Dexatel-ը՝ Viber-ի պաշտոնական ներկայացուցիչ. ի՞նչ են շահում ֆինանսական հաստատությունները

20.03.2023 | 00:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Dexatel #Viber #Ռուզաննա Գեւորկյան
Ամպային հաղորդակցության ոլորտում գործող Dexatel ընկերությունը հանդիսանում է Viber-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում: Ի՞նչ է դա նշանակում, ինչպես են այս համագործակցությունից շահում Dexatel-ի հաճախորդները. այս հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Ռուզաննա Գեւորկյանի հետ:

Շուկայում պահանջված գործիք

Էստոնիայում հիմնադրված Dexatel ընկերությունը հայաստանյան շուկա է մուտք գործել 2020 թվականին: Մեզ համար կարեւոր էր նոր շուկային առաջարկել այնպիսի գործիքներ, որոնք առավելագույնս արդյունավետ ու պահանջված կլինեն այստեղ գործող ընկերությունների համար: Այդ իսկ պատճառով, մեր՝ հայաստանյան շուկա մուտքին զուգահեռ՝ մեկնարկեցինք նաեւ մի շատ կարեւոր համագործակցություն՝ դարձանք Viber-ի առաջին եւ դեռեւս միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:

Ծառայությունների մատուցման որակը մեզ համար առաջնային է, եւ այդ առումով Viber-ի հետ համագործակցությունը եւս կարեւոր էր: Հայաստանում Viber-ը բավականին պահանջված գործիք է, մասնավորապես մարքեթինգային արշավների իրականացման համար:

Այժմ Viber-ի հետ աշխատում ենք 2 եղանակով. միջազգային մակարդակով համարվում ենք Viber-ի SMS մատակարարը գործարքային հաղորդագրությունների ոլորտում, իսկ Հայաստանում՝ բիզնես հաղորդագրությունների ոլորտում::

Ինչու՞ Viber

Viber-ը Հայաստանում ամենամեծ տարածվածություն ունեցող մեսինջերներից մեկն է: Այն մեր գործընկերներին տալիս է մի շարք առավելություններ իրենց հաճախորդների հետ հաղորդակցվելիս:

Եթե համեմատենք SMS հաղորդագրությունների ծառայության հետ, որը թույլ է տալիս գրել ընդամենը 160 կամ 70 նիշից բաղկացած հաղորդագրություններ՝ կախված նամակի լեզվից, Viber-ի պարագայում հաղորդագրությունը կարող է ունենալ մինչեւ 1000 նիշ, դեռ ավելին՝ նկար կամ տեսանյութ կցելու հնարավորություն:


Բացի այդ, Viber-ն անհամեմատ ավելի մատչելի է եւ թույլ է տալիս ծախսերի կրկնակի կրճատում, քանի որ հաճախորդը վճարում է միայն տեղ հասած՝ «delivered» կարգավիճակով հաղորդագրությունների համար: Իսկ եթե օրինակ տվյալ անձը չունի Viber, ավտոմատ կերպով ակտիվանում է մեր «fallback» ծառայությունը, որով տվյալ հաճախորդին նամակն ուղարկվում է SMS-ի միջոցով՝ իհարկե բովանդակության փոքր-ինչ սեղմ տարբերակով։

Viber-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս Dexatel-ին իր հաճախորդներին ներկայացնել լավագույն գնառաջարկը՝ հատուկ մշակված տարբերակով: Քննարկման ժամանակ տվյալ բիզնեսի հետ հասկանում ենք, թե ինչ ծավալի հաղորդագրություններ են ցանկանում ուղարկել ու ըստ դրա շարժվում ենք առաջ։

Օրինակ` մարքեթինգային արշավների պարագայում շատ կարեւոր է տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը: Viber-ի տրամադրած տվյալների շնորհիվ հնարավոր է հասկանալ՝ նամակը ստացած հաճախորդներից քանիսն են այն կարդացել, անցել դրանում առկա հղումով եւ այլն:

Նշենք նաեւ, որ Viber-ի հետ առանց միջնորդների աշխատանքի շնորհիվ ցանկացած խնդրի կամ հարցերի դեպքում մեր հաճախորդները ստանում են շատ արագ արձագանք:

Բանկ-հաճախորդ կապի ամրապնդում

Viber-ի առաջարկած գործիքները կիրառելի են ամենատարբեր ոլորտներում, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես բանկային ոլորտի համար ինչպես գործարքային հաղորդագրությունների, այնպես էլ մարքեթինգային արշավների տեսանկյունից: Այս ձեւաչափով բանկերը կարողանում են, թե հիշեցնել իրենց հաճախորդներին վարկային մարումների - ժամկետների մասին, թե առաջխաղացնել նոր պրոդուկտները կամ իրազեկել հետագա նորությունների մասին։

Այսօր հատկապես ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները ձգտում են անհատականացված սպասարկման, հաճախորդի հետ ավելի մտերմիկ շփման, որի համար Viber-ը առաջարկում է մի շարք հնարավորություններ:

Դրանցից առաջինը երկկողմանի հաղորդակցության հնարավորությունն է, այսինքն՝ հաճախորդը կարող է պատասխան նամակ ուղարկել տվյալ ընկերության կողմից իրեն ուղարկված նամակին: Կախված տվյալ մարքեթինգային արշավից կամ հաղորդագրության տեսակից՝ մեր հաճախորդը կարող է ընտրել՝ ակտիվացնել այս գործիքը, թե ոչ:

Ռուզաննա Գեւորկյանը

Կա նաեւ անվանական նամակներ ուղարկելու հնարավորություն, ինչպես տեղեկատվական՝ մեկանգամյա գաղտնաբառեր, հավելվածի հաստատման կոդեր, այնպես էլ մարքեթինգային բնույթի նամակներ: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ անվանական նամակները բարձրացնում են հաճախորդի վստահությունն ու հավատարմությունը տվյալ ընկերության նկատմամբ:

Այնուամենայնիվ, Viber-ով հաղորդագրություններն օգնում են ավելի մտերմիկ դարձնել հաճախորդի հետ կապը: Եթե համեմատենք էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների հետ, դրանք ավելի պաշտոնական լինելուց զատ, նաեւ շատ ավելի քիչ դիտելիություն ունեն: Այսօր հաճախորդների մեծ մասի համար տեքստային հաղորդագրություններն ավելի ընդունելի են, քան զանգերը, ուստի Viber-ը հաճախորդներին տալիս է շատ ավելի հարմար եւ արագ հաղորդակցության հնարավորություն, խնայում ժամանակն ու էներգիան:

Անվտանգ եւ վստահելի հաղորդակցություն

Մեր ժամանակներում շատ տարածված են կեղծ հաղորդագրությունները, ուստի շատ կարեւոր է, որպեսզի հաճախորդները նամակները ստանալիս վստահ լինեն, որ դրանք իրական են: Այս իմաստով Viber-ը կրկին ճիշտ ընտրություն է, քանի որ այն գրանցում է ընկերություններին որոշակի ստուգման փուլերից հետո ու տալիս դրանց համապատասխան կապույտ ստուգանիշը: Հաճախորդներն այդ նշանը տեսնելով՝ ավելի վստահությամբ են ծանոթանում հաղորդագրությանն ու առանց վարանելու անցնում դրանում առկա հղումով:

Հատկապես ֆինանսական ոլորտում գործող ընկերությունները հիմնականում գործ ունեն բավականին զգայուն տեղեկատվության հետ, ուստի տվյալների անվտանգությունն այստեղ առաջնային է: Viber-ն օգտագործում է հաղորդագրությունների «end-to-end» գաղտնագրման մեթոդը, եւ եթե բիզնեսը նամակ է ուղարկում հաճախորդին, միայն նա եւ հաճախորդը կարող են տեսնել այդ նամակը: Իսկ եթե տվյալ հաճախորդը որոշակի ժամանակահատվածում չի ստանում այդ նամակը, այն հետ է գնում Viber-ի սերվեր, վերածվում է կոդի եւ 2 շաբաթվա ընթացքում ջնջվում Viber-ի սերվերից:

Ժամանակակից գործիքակազմ

Բանկային ոլորտի շրջանակում ունենք շատ գործընկերներ, որոնք կիրառում են Viber-ը: Դրանցից է, օրինակ, «Ամերիաբանկը», որը  ծառայություններից օգտվում է ինչպես մարքեթինգային արշավների, այնպես էլ գործարքային հաղորդագրություններ ուղարկելու համար: Մենք մշտական կապի մեջ ենք մեր գործընկերոջ հետ եւ պարբերաբար նրանցից տեղեկանում ենք ծառայության որակի եւ արդյունավետության վերաբերյալ։ Հաշվի առնելով ստացված դրական կարծիքները՝ վստահաբար կարող ենք նշել, որ հայաստանյան շուկայի համար Viber ծառայությունը օգտավետ է։

Ռուզաննա Գեւորկյանը

Մենք նաեւ Viber-ի հետ միասին պարբերաբար իրականացնում ենք հետազոտություններ, որոնց որի արդյունքում ունեցանք հետեւյալ պատկերը՝ Հայաստանում Viber ծառայության կիրառման 98 %-ը կազմում են հաղորդագրությունները, թե բիզնես, թե անհատական : Օգտատերերի մեծ մասը անդրոիդ օպերացիոն համակարգ օգտագործողներն են՝ շուրջ 77 %, իսկ 33%-ը՝ iOS օգտագործողները: Օգտատերերի գերակշիռ մասը կանայք են՝ շուրջ 53%, իսկ ամենաակտիվ օգտագործողների տարիքային շեմը 25-34-ը եւ 35-50-ն է՝ համապատասխանաբար 28% եւ 27%: Սա հենց ամենաթիրախային տարիքն է մեր հաճախորդների համար, որոնք բավականին ակտիվ հետեւում, բացում եւ կարդում են հաղորդագրությունները։

Dexatel-ի Viber ծառայության շրջանակում ունենք շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Հետաքրքրությունը մեծանում է հատկապես մանրածախ առեւտրի, լոգիստիկայի, առողջապահության ոլորտներում: Սակայն նպատակ ունենք էլ ավելի ընդլայնելու ոլորտների ներգրավվման շրջանակը եւ առաջարկենք այս հետաքրքիր գործիքակազմը։

Առաջիկայում նախատեսում ենք մեր հաճախորդներին ներկայացնել նոր առաջարկներ, որը կարող է նպաստել բիզնեսի ակտիվացմանը, սպասարկման որակի բարելավմանը եւ վստահության մակարդակի բարձրացմանը։

Կարող ենք նշել մի քանիսը՝ օրինակ  «չատբոտ»-ի ծառայությունը, սա թույլ կտա 24-ժամյա հետադարձ կապ ապահովել հաճախորդների հետ:

Մեկ այլ հետաքրքիր գործիք է «branded lenses» ծառայությունը, որի թիրախը առավելապես երիտասարդ սերնդի հաճախորդներն են: Այս ծառայությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրենց բրենդով դիմակներ եւ սթիքերներ կիրառել մարքեթինգային արշավների ժամանակ, որը կարող է շատ լավ արդյունքներ բերել հատկապես բանկերին:

Ռուզաննա Գեւորկյանը

Վերջերս Viber-ն ավելացրել է նաեւ առանձին «Business inbox» ընկերությունների ուղարկած հաղորդագրությունների համար, որպեսզի դրանք առավել համակարգված լինեն եւ առանձնանան հաճախորդների անձնական հաղորդագրություններից: Ինչպես տեսնում եք, մեր գործընկերը շարունակաբար թարմացնում է իր գործիքակազմը, որի շնորհիվ կարողանում ենք մեր հաճախորդներին ներկայացնել նորարար ու արդյունավետ առաջարկներ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 16834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW