ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Փրոջեքթսն» ամփոփել են «Կաթ դպրոցներում» ծրագիրը

19.02.2024 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները փետրվարի 16-ին ամփոփեցին և ներկայացրեցին համատեղ իրականացված «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքները։ Միջոցառումը տեղի ունեցավ Լոռու մարզի Տաշիր համայնքում, որտեղ «Երեմյան Փրոջեքթսը» գործարկել է Հայաստանում եզակի, խոշոր անասնապահական համալիր։


 
«Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն և «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը համագործակցության պայմանագիր կնքեցին։ Ծրագրի նպատակն է Հայաստանում երեխաների և մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը` որպես առողջ նախաճաշի մաս, նվազեցնել անառողջ ըմպելիքների և խորտիկների կիրառումը՝ ինչպիսիք են բարձր շաքարայնությամբ և աղի մթերքները, կաթի նկատմամբ պահանջարկ ստեղծել, և այն դիրքավորել ոչ միայն որպես առողջարար ըմպելիք, այլև առողջ ապրելակերպի ընտրություն։

Նաննա Սկաուն


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն նշել է. «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը բարձր է գնահատում այս համագործակցությունը «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ Հայաստանում ճիշտ սնուցման և վարքագծային փոփոխության համատեքստում։ Այս պետական-մասնավոր համագործակցության և ընկերության սոցիալական պատասխանատվության շնորհիվ մենք մշակել ենք ավելի առողջ սովորությունների բաղադրատոմս, որը սնուցում է երեխաների թե՛ միտքը, և թե՛ մարմինը։ ՊՀԾ-ն միայն աջակցում է երեխաների՝ դրական փոփոխությունների առաջնորդ դառնալուն, և այս թիմային աշխատանքի շնորհիվ նրանց ոչ միայն հնարավորություն է տրվել առողջ սնվելու վարքագիծ ձևավորել, այլև բարելավելու կենտրոնանալու կարողությունները։ Մտքում ունենալով «միայն մեկ բաժակ կաթի» պարզ գաղափարը` մենք նրանց համար կերտում ենք ավելի լավ վաղվա օր և գալիք սերունդների համար ստեղծում տևական փոփոխությունների հնարավորություն»։



«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և հաջողությամբ իրագործում է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» մոտեցման վրա։ ՊՀԾ-ն, համագործակցելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ, «Կաթ դպրոցներում» փորձնական ծրագիրն իրականացրել է Վայոց ձորի մարզում, 2023 թ․ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված են եղել Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-9-րդ դասարանների 411 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան հնարավորություն են ունեցել ստանալ մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։

Դավիթ Երեմյանը եւ Նաննա Սկաուն

 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է. «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքները լավագույն ապացույցն են, որ կաթի սպառման նոր մշակույթ ձևավորելու մեր նպատակին հասնելու համար մեկնարկել ու գործել ենք ճիշտ ռազմավարությամբ։ Ամփոփիչ տվյալները նաև վերահաստատում են «Երեմյան Փրոդաքթսի» «Կաթը սեր է» կարգախոսը. երեխաներն իրենք են փաստել, որ կաթն իրենց առօրյայի անբաժան մասն է դարձել, ավելի մեծ սիրով ու հաճույքով են կաթ խմում։ Սկսեցինք դպրոցներից՝ քաջ գիտակցելով, որ առաջին հերթին մեր երեխաների շրջանում պետք է վարքագիծ փոխենք, նոր՝ առողջ սովորություններ ձևավորենք։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մեր գործընկերների հետ մենք ի սկզբանե կիսում էինք նույն տեսլականը, և այսօր էլ վստահ ենք, որ ծրագիրը պետք է շարունակական լինի՝ ավելի մեծ մասշտաբներով ու ընդգրկվածությամբ»։



Ծրագրի ավարտին ՊՀԾ-ն գնահատել է երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի և քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։ Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն գործընկերներին ներկայացրեց «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքներն ու հաշվետվությունը։

Հետազոտությունն իրականացվել է ինչպես ծրագրի սկզբին՝ ելակետային փուլում, 540 աշակերտի շրջանում, այնպես էլ ավարտին՝ 440 աշակերտի շրջանում։ Տվյալները փաստում են, որ ծրագրի մասնակից երեխաների շրջանում կաթի սպառումը բարձրացել է, ավելի շատ երեխաներ են նշել, որ շաբաթը մի քանի անգամ կաթ են խմում։ Ըստ ելակետային տվյալների՝ շաբաթը մի քանի անգամ կաթ խմող երեխաների թիվը Ջերմուկում եղել է 38.2%,  Եղեգնաձորում՝  37.1%,  իսկ ծրագրի ավարտին համապատասխանաբար 53.4% և 49.3%:



Ավելացել է նաև այն երեխաների թիվը, որոնք ծրագրի սկզբում հետազոտությամբ նշել էին, որ ընդհանրապես կաթ չեն խմում կամ հազվադեպ են խմում. Ջերմուկում կաթ չէր խմում կամ հազվադեպ էր խմում հարցված երեխաների 45.5%-ը, Եղեգնաձորում` 53.3%-ը, իսկ ծրագրի ավարտին այդ թիվը կրճատվել է՝ Ջերմուկում դառնալով 34.5%, Եղեգանձորում ՝ 39.6%։

Ծրագրի ընթացքում կաթի, կաթ խմելու նկատմամբ վերաբերմունքը մասնակից երեխաների շրջանում նշանակալիորեն բարելավվել է։ Ելակետային փուլում Ջերմուկում հարցված երեխաների 60%-ը, իսկ Եղեգնաձորում՝ 43.6%-ն էին սիրում կաթ խմել, իսկ, ահա, ծրագրի ավարտին պատկերը հետևյալն է՝ Ջերմուկում՝  77.6%, Եղեգնաձորում՝ 70.3%։



Հետազոտությունն իրականացվել է ոչ միայն երեխաների, այլև ծնողների շրջանում՝ երեխաների վարքագծային փոփոխությունները հասկանալու համար։ Հարցված ծնողների 72.5%-ը նշել է, որ երեխան հաճույքով է դպրոցում ամեն օր կաթ վայելում։ 60.4%-ը նշել է, որ ծրագրի արդյունքում երեխաների նախասիրությունները փոխվել են կաթի ու կաթնամթերքի նկատմամբ, և երեխաները սկսել են գերադասել դրանք այլ ըմպելիքներից։ Ամենատպավորիչ ցուցանիշներից մեկն այն է, որ ծնողների 33%-ը նշել է՝ երեխաները տանը կաթ չեն խմել, կաթի նկատմամբ սերը ձևավորվել է դպրոցում՝ ծրագրի շնորհիվ։ Ծնողների 51.7%-ը նշել է, որ երեխան արդեն նաև սիրում է տանը կաթ խմել, 67.8%-ը նշել է, որ ծրագիրը դրականորեն է ազդել երեխայի առողջության վրա, 55.7%-ն էլ փաստել է, որ կաթ խմելուց հետո երեխաները քաղցր կամ անառողջ խորտիկներ չեն օգտագործում։

Ելակետային, միջանկյալ և վերջնարդյունքի գնահատման հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթ խմելու ընթացքում գազավորված ըմպելիքների սպառումը նվազել է։ Ելակետային փուլում գազավորված ըմպելիքներ, սառը քաղցր թեյեր օգտագործում էր  Ջերմուկում 57.4%-ը, Եղեգնաձորում՝ 53.5%-ը։ Ըստ միջանկյալ գնահատման՝ կաթի տրամադրման ընթացքում գազավորված ըմպելիքների սպառումը նվազել է՝ Ջերմուկում կազմելով 43%, իսկ Եղեգնաձորում՝ 45%: Բացի այդ, նվազել է քաղցրավենիքի և կոնֆետների օգտագործման քանակը։

Ծրագիրը կարող է շարունակական բնույթ ունենալ:
Դիտում՝ 2061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai