Հայաստանում գործարկել են աշխարհահռչակ Shell ապրանքանիշի բենզալցակայանները

30.06.2023 | 20:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2023թ․ հունիսի 29-ին Հայաստանում` Արտաշատի խճուղի 6/3 եւ 15/1 հասցեներում, պաշտոնապես գործարկվել են աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայաններ։

Shell-ն էներգետիկ եւ նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավելի երկրներում։ Ունենալով շուրջ 46,000 կայան եւ ներկայացված լինելով աշխարհի շուրջ 80 շուկաներում՝ Shell-ն առաջատար է նաեւ շարժական կետերի թվով մանրածախ առեւտրի ոլորտում։

Հայաստանում բենզալցակայանների բացմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell International BV Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը եւ այլ պաշտոնյաներ։



ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է եւ այսպիսի բրենդների ներկայությունը կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման համար։

«Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով եւ ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, եւ մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում»,- ասել է Վահան Քերոբյանը։

Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ընկերությունն է, որը 2019 թվականից զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ եւ մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։

Գեւորգ Հարությունյանը


«Ռոյալ Օյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեւորգ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հնարավորություններն արդյունավետ կներազդեն հայկական շուկայում որակի եւ ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար եւ ազատ։

«Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար։ Երկար ուսումնասիրելով միջազգային փորձը, տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերությունների առաջարկները՝ ընտրեցինք Shell-ը։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, եւ մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության եւ ակնկալվող հեռանկարների համար։ Մեզ համար կարեւոր սկզբունք է Shell-ի՝ որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները»,- ասել է Գեւորգ Հարությունյանը։



Նա նաեւ նշել է, որ Հայաստան վառելիք կներմուծվի եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։

«Սկզբնական շրջանում վառելիքը կներկրվի Ռումինիայից եւ Հունաստանից, այնուհետեւ համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, կներառվեն նաեւ եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս, թե որ երկիրն է մատակարարը»,- հավելել է նա։

Նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց՝ «Ռոյալ օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում բացել շուրջ Shell-ի 25 բենզալցակայան։



Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրակարգ վառելիք եւ իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի եւ մատակարարի միջեւ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձեւավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։



«Հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռեւս առաջինն է։ Անհամբեր սպասում ենք Shell ապրանքանիշը տեսնել Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գլխավոր մայրուղիներում»,- ասել է Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը։

Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը


Նա նաեւ նշել է, որ բենզալցակայանի հաճախորդները շուտով կկարողանան օգտվել ավտոլվացման ծառայությունից, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի լիցքավորել նաեւ էլեկտրական ավտոմեքենաները։

Նոր բացված բենզալցակայաններում հայաստանյան սպառողին հասանելի կլինի Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների եւ նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում եւ ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է։ Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն վառելիքն է եւ ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի՝ նախկինում մշակված ցանկացած վառելիքը: Shell V-Power-ը 100%-ով մաքրում է շարժիչի կարեւոր մասերը, ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power-ին վստահում են համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ն, BMW-ի M շարքը եւ Ducati-ն:
 



Shell ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ եւ առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք եւ ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին եւ տարբեր գազային վառելիքներ, ինչպիսին է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում եւ ներկայացված է ավելի քան 100 երկրում։



Աշխարհում Shell կայաններ օրական այցելում է մինչեւ 32 միլիոն հաճախորդ՝ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում՝ խմիչք եւ թարմ սնունդ ձեռք բերելու, տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու եւ ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Հատկանշական է, որ Shell-ի կայաններում ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք եւ ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 30743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai