Երկերեսանի ազատ առեւտուրը

06.04.2024 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի պրոֆեսոր Դենի Ռոդրիկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Տնտեսագիտության մեջ քիչ եզրույթներ են գաղափարական տեսակետից նույնքան ծանրաբեռնված, որքան «ազատ առեւտուրը»: Պաշտպանեք այն այսօր, եւ ձեզ, ամենայն հավանականությամբ, կմեղադրեն պլուտոկրատների, ֆինանսիստների եւ սանձարձակ կորպորացիաների ջատագով լինելու մեջ: Պաշտպանեք բաց տնտեսական սահմանները, եւ ձեզ կհամարեն միամիտ կամ ավելի վատ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության խամաճիկ, որն անտարբեր է մարդու իրավունքների կամ հասարակ աշխատողների ճակատագրի նկատմամբ:

Ինչպես ծաղրանկարներում, այնպես էլ հակաառեւտրային այս դիրքորոշման մեջ էլ որոշ ճշմարտություն կա: Վերջին տասնամյակներում աճող առեւտուրն իրոք նպաստեց անհավասարության աճին եւ միջին խավի էրոզիային ԱՄՆ-ում եւ այլ զարգացած տնտեսություններում: Ազատ առեւտրի վատ համբավի պատճառն այն է, որ գլոբալացման կողմնակիցները անտեսել են դրա բացասական կողմերը կամ վարվել այնպես, կարծես դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Այս կույր կետը Դոնալդ Թրամփի նման ամբոխավարներին թույլ տվեց առեւտուրը դարձնել զենք եւ արատավորել ռասայական ու էթնիկ փոքրամասնություններին, ինչպես նաեւ ներգաղթյալներին եւ տնտեսական մրցակիցներին:

Հակակրանքն առեւտրի նկատմամբ միայն աջ պոպուլիստների մենաշնորհը չէ: Այդ խմբում են նաեւ արմատական ձախերը, կլիմայի ակտիվիստները, սննդի անվտանգության ջատագովները, մարդու իրավունքների քարոզիչները, արհմիությունները, սպառողների իրավունքների պաշտպաններն ու կորպորացիաների դեմ պայքարողները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես իրեն հեռու է պահում ազատ առեւտրից: Նրա վարչակազմն ավելի կարեւոր է համարում ԱՄՆ-ում անվտանգ, կանաչ, արդարացի եւ ճկուն տնտեսության կառուցումը, քան հիպերգլոբալիզացիան: Բոլոր առաջադեմ մտածողները կարծում են, որ ազատ առեւտուրը (ըստ իրենց պատկերացման) կանգնած է սոցիալական արդարության ճանապարհին:

Բայց միշտ չէ այսպես եղել: Ազատ առեւտուրը 19-րդ դարի քաղաքական բարեփոխիչների միահամուռ կոչն էր. նրանք տեսնում էին այն որպես բռնակալությունը հաղթելու, պատերազմներին վերջ տալու եւ հարստության աղաղակող անհավասարությունը նվազեցնելու գործիք: Ինչպես հիշեցնում է Էքսեթերի համալսարանի պատմաբան Մարկ-Վիլյամ Փեյլենը «Pax Economica. համաշխարհային ազատ առեւտրի ձախակողմյան տեսլականները» գրքում՝ դարաշրջանի տնտեսական կոսմոպոլիտիզմը մարմնավորում էր այնպիսի առաջադեմ գաղափարներ, ինչպիսիք են պայքարը ռազմականացման, ստրկատիրության եւ իմպերիալիզմի դեմ:

Ոչ միայն ազատակեններն էին պաշտպանում ազատ առեւտուրը: ԱՄՆ-ի պոպուլիստները 19-րդ դարի վերջին կտրականապես դեմ էին ոսկու ստանդարտին, բայց դեմ էին նաեւ ներմուծման մաքսատուրքերին, որոնք, նրանց կարծիքով, օգուտ էին բերում խոշոր բիզնեսին եւ վնասում հասարակ մարդկանց: Նրանք ցանկանում էին փոխարինել տուրքերը ավելի արդար պրոգրեսիվ եկամտահարկով։ Այնուհետեւ, 20-րդ դարի սկզբին, շատ սոցիալիստներ դիտարկում էին ազատ առեւտուրը, որին աջակցում է վերազգային կանոնակարգը, որպես հակաթույն միլիտարիզմի, անհավասար հարստության եւ մենաշնորհների դեմ:

Այս հակասական տեսակետները կարծես գլուխկոտրուկ են: Արդյո՞ք առեւտուրը նպաստում է խաղաղությանը, ազատությանը եւ տնտեսական հնարավորություններին, թե՞ նպաստում են հակամարտություններին, բռնաճնշումներին եւ անհավասարությանը: Սակայն գլուխկոտրուկն ավելի շատ առերեւույթ է, քան իրական: Երկու տեսակետներն էլ (կամ դրանց միջանկյալ արդյունքը) կախված է նրանից, թե ում է առեւտուրը լիազորում:

19-րդ դարի լիբերալներն ու բարեփոխիչները ազատ առեւտրի կողմնակիցներ էին, քանի որ կարծում էին, որ պրոտեկցիոնիզմը ծառայում է հետադիմական շահերին, այդ թվում՝ հողատեր արիստոկրատներին, մենաշնորհներին եւ պատերազմ հրահրողներին: Նրանք համոզված էին, որ տնտեսական ազգայնականությունը գոյություն ունի իմպերիալիզմին եւ ագրեսիային զուգահեռ: Փեյլենը մեջբերում է տնտեսագետ Ջոզեֆ Շումպետերի 1919 թվականի էսսեն, որտեղ իմպերիալիզմը ներկայացվում էր որպես «ատավիստական միլիտարիզմի եւ պրոտեկցիոնիզմի մենաշնորհային ախտանիշ. հիվանդություն, որը կարող էին բուժել միայն ազատ առեւտրի ժողովրդավարական ուժերը»:

Քորդել Հալը

Հենց այս տեսլականով Երկրորդ համաշխարհային պատերազմից ստեղծվեց միջազգային առեւտրային համակարգը: Առեւտրի միջազգային կազմակերպության ամերիկացի ճարտարապետները գնացին նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի պետքարտուղարի՝ Քորդել Հալի հետքերով՝ հավատացած, որ ազատ առեւտրի օգնությամբ հասնելու են աշխարհում խաղաղության: Հալը տնտեսական կոսմոպոլիտ էր եւ 19-րդ դարի արմատական ազատ առեւտրի ջատագով Ռիչարդ Քոբդենի նվիրյալը: Ի տարբերություն նախորդ վարչակարգերի, հետպատերազմյան կարգը պետք է լիներ գլոբալ կանոնների համակարգ, որը վերացնում էր երկկողմանի հարաբերությունները եւ կայսերական արտոնությունները: Թեեւ ԱՄՆ Կոնգրեսը այդպես էլ չվավերացրեց ԱՄԿ-ն, դրա որոշ հիմնական սկզբունքներ (ներառյալ բազմակողմանիությունը եւ խտրականության բացառումը) պահպանվեցին Սակագների եւ առեւտրի ընդհանուր համաձայնագրում (GATT), որը նախորդեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:


Առեւտուրը, սակայն, կարող է նույնքան հեշտությամբ ավտորիտար եւ ռազմատենչ նպատակների գործիք դառնալ: Հատկապես վառ օրինակ է նախապատերազմյան Ամերիկայի դարաշրջանը (Antebellum America), երբ ազատ առեւտուրը ծառայեց ստրկության արմատավորմանը: 1787 թվականին ԱՄՆ սահմանադրության մշակման ժամանակ հարավի ստրկատերերը պահանջեցին, որ տեքստն արգելի արտահանման հարկումը: Նրանք հասկանում էին, որ ազատ առեւտուրը կապահովի պլանտացիոն գյուղատնտեսությանը շահութաբերությունը եւ կպաշտպանի դրա հիմքում ընկած ստրկատիրական համակարգը: Երբ քաղաքացիական պատերազմում Հյուսիսը հաղթեց Հարավին, ստրկությունը վերացավ, եւ ազատ առեւտուրը փոխարինվեց պրոտեկցիոնիզմով, որն ավելի էր համապատասխանում հյուսիսի բիզնեսի շահերին:

Բրիտանական իմպերիալիզմի օրոք իրավիճակը նման էր: 1846 թվականին Հացի օրենքների չեղարկումից հետո բրիտանական կառավարությունը անվանականորեն երես թեքեց պրոտեկցիոնիզմից եւ առաջնորդեց Եվրոպային ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ստորագրելու հարցում: Սակայն Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում ազատ առեւտուրը պարտադրվում էր ատրճանակի փողի ներքո, եթե բրիտանացիները հանդիպում էին թույլ իշխանավորների, որոնք արժեքավոր ապրանքներ եւ շուկաներ ունեին:

Բրիտանացիները նախաձեռնեցին 19-րդ դարի կեսերի տխրահռչակ Ափիոնային պատերազմները, որպեսզի ստիպեն չինացի տիրակալներին բացել իրենց շուկաները բրիտանական եւ այլ արեւմտյան ապրանքների համար (դրանց մեջ գլխավորը ափիոնն էր), իսկ արեւմտյան երկրներն իրենց հերթին կարողանան գնել Չինաստանի թեյը, մետաքսը եւ ճենապակին՝ առանց շատ ոսկի ծախսելու: Ափիոնն աճեցվում էր Հնդկաստանում, որտեղ, ինչպես Ամիտավ Ղոշը մանրամասնում է իր նոր՝ «Ծուխ եւ մոխիր» գրքում, բրիտանական մենաշնորհը ստիպեց ֆերմերներին աշխատել սարսափելի պայմաններում, որոնք երկարատեւ սպիներ թողեցին: Ազատ առեւտուրը ծառայեց բռնաճնշումներին եւ պատերազմին, եւ հակառակը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմակողմ ազատ առեւտրի ռեժիմը ամերիկյան ղեկավարության ներքո շատ ավելի բարենպաստ էր: GATT-ի շրջանակներում առեւտրային դիվանագիտությունը փոխարինեց պատերազմներին, եւ բազում ոչ արեւմտյան երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ ամենատպավորիչը՝ Չինաստանը, արագորեն մեծացրին իրենց տնտեսությունները՝ օգտագործելով համաշխարհային շուկաները:

1990-ականներին, սակայն, առեւտրային ռեժիմը զոհ գնաց սեփական հաջողությանը: Խոշոր կորպորացիաները եւ բազմազգ ընկերությունները, որոնք մեծացան համաշխարհային տնտեսության ընդլայնման հետ, իրենց ձեռքն առան առեւտրային բանակցությունները: Շրջակա միջավայրը, հանրային առողջությունը, մարդու իրավունքները, տնտեսական անվտանգությունը եւ ներքին արդարությունը հետին պլան մղվեցին: Միջազգային առեւտուրը կրկին հեռացավ Քոբդենի եւ Հալի սկզբնական տեսլականից՝ ներդաշնակության փոխարեն վերածվելով միջազգային տարաձայնությունների աղբյուրի:

Պատմության դասն այն է, որ առեւտուրը դրական ուժի վերածելու համար անհրաժեշտ է այն ժողովրդավարացնել: Դա է միակ ուղին, որպեսզի այն ծառայի ընդհանուր բարօրությանը, այլ ոչ նեղ շահերին. կարեւոր դաս, որը պետք է հիշել գալիք տարիներին, երբ վերակառուցելու ենք համաշխարհային առեւտրի ռեժիմը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai