Եվրոպայի տնտեսական հեռանկարն այսօր մռայլ է թվում, բայց իրավիճակը կարող է փոխվել

20.04.2024 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Քենեթ Ռոգոֆ

15 տարի տեւած տնտեսական ցնցումներից հետո՝ սկսած եվրոպական պարտքային ճգնաժամից մինչեւ Քովիդ-19-ի համաճարակը եւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, եվրոպական տնտեսությունը 2024 թվականին կարծես թույլ ցուցանիշներ կունենա: Բայց գուցե արտաքինը խաբուսի՞կ է:

Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, հատկապես է տուժել էներգակիրների գների աճից եւ Չինաստանի դանդաղ տնտեսական աճից: Ավելին, Գերմանիան խորացրել է սեփական տնտեսական խնդիրները՝ թուլացնելով կամ հրաժարվելով նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի շուկայական բարեփոխումներից, որոնք նախկինում ապահովում էին ՀՆԱ-ի կայուն աճը: Թեեւ Գերմանիայի առաջատար մասնագետները կանխատեսում են, որ երկիրը 2024-ին (հազիվ) կխուսափի ռեցեսիայից, տնտեսական հեռանկարն անորոշ է մնում:

Ֆրանսիայում վիճակը մի փոքր ավելի բարվոք է: Սակայն 2023-ին ՀՆԱ-ի 5,5%-ի հարկաբյուջետային դեֆիցիտի եւ աշխարհում աճող իրական տոկոսադրույքների պայմաններում Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է խստացնել քաղաքականությունը: Մյուս կողմից, տարիներ ձգվող արտադրողականության անկումից եւ պարտքի մշտական խնդիրներից հետո Իտալիայի տնտեսությունը կրկին աճ է գրանցում եւ կարծես դրական հետագծի վրա է: Իսկ Հունաստանը, որը շարունակում է մնալ Եվրամիության ամենամեծ ստվերային տնտեսությունը, դեռ խնդիրներ ունի՝ հիմնականում հարկերից մասսայականորեն խուսափելու պատճառով:

Այնուամենայնիվ, հույսի մի քանի պատճառ կա: Նախ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնտեսությունները արդեն որոշ ժամանակ գերազանցում են Արեւմտյան Եվրոպային: Ըստ Եվրոստատի տվյալների, Լեհաստանը մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ով առաջ է անցել թե՛ Հունաստանից, թե՛ Պորտուգալիայից, իսկ Ռումինիայի նման երկրները մոտակա հինգ տարիներին նմանատիպ նվաճումների հասնելու ճանապարհին են: Հունգարիան բախվել էր փոխարժեքի տատանումներին եւ 2023-ին 0,8% անկում ապրել (որի պատճառը վարչապետ Վիկտոր Օրբանի փորձն էր՝ զսպելու Կենտրոնական բանկի անկախությունը), բայց ակնկալվում է, որ 2024-2025-ին երկիրը կրկին կայուն աճ կդրսեւորի:


Անշուշտ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները նույնպես արագորեն ծերանում են, ինչպես իրենց արեւմտյան ընկերները: Առայժմ, սակայն, արագ զարգացող Արեւելքն է շարունակելու պահել Եվրոպայի ընդհանուր աճի տեմպերը: Թեեւ ամերիկացի դիտորդները այդ երկրների առաջընթացը հաճախ ինքնըստինքյան հասկանալի են համարում, չպետք է թերագնահատել այն փաստը, որ ԵՄ-ը օգնում է նոր անդամ երկրներին հաղթահարելու ժառանգական ինստիտուցիոնալ խնդիրները եւ կոռուպցիան:

Երկրորդը. Հարավային Եվրոպան նույնպես ավելի արագ է աճում, քան Հյուսիսային Եվրոպան, որտեղ Իսպանիան, Պորտուգալիան եւ նույնիսկ Հունաստանը 2020-ից ի վեր մեծ տարբերությամբ գերազանցում են Գերմանիայի աճը: Այսպիսով մասամբ փոխհատուցվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդող տարիների վշտալի աճը. բայց, հաշվի առնելով այս տնտեսությունների հզոր զբոսաշրջային արդյունաբերությունը եւ ցածր կախվածությունը արտադրությունից, այն կարող է շարունակվել:

Երրորդ, անխոհեմ կլիներ չակնկալել, որ Գերմանիայի տնտեսությունը երկարաժամկետ վերածննուդ կապրի: Երբ ես ուսանող էի 1970-ականների վերջին, իմ դասընկերներից մեկը բերեց մի փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Արեւելյան Գերմանիան գերազանցել էր խորհրդային բլոկի մյուս տնտեսությունները: «Այնպիսի համակարգ դեռեւս չեն հորինել, որտեղ գերմանական տնտեսությունն անարդյունավետ լինի», - հեգնեց նա: Թեեւ Գերմանիայի վերջին շրջադարձը դեպի ձախ կարող է ի վերջո ապացուցել, որ այս փաստարկը սխալ է, ավելի հավանական է, որ երկրին կհաջողվի շտկել ընթացքը եւ կրկին բարձրորակ ենթակառուցվածքներ կառուցել:


Չորրորդը. գալիք ընտրությունները Եվրոպայում կարող են ի հայտ բերել այդքան անհրաժեշտ արդյունավետ ղեկավարների: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ժամանակին համարվում էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի իրավահաջորդը՝ որպես Եվրոպայի ամենահարգված առաջնորդ, պայքարում է իր երկրի բազում տնտեսական մարտահրավերները լուծելու համար եւ քննադատության է ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում իր միամտության համար: Իսկ Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելի փաստացի իրավահաջորդը՝ Օլաֆ Շոլցը, այնքան ցածր վարկանիշ ունի, որ նրա հետ համեմատ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում: Քանի որ հորիզոնում են 2025-ի Գերմանիայի դաշնային ընտրությունները, շատ հավանական է, որ Շոլցը փոխարինվի:


Չնայած վարչապետ Ռիշի Սունակին հաջողվեց կայունացնել Միացյալ Թագավորության տնտեսությունը, նրան լայնորեն անհաջողակ են համարում: Հարցումներով Սունակի Պահպանողական կուսակցությունը ներկայումս շատ հետ է մնում վերածնված Լեյբորիստական կուսակցությունից, որը հաջողությամբ իրեն դիրքավորել է որպես տնտեսապես կենտրոնամետ: Ի հակադրություն նրան, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անսպասելիորեն դարձել է Եվրոպայի ամենաարդյունավետ եւ հանրաճանաչ առաջնորդներից մեկը:

Եվ վերջապես, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի սպառնացող վտանգը կարող է կատալիզացնել Եվրոպայի հարկաբյուջետային ինտեգրացիան, ինչը ոչ վաղ անցյալում աներեւակայելի էր: Մինչդեռ, ինչպես ես պնդել էի վերջերս, նոյեմբերին Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունները դժվար թե մեղմեն երկրի քաղաքական ցնցումները՝ անկախ արդյունքից:

Այս ամենն ապացուցում է, որ իրավիճակը Եվրոպայում դեռ կարող է փոխվել: Եվրոպական ֆոնդային շուկաները հեշտությամբ կարող են կրկնել անցյալ տարվա անսպասելիորեն ուժեղ ցուցանիշները՝ հաշվի առնելով, որ գնահատականները, որոնք չափում են գնի եւ շահույթի հարաբերակցությամբ, զգալիորեն ցածր են, քան ԱՄՆ-ում: Չնայած ԱՄՆ ֆոնդային շուկան տարիներ շարունակ գերազանցում է Եվրոպային, 2024-ը կարող է տարբերվել:

Թեեւ եվրոպական տնտեսությունները երկար ժամանակ ցածր արդյունքներ են գրանցել, ոչ մի միտում հավերժ չի պահպանվում: Որքան էլ Եվրոպայի հեռանկարը մռայլ է թվում հիմա, տնտեսական հեռանկարները գուցե մի փոքր ավելի բարենպաստ լինեն այս տարվա վերջին:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai