«Եղեք ձեր իրական եւ լավագույն տարբերակը»․ Էնթոնի Փրայսի առաջնորդության պատմությունները

24.04.2023 | 22:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը վերջերս Հայաստանի ամերիկայն համալսարանում հանդիպել է ուսանողներին եւ նրանց ներկայացրել առաջնորդության մասին մի շարք կարեւոր ընկալումներ։ Նրա՝ «Առաջնորդել գլոբալ աշխարհայացքով․ կառուցելով նոր ազգային ավիաուղիներ աշխարհաքաղաքական անբարենպաստ պայմաններում» ելույթն ընթացել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով։

Էնթոնի Փրայսը պատմել է Fly Arna-ն հիմնելու մարտահրավերների, Հայաստանի շուրջ ստեղծված գլոբալ իրավիճակում առաջնորդության դժվարությունների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է պատմություններ, որոնք նպաստել են իր՝ որպես առաջնորդ կայանալուն։ Banks.am-ը գրի է առել ելույթի կարեւոր դրվագները։

Ավիացիայի ոլորտում 25 տարվա կարիերայիս ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատելու աշխարհի առաջատար ավիաընկերություններից մի քանիսում։

Սկսել եմ աշխատել British Airways-ում, հետո աշխատել եմ Fly BMI-ում ու Air New Zealand-ում։ Այնուհետեւ աշխատել եմ Agoda-ում, որը Booking.com-ի առցանց զբոսաշրջային գործակալությունների ընտանիքի մաս է կազմում։

Դրանից հետո բոլորովին նոր փորձառության հնարավորություն ստացա, երբ միացա Air Arabia-ին, որը Միջին Արեւելքում տեղակայված low-cost ավիաընկերություն է եւ հանգույցներ (hub) ունի Մարոկկոյում, Եգիպտոսում, Շարջայում, Պակիստանում։ Air Arabia-ն նաեւ Fly Arna-ի հիմնական ներդրողներից է։

Ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի պատմություններ, որոնք ընդգծում են առաջնորդության ձեւերի առանձնահատկությունները, որոնց կարելի է առնչվել աշխարհի տարբեր երկրներում աշխատելիս։

Կորուստները վերածել շահույթի

Առաջին անգամ իրական առաջնորդի դերում եղել եմ Air New Zealand-ի բրիտանական գրասենյակում աշխատելիս, երբ անմիջական ղեկավարս գտնվում էր ինձնից 24 ժամյա թռիչքի հեռավորության վրա՝ աշխարհի մյուս ծայրում՝ Նոր Զելանդիայում։ Բիզնեսի՝ Միացյալ Թագավորությունում գործող մասը վերջին 15 տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ էր կորցնում։ Այն չէր փակվում զուտ Միացյալ Թագավորության եւ Նոր Զելանդիայի միջեւ առկա քաղաքական եւ պատմական կապի բերումով։

Քանի որ Լոնդոնը Նոր Զելանդիայի հետ կապվում է Լոս Անջելեսով, նախքան իմ ղեկավար պաշտոնի ստանձնումը, Air New Zealand-ի թիմը վաճառում էր այն տոսմերը, որոնք կարողանում էր՝ դեպի Լոս Անջելես կամ մինչեւ դեպի Նոր Զելանդիա։ Միասին աշխատելով՝ մենք մշակեցինք նոր ռազմավարություն։ Հասկացանք, որ պետք է շատ ավելի կազմակերպված լինել տոմսերի բաշխման եւ արժեքի սահմանման մեջ՝ կախված նրանից, թե տարվա որ ժամանակն է։ Տարվա ընթացքում մի շրջան մենք ստանում էինք շատ ավելի լավ արդյունք՝ վաճառելով տոմսեր Լոնդոնից դեպի Լոս Անջելես եւ հակառակը։ Տարվա մեկ այլ շրջանում շատ ավելի ձեռնտու էր վաճառել մինչեւ Նոր Զելանդիա ամբողջական չվերթի տոմսեր։ Կարիք կար գործի դնելու շատ ավելի պրոֆեսիոնալ գույքագրված կառավարում, ուստի մեր նոր մոտեցումը ներդրեցինք ինչպես գնային քաղաքականության, այնպես էլ վաճառքների եւ մարքեթինգի ռազմավարության մեջ։

Կոմերցիոն բաժնի թիմս բաղկացած էր 50-ից մասնագետներից, իսկ բորտուղեկցորդների թիմը՝ 150 աշխատակցից։ Նրանք հրաշալի մարդիկ էին՝ աշխատանքային հրաշալի մշակույթով։ Չնայած դրան, շատ կարեւոր էր ձեւակերպել ցանկալի արդյունքների հստակ տեսլական։ Մենք քարտեզագրեցինք նպատակին հասնելու գործընթացը, զարգացրինք տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցների հմտությունները՝ լիներ դա վաճառքներում, մարքեթինգում, թե գնային քաղաքականությունում, որպեսզի համոզվենք՝ թիմը կարող է աշխատել միասին դրված նպատակին հասնելու համար։

Առաջին տարին ավարտեցինք թեկուզ շատ փոքր, բայց եւ շահույթով։ Դա հրաշալի ձեռքբերում էր՝ վերջապես դուրս գալ միլիոնավոր դոլարարների կորուստ բերող իրավիճակից։ Երկրորդ տարում մենք կրկնապատկեցինք արդյունքը։ Այս փորձառությունն ինձ համար, թերեւս, ամենաշատ հպարտության առիթ տվող ձեռքբերումներից էր մինչ Հայաստան գալս, որովհետեւ այն առաջնորդության, ռազմավարության եւ գործիքակազմ ներդնելու կուլմինացիոն պահ էր։

Ինքդ քեզ ետ մղել՝ հանուն մյուսների

Մոտ 12 տարի առաջ բախտ ունեցա միանալու դեպի Էվերեստ արշավին Air New Zealand-ի թիմի հետ։ Չնայած արշավի առաջնորդական թիմից չէի, այդ 3-4 շաբաթվա ընթացքում մարդկանց շրջանում հարգանք և վստահություն էի ձեռք բերել։ Հասկացա, որ նրանք կարիք ունեն մեկի, որը կօգնի իրենց որոշում կայացնել, երբ հայտնվեցինք անվտանգային տեսանկյունից բարդ իրավիճակում. շարունակե՞լ վերելքը, ետ դառնա՞լ, թե՞ թույլ տալ, որ խումբը երկու մասի բաժանվի։

Ես իսկապես շատ էի ցանկանում լինել լեռան գագաթին եւ վայելել Էվերեստի ցնցող տեսարանը, բայց գիտեի, որ շատերի համար այդ ճանապարհը տանջալի կլինի և չէի ցանկանում ռիսկի դիմել՝ ավելի վեր բարձրանալով։ Երբեմն պետք է կարողանաս այլ մարդկանց նպատակները՝ ինչպես անձնական, այնպես էլ թիմային, քո նպատակներից վեր դասել՝ որպես առաջնորդ բարդ որոշում կայացնելով։

Ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ երբ հասանք ճամբար, թիմի անդամներից մի քանիսն իսկապես շատ վատ էին զգում իրենց, մինչդեռ մյուսները, որոնք առույգ էին, հասան իրենց նպատակին և նվաճեցին Կալա Փաթհար գագաթը։

Կցանկանա՞յի այդ գագաթում լինել։ Այո՛։ Բայց ես մինչ այսօր հպարտ եմ իմ կայացրած որոշմամբ, որովեհետև այն ճիշտ էր թիմի անդամների համար։

Ինքդ քեզ անդավաճան մնա՝ անկախ իրավիճակի բարդությունից

Իմ հաջորդ պատմությունը կարեկցանքով եւ հարգանքով առաջնորդելու մասին է։ Երբ աշխատում էի Լոս Անջելեսում գործող մի ընկերությունում, մեր բիզնեսը բախվել էր տնտեսական ճգնաժամի հետեւանքներին։ Ստիպված էինք նվազեցնել ծախսերը՝ պետք է իմ մոտ 50 հոգանոց թիմը կրճատել 25 %-ով։

Ինձ համար միշտ մարտահրավերային է, երբ մարդիկ պետք է լքեն բիզնեսը ոչ թե վատ կատարողականի պատճառով, այլ նրա համար, որ ընկերությունն այլեւս չի կարող նրանց աշխատանքով ապահովել։ Չնայած որ այս փորձառությունն ինձ համար հաճելի չէր, այն իսկապես մեծ դեր ունեցավ իմ՝ որպես առաջնորդ կայանալու մեջ։

Էնթոնի Փրայսը


Մեր օրերում կարող ենք տեսնել սոցցանցային ծառայություններից մեկի ակնհայտ բացասական օրինակը, որով հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից ամենեւին էլ ոչ հարգալից, կարեկցող կամ թափանցիկ ձեւով։ Այդ աշխատակիցները պարզապես զրկվեցին աշխատանքի վայր մուտք գործելու հնարավորությունից եւ նրանց ասացին՝ ներողություն, դուք այլեւս աշխատանք չունեք։

Այն ընկերությունը, որտեղ ես էի աշխատում, շատ ավելի մարդակենտրոն եւ կարեկցող մոտեցում ուներ։ Ես դա շատ էի հարգում։ Մենք մեր աշխատակիցներին ներկայացրինք մարտահրավերի հստակ պատկերը եւ թե ինչու ենք ստիպված գնալ փոփոխության։ Բոլորին սեփական որոշմամբ հեռանալու տարբերակ առաջարկեցինք, եթե ունեին այլ աշխատանքի հնարավորություններ։ Ցավոք, դա բավարար չէր, ուստի ստիպված էինք անցնել ընտրության գործընթացով։  

Բոլորին խնդրեցինք նորից դիմել իրենց պաշտոնի համար եւ նորից հարցազրույցի փուլ անցնել։ Դա շատ դժվար գործընթաց էր, քանի որ շատերն ընկերությունում աշխատում էին 15-20 տարի, շատ հավատարիմ եւ լավ մասնագետներ էին, բայց այլընտրանք չկար։ Քանի որ մենք գործընթացն իրականացրինք թափանցիկ եւ հարգալից կերպով՝ բոլորին վերաբերվելով արժանապատվորեն, անգամ նրանք, որոնք ստիպված էին հեռանալ ընկերությունից, հարգանքով վերաբերվեցին մեր՝ իրավիճակը կարգավորելու մոտեցմանը։

Ձեր հետագա կարիերայում կարող եք բախվել իրավիճակների, երբ ձեզ դուր չի գա այն, ինչ ստիպված եք անել։ Սակայն ես միշտ ասում եմ, որ կարեւոր է հավատարիմ մնալ ինքներդ ձեզ եւ ձեր արժեհամակարգին՝ մյուսներին վերաբերվելով հարգանքով եւ կարեկցանքով։

Նավարկելով ճգնաժամի միջոցով

Ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է օգնել Հայաստանում կառուցել նոր ազգային ավիաուղիներ։ Երբ նախագիծը մշակվում էր, միջավայրն ու գլոբալ պատկերը միանգամայն այլ էին, քան այն, ինչ ունենք այսօր։

Մենք արդեն գտել եւ վարձակալել էինք երկու հրաշալի ինքնաթիռներ, որոնք պետք է աշխատեին Fly Arna-ում, սակայն այն, ինչ սկսվեց Ուկրաինայում, փոխեց ամբողջ իրավիճակը։ Քանի որ երկու ինքնաթիռները վարձակալվել էին արեւմտյան ընկերությունից, դրանց արգելվեց թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան։ Ուստի մինչեւ գործունեության մեկնարկը ստիպված էինք արմատապես վերանայել թռիքչային ցանցը եւ օգտագործվելիք ինքնաթիռները։ Սա բավականին մեծ խոչընդոտ էր սկզբի համար։ Բացի այդ, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը եւս ստեղծում է անորոշություններ՝ ավելի բարդացնելով մեր գործունեությունը։

Առաջնորդ հանդիսանալով, դուք պետք է միշտ ունակ լինեք ճկունություն ցուցաբերել այն ժամանակ, երբ ամեն ինչ ցանկալի ձեւով չի ընթանում։ Տարբեր տվյալներ եւ տարբեր կարծիքներ կարող են բերվել ձեր առաջ, սակայն իրավիճակը հաջողությամբ կառավարելու համար երբեմն պետք է կարողանաք անջատել «աղմուկը» եւ կենտրոնանալ բիզնեսի հիմնաքարային սկզբունքների վրա։ Գլխավոր հարցերն են․ արդյո՞ք քո մարդիկ անվտա՞նգ են, արդյոք ֆինանսական միջոցները բավարա՞ր են գործունեությունը շարունակելու համար եւ արդյոք կա՞ն բավարար հնարավորություններ առաջ շարժվելու համար։ Այս հարցերին պատասխանելուց հետո կարող եք ժամանակ հատկացնել վերլուծելու եւ աշխատելու այլ տվյալների վրա։

Հայաստանում խնդիրներից մեկը ավիացիոն քաղաքականության եւ ներդրումների բացն է։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եվրոպական «սեւ ցուցակում» է, ինչի հետեւանքով Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողներին արգելված է թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, անցկացնում ենք մի շարք աուդիտներ, որպեսզի օգնենք հասցեագրել մատնանշված թերություններից որոշները։ Վստահ ենք, որ առաջիկա ամիսների կամ մեկ տարվա ընթացքում հայաստանյան ընկերությունները կհանենք «սեւ ցուցակից»։

Մեկ այլ մարտահրավերն այն է, որ Հայաստանը, դժբախտաբար, ավիաընկերություն հիմնելու համար բավականին թանկ տեղ է՝ օդանավակայանի ենթակառուցվածքների վճարների, հարկերի եւ վառելիքի գնի տեսանկյունից։ Եթե համեմատենք Air Arabia-ի այլ հանգույցների հետ, օրինակ, Մարոկկոյում, Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում, որոշ գները Հայաստանում 50 %-ով ավելի բարձր են։

Չնայած դրան՝ անխոնջ աշխատել ենք այդ մարտահրավերների հաղթահարման ուղիներ գտնելու եւ ավիաուղիներ ստեղծելու հնարավոր ամենամատչելի տարբերակով, որովհետեւ ստանձնել ենք ազգային ավիափոխադրողի պատասխանատվությունը։ Fly Arna-ն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ճանաչվել է որպես օրինակելի ավիաընկերություն, որին այլ հայկական ընկերություներ պետք է հետեւեն հաղորդակցության, անվտանգության եւ հաշվետվողականության տեսակետից։ Սա մեր աշխատանքի մեծագույն գնահատականն է։
 
Ամենաբարդ իրավիճակներն են ապահովում ամենակարեւոր դասերը

Եթե մեկ-երկու բան առանձնացնելու լինեմ, ապա կասեմ՝ եղեք ինքներդ ձեր իրական եւ լավագույն տարբերակը։ Մի փորձեք կրկնօրինակել մեկ ուրիշի ոճը։ Միշտ փորձեք մտածել նաեւ այլ մարդկանց տեսանկյունից, եղեք ճկուն եւ համապատասխանեցրեք ձեր մոտեցումներն այն իրավիճակին եւ միջավայրին, որում գտնվում եք։ Ոգեշնչող առաջնորդը ձգտում է բարձրացնել իր հետեւորդներին եւ աջակցել դեպի նպատակներ դրական հայացք զարգացնելու հարցում՝ նպաստելով կազմակերպության օպտիմալ աճին։

Վերջին եւ վճռորոշ կետը անընդմեջ սովորելն է։ Ամենակարեւոր դասերը, հաճախ, ի հայտ են գալիս ոչ թե դյուրին, այլ ամենաբարդ իրավիճակներում։ Դժվարությունների հանդիպելիս ձգտեք սովորել դրանցից։ Որպես ավիափոխադրող՝ մենք հետեւում ենք այդ սկզբունքին, չնախատեսված իրավիճակներին բախվելիս խորհրդակցություններ անցկացնում, մշտապես վերլուծում տեղի ունեցածն ու զինում մեզ այնպիսի հմտություններով, որոնք հետագայում կկանխեն նման իրավիճակների կրկնությունը։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 35587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai