Վարկավորումը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է

09.10.2008 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Միջազգային ֆինանսական շուկան առայժմ կայունացման միտումներ չի դրսեւորում, չնայած ձեռնարկված միջոցառումներին: Ավելին` աստիճանաբար ճգնաժամի մեջ են ներքաշվում նոր երկրներ եւ ֆինանսական հաստատություններ:

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, համաշխարհային ֆինանսական ճգնաժամին ինչպե՞ս է արձագանքում հայրենի բանկային համակարգը: “Հայոց Աշխարհ”-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:

- Հայաստանի բանկային համակարգը միջազգային ֆինանսական շուկայի հետ ուղղակիորեն չի առնչվում, քանի որ անմիջական փոխառություններ փողի շուկայից, որտեղ հիմնականում տեղի է ունենում իրացվելիության ճգնաժամը, չի իրականացնում: Առեւտրային բանկերի ներգրաված միջոցներն առավել երկարատեւ բնույթի են:

- Այնուհանդերձ մեր բանկային համակարգում սպասումային տրամադրություններ չե՞ն ձեւավորվել` կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ:

-Կարճաժամկետ առումով սպասումային իրավիճակ չկա, որովհետեւ բանկերը իրացվելիության խնդիր չունեն: Համոզվելու համար պետք է նայել մեր վիճակագրության վերջին տվյալները: Կենտրոնական բանկը յուրաքանչյուր չորեքշաբթի տրամադրում է իրացվելիություն` առանց կրճատելու: Այսինքն` այն բանկերը, որոնք ուզում են ստանալ իրացվելիություն, ստացել են:

Երկրորդ` պարտատոմսերի թողարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը հրապարակում է, թե ինչպիսի առաջարկ եւ պահանջարկ կա: Կարելի է տեսնել, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է առաջարկը: Սա նշանակում է, որ կա իրացվելիություն:

Եւ երրորդ` պետք է նայել, բանկերը շարունակո՞ւմ են գործարքներ կատարել, թե՞ ոչ: Եթե բերեմ ամփոփված տվյալները, ապա միայն վերջին շաբաթվա ժամանակահատվածում տնտեսության վարկավորումն ավելացել է 8 մլրդ դրամով: Այդ թվում` վարկավորել են թե’ բիզնեսին, թե’ տնային տնտեսություններին: Սա նշանակում է, որ կանգ չկա եւ առկա է բավարար իրացվելիություն:

- Եղավ տեղեկատվություն, որ որոշ բանկեր դադարեցրել են վարկավորումը կամ կրճատել են երկարաժամկետ գումարների տրամադրումը: Բանկային համակարգում նման միտում նկատվե՞լ է:

- Վիճակագրությամբ առայժմ նման որեւէ միտում չի արձանագրվել: Կարող է լինել մի առանձին դեպք, երբ մեկին մերժել են վարկ տրամադրել եւ ասել են, որ համաշխարհային ճգնաժամ է, դրա համար են մերժում: Իրականում սակայն դա որեւէ կապ չունի ճգնաժամի հետ, այլ ուղղակիորեն պայմանավորված է տվյալ վարկառուի ֆինանսական վիճակով: Հետեւաբար հեռուն գնացող դատողություններ դեռեւս չէի ուզենա անել:

Ի վերջո, աշխարհում փողի թանկացումը պետք է ինչ-որ ձեւով արտահայտվի: Ամբողջ հարցն այն է, թե դա երբ մեզ կհասնի եւ այդ ժամանակ ինչպիսին կլինի տնտեսության վիճակը:

- Առանձին բանկերում այնուհանդերձ արդեն թանկացել են վարկերը: Սա ինչո՞վ է պայմանավորված, եթե համաշխարհային ճգնաժամը դեռ մեզ չի հասել:

- Նախ կա ռիսկերի խնդիր: Չպետք է մոռանալ, որ անցած տարի մեր բանկային համակարգը շատ մեծ տեմպերով վարկային միջոցներ էր տրամադրում եւ 70-80 տոկոսանոց աճ եղավ: Այս տարի եւս այն պահպանվում է. կունենանք շուրջ 60 տոկոսանոց աճ: 70 տոկոսի վրա եւս 60 տոկոսանոց աճն արդեն ահավոր մեծ թիվ է: Այդ առումով ինչ-որ մի պահից վարկավորումը պետք է դանդաղի, որովհետեւ անհնար է մշտապես 50-70 տոկոսով բնականոն աճ ավելացնել:

Ինչ վերաբերում է վարկային ռեսուրսներին, ապա դրանք միգուցե որոշ չափով թանկացել են: Ըստ էության, բանկերն ավելի բարձր տոկոսադրույք են առաջարկում ավանդատուներին, թեպետ վարկային տոկոսներն այդքան շատ չեն ավելացել: Իրականում բանկերի մարժան գնալով կրճատվում է: Այնպես որ ոչ բոլոր վարկերի տոկոսադրույքներն են բարձրացել:

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ներգրավվող միջոցների տոկոսադրույքների բարձրացումը:

- Շուկայական պայմաններով, որպեսզի կարողանան ներգրավել ավելի շատ միջոցներ եւ ավելի արագ աճեն:

Դիտում՝ 4922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW