«Այծիկի պես ճկուն». Հայաստանում նախագծված եւ արտադրված bezoo հեծանիվները

09.06.2023 | 22:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հարմար հեծանիվ գնելու փնտրտուքը ինժեներ Ալեքսին տարել է սեփական նախագծով այն արտադրելու որոշման: Մասնագիտական կարողությունները, զոդողների լավ թիմ ունենալն ու բիզնես խորհրդատու կնոջ՝ Ասյայի աջակցությունը նրան օգնել են հայրենական արտադրության հեծանիվների գաղափարն իրականություն դարձնել:

Ալեքսի նախագծերի հիման վրա ստեղծած եւ արդեն մեկ տարի որպես հեծանիվ արտադրող ընկերություն գրանցված bezoo-ի աշխատանքներով այժմ զբաղվում է Ասյան՝ ինժեներների եւ զոդողների թիմի հետ միասին:

Ալեքս Խաչատուրովը եւ Ասյա Այվազյանը Banks.am-ին պատմել են նախագծման աշխատանքների, արտադրություն հիմնելու եւ անհատական չափսերով հեծանիվ «կարելու» մասին:

Ինժեներական ռեսուրսներն ու առաջին հեծանիվը

Ալեքս. Գաղափարն առաջացավ 2021 թվականի սկզբին, երբ ուզում էի գնել եւ իմ ֆիզիկական տվյալներին հարմար հեծանիվ չէի գտնում Հայաստանում: Մնում էր կամ դրսից բերել, կամ պատվիրել, ինչը կարող էր դժվար եւ ժամանակատար լինել: Մտածեցի՝ ինչու այստեղ չենք արտադրում, ինչու ենք միշտ մտածում ներմուծելու, այլ բրենդների մասին:

Ալեքս Խաչատուրովը


Այդ ժամանակ աշխատում էի «Ինժեներական քաղաք»-ում, որտեղ տարբեր նախագծեր էինք անում համաշխարհային բրենդերի համար՝ անգամ «Մերսեդես»-ի տարբեր փոքր պրոյեկտներ: Մենք ունենք ինժեներական մեծ կարողություններ ունեցող մարդիկ, որոնք շատ լուրջ նախագծեր են անում, եւ հարց առաջացավ՝ ինչու այդ ռեսուրսները չենք օգտագործում՝ տեղում արտադրանք սկսելու համար:

Ասյա. Այդ ժամանակ, որպես բիզնես խորհրդատու, ստարտափերի հետ էի աշխատում եւ դիմում տարբեր դրամաշնորհների համար: Ալեքսի հետ որոշեցինք հեծանիվներ արտադրելու գաղափարով դիմել՝ որոշակի ֆինանսավորում ստանալու համար, որը մեզ կօգներ արտադրությունը սկսել: Շուրջ 600 դիմում էր եղել, մեր գաղափարը սկզբում հայտնվեց 180-ի մեջ, հետո ֆիլտրվեց եւ հայտնվեց 50-60 ֆինանսավորվող գաղափարի մեջ:

Ասյա Այվազյանը


Գումարեցինք նաեւ մեր սեփական ներդրումը եւ կարողացանք հեծանիվի սկզբնական պրոտոտիպը ստանալ, առաջին մոդելները ստեղծել, արտադրամասը հիմնել, սարքավորումներ բերել:

Առաջին հեծանիվը պատրաստ էր 2022 թվականի մարտին 15-ին: Այդ օրը դրամաշնորհային ծրագրի փակման միջոցառում էր լինելու, ես էլ խոստացել էի, որ  պրոտոտիպ ենք ներկայացնելու, ծրագրի ղեկավարները հարցնում էին՝ ինչպե՞ս, այսքան շո՞ւտ: Հետո Ալեքսին ասեցի խոստմանս մասին, անակնկալի եկավ: Մեկ շաբաթ Ալեքսը գիշեր-ցերեկ պրոտոտիպի վրա էր աշխատում, որովհետեւ ես խոստացել էի դոնորին (ծիծաղում է-խմբ.):



Մի մասը տանն էր հավաքում, մի մասը՝ աշխատավայրում, բարդ շաբաթ էր, հետո, իհարկե, այդ շրջանը ուրախությամբ ենք հիշում, քանի որ հասցրեցինք ավարտել եւ ներկայացնել bezoo-ի առաջին հեծանիվը:

Հիմա bezoo-ում օրական 3 հեծանիվ ենք կարողանում հավաքել, եթե առկա են լինում են բոլոր պահեստամասերը:

Նախագծված եւ արտադրված Հայաստանում

Ալեքս. Ամբողջ աշխարհում այսպես է ընդունված՝ հեծանիվները համարվում են այն երկրի արտադրանքը, որտեղ նախագծվում եւ արտադրվում է դրանց կմախքը: Կապ չունի, թե մնացած բոլոր կոմպոնենտները ումից ես գնում: Կան մի քանի համաշխարհային բրենդներ, որոնք մասնագիտացած են հեծանիվների առանձին դետալների արտադրության վրա: Նույնիսկ հեծանիվների ամենահայտնի բրենդներն արտադրական ցիկլն ամբողջությամբ իրենց արտադրամասում չեն անում:

Հիմնականում արտադրում են կմախքը (рама): Մենք նույնպես նախագծում եւ արտադրում ենք bezoo-ի կմախքը, որի հումքը՝ ալյումինը, եւս հայկական է:



Օգտագործվում է նույն ալյումինը, ինչն ինքնաթիռների արտադրության մեջ: Այն մեր իմացած սովորական ալյումինը չէ, հատուկ ձուլվածք է, որի մեջ յուրաքանչյուր մետաղ ունի որոշակի տեսակարար կշիռ: Այս ձուլվածքը եւս Հայաստանում է արտադրվում: Այսինքն՝ մեր հեծանիվների ամբողջ կմախքը Հայաստանում է ստեղծվում, իսկ հեծանիվի ամենադժվար եւ ամենաաշխատատար մասը դա է:

Պահեստամասերի առկայությունը փորձում ենք մշտապես ապահովել, պատվերի չենք սպասում, որ նոր պահեստամասեր բերենք, որպեսզի պատվերի դեպքում պատրաստման ժամկետը հնարավորինս կրճատենք:



Մյուս դետալներն էլ, որոնք հնարավոր է Հայաստանում արտադրել, արտադրում ենք այստեղ, բայց կան կոմպոնենտներ, որոնք ներմուծում ենք համաշխարհային հայտնի բրենդերից: Օրինակ՝ արգելակման համակարգը, արագության փոխարկիչը, անվադողերը:

Հեծանիվի մեջ այնպիսի մեխանիզմներ կան, որոնց արտադրություն այստեղ հիմնելու համար միայն ինժեներական միտքը բավարար չէ: Միլիոնավոր դոլարների ներդրում է պետք, որպեսզի ապահովենք նաեւ ցածր ինքնարժեք, իսկ ցածր ինքնարժեքը գալիս է մեծ ծավալներից, դրանք էլ իրենց հերթին կախված են վաճառքներից: Մինչ մեծ ծավալներով վաճառքներին եւ արտահանմանը հասնելը՝ այս պահին մտածում ենք հեծանիվի կմախքի արտահանող դառնալ:

Ասյա. bezoo-ի արտադրամասը Երեւանում է գտնվում, որտեղ հավաքել ենք զոդողների ամենալավ թիմը: Իրականում ալյումին զոդելն այդքան հեշտ չէ, ուր մնաց՝ դրան բարակ կարեր տալը:

Ասյա Այվազյանը


Նաեւ դոնորների համար է շատ կարեւոր, որ արդեն ունես համապատասխան թիմ, քանի որ միայն գաղափար ունենալը բավարար չէ, պետք է ունենալ նաեւ այն մարդկանց խումբը, որը գաղափարի իրականացումը քեզ համար կապահովի:

Հեծանիվ կարելի է «կարել» անհատական պատվերով

Ասյա. Հեծանիվների կմախքը Հայաստանում հավաքելը մեզ հնարավորություն է տալիս ցանկացած կառուցվածքի համար ստեղծել համապատասխան հեծանիվ:

Ինչպես հագուստը ունի ստանդարտներ՝ XS, S, M, L եւ ավելի մեծ չափեր հագնող մարդիկ հաճախ դժվարություն են ունենում հագուստ ընտրելու հարցում, այնպես էլ հեծանիվի դեպքում է: Մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց՝ իրենց «հագով» հեծանիվ «կարելու» պատվեր անել: Հաշվի ենք առնում բոլոր ֆիզիկական տվյալները եւ դրանց հիման վրա որոշում ենք, թե մարդը ղեկին հենվելուց մեջքի ինչ կորություն պետք է ունենա, ինչ անի, որ երկար վարելուց չհոգնի եւ հարմար զգա իրեն:

Ալեքս Խաչատուրովը եւ Ասյա Այվազյանը


Պատվիրատուն կարող է գալ, ասել, օրինակ, ուզում եմ չժանգոտվող պողպատե կմախքով, 27 համարի անիվներով, այսինչ բրենդի փոխարկիչներով, կոնկրետ տեղանքում վարելու կամ հնարքներ անելու հեծանիվ: Ցանկացած պահանջին համապատասխան հեծանիվ կարող ենք պատրաստել՝ հաշվի առնելով նաեւ արտաքին բոլոր դետալները:

Ալեքս. Հեծանիվի գները սկսում են 289 հազար դրամից եւ հասնում մինչեւ 489 հազար դրամի: Սկսել ենք արտադրել նաեւ էլեկտրական հեծանիվներ, որոնց  գինը 749 հազար դրամ է:



Ասյա. Որոշելով շեշտը դնել որակի վրա՝ ներմուծում ենք լավագույն պահեստամասերը՝ պատրաստ լինելով արժեքի հետ կապված քննադատություններ լսելուն: Ստացվում է եվրոպականին հավասար գին, սակայն եվրոպական նույն գնային սանդղակի հեծանիվների հետ համեմատած՝ փորձում ենք ապահովել ավելի բարձր մակարդակի կոմպլեկտացիա: Անհատական պատվերներ գրանցելը գնի բարձրացում չի ենթադրում: Տրամադրում ենք տեխնիկական սպասարկման մշտական հասանելիություն:

Բեզոարյան այծի նման bezoo-ն

Ասյա. bezoo անվան հիմքում հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանատեսակ Բեզոարյան այծն է: Բրենդինգի մեջ մի քիչ տառախաղ ենք արել, երկու «օ»-ն որպես անիվներ ենք ներկայացրել եւ ստացել «բեզու» անունը: Հեծանիվի ընդհանուր գաղափարն էլ է անվանը համապատասխան. այն ստեղծված է այնպես, որ այծիկին բնորոշ հատկանիշներով հնարավոր լինի վարել մեր բարդ ռելիեֆային պայմաններում:



Ալեքս. Մեզ մոտ շատ մեծ են կտրուկ վայրէջքներն ու վերելքները, եւ որքան ավելի լավ է զարգացած հեծանիվի արագության փոխանցման համակարգը, այնքան ավելի հեշտ է ճանապարհը հաղթահարել:

Կարգավորումներն այնպես են արված, որ հեծանիվը վարողին օգնի նվազագույն էներգիա ծախսելով՝ ավելի շատ հաճույք ստանալ այն վարելու ընթացքից:

«Հիմա ավելի վստահ ենք»

Ասյա. Մեզնից հեծանիվներ գնած մարդկանց արձագանքներն այս տարվա ամենաոգեշնչող հատվածն է եղել: Նախորդ տարի որակը փորձում էինք ապացուցել «թեստ-դրայվերի» տանելով, որ մարդիկ վարեին, կարծիք կազմեին: Այս տարի արդեն ունենք հաճախորդներ, որոնք մեկ տարի հեծանիվն օգտագործել են եւ դրանց որակն ապացուցել փորձով, ինչ մեզ ավելի վստահ է դարձնում:

Ալեքս. Դեռեւս միայն մեծահասակների համար ենք հեծանիվներ արտադրում, բայց շուտով կունենանք նաեւ մանկական, որի նախագիծն արդեն ընթացքում է:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 22999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai