այս նախաձեռնությունը հարթակ է հանդիսանում Հայաստանի եւ Եվրոպայի ֆինանսական հատվածների միջեւ երկխոսության ու երկարատեւ համագործակցության ընդլայնման համար:Ընդունելության ընթացքում մասնակիցները բարձր են գնահատել նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը եւ ընդգծել դրանց շարունակականության ապահովման կարեւորությունը՝ հայկական եւ եվրոպական ֆինանսական համակարգերի ինտեգրման օրակարգի շրջանակներում: Tweet Դիտում՝ 2689