Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ

06.12.2023 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Մարգարիտա Մնացականյան #Աթենք
Մսամթերքի շուկայում առաջատար արտադրող և երեք տասնամյակի պատմություն ունեցող «Աթենք» ընկերությունը Հայաստանի 100 խոշոր հարկատուներից և գործատուներից է։ Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է պրոֆեսիոնալ, նվիրված մեծ թիմ և այսօր արդեն ունի շուրջ 1000 աշխատակից։ Ընկերությունը շարունակում է զարգանալ, գրանցել հաջողություններ, ինչն էլ նպաստում է թիմի ընդլայնվելուն։

«Աթենք»-ի թիմի, կորպորատիվ մշակույթի և կադրային քաղաքականության մասին Banks.am-ը զրուցել է ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Մարգարիտա Մնացականյանի հետ։

- Տիկին Մնացականյան, կազմակերպությունների զարգացման կարևոր գրավականը նաև թիմն է։ Ովքե՞ր են «Աթենք»-ի թիմակիցները։

- Մենք հաճախ ենք ասում, որ Աթենքը մարդիկ են, ովքեր աշխատանքին խանդավառությամբ են վերաբերվում. մեզ համար կարևոր է սիրել այն, ինչ անում ենք: Իսկ սերը պատասխանատվություն է, հարգանք, հոգատարություն, սրտացավություն, նախաձեռնողականություն ու միասնակա¬նու¬թյուն: Կարծում եմ` նորաստեղծ ընկերությունների հաջողությունը մեծապես կախված է պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներից, իսկ երբ ընկերությունը զարգանում ու կայանում է, արդեն ինքն է կրթում որակյալ մասնագետներ։ «Աթենք»-ն իր ուղին սկսել է փոքր թիմով, իսկ այսօր մենք շատ ենք, և մեզնից յուրաքանչյուրի համար սա ոչ միայն աշխատանք է, այլև ապրելակերպ։ Ունենք թիմակիցներ, ովքեր մեզ հետ 30-ամյա ճանապարհ են անցել։ Նրանք մեր հենասյուներն են, քանի որ ամբողջությամբ կրում են ընկերության արժեքներն ու փոխանցում երիտասարդներին։ Թիմի հնաբնակներն են սկսնակներին հմուտ մասնագետներ դարձնում, անմնացորդ փոխանցում իրենց փորձն ու գիտելիքները, սովորեցնում տիրապետել ճիշտ և արդյունավետ աշխատելու գաղտնիքներին։ «Աթենք»-ի հաջողությունը միայն և միայն կախված է մարդկանցից։



Մեզ համար առաջնային է, որ մեր աշխատակիցներն իրենց գնահատված գգան, գիտակցեն իրենց ներդրումն ընկերության ձեռքբերումներում և հակառակը:

- «Աթենք»-ը ի՞նչ հնարավորություններ է տալիս իր աշխատակիցներին։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում թիմի անդամ ընտրելիս։

- Հաջողությունն այն է, երբ բավարար ներուժը հանդիպում է հնարավորությանը։ Ընկերության զարգացմանը զուգահեռ մեր մարդկային ռեսուրսների համալրման թիմն ակտիվ փնտրում է նոր մասնագետների։ Մենք պատրաստ ենք և' համագործակցել արդեն կայացած մասնագետների հետ, և' սովորեցնել տաղանդավոր երիտասարդներին: Վերջերս մշակել ենք տեխնոլոգների ուսուցման չորսամսյա հատուկ ծրագիր, որտեղ դասավանդում են մեր լավագույն մասնագետները։ Ծրագրի շնորհիվ սկսնակները կարճ ժամանակահատվածում ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, յուրացնում անհրաժեշտ հմտություններ, սովորելուն զուգահեռ աշխատում և վարձատրվում են։ Կարծում եմ` սա իրական հնարավորություն է և կարիերայի խոստումնալից մեկնարկ կարող է լինել։ «Աթենք»-ը որպես գործատու առանձնանում է նրանով, որ մարդկանց համար մասնագիտական ճանապարհ է հարթում: Ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ. ընկերությունում այսօր կարևոր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերն իրենց աշխատանքային քայլերն սկսել են «Աթենք»-ում և արդեն իրենք են նպաստում ընկերության զարգացմանը։



Մեր ընկերությունը գործունեություն է ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում՝ ներմուծում, արտադրություն, վաճառք, ինժեներական, ֆինանսական ծառայություններ։ Աշխատակիցների ընտրության հարցում, իհարկե, մասնագիտական գիտելիքները կարևոր են, բայց առավել կարևոր է պատասխանատու և խանդավառ վերաբերմունքը` աշխատանքին, կյանքին, իր միջավայրին և ինքն իրեն։ Այս արժեքահեն մշակույթի ներդրողները մեր հիմնադիրներն են. նաև սա է մեր հաջողության բանաձևը:

- Որո՞նք են «Աթենք» ընկերության կադրային քաղաքականության առանձնահատկությունները։

- Մենք վարում ենք մշակութային քաղաքականություն, կադրայինի փոխարեն: Ժամանակները փոխվել են, աշխատակիցներն այլևս պարզապես ֆիզիկական կամ մտավոր ռեսուրս չեն, այլ առանձին անհատականություններ, ում ներուժի, հավակնությունների, նպատակների կամ նույնիսկ տրամադրության հետ հաշվի նստել է պետք: Մեր միակ քաղաքականությունն այն է, որ մենք փորձում ենք ստեղծել ու պահպանել այնպիսի միջավայր, որտեղ մարդն ապահով է, կարող է զարգանալ, նվաճումներ ունենալ, սխալվել, չընկրկել ու էլի առաջ շարժվել, բացահայտել իր ներուժը, տեսնել իր գրանցած արդյունքները, կատարելագործվել, ընկերներ ունենալ, մրցակցել ու համագործակցել. չմոռանալ ապրել: Ի վերջո աշխատանքը մեր կյանքից կտրված հատված չէ, այլ դրա մի մասն է:



Ընկերությունը մշտապես իր մարդկանց  կողքին է` լիովին գիտակցելով և իրացնելով իր սոցիալական պատասխանատվությունը թե' աշխատակիցների, թե' սպառողի, թե' հանրության առջև: Վերջերս կազմակերպել էինք բաց դռների օր, որպեսզի կարողանանք աշխատանքի ընդունել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, ինչի արդյունքում թիմում համալրումներ ունենք՝ հաշվապահի, ինժեների, առաքիչի, էլեկտրատեխնիկի, արտադրամասի աշխատակցի հաստիքներում։ Ստեփանակերտի մասնագիտացված մեր խանութների աշխատակիցներից շատերը շարունակում են մեզ մոտ աշխատել արդեն այստեղ։

Մենք շատ ենք ու շատ տարբեր ենք, բայց մի բան մեզ միավորում է` մեր արժեքները որակ են ստեղծում, իսկ այդ արժեքները ստեղծում ենք մենք:
Դիտում՝ 75875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW