Գուրգեն Հակոբյան. Աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտը վերելք է ապրում

20.06.2022 | 00:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունը 2021թ.-ին արձանագրել է 2.3 մլրդ դրամ տնտեսական արդյունք՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 23 տոկոս աճ:

Ըստ հայկական աուդիտորական շուկայի խաղացողների արդյունքների վերլուծության՝ ընկերությունն, ինչպես նախորդ տարիներին, պահպանել է ոլորտի առաջատարի դիրքը: Վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների եւ աուդիտի հաճախորդների հաշվետվությունների վրա, որոնք հրապարակվել են իրենց կայքերում:

Banks.am-ի հետ զրույցում «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հակոբյանը ներկայացրել է ոլորտում նկատվող միտումները, շուկայի ընդհանուր վիճակն ու «Գրանթ Թորնթոն Հայաստանի» ռազմավարական առաջնահերթությունները:  

Աուդիտորների պալատն ու թափանցիկությունը

Աուդիտորական եւ խորհրդատվական ոլորտը Հայաստանում վերելք է ապրում: Սա մասամբ պայմանավորված է զսպված տնտեսական աճով ու տնտեսական ակտիվությամբ: Տարածաշրջանային զարգացումները նպաստել են, որ Հայաստան աշխատուժի, ներդրումների եւ արտարժույթի ներհոսք լինի, ինչը չի կարող չազդել մեր տնտեսական վիճակի վրա: Աուդիտորական եւ խորհրդատվական շուկաները, բնականաբար, զերծ չեն մնում այդ զարգացումներից: Բացի այդ, բարելավվել են մեր ոլորտում գործող կանոնակարգումները: Ստեղծվել է Աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ, որի ձեւավորմանը փորձել ենք նպաստել երկար տարիներ: Այսօր մեր ընկերությունը շուկայում գործող մի շարք այլ ընկերությունների հետ ներկայացված է այդ Պալատում, նաեւ՝ Պալատի խորհրդում: Պալատի ստեղծումը նպաստել է, որ ընկերություններն առավել թափանցիկ գործեն: Այսօր ոլորտի ընկերությունները հրապարակում են իրենց գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, այդ թվում՝ աուդիտորական ծառայությունների մասով հաճախորդների ցանկն ու շրջանառությունը: Այս տեղեկատվությունը հանրային է եւ հնարավորություն է տալիս, համադրելով արդյունքները, ոլորտի վերլուծություն ստանալ, ինչն էլ արդեն մի քանի տարի անում ենք:

Շուկայի եւ ընկերության աճը

Վերջին տվյալներով, 2021թ.-ին մեր ընկերությունն արձանագրել է 2.3 մլրդ դրամ շրջանառություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 23 տոկոսով: Սա լուրջ արդյունք է, որի համար ուրախ ենք, քանի որ երբեւէ մեր շուկայում չի եղել 2 միլիարդի շեմը հաղթահարելու նախադեպ: Ըստ մեր կատարած վերլուծության՝ աուդիտորական շուկայի մեր որոշ գործընկերներ եւս աճ ունեն՝ միջինում 20 տոկոս: Եթե անցյալ տարի աուդիտորական ընկերությունների զեկույցների հիման վրա մենք շուկան գնահատել էինք 7 մլրդ 174 մլնդ դրամ, այս տարի ընդհանուր շուկան կազմել է 8 մլրդ 739 մլն դրամ: Աճը բավականին լուրջ է, ինչը մի շարք գործոններով է պայմանավորված:

Շուկայի ընդհանուր ծավալը վերլուծելիս երկու նրբություն կա:

Առաջինը՝ ներկայացված թիվն ընդգրկում է նաեւ որոշակի մուտքեր արտահանման գործարքներից, այսինքն՝ չենք կարող հստակ ասել, թե գրանցված իրացման ընդհանուր ծավալի որ մասն է արտերկրից գալիս:

Երկրորդ՝ մենք հիմնվում ենք աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ընդհանուր ցուցանիշների վրա, որոնք մատուցում են նաեւ խորհրդատվական ծառայություններ: Այսինքն՝ ընդհանուր ծավալի մի մասը կազմում են աուդիտորական ծառայությունները, մի մասը՝ խորհրդատվական: Սակայն խորհրդատվական ծառայությունների շուկայի ամբողջական ծավալը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ զուտ խորհրդատվական ընկերությունների ցուցանիշները նույնպես, որոնք, ցավոք, հրապարակային չեն ներկայացվում: Կարծում եմ՝ շուկայի ընդհանուր ծավալի 8,7 մլրդ դրամին վստահաբար կարելի է գումարել 1,5-2 մլրդ, որը ստացվում է բուն խորհրդատվական ծառայություններից՝ ստանալով աուդիտորական ու խորհրդատվական շուկայի ծավալը միասին՝ մոտ 10 մլրդ դրամ:

Աուդիտորական ու խորհրդատվական ոլորտի միտումները

Վերջին տարիներին այս ոլորտում հետեւյալ միտումներ են նկատվում:

Առաջին՝ աճում է աուդիտ անցնող ընկերությունների թիվը: Ընկերությունների մի մասի համար, իհարկե, աուդիտը պարտադիր պահանջ է, բայց ավելանում է այն ընկերությունների թիվը, որոնք այլ շարժառիթներ ունեն: Տնտեսական ակտիվության բարելավման պարագայում ընկերություններն ակտիվ սկսում են միջոցներ ներգրավել, գործընկերություններ կազմել ու աուդիտը դառնում է փոխվստահության պարտադիր պայման:

Երկրորդ միտումն այն է, որ աուդիտորական շուկային զուգահեռ, զարգանում են խորհրդատվական ծառայությունները, ինչի ականատեսն ենք ամբողջ աշխարհում: Եթե նախկինում աուդիտորական ու խորհրդատվական ոլորտի ընդհանուր ծավալի 80-90 տոկոսը կազմում էին աուդիտորական ծառայություններն ու միայն 10-20 տոկոսն էր բաժին հասնում խորհրդատվական ծառայություններին, այսօր մեր նման ընկերություններում խորհրդատվությունը ընդհանուր ծավալի 50 տոկոսից ավելի է կազմում: Խորհրդատվության ոլորտն աճում է նաեւ մեր երկիր ռելոկացիայի հետ կապված. մարդկանց պետք է հասկանալ՝ ինչպես հաշվարկել հարկերը, ինչպես կողմնորոշվել նոր միջավայրում:



Երրորդ կարեւորագույն միտումը, որ նկատում ենք՝ Հայաստանում ու նաեւ ամբողջ աշխարհում աշխատուժի մեծ պակաս կա: Շուկան ձեւափոխվել է, ու դրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ համավարակը: Այսօր տեխնոլոգիական ընկերությունները ներխուժում են բոլոր ոլորտներ: Uber-ը չունի մեքենա, բայց համարվում է աշխարհում ամենամեծ տրասնպորտային ընկերությունը, YouTube-ը կոնտենտ չի ստեղծում, բայց ամենամեծ մեդիա ընկերությունն է: Ավանդական, կոնվենցիոնալ բիզնեսները ստիպված են մրցել արագ աճող, դինամիկ ու վարձատրության միանգամայն այլ համակարգ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների հետ: Այս միտումը նաեւ հակառակ կողմն ունի, երբ ավանդական ընկերությունները ձգտում են թվայնացման՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում մրցունակ չեն լինի: Փոփոխվող շուկան մեզ համար եւս մեծ մարտահրավեր է. պետք է կարողանանք մրցունակ մնալ, ճիշտ կառուցել ու մատուցել մեր ծառայությունները: Մենք անընդմեջ աշխատում ենք մեր ծառայությունների զարգացման եւ դրանց սանդղակի ընդլայնման ուղղությամբ: Օրինակ, տվյալների վերլուծության մեր նոր առաջարկը մեծ պահանջարկ է վայելում ամենատարբեր ոլորտների հաճախորդների մոտ եւ նրանց հնարավորություն ընձեռում խորը ու բազմակողմանի վերլուծության հիման վրա ունենալ ոչ միայն ճշգրիտ կառավարչական հաշվետվություններ, այլեւ կայացնել առավելագույն հնարավոր կանխատեսումների վրա հիմնվող որոշումներ:  

Տնտեսական ու ոլորտային կանխատեսումներ

Պետք է հասկանանք, որ ցանկացած ճգնաժամ նաեւ հնարավորություններ է ստեղծում: Հույս ունեմ եւ ուզում եմ հավատալ, որ մենք, որպես պետություն ու տնտեսություն, կկարողանանք ճիշտ օգտվել ստեղծվող հնարավորություններից: Արտահանման առումով հատկապես ծառայությունների ոլորտում մեծ ներուժ ունենք. գիտական պոտենցիալ ունեցող երկիր ենք, պետք է սկսենք ավանդական ապրանքներից զատ արտահանել նաեւ մեր գիտական ու կրթական միտքը: Կարծում եմ՝ տարածաշրջանային տնտեսական աճը լինելու է սահմանափակ՝ 2-4 տոկոս: Հայաստանը հնարավորություն ունի ձգտելու 5-7 տոկոս տնտեսական աճի՝ կօգտվե՞նք այս հնարավորությունից՝ սա է հարցը:

Ինչ վերաբերում է աուդիտորական ու խորհրդատվական ոլորտին, այն, բնականաբար, արտացոլելու է ընդհանուր տնտեսական վիճակը: Կարծում եմ՝ մեր ոլորտը կարող է արձանագրել մինչեւ 10 տոկոս աճ: «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համար 10 տոկոս աճի կանխատեսումը միանշանակ է, ձգտելու ենք գերազանցել այս ցուցանիշը:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ռազմավարական առաջնահերթությունները

Մեր ընկերության ռազմավարությունը մշակում ենք հիմնվելով մի շարք վերլուծությունների վրա:

Հայաստանում շատ ակտիվ համագործակցում ենք մասնագիտական կառույցների, միությունների, պետական ու կրթական ոլորտի կազմակերպությունների հետ: Շատ կարեւորում ենք իրապես ինստիտուցիոնալ հիմքերով գործակցությունը, որը դրական արդյունք է ունենում: Ընդհանուր առմամբ, շատ լավ է, որ Հայաստանում ավելանում են ոլորտային ասոցիացիաները ու դրանք այսօր իրական ու գործուն աշխատանք են տանում բիզնես համայնքի հետ:

Մեր ընկերության ռազմավարական մյուս ուղղությունը թվայնացումն է: Մեր ծառայությունների ու հաճախորդներին տրվող լուծումների թվայնացում, վերլուծական գործիքների ներդրում, ինչպես նաեւ հենց մեր ներքին գործընթացների թվայնացում ու արդիականացում:

Գուրգեն Հակոբյանը


Մեկ այլ ռազմավարական առաջնահերթություն ծառայությունների արտահանման ծավալների մեծացումն ու գոյություն ունեցող սանդղակի ընդլայնումն է: Այս ուղղությամբ արվող քայլերից մեկն էլ ESG (Environmental, Social, Governance) խորհրդատվություն է, որը հիմա շատ պահանջված է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում դեռ նոր է զարգանում: Եթե նախկինում, օրինակ, բնապահպանական ընդունված չափանիշներին համապատասխանություն ապահովելը ցանկության հարց էր, ապա կարծում եմ՝ առաջիկայում պահանջ է դառնալու, առանց որի գործելն անթույլատրելի կլինի:

Եվ, իհարկե, մեր ռազմավարության կենտրոնում մարդիկ են: Աշխատաշուկայի փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաեւ աշխատակցի նկարագիրը: Մեր ոլորտում մասնագետների միջին տարիքը երիտասարդացել է: Զգալիորեն փոխվել է կորպորատիվ մշակույթը: Եթե նախկինում առանց փողկապի գրասենյակ մտնել չէիր կարող, հիմա գրասենյակում շրջելիս դժվար գտնեք փողկապով աշխատակցի: Փոխվել է նաեւ մասնագետների ներգրավման մշակույթը: Որակյալ կադրեր գտնելու համար մենք աշխատում ենք համալսարանների հետ ու ներգրավում լավագույն ուսանողներին, վերապատրաստում նրանց եւ շարունակում էական ներդրումներ անել մեր թիմի մասնագիտական ու անձնական աճի մեջ:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 40855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW