Բիզնեսի դերը կայուն զարգացման օրակարգում եւ «Գրանթ Թորնթոն»-ի փորձը

26.02.2024 | 00:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բիզնեսի ազդեցությունը կայուն զարգացման օրակարգում որոշիչ է: Սրանից ելնելով՝ այսօր աշխարհում արդեն շատ ընկերություններ որդեգրում են այնպիսի ռազմավարություն, որով իրենց գործունեությունը կhամապատասխանեցնեն ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգին, բիզնեսը կդարձնեն ավելի պատասխանատու, ներառական եւ արդյունավետ:

«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ԲՍԿ (ESG) եւ կայուն զարգացման խորհրդատվական ծառայությունների ավագ խորհրդատու Մարիանա Ջավախյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է կայուն զարգացման օրակարգում բիզնեսի դերի, ԲՍԿ չափորոշիչների կիրառման եւ Հայաստանում ԲՍԿ չափորոշիչների կիրառման միտումների մասին:

Մեր զրույցը կայացել է մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսին ընդառաջ, որի գործընկերների թվում Է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը:

Բիզնեսի դերը կայուն զարգացման օրակարգում եւ ԲՍԿ չափորոշիչների առավելությունները

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ը, մեծ մասամբ, սկիզբ է առել հանրային հատվածից, բայց շարժիչ ուժը եւ գործնականում իրականացնողը մասնավոր հատվածն է՝ բիզնեսը: Բիզնեսը կայուն զարգացման բոլոր երեք հենասյուներով՝ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ԲՍԿ) գործ ունի անելու՝ ցույց տալու, որ պատասխանատու գործելակերպ ունի, ներառական է, սոցիալական գործոնները հաշվի առնող գործատու է, իր գործունեությունում ռեսուրսարդյունավետ պրակտիկաներ է կիրառում եւ այլն:

ԲՍԿ չափորոշիչները փորձ են անում բիզնեսին ավելի հաշվետու եւ թափանցիկ դարձնել եւ հզոր գործիք կարող են դառնալ բիզնեսի համար՝ ներդրումային գրավչությունը բարձրացնելու, պատասխանատու բիզնես գործելակերպեր ձեւավորելու տեսանկյունից: Այն նաեւ էական դեր կարող է ունենալ բիզնեսի համար մրցակցային առավելության եւ բիզնեսի ներսում նորարարությունները խթանելու տեսանկյունից: Օրինակ, եթե տվյալ բիզնեսը ցանկանում է լինել քիչ աղտոտող եւ ունենալ հնարավորինս քիչ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, այն պետք է կիրառի ռեսուրսարդյունավետ գործելաոճ: Սրան հասնելու ուղիներից  այն է, որ բիզնեսն իր ներսում կիրառի նորարարական մոտեցումներ՝ արդիականացնի հոսքագծերը, թափոնների կառավարման եւ վերմշակման մեխանիզմներ ներդնի, ածխաթթու գազերի արտանետումների կրճատմանն ուղղված քայլեր կիրառի: Այդ մոտեցումները կարող են տարբերվել՝ կախված տվյալ բիզնեսի ոլորտից:

Մարիանա Ջավախյանը


Վերջին շրջանում առավել ակնհայտ է դառնում  բիզնեսի՝ կայունությանն առնչվող ցուցանիշների եւ բարելավված ֆինանսական արդյունքների միջեւ կապը:

Ֆինանսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ԲՍԿ չափորոշիչների կիրառումը դրական ազդեցություն ունի բիզնեսի ներդրումային գրավչության բարձրացման վրա, քանի որ այդ դեպքում բիզնեսը ներկայանում է առավել թափանցիկ եւ ունի հստակ ձեւավորված եւ կայունությանն ուղղված ինստիտուցիոնալ մեխանիզմներ ու քաղաքականություն:

Կայունության սոցիալական բաղադրիչն իրենից ենթադրում է, որ տվյալ բիզնեսը պետք է լինի ներառական,  աշխատակիցների համար ապահովի սոցիալական պաշտպանվածություն եւ հաշվի առնի իր շահառուների կարծիքն իր տարբեր բիզնես գործընթացներում: Սա իր հերթին կարող է նպաստել բիզնեսի գրավչության բարձրացմանն առավել տաղանդավորների շրջանում. մարդիկ, որոնք տեսնում են, որ տվյալ բիզնեսը սոցիալապես պատասխանատու է, ավելի հակված են լինում աշխատելու նման գործատուի համար: Վստահաբար կարող ենք ասել, որ ԲՍԿ-ն նպաստում է նաեւ տաղանդների ներգրավմանը:

Կայուն զարգացման հաշվետվությունը բիզնեսում

Աշխարհում միտում կա կայունությունը ներառել բիզնեսի ռազմավարության բոլոր ուղղություններում: Սա քայլ առ քայլ տարածվելու է նաեւ Հայաստանի բիզնես միջավայրում: Շատ ընկերություններ բիզնեսի զարգացման համար կորպորատիվ ռազմավարությունից բացի՝ ունեն նաեւ առանձին կայունության ռազմավարություն եւ հաշվետվություն՝ կենտրոնացած երեք հենասյուների՝ տնտեսական, սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա:

Մարիանա Ջավախյանը


Կայունության հաշվետվությունների կիրառումը բիզնեսի հաշվետվողականության բարձրացման ամենաէական գործիքներից է: Դրա միջոցով բիզնեսը կարող է ախտորոշել,  թե  ինչ մակարդակի վրա է գտնվում  կայուն զարգացման տեսանկյունից, վերջինից կարող են բխել նաեւ իր՝ դեպի կայունություն ուղղված քայլերը: Այստեղ էական դեր են խաղում նաեւ հաշվետվությունների կազմման համար կիրառվող միջազգային ստանդարտները, որոնք երկար տարիների վերլուծությունների արդյունքում ձեւավորված բացահայտումների համակարգ ունեն եւ թույլ են տալիս ընկերություններին վեր հանել կայունությանն առնչվող խնդիրները:

Աշխարհում ամենալայն տարածում գտած ստանդարտը՝ Գլոբալ hաշվետվականության նախաձեռնության ստանդարտն է, առավել քան 10.000 ընկերություններ կիրառել են այս ստանդարտը: Կարեւոր են նաեւ այս ոլորտի վերջին զարգացումները. նախորդ տարի IFRS հիմնադրամը հրապարակեց IFRS S1 եւ IFRS S2 կայունության ստանդարտները,  որոնք կայունության ազդեցությունները կապում են ֆինանսական արդյունքների հետ: Այս տարվանից Եվրամիությունում ուժի մեջ մտան նաեւ Կորպորատիվ կայունության հաշվետվության դիրեկտիվի (CSRD) պահանջները: Վերջին տարիներին հստակ տենդենց է նկատվում ինչ-որ չափով համահունչ դարձնելու կայունության տարբեր հաշվետվությունների կազմման ստանդարտները, որպեսզի ընկերությունները չխճճվեն տարբեր ստանդարտների մեջ եւ կարողանան հնարավորինս համահունչ հաշվետվություններ ներկայացնել:

Մարիանա Ջավախյանը


Բացի դա,  կայունության հաշվետվությունները սկսում են նույնքան կարեւոր դառնալ, ընկերությունների համար, որքան ֆինանսական հաշվետվություններն են: Սա գալիս է կայունության այն գաղափարախոսությունից, որ միայն շահույթի գեներացումը չի կարող լինել նպատակ ընկերության համար, եւ սոցիալական, շրջակա միջավայրի, ռեսուրսարդյունավետության տարրերը պետք է հաշվի առնվեն բիզնեսի համար՝ իր կայուն գործունեությունն ապահովելու համար:

ԲՍԿ չափորոշիչների կիրառումը Հայաստանում եւ «Գրանթ Թորնթոն»-ի աշխատանքը

«Գրանթ Թորոնթոն»-ը Հայաստանում առաջին խորհրդատվական ընկերություններից է, որը հանձն է առել ԲՍԿ եւ Կայունության խորհրդատվական ծառայությունների առանձին ուղղություն հիմնադրել: Մեր ընկերությունը տեղական կարողությամբ կայունության ոլորտում ծառայություններ մատուցելու ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացնում:

Մենք կարողությունների զարգացման վրա շատ մեծ աշխատանք ենք  տանում թե՛ մեր ընկերության ներսում, թե՛ այլ ընկերություններում, որոնք հետաքրքրված են կայուն զարգացման ոլորտով: Մենք որոշ չափով փորձում ենք օրինակ ծառայել. հայաստանյան առաջին այն ընկերությունն ենք, որը 2006 թվականից ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին (UN Global Compact), որը հենց կորպորատիվ կայունության կարեւոր նախաձեռնություններից է հանդիսանում:

Կայունության ռազմավարությունների ձեւավորումը եւ միջազգային ստանդարտներին համապատասխան կայունության հաշվետվությունների կազմումն ընկերությունների համար մեր ԲՍԿ եւ կայունության խորհրդատվական ծառայությունների էական ուղղություններից է:

Մարիանա Ջավախյանը


Մեր խորհրդատվությամբ արդեն կայունության հաշվետվություն է հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկը: «Գրանթ Թորոնթոն»-ն առաջին հայկական ընկերությունն է, որն արել է այդ աշխատանքը, քանի որ նախկինում նման աշխատանքները արել են արտասահմանյան խորհրդատվական ընկերությունների աջակցությամբ:

Երբեմն, կայուն զարգացման եւ ԲՍԿ չափորոշիչների մասին տեղեկատվությունը ոչ կանոնակարգված է մտնում ընկերություններ: Սա որոշ չափով կարող է պայմանավորված լինել հստակ օրենսդրական պահանջի բացակայությամբ: Այս պարագայում տեղեկատվությունը մեկ շրջանակի տակ բերելու եւ ընկերության առանձնահատկություններից ելնելով կայունության լուծումներ առաջարկելու կարիք է ձեւավորվում:

Որոշ դեպքերում էլ միջազգային ֆինանսական ինստիտուտները ֆինանսավորում տրամադրելու համար որոշակի նախապայմաններ են առաջադրում կայունության կամ ԲՍԿ չափորոշիչների մասով, եւ ընկերությունները ստիպված են լինում ենթարկվել դրանց, մտածել կայունության մասին: Բայց մեր երկրում կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք ի սկզբանե շատ պատասխանատու գործելակերպ ունեն եւ հետաքրքրված են կայուն զարգացմամբ եւ քայլեր են ձեռնարկում դրանք իրենց ռազմավարական նպատակներում ընդգրկելու:

Ներկայում մեզ մոտ կայուն զարգացման հետ կապված հիմնական հետաքրքրվածությունը խոշոր ընկերությունների մոտ է եւ այն ընկերությունների, որոնք որոշակի հանրային դեր ունեն եւ հանրային ծառայություններ են մատուցում: Հետաքրքրվածությունը մեծ է նաեւ այն ընկերությունների շրջանում, որոնք էական ազդեցություններ ունեն շրջակա միջավայրի վրա:  Համաշխարհային փորձը եւս ցույց է տալիս, որ այս ընկերություններից է սկսվում կայունության ռազմավարությունների եւ հաշվետվությունների կազմումը, որը հետագայում կարող է տարածվել նաեւ խոշոր ընկերությունների եւ ՓՄՁ-ների վրա:

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք news@mediamax.am հասցեին:

Կոնֆերանսի ծրագիրը հասանելի է այստեղ. https://banks.am/am/news/newsfeed/27298

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Դիտում՝ 3320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai