Հանքարդյունաբերության արդի մարտահրավերները եւ չիրացվող ներուժը

21.02.2023 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2022 թվականը, ներկայացրել ոլորտի արդի մարտահրավերները եւ տեսակարար կշիռը բյուջետային մուտքերի կառուցվածքում:

Banks.am-ն առանձնացրել է հանդիպման առանցքային հատվածները:

Մարտահրավերները

Այն մարտահրավերները, որոնք ունենք ոլորտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ, մեծամասամբ սկսել են 2022 թվականից: Ամենածանր եւ ամենադժվար գործոնը դրամի ամրապնդումն է: Ոլորտը, ինչպես նաեւ մնացած արտահանող կազմակերպությունները, շատ ծանր դրության մեջ են հայտնվել, քանի որ կազմակերպություններից շատերի ծախսային մասը դրամային է, իսկ հասույթը՝ արտարժույթով: Սա բերել է նրան, որ ինքնարժեքն աճել է, եւ ոլորտի շատ կազմակերպություններ փաստացի վնասով են աշխատում:

Այս հարցը մենք մի քանի անգամ ներկայացրել ենք կառավարությանը: Ցավոք, խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Եթե Կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկի եւ դրամը թուլացնի, դա էլ կարող է բերել հակառակ իրողության: Այսինքն՝ հասկանում ենք, որ ուղղակիորեն այս խնդիրը շատ դժվար է լուծել: Մենք մի քանի առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, թե դրամի այսպիսի ամուր կուրսը պահպանվելու դեպքում ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որ ոլորտն եւ արտահանող կազմակերպությունները չունենան այդ խնդիրները:

Վարդան Ջհանյանը


Նախորդ տարի ոլորտում եւս երկու խնդիր ունեինք, բայց այս պահի դրությամբ դրանք արդեն չկան: Մեկն աննախադեպ արտահանման տուրքն էր, որը, մեր կարծիքով, տնտեսապես հիմնավորված չէր, մյուսը՝ հիմնական մետաղների գների անկումը: Այժմ արտահանման տուրքը չկա, իսկ մետաղների գներն արդեն վերականգնվել են:

Արտահանման ծավալները

2021թ.-ի համեմատ 2022-ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկրորդ խոշոր արտադրողի՝ Թեղուտի հանքի չաշխատելով: Բայց մնացած բոլոր արտադրողներն ունեցել են աճ: ԶՊՄԿ-ն մոտ 20% ավելի արտադրանք է տվել եւ արտահանել: Մնացած բոլոր կազմակերպությունները եւս արտահանման ծավալների խնդիրներ չեն ունեցել:

Ամուլսարը եւ չիրացվող ներուժը

Հայաստանում կա մեկ միջազգային մակարդակի խոշոր հանքագործական կազմակերպություն՝ ԶՊՄԿ-ը, երկրորդ այդպիսի էական կազմակերպությունը պետք է լիներ Ամուլսարի հանքը: Բայց այն ինչ պատահեց Ամուլսարի հետ, շատ վատ էր: Արեւմտյան միջազգային ներդրողները փորձում էին Հայաստանում սկսել մի մեծ նախագիծ, ինչը չստացվեց, չնայած նրանք ոչ մի օրենք չէին խախտել: Երբ խոսում ենք ԶՊՄԿ-ից, որի վճարած հարկերը շատ մեծ են, մի այդպիսի կորուստ վերջին 4-5 տարում ունենք Ամուլսարի դեպքում: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների չիրականացված մուտքի մասին է:



Մյուս այդպիսի հանքը Թեղուտն էր, բայց հուսանք, որ կգործի: Այս երկու կազմակերպությունները մեր ոլորտի մոտ 50%-ի չափ արտադրանք կարող էին տալ: Ինչ վերաբերում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ին՝ այս կազմակերպությունը եւս ոչ այնքան լավ վիճակում է: 44-օրյա պատերազմի հետեւանքով հանքի մի մասը մնաց թշնամու տարածքում: Աշխատանք տարվում է, նույնիսկ միջազգային մակարդակով, որ հանքավայրը լիարժեք ծավալներով աշխատի:

Ոլորտի տեսակարար կշիռը

Պետական բյուջեի եկամուտների մասով 2022թ.-ը ՀՀ պատմության մեջ աննախադեպ է՝ մոտ 2 տրիլիոն դրամի չափ եկամուտներ են հավաքագրել, որի մոտ 10%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը: Այսինքն՝ մոտ 200 մլրդ դրամի չափով հանքարդյունաբերությունը եկամուտներ է ապահովել պետբյուջե:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 24706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW