Էլինա Գաբրիելյան. Չկա ճգնաժամ, որից հնարավոր չլինի դասեր քաղել

19.07.2022 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Բարդ իրավիճակները միշտ չէ, որ բարդ լուծումներ են պահանջում», - ասում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը:

Նա ընկերության ֆինանսական վերահսկողության եւ բիզնես գործառնությունների պատասխանատուն է: Banks.am-ի հետ զրույցում Էլինա Գաբրիելյանը պատմել է կարեւոր որոշումների կայացման, ճգնաժամերից առավելագույնը քաղելու, հաղթելու նաեւ՝ պարտվելու մասին:  

«Գալաքսի»-ից տպավորվեցի առաջին հարցազրույցից

«Գալաքսի» ընկերությունների խմբում եմ 2011թ.-ից: Հայաստանի ամերիկյան համալսարանի վերջին կուրսում էի սովորում, սկսել էի աշխատանքի մասին մտածել: «Գալաքսի»-ն երկրորդ ընկերությունն էր, ուր աշխատանքի ընդունման հարցազրույցի եկա ու հաջորդ օրվանից սկսեցի աշխատել:

Հարցազրույցից հետո ոգեւորությունս մեծ էր՝ մասնագիտական հարցերի եւ հարցազրույցի բովանդակության շնորհիվ: Մեծ նշանակություն ուներ նախկին ֆինանսական տնօրեն Մինաս Սահակյանի գործոնը, որի հետ եղավ առաջին հանդիպումը: Հաջորդ օրը հանդիպեցի նաեւ «Գալաքսի»-ի հիմնադիրներից Գուրգեն Խաչատրյանին ու նրա հետ զրույցը եւս մեծ ազդեցություն թողեց այստեղ աշխատելու որոշմանս վրա: Հենց սկզբից ասաց՝ «մենք հավաքում ենք ներուժ ունեցող երիտասարդ կադրեր՝ լավագույն պրակտիկան Հայաստան բերելու համար»:

Էլինա Գաբրիելյանը

Հիմա, երբ հետ եմ նայում, մեր թիմակիցների միջին տարիքն իսկապես 28-34 տարեկանն է եւ, կարծես, որոշ ոլորտներում լավագույն պրակտիկան մեզ մոտ բերելու նպատակին եւս հասել ենք:

Վերահսկել եւ աջակցել

Քանի որ «Գալաքսի» խմբում կան բազմաբնույթ, տարբեր ոլորտներում գործող ընկերություններ, պետք է կապող օղակ՝ նրանց եւ ընկերությունների խմբի խորհրդի, տնօրենի միջեւ: Մեր թիմով ձեւավորում ենք հենց այս օղակը՝ ամփոփելով ստացված արդյունքներն ու փորձելով նոր նպատակներ ձեւակերպել: Մեր առաքելությունն ընկերություններին առավելագույնս աջակցելն է: Ինչպես ասում ենք՝ երկու հիմնական գործառույթ ունենք՝ աջակցություն ու վերահսկողություն: Բայց, բնականաբար, աջակցությունն ավելի մեծ տեղ ունի (ժպտում է – հեղ.):

Բարդ իրավիճակները միշտ չէ, որ բարդ լուծումներ են պահանջում

Եթե խոսեմ պատասխանատու ոլորտի համակարգման համար անհրաժեշտ անձնային հատկանիշների մասին, առաջինը կնշեմ անորոշ իրավիճակներում որոշում կայացնելու ունակությունը:

Էլինա Գաբրիելյանը

Դասական գրականության մեջ ասվում է՝ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է դիտարկել բոլոր այլընտրանքները, հաշվի առնել հավանականությունները, հաշվարկել հնարավոր ելքերը եւ գնահատել օգտակարությունը: Հետաքրքիր դեպք կա այս տեսությունը քարոզող մի պրոֆեսորի հետ կապված, որը դասախոսում էր Կոլումբիայի համալսարանում: Մի օր նրան աշխատանքի առաջարկ են անում մեկ այլ համալսարանից ու նա երկար ժամանակ չի կողմնորոշվում՝ ինչ որոշում կայացնել: Գործընկերներից մեկը նրան ասում է՝ «առաջնորդվիր ակնկալվող օգտակարության մաքսիմալացմամբ, չէ՞ որ ինքդ երկար տարիներ քարոզում ես այս տեսությունը. կիրառի՛ր այն»: Ի պատասխան պրոֆեսորն ասում է՝ «Դե լավ, հիմա լուրջ իրավիճակ է» (ծիծաղում է – հեղ.): Ուզում եմ ասել՝ թեորիաներն ու գործիքակազմը, որոնք կարելի է կիրառել հայտնի ռիսկերի ու հնարավոր ելքերի կանխատեսելիության պարագայում, անորոշության դեպքում կիրառել հնարավոր չէ. միշտ կարող է հայտնվել «սեւ կարապ» ասվածը, որի գոյության մասին պատկերացում չունես, քանի ինքդ չես հանդիպել: Այնպես որ, անորոշ իրավիճակներում որոշումների կայացման համար առավել ադապտիվ մոտեցում է պետք:

Էլինա Գաբրիելյանը

Հստակ է՝ բարդ իրավիճակները միշտ չէ, որ բարդ լուծումներ են պահանջում ու ժամանակատար հաշվարկներ կատարելը միշտ չէ, որ լավագույն մոտեցումն է: Ցանկացած մարզաձեւում, երբ մարզիկը փորձում է, օրինակ, գնդակն ուղարկել դարպասը, նա բարդ բանաձեւերով հաշվարկներ չի կատարում, ընդամենը գնդակն ու դարպասը՝ իր վերջնանպատակը, միշտ պահում է տեսադաշտում ու փորձում դրան ընդառաջ գնալ: Նույնը բիզնեսի ոլորտում որոշումներ կայացնելիս է: Կարեւոր է ունենալ եւ տեսադաշտում պահել առնվազն մեկ հիմնավոր պատճառ, որի համար կայացվել է այս կամ այն որոշումը:

Գտնել դիրքը, որում ուժեղ ես ու «խաղալ» այդտեղ

Երբ հետ եմ նայում անցածս ճանապարհին, նկատում եմ, որ ցանկացած իրավիճակում ընտրել եմ հնարավոր բոլոր տարբերակներից ամենաբարդը: Ինձ հաճախ գրավում էր ոչ այնքան արդյունքը, որքան այդ ճանապարհն անցնելը: 4-րդ դասարանից սկսեցի բասկետբոլով զբաղվել, այն եղած սպորտային խմբակներից ամենաբարդն էր իր կանոններով, հատկապես որ այնքան էլ բարձրահասակ չեմ: Բասկետբոլ խաղալն ու ինձ լավ դրսեւորելը մարտահրավեր էր:

Էլինա Գաբրիելյանը

Քանի որ այս մարզաձեւում հասակն, այնուամենայնիվ, լուրջ գործոն է, սկսեցի փնտրել ու գտա այն դիրքը, տեղը, որում արդյունավետ էի ու օգնում էի թիմին: Սա ինձ համար դաս էր հետագա կյանքի համար՝ ամեն իրավիճակում կարող ես գտնել ճիշտ «դիրքդ» ու «խաղալ», «մրցել» այդտեղ: Ես դարձա կենտրոնական խաղացող, որը մշակում էր խաղի ռազմավարությունը, կազմակերպում էր խաղն ու ոգեւորում թիմին: Շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է առաջադիմել նաեւ այն ուղղություններում, որում այդքան էլ ուժեղ չես: Երբ ամառային ամիսներին օրը երկու անգամ էինք մարզվում, նկատեցի, որ հասակս նույնն է մնացել, բայց նպատակասլացության ու շարունակական աշխատանքի արդյունքում սկսել եմ ցատկել գրեթե սլեմ դանկի (slam dunk-բասկետբոլում գնդակը վերեւից զամբյուղի մեջ դնելու հնարք-խմբ. ) մակարդակի:

Ընդհանրապես, անձի զարգացման համար սպորտի գործոնը շատ եմ կարեւորում: Այն սովորեցնում է ձգտել, պարտվել, հարգել ու չթերագնահատել մրցակցին: Թիմային սպորտն առավել եւս կարեւոր է հետագայում ցանց ձեւավորելու ու թիմի հետ աշխատելու ունակություններ զարգացնելու տեսանկյունից: Բասկետբոլն ինձ համար սկիզբն էր: Այնուհետեւ ամեն տարի նոր նախասիրություն եմ փորձել, նոր հմտություններ զարգացնելու նպատակներ դրել՝ դասական մարզաձեւերից մինչեւ էքստրեմալ, լեզուներ, պարեր: Ամեն ինչին այնքան ժամանակ եմ հատկացնում, մինչեւ պայմանական՝ «գրանցված հաջողություն» ունենալը:

«Չի ստացվում», «անհնար է» հասկացությունները «Գալաքսիում» չկան

Վերջին տարիներին մարտահրավերները շատ էին, ու մեր ընկերությունների խումբն էլ դրանցից զերծ չի մնացել: Մի շրջան կար, ասում էի՝ բացի բնական կատակլիզմից, ամեն ինչի միջով անցել ենք: Հետաքրքիր է, որ մեզ վրա այս ամենը, երեւի, միայն դրական առումով է անդրադարձել: Երբ փորձում եմ հիշել մինչքովիդային շրջանը, դժվարանում եմ, որովհետեւ հիմա ապրում ենք «նոր նորմալի» մեջ: Կարծում եմ՝ այս ընթացքում մենք սկսել ենք շատ ավելի ադապտիվ մոտեցումներով աշխատել, ավելի ճկուն ենք դարձել: Առանց դրա հիմա հնարավոր չէ հաջողության հասնել կամ պաշտպանվել ռիսկերից: Միակ բանը, որ մեզ մոտ չի փոխվել ու մնացել է հաստատուն, որ չկան «չի ստացվում», «անհնար է» հասկացությունները: Եթե կա խնդիր, այն լուծել է պետք:

Չկա ճգնաժամ, որից հնարավոր չէ որեւէ լավ բան քաղել

Եթե նայում ենք պատմությանը, ամենավատ իրադարձություններին ու ճգնաժամերին հաջորդում է որոշակի վերելք, աճ: Օրինակ՝ Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո բազմաթիվ բարենպաստ ռեֆորմներ են իրականացվել, ամենաակնառու փոփոխություններից մեկը կնոջ դերի բարձրացումը եւ գենդերային խտրականության վերացումն էր, մի շարք բարեփոխման ակտեր են ստորագրվել նաեւ կրթության, առողջապահության, քաղաքաշինության ոլորտներում: Սովորաբար, ճգնաժամը ստիպում է մոբիլիզացնել հնարավոր բոլոր ուժերը: Երբ ամեն ինչ բնականոն է, դու կոմֆորտ գոտում ես ու կարող ես քեզ թույլ տալ չմտածել արատավոր երեւույթների մասին, ուշադրություն չդարձնել անգամ որոշ ցավոտ հարցերի ու ապրել քո առօրյա կյանքով: Երբ ստեղծվում է իրավիճակ, որում գոյության կռիվ է, մոբիլիզացնում ես բոլոր ուժերդ ու գրեթե միշտ որոշակի արդյունքներ գրանցում:

Չկա ճգնաժամ, որից անհնար չէ որեւէ լավ դաս քաղելը: Ցանկացած իրավիճակից կարելի է սովորել ու հետագայում կիրառել սովորածդ:

Էլինա Գաբրիելյանը

Ապրած բոլոր ճգնաժամերից հետո, մեր հասարակությունում, կարծես, հակառակ գործընթացն է: Մոբիլիզացիայի փոխարեն, ցավոք, համակերպվելու միտում եմ նկատում: Նախկինում կարծում էի, որ հասարակությունը ներսից կարող է փոխել ինքն իրեն, հիմա ընդունում եմ՝ հասարակության արժեքային համակարգի հիմքը դաստիարակությունն ու կրթությունն են, իսկ սրանք ճիշտ հիմքերի վրա չեն, քանի որ թերանում են քաղաքական ու տնտեսական համակարգերը: Լիովին համաձայն եմ Տարոն Աճեմօղլուի թեզի հետ, որ զարգացող պետություն ստեղծելու համար պետք է նախ փոխել ազդեցիկ մարդկանց գիտակցությունը, իսկ զարգացող հասարակություն ստեղծելու համար՝ ունենալ պետություն, որում հնարավորինս լայն մասսաներ կարող են բարգավաճել, տնտեսական աճի համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իսկ խնայելը, ներդնելն ու նորարար լինելը խրախուսվում է: Այս պարագայում, կարծում եմ, կկոտրվի նաեւ հասարակության սպառողական մոտեցումը, կձեւավորվի պատկանելության, պատասխանատվության զգացում եւ մեր իսկ ստեղծածը պաշտպանելու մղում:

Հաղթանակը, պարտությունն ու հույսը

Որպեսզի որեւէ բան իմ կյանքում «մեծագույն հաղթանակ» որակեմ, պետք է համեմատեմ որեւէ հաջողության պատմության հետ: Այդ «հաղթանակն», ըստ իս, պետք է որեւէ կերպ ազդի մեր իրականության, մարդկանց կյանքի որակի վրա, որ կոչվի «մեծագույն»: Եթե, օրինակ, բժիշկ, գիտնական կամ ինժեներ չես, շուրջդ եղած իրականությունը փոխելը, դրա վրա ազդելը բավականին բարդ է: Այնպես որ, պարզապես քո տեղում գործդ պետք է լավ անես, խաղաս արդար. կան թիրախներ, որոնց հասնելու համար շարունակական աշխատանք է պետք: Սրանով գլոբալ բարեփոխման մեջ քո բաժին ներդրումը կունենաս, եւ արդյունքն ինչ-որ պահից կկարողանաս հաղթանակ որակել:

Էլինա Գաբրիելյանը

Ինչ վերաբերում է պարտություններին՝ մեծագույն եւ միակ պարտությունը ծննդավայրիս՝ Արցախի, վիրավոր, արյունահոսող վիճակն է ու զուգահեռ երազանքը՝ Արցախն ապաքինված տեսնելու: Քանի դեռ այս երազանքն առնվազն հույսի չի վերածվել, սա մեծագույն պարտություն է:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Դիտում՝ 79950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW