«Երեմյան Փրոջեքթսը» Տաշիրում եզակի անասնապահական համալիր է գործարկել

30.10.2023 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Երեմյան Փրոջեքթսը» #Տաշիր
Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթսի»՝ իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացումը։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։

Ներդրումային այս խոշոր ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։



Ըստ հուշագրի, նախագծի բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 43,5 միլիոն ԱՄՆ դոլար։

Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, եւ 32 հեկտար տարածության վրա շուրջ 70  հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տեւել են 14 ամիս։

Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք (1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու) շրջանաձեւ ավտոմատ կթարան, կերաղաց եւ կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (580-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալու) ունի  3 անասնապահական գոմեր, կերաղաց եւ կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր։ Սպանդանոցը, որը դեռեւս կառուցման փուլում է, նախատեսված է միանգամից 50 խոզի եւ 10 խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար։ Բոլոր միավորներն ունեն ադմինիստրատիվ մասնաշենքեր, որոնք ներառում են հարմարավետ եւ ժամանակակից սարքավորումներով կահավորված գրասենյակ, ընդարձակ եւ լուսավոր հանդիպումների սրահ, առանձին աշխատասենյակներ, խոհանոց:

Իսկ Երեւանի գործարանում, որտեղ վերամշակվելու են կաթնամթերքն ու մսամթերքը,  շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ Այս պահին կատարվում են սարքավորումների մոնտաժման եւ օժանդակ տարածքների վերանորոգման աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչեւ այս տարվա վերջ։

Ներդրումային ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է սույն նախագծի ներդրումային ծախսերը։


 
«Կառավարությունը կարեւորում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը, որոնք միտված են նպաստել պարենային անվտանգության ապահովմանն ու ագրոարդյունաբերության ոլորտում կայուն տնտեսական զարգացմանը։ Կրկնակի ողջունելի է, երբ նման ծրագրերն իրականացվում են պետություն-մասնավոր  համագործակցության շրջանակում։ Էկոնոմիկայի նախարարության անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել նման խոշոր նախաձեռնությունների իրականացմանը։ Վստահ եմ, բարձրակարգ, գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս ֆերման լավ օրինակ կծառայի մեծ եւ փոքր ֆերմերային ընկերությունների համար, թե ինչպես պետք է զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանը։

««Երեմյան Փրոջեքթսի» նախագիծը նշանակալի ներդրում է պարենային անվտանգության ապահովման եւ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում, եւ մենք ուրախ ենք դրանում մասնակիցը լինելու համար: Ընթացիկ ռազմավարական շրջանում ԵԱԶԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախագծերին։ Անցած տարվա ընթացքում, բացի ագրոարդյունաբերական համալիրից, մեզ հաջողվեց զգալիորեն մեծացնել մեր պորտֆելը երկրի համար այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ արդյունաբերությունը։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱԶԲ անդամ է 2009 թվականից։ Եվ այդ տարիների ընթացքում այստեղ իրականացվել է 24 ծրագիր՝ շուրջ 506 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որոնցից 6-ը՝ 2022 եւ 2023 թվականներին՝ 127 մլն դոլար արժողությամբ»,- նշել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Նիկոլայ Պոդգուզովը


Դավիթ Երեմյանի խոսքով՝ սա աննախադեպ նախագիծ է թե՛ Հայաստանի եւ թե՛ ոլորտի համար.

«Տվյալ ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթսը» ներդրումներ է կատարում Հայաստանի երկու մարզում՝ Երեւան քաղաքում կառուցվում է ժամանակակից կաթի վերամշակման գործարան, եւ Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվել է անասնապահական համալիր», - նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել,-«Ես մշտապես ասել եմ, որ այս նախագիծն ինձ համար անձնապես, ինչպես նաեւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար պատվի հարց է, եւ ես ուրախ եմ ու հպարտ, որ մենք կարողացանք այդ պատիվը բարձր պահել, եւ այսօր ձեր դատին ենք հանձնում ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի անասնապահական համալիր։ Այս ծրագրով մենք նաեւ մեծ պատասխանատվություն էինք ստանձնել  Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության եւ կաթնամթերքի արտադրության եւ թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Եվ այսօր, նախագծի արդյունքում՝ ունենալով այսպիսի մասշտաբների, այս որակի, այսպիսի սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից ֆերմա, մենք վստահ կարող ենք խոսել մեր առջեւ դրված խնդիրն ամբողջապես կատարելու մասին։ Նման ֆերմերային տնտեսվարումն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման խնդիր է լուծում, ինչը մեր նպատակներից մեկն էր»։

Դավիթ Երեմյանը եւ Նիկոլայ Պոդգուզովը


Համալիրը եւս գործելու է փակ շղթայով, ինչի արդյունքում ապահովվելու է բարձրակարգ կաթի ու կաթնամթերքի արտադրությունը, մատակարարումն ու սպառումը։

Այս նախագիծը հնարավորություն է տվել այս մեկ տարվա ընթացքում ապահովել նաեւ մարզի զբաղվածությունը, քանի որ շինարարության ընթացքում հիմնական աշխատուժը Լոռու մարզի  բնակչությունն է եղել։ Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչեւ 120  աշխատատեղ։

***

2021 թվականի վերջին ԵԱԶԲ-ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում 2022-2026 թվականների զարգացման ռազմավարությունը, որի առաջնահերթություններից է պարենային անվտանգության ապահովումն ագրոարդյունաբերական համալիրների արտադրողականության բարձրացման միջոցով՝ նպաստելով երկրի կախվածության նվազեցմանն առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումից։ Ռազմավարության առաջնահերթություններից է նաեւ ընդլայնել Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանցի մեգանախագիծը, որն ապահովում է սննդի լոգիստիկայի, փոքր եւ միջին ձեռնարկությունների առեւտրային գործունեության զարգացումը։

***

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Եվրասիական տարածքում ներդրումային գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ 17 տարի շարունակ ԵԱԶԲ-ն օգնում է ամրապնդել եւ ընդլայնել տնտեսական կապերը եւ իր անդամ երկրների զարգացումը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով եւ ESG սկզբունքներով:

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական կրթության, գյուղատնտեսության եւ սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության 17 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել եւ իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ եւ կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի եւ գյուղատնտեսության զարգացման գործում։ Գործունեության փակ ցիկլ ապահովելու նպատակով Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել եւ իրականացնում է բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա, որի շրջանակում Ընկերությունը բացել է Վայոց Ձորում տավարաբուծական եւ Տավուշի մարզում խոզաբուծական ֆերմաներ, կերաղաց Արարատի մարզում եւ «Արցախ» խոհանոց-գործարան Երեւանում։ «Երեմյան Փրոջեքթսը» միավորում է հայտնի ռեստորանային բրենդերը՝ հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», կոնցեպտուալ «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան գետափին»-ը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը եւ «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում են նաեւ  Yeremyan Delivery առաքման ծառայությունը, Yeremyan Products կաթնամթերքի արտադրության գործարանը, գյուղատնտեսական նախագծերը ներառող «Երեմյան Ֆարմը», Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան, որը զբաղվում է սկսնակ եւ ոլորտում գործող մասնագետների ուսուցմամբ ու գիտելիքների խորացմամբ։ Ակադեմիայի կրթական ծրագրերը հաստատված եւ վավերացված են վերջինիս բացառիկ գործընկերոջ՝ Group City of Oxford College-ի կողմից։
Դիտում՝ 21487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai