Միջազգային ինթերնշիփ առաջարկող Make It Bright մրցույթն ընդունում է հայտեր

24.05.2024 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Յուրաքանչյուր տարի JTI  (Japan Tobacco International) ընկերությունն իր Make It Bright (MIB) ծրագրի միջոցով ուսանողներին եւ նորավարտ երիտասարդներին ընձեռում է կարիերան հաջողությամբ մեկնարկելու բացառիկ հնարավորություն՝ առաջարկելով ինթերնշիփ ընկերության աշխարհով մեկ սփռված գրասենյակներից մեկում: JTI Armenia-ի շնորհիվ այս հնարավորությունից անմասն չեն նաեւ հայ երիտասարդները: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Ի՞նչ է Make It Bright-ը, ինչպե՞ս կարելի է մասնակցել, ի՞նչ ակնկալել: Այս եւ այլ հարցերի պատասխաններ պարզելու համար Banks.am-ը զրուցել է JTI Armenia-ի ներկայացուցիչների եւ ծրագրի նախորդ տարվա հայաստանյան հաղթող Անի Գուլոյանի հետ:

Ի՞նչ է Make It Bright-ը

Make It Bright-ը յուրօրինակ կամուրջ է «Z» սերնդի եւ երկարամյա փորձով համաշխարհային բրենդի՝ JTI-ի միջեւ: MIB-ը մի կողմից մարտահրավեր է, մյուս կողմից՝ նմանը չունեցող հնարավորություն: Ուսանողների եւ նորավարտ երիտասարդներին ծրագիրն առաջարկում է ներկայացնել իրենց, իրենց ստեղծագործ գաղափարներն ու մրցել դրանցով՝ որպես մրցանակ ստանալով ինթերնշիփի հնարավորություն:

Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից՝ այս հնարավորությունն ընձեռելով հազարավոր երիտասարդների: Այս տարի եւս 20-26 տարեկան հայ ուսանողները կամ ուսումնական հաստատությունները նոր ավարտած երիտասարդները կարող են հավակնել ծրագրի հաղթողի մրցանակին:

Հայաստանյան փուլը հաղթահարած լավագույն երկու մասնակիցները հնարավորություն կունենան մեկ շաբաթով մեկնելու Լոնդոն՝ մասնակցելու թրեյնինգներին, լինելու JTI-ի գրասենյակում, ներկայացնելու Հայաստանն ու իրենց՝ մրցելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ:



Առաջին կարգի մրցանակը JTI-ի գրասենյակներից մեկում 6-ամսյա ինթերնշիփ անցնելու հնարավորությունն է, իսկ երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած երիտասարդներին սպասվում են անակնկալ մրցանակներ:

Նախորդ տարվա մասնակցի փորձառությունը

Ըստ մրցույթի նախորդ տարվա՝ 4-րդ Make It Bright-ի  ծրագրի՝ մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց ստեղծագործ գաղափարները` հիբրիդային աշխատանքային միջավայրի իրենց պատկերացումների վերաբերյալ: Հայաստանում մրցույթի հաղթող դարձավ 22-ամյա Անի Գուլոյանը, որն այդ ժամանակ դեռեւս սովորում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության բաժնում:



«Իմ բաժնում սովորող ուսանողների մեծ մասն իրենց ապագան պատկերացնում էին ՏՏ ոլորտում, մինչդեռ ինձ ավելի շատ բիզնեսն էր հետաքրքրում: Փնտրտուքների մեջ էի, չգիտեի՝ ինչից սկսել, մինչեւ ծանոթացա Make It Bright ծրագրին ու որոշեցի դիմել»,- հիշում է Անին:  

JTI Armenia-ում Անիի ներկայացրած գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչի շնորհիվ նրան հրավիրել են գրասենյակ՝ ծրագրի հաջորդ փուլերին մասնակցելու համար:
 
«Հիբրիդային աշխատանքային մշակույթի պայմաններում շատ մենեջերներ դժգոհում են, որ աշխատակիցները պատշաճ պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ չեն մոտենում իրենց տրված առաջադրանքներին: Այս խնդիրը լուծելու համար ես առաջարկում էի ստեղծել հարթակ, որի շնորհիվ աշխատակիցները կկարողանան որոշ առաջադրանքներ ստանձնել սեփական ընտրությամբ՝ ելնելով իրենց հետաքրքրությունների շրջանակից: Սա թույլ կտար, որ աշխատակիցներն ավելի բարձր պատասխանատվությամբ կատարեին այդ առաջադրանքները՝ անկախ նրանից աշխատում են գրասենյակից, թե տանից, քանի որ ունեցել են ընտրելու հնարավորություն»,- ասում է Անին:



Մրցույթի տեղական փուլում նա աշխատել է JTI Armenia-ի իր մենտորի հետ, գաղափարը մշակվել է, դարձել ավելի իրատեսական, որից հետո Անին մեկնել է Ժնեւ՝ մոտ 20 այլ ուսանողների հետ մասնակցելու համաշխարհային ամփոփիչ մրցույթին:

«Ժնեւում անցկացրած 4 օրերը խիստ հագեցած էին: Մասնակցում էինք հանրային խոսքին առնչվող թրեյնինգների, տարբեր երեկույթների, կապեր ձեռք բերում աշխարհի տարբեր երկրների մասնակիցների հետ: Հետաքրքիր այց ունեցանք նաեւ Ժնեւի JTI-ի գրասենյակ: Վերջին օրն էլ մրցութային փուլն էր: Յուրաքանչյուր մասնակից պետք է կարճ պրեզենտացիայով ներկայացներ իր գաղափարը: Գնահատվում էր ոչ միայն բուն գաղափարը, այլ նաև մասնակցի հանրային խոսքի եւ ներկայացման հմտությունները»,- մանրամասնում է Անին:

Անի Գուլոյանը


Նա թեեւ չկարողացավ շահել գլխավոր մրցանակը, սակայն JTI Armenia-ն նրան առաջարկեց այստեղ անցկացնել իր 6-ամսյա վճարովի ինթերնշիփը իրեն հետաքրքրող բաժնում:

«JTI Armenia-ում հնարավորություն տվեցին ընտրելու ինձ հետաքրքրող բաժինը: Սկզբում ինթերնշիփ անցա մարքեթինգի բաժնում, որի ավարտից հետո առաջարկեցին երկարացնել ինթերնշիփը, սիրով համաձայնեցի, ու հիմա շարունակում եմ ուսումնասիրել աշխատանքը վաճառքի բաժնում: Ինձ շատ դուր է գալիս, որ այստեղ մարդիկ շատ բաց են, աջակցող, ուստի կարողանում եմ ամեն օր նոր հետաքրքիր բաներ փորձել, բացահայտել ու սովորել»,- ասում է Անին:

Ինչպե՞ս մասնակցել 5-րդ Make It Bright-ին

Այս տարի ծրագրի դիմումները մեկնարկել են ապրիլի 3-ից եւ շարունակվելու են մինչեւ մայիսի 31-ը: Այն երիտասարդները, որոնք համապատասխանում են առաջադրված պահանջներին (20-26 տարեկան, 3-րդ, 4-րդ կուրսի ուսանող կամ վերջին տարիների շրջանավարտ, ոչ ավել քան 2 տարի աշխատանքային փորձով), ունեն ստեղծագործ մտածողություն, թվային հմտություններ եւ վարժ տիրապետում են անգլերենին, կարող են առցանց տարբերակով մասնակցել մրցույթի առաջին փուլին՝ գրանցվելով Make It Bright կայքում:

Հայաստանում MIB նախագծի համակարգող Լուսինե Փութուլյանի խոսքով՝ այս տարի մրցույթն իրականացվում է «Z» սերնդի համար հատուկ խաղային ձեւաչափով:



«Կայքում գրանցվելուց հետո մասնակիցը, սեղմելով «Play» կոճակը սկսում է 5 տարբեր մարտահրավերների հաղթահարումը: Այս մարտահրավերները խաղի տեսքով են եւ բացահայտում են տվյալ մասնակցին, նրա ուժեղ կողմերը, որքանով է նա ծանոթ JTI-ին, ինչ գաղափարներ ունի տեղական ու համաշխարհային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ եւ այլն: Վերջին մարտահրավերի համար անհրաժեշտ է կցել տեսանյութ, որում մասնակիցը պատասխանում է առաջադրված հարցերին»,- մանրամասնում է Լուսինե Փութուլյանը:

Յուրաքանչյուր մարտահրավերը հաղթահարելիս մասնակիցը կուտակում է միավորներ, իսկ վերջնական միավորով էլ մրցելու է մյուս մասնակիցների հետ: Բարձր է գնահատվում ստեղծագործ ու հետաքրքիր մոտեցումը:


 
«Մայիսի 31-ից հետո JTI Armenia-ի գրասենյակ ենք հրավիրելու Հայաստանից լավագույն 10 մասնակիցներին, որոնց հետ կշարունակենք աշխատել ու, ի վերջո, կընտրենք երկու լավագույն մասնակցին: Վերջիններս կմեկնեն Լոնդոն՝ ներկայացնելու Հայաստանը»,- մանրամասնում է Լուսինե Փութուլյանը:

Նա հավելում է, որ միջազգային ինթերնշիփի հնարավորությանը չարժանանալու դեպքում մասնակցին կարող են առաջարկել ինթերնշիփ JTI-ի հայաստանյան գրասենյակում՝ բացառությամբ այն դեպքի, եթե մասնակիցն ինքն է հրաժարվել Լոնդոն մեկնելուց:

Ինչու՞ արժե փորձել

Համալսարանն ավարտելուց հետո աշխատաշուկա մտնելը երիտասարդների համար այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք դեռեւս չգիտեն՝ ինչ աշխատանքային միջավայրում են ուզում լինել, որ ոլորտներում են ցանկանում դրսեւորվել: Անի Գուլոյանի խոսքով՝ MIB-ը հենց այդ կամուրջն է, որ օգնում է ուսանողին դառնալ աշխատակից:

«Բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս անպայման դիմել այս ծրագրին ու մեծ ջանքեր ներդնել հասնելու Լոնդոն»,- հավելում է նա:

JTI Armenia-ի Մարդիկ եւ մշակույթ բիզնես գործընկեր Նորա Դավթյանի խոսքով՝ մասնակիցներից որեւէ ֆինանսական ներդրում չի պահանջվում, ամեն ինչ կարգավորում է գրասենյակը՝ վիզայից մինչեւ թռիչքներ ու կեցության ծախսեր:


«Անգամ միջազգային ինթերնշիփը շահելու պարագայում, հաղթող մասնակցից ոչ մի ծախս չի պահանջվում»,-ասում է Նորա Դավթյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մասնակիցների անվտանգությանը, նրանց հետ մշտապես կապ է պահվում:

«Հավատացեք, որ Լոնդոն մեկնելն ու առաջին մրցանակը շահելը միանգամայն իրատեսական է, ուստի բաց մի թողեք այս հնարավորությունը»,- վստահեցնում է Նորա Դավթյանը:

Արագ արձագանք ապագայի պահանջներին

JTI-ի կողմից այս մրցույթի անցկացումն օգնում է ընկերությանը քայլել ժամանակին համընթաց՝ հետեւելով աշխատանքային մշակույթի ժամանակակից միտումներին:

Անի Գուլոյանը

 
«Covid-19 համավարակից հետո աշխատակիցների ու բիզնեսի կողմից մեծացավ ճկունության պահանջը, որից հետո մենք անցանք նոր աշխատանքային սկզբունքների: Թեեւ աշխատակիցներն ունեն ֆիքսված գրաֆիկ, որի ընթացքում պետք է հասանելի լինեն,  նրանք կարող են օգտվել նաև ճկուն աշխատանքային ժամերից, աշխատանքի մի մասը տանից իրականացնելու հնարավորությունից, որոշ ժամանակ աշխատել արտասահմանից  եւ այլն: Այդուհանդերձ, MIB ծրագրի միջոցով ուզում ենք նաեւ հասկանալ՝ որը կլինի հաջորդ քայլը, ինչպես է աշխատանքային միջավայրը պատկերացնում նոր սերունդը, ինչ է նա մեզանից պահանջելու ապագայում: Այս կերպ փորձում ենք տեսնել ապագան եւ արագ արձագանքել դրան»,- մանրամասնում է Նորա Դավթյանը:

JTI-ը դեռեւս միակն է, որն առաջարկում է նման ծրագիր՝ ուղղված երիտասարդ սերնդին, սակայն գրասենյակում հույս ունեն, որ այլ ընկերություններ եւս հանդես կգան նման ծրագրերով:

«Մի կողմից դա կօգնի ընդարձակել մեր երիտասարդներին տրվող հնարավորությունները, աջակցել նրանց մասնագիտական կարիերային, իսկ մյուս կողմից կստեղծվի առողջ մրցակցություն՝ օգնելով մեզ առաջ շարժվել եւ մշտապես կատարելագործվել»,- ամփոփում է Նորա Դավթյանը:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 3213
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW