Արցախյան BIB մարքեթինգային ընկերություն. «Վերածնվում ենք Հայաստանում»

28.10.2023 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«ԲիԱյԲի» (BIB) մարքեթինգային ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին Արցախում։ Հիմնադիրները Դավիթ և Աշոտ Գաբրիելյաններն են։ Ընկերության անվանման հարցում հեշտ են կողմնորոշվել՝ BIB - Brothers in business (հայերեն՝ «Եղբայրները՝ բիզնեսում»)։

«Երբ հիմնեցինք ընկերությունը, նոր-նոր էինք այս ոլորտում։ Մարքեթինգ ինքնուրույն եմ սովորել. օնլայն դասընթացներ էի գտնում։ Դրսի շուկայում աշխատելը ունի այն առավելությունը, որ հնարավորություններն ու բյուջեն սահմանափակ չեն, կարող ես սխալվել ու սովորել սխալիդ վրա։ Երբ Արցախում սկսկեցինք թիմ հավաքել, փնտրում էինք ոչ թե արդեն կայացած մասնագետների, այլ սովորեցնում էինք ու մեր թիմը ձևավորում»,- պատմում է «ԲիԱյԲի»-ի համահիմնադիր Դավիթ Գաբրիելյանը։

Դավիթ Գաբրիելյանը

Ընկերությունը 15 աշխատակից ունի՝ բոլորը Արցախից են։ Թիմն ընդլայնելու համար հիմա նոր աշխատակիցներ են փնտրում։ 4 տարվա ընթացքում աշխարհի 15 երկրներից 120 համագործակցություն են ունեցել։

«Կա չգրված կանոն՝ ինչն աշխատում է դրսում, չի աշխատում Հայաստանում, և հակառակը՝ ինչն աշխատում է Հայաստանում, չի աշխատում դրսում։ Մեզ մոտ մարքեթինգային կոմունիկացիաները հակառակ են ընթանում, կանոնակարգված չեն, բյուջեն սուղ է։ Դրսում կարող ես անընդհատ փորձարկումներ անել։ Բայց ամեն տեղ, այդ թվում՝ մեզ մոտ, գործում է կանոն, որ եթե ունես մարքեթինգային մտածելակերպ, «քթածակ» կոչվածը, հաստատ կհաջողես»,- ասում է Դավիթը։

Ստեղծման ժամանակ «ԲիԱյԲի»-ին միայն սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) էր զբաղվում, հիմա մատուցում են նաեւ բրենդինգի, դիզայնի, վեբ կայքերի ստեղծման, մարքեթինգային ավտոմատացումների, չաթբոթ մարքեթինգի ծառայություններ։

Աշխատել են բլոկադայի 10 ամիսներին՝ մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Թեև բոլոր նախագծերն էլ ստացված են համարում, բայց Դավիթը առանձնացնում է դրանցից մեկը.

«Ամենահաջողվածը ՏիգրանԲլոգն է։ Տիգրանը իմ հարազատ եղբայրն է, բլոգը երեք եղբայրներով ենք ստեղծել։ Ես պրոդյուսերությամբ եմ զբաղվում, Աշոտը սցենարներն է գրում, դե բլոգի համն ու հոտն էլ Տիգրանն է։ Տիգրանի դերը կարևոր է, բայց ճիշտ մեսիջինգը, նկարահանման աշխատանքը, մոնտաժը իրականացնում է «ԲիԱյԲի»-ն»:



Եղբայրները շրջափակման ժամանակ հայերենով և անգլերենով տեսանյութեր էին նկարում՝ պատմելով բլոկադայի, իրենց առօրյայի, դժվարությունների մասին՝ լավատեսությունը առանցքում ունենալով։

Բռնի տեղահանումից հետո եղբայրները բիզնեսը տեղափոխել են Հայաստան և իրենց գործունեությունը շարունակում են այստեղ։

«Ինչպես մենք ենք ասում՝ վերածնվում ենք Հայաստանում՝ մեր երկրորդ տանը։ Փորձում ենք նոր կյանք սկսել։ Հիմա ակտիվ համագործակցությունների փնտրման փուլում ենք»,- ասում է Դավիթը։

Հայաստան գալուց օրեր անց եղբայրները «SMM 0-ից, սկսնակների համար» անվճար դասընթաց են սկսել.

«Հաշվի առնելով մեր շուկայի նրբությունները, հաճախորդների ցանկությունները՝ ստեղծեցինք «SMM 0-ից» հեղինակային դասընթացը։ 400-ից ավելի մասնակից ենք ունեցել։ Հիմա շատ ընկերություններ փորձում են օգնել արցախցիներին՝ թրեյնինգներ, անվճար սեմինարներ կազմակերպելով։ Մենք էլ միացանք արշավին ու անվճար դասընթաց սկսեցինք ոչ միայն արցախցիների, այլև բոլոր ցանկացողների համար։ Ի սկզբանե 25 մասնակցի համար էինք նախատեսել դասընթացը, բայց 1 500 դիմում ստանալուց հետո, 350 մասնակցի ընտրեցինք»,-ասում է Դավիթը։


Վերածնունդը բերելու է որոշ փոփոխություններ՝ մատուցած ծառայությունների, նոր գործընկերների տեսքով։ Հայաստանյան շուկային ինտեգրումը բարդ չի եղել, որովհետև մինչ այս աշխատել են նաև հայաստանյան գործընկերների հետ։

Ընկերության ասոցիացիան Արցախի հետ պահելը բարդ, բայց կարևոր հարց է.

«Փորձելու ենք այդ առանձնահատկությունը չկորցնել, բայց միջազգային շուկայի հետ աշխատելիս քաղաքական դաշտում կան մի շարք հարցեր։ Սպասվող նորություններից մեկը հենց այս մասին է լինելու»։

Առաջիկայում նորություններ կան թե «Տիգրան բլոգի», թե նոր համագործակցությունների տեսքով։ Տեխնիկան, որով նկարում էին Տիգրանի բլոգները թողել են Արցախում՝ Ասկերանի իրենց տանը, բայց բլոգը շարունակելու է իր գործունեությունը։ Նոր տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծել և վաճառում են Տիգրանի բրենդային հագուստ և ստիքերներ։

«Մեր տունը այստեղ է, Հայաստանում ենք շարունակելու մեր գործունեությունը՝ հույսով, որ մի օր հետ ենք գնալու Արցախ… ու գնալու ենք»,- եզրափակում է Դավիթը։

Ժաննա Բեքիրյան

Լուսանկարները՝ Դավիթ Գաբրիելյանի անձնական արխիվից
Դիտում՝ 2699
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai