«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության շրջանառությունը 2022թ.-ին կազմել է 2.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 30%-ով:Նման ցուցանիշներով ընկերությունը պահպանել է առաջատարի դիրքը հայկական աուդիտորական եւ խորհրդատվական շուկայում: Ընկերությունների ցուցանիշների վերլուծությունն իրականացվել է հրապարակված ֆինանսական եւ աուդիտի հաճախորդների հաշվետվությունների հիման վրա: ՀՀ օրենսդրությամբ՝ սա պարտադիր է ոլորտի ընկերությունների համար: Banks.am-ի հետ զրույցում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը պատմել է գրանցած արդյունքների, ոլորտի աճի ու ընկերությունը երիտասարդ, որակյալ կադրերով համալրելու կարեւորության մասին: Աճ՝ ավելի քան 30%-ովՅուրաքանչյուր տարի մեր ընկերությունն իրականացնում է աուդիտորական եւ խորհրդատվական շուկայի ուսումնասիրություն: ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ աուդիտորական գործունեություն իրականացնող ընկերությունները գործեն թափանցիկ եւ հրապարակեն ֆինանսական հաշվետվություններ, որոնց հիման վրա էլ վերլուծություն ենք կատարում: Ամփոփելով 2022թ.-ի արդյունքներն՝ արձանագրել ենք, որ «Գրանթ Թորնթոն Հայաստանը» («Գրանթ Թորնթոն» բրենդի ներքո գործող երեք ընկերությունները միասին) այս տարի եւս պահպանել է աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտի առաջատարի դիրքը: Կարելի է ասել՝ ցուցանիշը սպասելի էր, քանի որ նախորդ՝ 2021թ. արդյունքներով, մեր եւ երկրորդ տեղը զբաղեցրած ընկերության միջեւ կար բավականին մեծ տարբերություն, իսկ այս ոլորտում շատ կտրուկ տեղաշարժեր չեն լինում: 2022թ.-ին «Գրանթ Թորնթոն Հայաստանի» շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 30%-ով՝ կազմելով 2,9 մլրդ դրամ: Սա մեզ տեսանելի շուկայի 27%-ն է: Չպետք է մոռանանք, որ շուկայում կան նաեւ միայն խորհրդատվական ծառայություններ մատուցող փոքր դերակատարներ, որոնց արդյունքները հրապարակային չեն, հետեւաբար՝ ընդգրկված չեն այս վերլուծության մեջ: Աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտը շարունակում է աճելՄեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շարունակում է աճել նաեւ ընդհանուր աուդիտորական եւ խորհրդատվական շուկան: Եթե 2021թ.-ին ուսումնասիրության առարկա բոլոր ընկերությունները միասին գրանցել են 8,8 մլրդ դրամի շրջանառություն, ապա 2022թ.-ին ընդհանուր շրջանառությունը հասել է 10,7 մլրդ դրամի: Այս ցուցանիշի հիմքում ինչպես շուկայի խաղացողների աճն է, այնպես էլ՝ ինֆլյացիոն բաղադրիչը. մի շարք ծառայություններ թանկացել են: Իհարկե, աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտի աճին առաջին հերթին նպաստում է տնտեսական իրավիճակը: Քննարկումները շատ են, բայց անկախ ամենից՝ տնտեսությունն աճում է, եւ զուգահեռ աճում է նաեւ մեր ոլորտը, քանի որ կանգնած է ներդրողի եւ բիզնեսի միջեւ: Աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտը կապող օղակ է եւ աջակցում է ներդրող-բիզնես համագործակցությանը, որն անհնար կլիներ առանց պրոֆեսիոնալ խորհրդատուների, աուդիտորների, հաշվապահների, իրավաբանների կամ հարկային մասնագետների: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աճին նպաստում է նաեւ թվայնացումը: Այսօր «Գրանթ Թորնթոն Հայաստանն» իր հաճախորդներին առաջարկում է թվային գործիքներ, որոնց հանդեպ կա լուրջ հետաքրքրություն: Շուկայի ակտիվացման եւ աճի մյուս կարեւոր գործոնը շրջակա միջավայրի կորպորատիվ կառավարման եւ սոցիալական պատասխանատվության մոտեցումն է (ESG - Environmental, Social, Governance), որն օրեցօր ավելի պահանջված է դառնում Հայաստանում: Այս պահին տվյալ ծառայությունը մատուցում ենք ՀՀ խոշորագույն ընկերություններից մեկին: Արտաքին ռիսկերն ու վտանգների հանդեպ ռեզիստենտությունը2023թ.-ի առաջին կեսի մասին կարող եմ ասել, որ արտաքին բազմաթիվ ռիսկեր շարունակում են արդիական մնալ: Սա, միանշանակ, ազդում է տնտեսության, ներդրողների, մարդկանց հոգեբանական վիճակի վրա: Միեւնույն ժամանակ, կարծես թե, վտանգների հանդեպ ռեզիստենտություն ենք ձեռք բերել, չգիտեմ՝ սա լա՞վ է, թե՝ վատ, անտեսո՞ւմ ենք ռիսկերը, թե՞ պարզապես իմունիտետ ենք ձեւավորել: Ամենայն հավանականությամբ՝ ամեն ինչից քիչ-քիչ: Կարող եմ ասել, որ այս իրավիճակում էլ տնտեսությունն աշխատում է: Ինչ վերաբերում է «Գրանթ Թորնթոնի» նպատակներին՝ մեր ռազմավարության հիմքում շարունակում է լինել կայուն աճը: Տարեկան նախատեսում ենք 15-20% աճ գրանցել, իսկ եռամյա ծրագրով պետք է հասնենք բավականին լուրջ ցուցանիշների: Լավ կադրերի համար «պատերազմը»Ընկերության կայուն աճի հիմքում, իհարկե, որակյալ մասնագիտական ներուժն է: Նման աշխատակիցների կրթելու համար շարունակում է գործել «Գրանթ Թորնթոն» ակադեմիան: Այս տարի ունեցել ենք ուսանողների մեկ խումբ, եւս մեկը կլինի աշնանը: Հիմա էլ ընկերությունում մոտ 10 փորձնակ ունենք ու պատրաստվում ենք մեծացնել այս թիվը: Կարծում եմ՝ շատ խելացի երիտասարդներ ունենք, որոնց հետ ճիշտ աշխատանքի դեպքում կարող ենք որակյալ մասնագետներ պատրաստել: Այսօր լավ կադրերի համար շուկայում «պատերազմ» է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Գրանթ Թորնթոն Հայաստանը» գրավիչ գործատու է երիտասարդների համար: Ընկերության աշխատակիցների եւ մեր հաճախորդների շրջանում հարցումների դեպքում եւս գոհունակության ինդեքսը շատ բարձր է: Շարունակական աշխատանքով պահպանելու ենք այս ցուցանիշները: Յանա Շախրամանյան Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 27962