«Դուք մենակ չե'ք». սահմանին «կպած» Լենի եւ Արմինեի Areni lodge-ը

12.05.2023 | 22:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Լենի #Արմինեի Areni lodge #Լեն Ուիքս #Արմինե Հակոբյան
Արենիում՝ Արփա գետի ափին գտնվող Areni lodge էկո-հյուրանոցն օրեր անց բաց կլինի այցելուների համար: Հյուրանոցի հիմնադիրներն են Լեն Ուիքսը եւ նրա կինը Արմինե Հակոբյանը, որոնք Վայոց ձոր են տեղափոխվել Ավստրալիայից:

«Մենք վճռական էինք, որ Հայաստան տեղափոխվելով՝ պետք է գյուղական վայրում ապրեինք: Սա շատ կարեւոր է երկրին, համայնքին օգտակար լինելու տեսանկյունից»,- ասում են հիմնադիրները:

Լեն Ուիքսը եւ Արմինե Հակոբյանը


Լենը եւ Արմինեն նաեւ «Որդեգրիր մի գյուղ» բարեգործական ծրագրի հիմնադիրներն են: Banks.am-ի հետ զրույցում նրանք պատմել են Արենի տեղափոխվելու, ընտանեկան բիզնեսի եւ համայնքին նպաստելու ծրագրերի մասին:

Սեփական օրինակը

Լենը եւ Արմինեն որոշել են իրենց օրինակով ցույց տալ, թե ինչ է պետք երկիրը զարգացնելու համար:

«Ինձ Հայաստանը շատ է դուրս գալիս, հատկապես՝ գյուղական Հայաստանը, որին շատ ավելի լավ ծանոթացա վերջին տասնամյակներում մեր բարեգործական ծրագրերն իրականացնելիս»,- ասում է Լեն Ուիքսը:

Լեն Ուիքսը


Արենիում իրականացվելիք նախագծերի համար նրանք 2018 թվականից սկսել են գնել փոքր հողակտորներ:

«Երբ որոշել էինք տեղափոխվել, տեղացիներից շատերը մեզ ասում էին՝ պետք չէ, ներդրում մի արեք, մի եկեք: Բայց մենք այստեղ ենք, որովհետեւ փորձում ենք փոփոխություն մտցնել, մարդկանց ասել, որ փոխվել է պետք, երկիրը զարգացնել եւ ժամանակակից դարձնել է պետք: Երիտասարդները պետք է մնան իրենց համայնքներում՝ երկրի պայծառ ապագայի համար»,- ասում է Լենը:                  

Լեն Ուիքսը եւ Արմինե Հակոբյանը

2020 թվականի պատերազմն էլ ավելի է արագացրել նրանց տեղափոխումը Հայաստան: Արենիում շինարարական աշխատանքները սկսել են 2021թ.-ի գարնանը: Սկզբում հյուրանոց տանող ճանապարհն ու կամուրջն են վերանորոգել, այնուհետեւ՝ սկսել բուն շենքի շինարարությունը:

«2022թ.-ի սեպտեմբերյան ռազմական իրադարձություններից հետո համայնքում շատերին թվում էր, որ մենք ուղղակի այս ամենը կթողնենք եւ կգնանք: Անգամ հարցնում էին՝ դուք դեռ այստե՞ղ եք: Հետո ստացանք հակառակ արձագանքը՝ մեր ներկայությունը հույս տվեց, որ կյանքը շարունակվում է, որ իրենք մենակ չեն»,- ասում է Արմինեն:



Areni lodge-ը

Areni lodge-ը Եղեգնաձորի ուղղության վրա է, Արենիի հայտնի «տակառից» շուրջ 100մ հեռու՝ Արփայի աջ կողմում:

«Տեղի ընտրությունը պատահական չի եղել, այն ընդամենը 1,5 կմ է հեռու սահմանից: Ընդհանրապես այս տարածաշրջանում պետք են շատ ներդրումներ, ենթակառուցվածքների ավելացում, բնակչությունը պետք է շատանա, այլապես թշնամիներով շրջապատված կլինի նաեւ Երեւանը»,- ասում է Արմինեն:



«Areni lodge-ը սկսեցինք կառուցել որպես հյուրատուն, քանի որ այստեղ ենք ապրում եւ հյուրերին մենք ենք ընդունելու: Հետո արդեն ընթացքում պարզվեց, որ շենքի մեծությունը եւ ներսում ռեստորանի առկայությունը թույլ չեն տալիս այլեւս այն հյուրատուն կոչել, այլ ձեւաչափը հյուրանոցի է: Այն միջին եւ ավելի բարձր վճարունակության մարդկանց համար, բայց ոչ այն պատճառով, որ մենք «սնոբ» ենք, այլ չէինք ուզում տեղացիների բիզնեսին վնաս հասցնել, քանի որ այստեղ արդեն «bed and breakfast» տիպի հյուրատներ կան: Եթե մենք էլ այդ տիպի սարքեինք, կստացվեր, որ իրենց հաճախորդին պատրաստվում էինք խլել»,- նշում է նա:

Արմինե Հակոբյանը


Areni lodge-ը բնակելի 13 սենյակ ունի, 12-ը՝ շենքի ներսում, 1-ն առանձին՝ շենքից դուրս՝ խաղողի այգում է լինելու:

«Խաղողի այգում կառուցվողը «Մեղրամիս» սենյակն է լինելու: Սենյակները բյուջետային են, ստանդարտ եւ նախագահական: Բյուջետային համարները 25 հազար դրամ են, ստանդարտները (50 քմ)՝ 60 հազար դրամ, նախագահականները (100 քմ), որոնք ունեն իրենց առանձին հյուրասենյակները՝ 120 հազար դրամ, իսկ «Մեղրամիս» սենյակը կարժենա 130 հազար: Յուրաքանչյուր սենյակ ունի իր բաց պատշգամբը»,- մանրամասնում է Լենը:



Հիմնադիրները սենյակների համար Հայաստանի մարզերի անուններ են ընտրել: Նրանք դա այսպես են բացատրում. «Ուզում ենք, որ մեր հյուրերն իրենց ոչ թե սովորական հյուրանոցում զգան, այլ մշակութային շփում ունենան: Օրինակ, եթե հյուրը սիրում է Լոռու մարզը, կարող է մնալ այդ անունով սենյակում, որտեղ շատ տարրեր իրեն կհիշեցնեն Լոռին: Բացի դա՝ սա նաեւ յուրօրինակ հարգանքի նշան է դեպի հայկականը»:

Լեն Ուիքսը եւ Արմինե Հակոբյանը


«Areni lodge-ում մեզնից բացի՝ 13 աշխատակից կունենանք, այգեպանի հետ միասին, որը մեր ամենակարեւոր աշխատակիցներից մեկն է լինելու, քանի որ մեզ համար շատ կարեւոր է տարածքի խնամքը: Ուզում ենք տեղացիներին աշխատանքի վերցնել, բայց սրա առումով խնդիրների ենք հանդիպում: Դժվար է գյուղերից հյուրանոցի համար փորձառու աշխատակիցներ գտնել: Իհարկե, կգերադասեինք վերցնել մարդկանց եւ իրենց սովորեցնել, բայց մենք «սուպերմեն» չենք, հեշտ չի լինի: Հարկավոր է, որ խոհարարը փորձով լինի, բայց չենք կարողանում նման մարդ գտնել այստեղ: Բաց ենք համագործակցության համար՝ եթե կգտնվի խոհարար, որը կարող է 4 օր մեզ մոտ աշխատել, մնացած օրերին՝ Երեւանում, կհամագործակցենք:



Նախատեսում ենք համակցում ունենալ՝ մեկ փորձառու խոհարար եւ երիտասարդ, ում կարող ենք սովորեցնել: Հյուրանոցը մեծ նկուղային հարկ ունի, որը նախատեսված է թրեյնինգների համար: Այն, անհրաժեշտության դեպքում, նաեւ ապաստարան կարող է ծառայել գյուղացիների համար»,- մանրամասնում է Արմինեն:



Լենն էլ հավելում է, որ Areni lodge-ում կա նաեւ ֆիթնես սենյակ, լողավազան, խաղասենյակ, կինոդիտման փոքրիկ սրահ, իսկ տանիքում՝ աստղադիտարան:

«Շենքի ներսում ծխելը խստիվ արգելված է, տուգանք է սահմանված՝ 1000 դոլար: Եթե ավելի ցածր գումար դնեինք, պայքարել դրա դեմ չէր ստացվի, մարդիկ կվճարեին եւ կծխեին: Դրսում կլինի հատուկ զրուցարան, միայն այդտեղ կթույլատրվի ծխել: Սրա մասին, իհարկե, մանրամասն ինֆորմացիա կլինի մեր վեբ-կայքում»:

Միջազգային խոհանոցը

Հյուրանոցի ռեստորանի խոհանոցը միջազգային է լինելու՝ մեքսիկական, իտալական, ֆրանսիական, հնդկական, ասիական եւ այլն:

«Նախկինում, երբ այցելում էինք Հայաստան, մանավանդ երբ մեզ հետ արտասահմանից հյուրեր էին լինում, եւ գալիս էինք շրջաններ մի քանի օրով, հիմնականում օգտվում էինք հայկական խոհանոցից, բայց երբեմն հյուրերն իրենց կամ այլ երկրների խոհանոցի ուտելիքներ փորձելու համար սպասում էին Երեւան հետ գնալուն:

Արմինե Հակոբյանը


Դրա համար որոշեցինք, որ մեր խոհանոցը կլինի միջազգային: Այսինքն՝ եթե մենք տալիս ենք մարդկանց, այն ինչ-որ ուզում են, էլ հարկավոր չի դրա համար հետ գնալ Երեւան: Իհարկե, հայկական խոհանոց էլ կունենանք, որը կլինի թե դրսում նախատեսված թանգարանի մասում, թե հյուրանոցի ներսում»,- ասում է Արմինեն:

Թանգարան, հեծանվային ուղի, այգի

Areni lodge-ը, բացի բուն հյուրանոց լինելուց, բավականին ընդարձակ տարածք ունի, որից կարող են օգտվել եւ հյուրանոցի այցելուները, համայնքի բնակիչներն ու հյուրերը:



Արենի բացօթյա մշակութային թանգարան, համերգային հրապարակ, հեծանվային արահետ, գաղտնի անտառ, պնդուկենու դպրոց. այս գրություններով տեղադրված ցուցանակը կհուշեի, թե ինչ են նախատեսում տարածքում ունենալ հիմնադիրները:

«Տարածքում թանգարանի մաս է լինելու, որի կառուցումը լինելու է ֆանդրեյզինգով: Այն կազմված է լինելու 12 փոքրիկ կառույցներից՝ հին գյուղի տեսքով: Ամեն մի շինությունը մշակութային կամ արհեստի մեկ ասպեկտ է ներկայացնելու՝ կավագործություն, գորգագործություն, մետաղագործություն, գինեգործություն, հայկական խոհանոց, ոսկերչություն, գորգագործություն: Հյուրերն այստեղ կարող են տեսնել, թե նախկինում ոսկյա կամ արծաթյա զարդերն ինչպես են պատրաստվել: Ցանկության դեպքում կարող են իրենք էլ մասնակցել դրանց պատրաստման վարպետաց դասերին: Ուզում ենք թանգարանում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հյուրը տպավորություն ունենա, թե հարյուրամյա գյուղ է մտել, որտեղ լսում է երկաթագործի մուրճի հարվածները կամ ուղղակի հայկական երաժշտություն: Այսինքն՝ ամեն կարպ այստեղ փորձելու ենք ապահովել գյուղական ողջ կոլորիտը»,- ասում է Լենը:

Լեն Ուիքսը


Հիմնադիրները որոշել են թանգարանի կառուցումը վերջացնելուց հետո այն հանձնել Արենիի համայնքապետարանի կառավարմանը, որպեսզի նրանք ընտրեն աշխատողներին, եկամուտներն էլ օգտագործեն որպես աշխատավարձ, ինչպես նաեւ ներդնեն համայնքային ծրագրերի մեջ: Սա նրանց «Որդեգրիր մի գյուղ» բարեգործական ծրագրի մի մասնիկն է կազմելու:

«Արենին պետք է ողջ տարին մարդկանց եւ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում լինի, ոչ թե տարվա մի քանի օրն ընդամենը: Եթե աշխարհագրական քարտեզով նայենք՝ ապա Հայաստանի եւ Արցախի կենտրոնը Վայոց ձորն է, այստեղ պետք է շատ ակտիվ քաղաքացիական եւ պաշտպանական գործունեություն լինի: Այստեղով անցնող առեւտրային ճանապարհը շատ կարեւոր է Իրանի, Հնդկաստանի, Եվրոպայի համար: Բացի այն, որ ուզում ենք զբոսաշրջիկներ շատ գան, պետք է այնպես անենք, որ գործարար մարդիկ էլ գան, որպեսզի այստեղ ներդրումների ակտիվություն լինի»,- ասում է Լենը:

Լենը եւ Արմինեն վստահ են, որ այն, ինչ ծրագրում են, անպայման հաջողելու են, քանի որ այս ամենը միայն շինության մասին չէ. «Հայաստանի ապագայի համար այս կրիտիկական պահին մենք գիտակցում ենք գյուղի կարեւորությունը: Իսկ հաջողելու վստահություն մեզ տալիս է նաեւ համայնքի բնակիչների օր օրի փոխվող տրամադրությունն այն ամենի նկատմամբ, ինչ այստեղ մենք անում ենք»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 27271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai