“Անհրաժեշտ ծավալի ներդրումներ կանենք` որակյալ կապ ապահովելու նպատակով”

20.09.2008 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

France Telecom-ի (Orange ապրանքանիշ) Եվրոպայում ու Եվրասիայում միջազգային բիզնեսի բաժնի պետ Ժան Միշել Սերրեի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

France Telecom հեռահաղորդակցային ընկերությունը, որը գործում է Orange ապրանքանիշի ներքո, անցել է Հայաստանի բջային կապի երրորդ օպերատորի արտոնագրի համար հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլը: Բացի France Telecom-ից, արտոնագրի համար պայքարում են նաեւ շվեդական Tele2-ը օպերատորը եւ Blackrock Communications ընկերությունը: Ակնկալվում է, որ մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա ս.թ. դեկտեմբերին:

France Telecom-ը գործում է Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում եւ ԱՄՆ-ում` մատուցելով բջային եւ ֆիքսված հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, թվային հեռուստատեսության եւ այլ ծառայություներ: Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի բջջային կապի 110 մլն բաժանորդ, ֆիքսված կապի 46 մլն բաժանորդ եւ լայնաշերտ ինտերնետի 13 մլն բաժանորդ:

- Ինչո՞վ է ձեզ գրավեց Հայաստանի հեռահաղորդակցային շուկան:

- Հայաստանը կայուն կերպով զարգանում է, երկրում բարձր է բնակչության կրթական մակարդակը, եւ ձեր երկիրը, անկասկած, լավ ապագա ունի: Բացի այդ, Հայաստանը սերտ կապեր ունի բազմաթիվ այլ երկրների հետ: Հայաստանի բնակչությունը, մեր կարծիքով, հակված է նոր տեխնոլոգիաներ կիրառելուն եւ, հուսով ենք, կգնահատի այն, ինչ մենք կկարողանանք այստեղ ներդնել:

Երբ մենք նոր երկիր ենք մտնում, այնտեղ երկար ենք մնում` փորձելով նպաստել նրա զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք կարող ենք Հայաստանի համար դառնալ ոչ միայն ֆինանսական, այլեւ արդյունաբերական գործընկեր: Օրինակ, Ռումինիայում, Մոլդովայում, Սլովակիայում եւ Լեհաստանում մենք կանգնած ենք եղել հետահաղորդակցային հատվածի զարգացման ակունքերում:

- Համարվում է, որ հայաստանյան շուկան գրեթե հագեցված է երկու գործող օպերատորների կողմից:

- Մենք կարծում ենք, որ Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի: Դա վերաբերում է ոչ միայն հաճախորդների թվի ավելացմանը, այլեւ, գլխավորապես, նոր ծառայությունների մատուցմանը:

Հայաստանը դեռեւս հեռու է նոր ծառայություններուվ հագեցած լինելուց, եւ մենք կարծում ենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ իրավիճակը կփոխվի ու Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտն էականապես կտարբերվի այժմյանից: Դա է վկայում մեր միջազգային փորձը:

- Մրցույթում հաղթելու դեպքում ի՞նչ նոր ծառայություններ եք մտադիր ներդնել Հայաստանում:

- Դա նախեւառաջ որակյալ բջջային հեռախոսակապն է` ինտերնետին լայնաշերտ հասանելիությամբ: Մեր նպատակը ծառայությունների լավագույն որակի է եւ դրանք օգտագործելու մատչելիությունն ապահովելն է: Բոլոր ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ներդնել, հիմնված կլինեն այն նորագույն տեխնոլոգիաների վրա, որոնք մշակում են մեր 4000 փորձագետները տարբեր երկրներում տեղակայված Orange-labs լաբորատորիաներում:

- Ձեր ընկերությունը մատուցում է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Նախատեսու՞մ եք Հայատանում դառնալ նաեւ ֆիքսված կապի օպերատոր:

- Մենք պատրաստվում ենք ամենակարճ ժամկետներում ուսումնասիրել Հայաստանում բջջային հեռախոսակապի զարգացման ընթացքը, որից հետո, ինչպես մենք դա արեցինք Ռումինիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Լեհաստանում եւ Մոլդովայում, կուսումնասիրենք նաեւ ֆիքսված հեռախոակապի զարգացման հեռանկարները:

- Մրցույթում հաղթելու դեպքում ի՞նչ ծավալի ներդրումներ եք պատրաստվում կատարել Հայաստանում:

- Մենք անհրաժեշտ ծավալի ներդրումներ կկատարենք` որակյալ բջջային կապ ապահովելու նպատակով: Ներդրումների հստակ ծավալը դեռ որոշված չէ, բայց կարող եմ ասել, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում մենք իրականացրել ենք ներդրումների անհրաժեշտ ծավալները, որպեսզի դառնանք շուկաների առաջատարը:

Իր ներկայության բոլոր երկրներում 2007 թվականին France Telecom-ի կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7 մլրդ եվրո (մեր հասույթի 30%-ը), որից 900 մլն-ը ուղղվել է հետազոտմանն ու զարգացմանը:

Դիտում՝ 6531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai