Հաղթահարելով 2020-ը՝ երեւանցի ամուսինները Դեբետում հյուրատուն են հիմնել

03.04.2021 | 23:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Չամիչ»

Երեւանից ամուսիններ Լիլիթ Չիտչյանը եւ Դավիթ Կարմիրշալյանը 2020 թվականին հյուրատուն են հիմնել Լոռիի Դեբետ գյուղում: Չնայած անցած տարվա բազմաթիվ դժվարություններին եւ ոլորտի անկայունությանը՝ ամուսիններն ավարտին են հասցրել շինարարական աշխատանքները եւ հուլիսին բացել են «Չամիչ» հյուրատունը՝ առաջին օրվանից չունենալով հյուրերի պակաս:


Ընտանեկան բիզնես

Դավիթ, 41 տարեկան. Ես մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, երկար տարիներ պետական կառույցներում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել: Կինս միջազգային կազմակերպություններում է աշխատել, նա անգլերեն լեզվի եւ գրականության, նաեւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մասնագետ է:

Երկար ժամանակ մտածում էինք ընտանեկան բիզնես ունենալու մասին: Ի սկզբանե Աբովյան քաղաքում մանկական կենտրոն էինք ուզում բացել, նույնիսկ բիզնեսի նախնական հաշվարկներն էինք արել, բայց շատ տարբեր պատճառներով չստացվեց: Տուրիզմի ոլորտում աշխատող մեր ընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք հյուրատուն հիմնել:

Լիլիթ, 42 տարեկան. Նախքան հյուրատունը հինգ տարի առաջ ընտանեկան բիզնես հիմնելու փորձ արել ենք, թարգմանչական ընկերություն ենք հիմնել, որը մինչ օրս գործում է, բայց կայուն եկամուտ չի ապահովում:

Այս անգամ կանգնեցինք հյուրատան գաղափարի վրա, քանի որ նկատում ենք ՝ հյուրատների այս թրենդը շատ ակտիվ զարգանում է Հայաստանում: Հիմա շատերն են ճոխ հյուրանոցների փոխարեն նախընտրում հանգիստը հյուրատներում անցկացնել:

Բացի այդ, մենք սիրում ենք այս գործը՝ հյուրընկալությունը, մարդկանց հետ շփումը... Քանի որ շատ ենք սիրում նաեւ բնությունը, մտածեցինք՝ նույնիսկ եթե բնության գրկում սեփական տուն գնենք ու հյուրատուն չկարողանանք կառուցել, մեծ կորուստ չենք ունենա, որովհետեւ տունը մեզ կմնա:  

Ոչ ճանաչված գյուղերի ճանապարհով

Դավիթ. 2019 թվականի ամռան գրեթե բոլոր շաբաթ-կիրակիները տարածք փնտրելու նպատակով անցկացրել եմ Հայաստանի մարզերում:

Նպատակ ունեինք հյուրատունը կառուցել տուրիզմի տեսանկյունից ոչ շատ ճանաչելի վայրում: Ոչ միայն բիզնեսի մասին էինք մտածում, այլեւ ուզում էինք այնպիսի վայր ընտրել, որտեղ նոր ուղղություն կարող էինք զարգացնել:

Երբ Լիլիթի հետ եկանք Դեբետ գյուղ, այս տան բակից բացվող հիասքանչ տեսարանը տեսանք, միանգամից կանգ առանք: Տունը հին, կիսաքանդ վիճակում էր, մենք ենք որոշել պատշգամբ կառուցել, տարածքը մեծացնել:


Մինչեւ տունը գնեցինք, ձմռան ցրտերն ընկան ու վերանորոգումը դժվարացավ, հասցրինք միայն տանիքի վրա աշխատել: 2020-ի գարնանը, երբ պատրաստվում էինք տան հինական վերանորոգումը սկսել, կորոնավիրուսի համաճարակը սկսվեց:

COVID-19 ու վերանորոգում

Լիլիթ. Ամբողջ աշխարհն ու երկիրը փակվեց, միջմարզային ճանապարհները փակվեցին, մինչդեռ մենք ամեն անգամ Երեւանից պետք է գայինք Լոռի շինարարական աշխատանքները կազմակերպելու համար:

2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ամբողջովին դադարեցրել ենք գործը, մինչեւ որ երկրում թույլատրեցին շինարարական եւ հողային աշխատանքները: Մյուս կողմից, գյուղի շինարարներն էին խուսափում մեզ հետ շփումից, քանի որ երեւանցիներիս հնարավոր կոնտակտավոր էին համարում:

Դավիթ. Շատ մեծ դժվարությունների ենք բախվել, բայց ոչ մի վայրկյան չենք մտածել գործը կանգնեցնելու մասին: Երբ դու X գումար ներդնում ես բիզնեսում, չի կարելի ուղղակի կեսից կանգ առնել: Մենք մտածում էինք՝ եթե ռիսկով չգնանք առաջ, այլեւս չենք շարունակի:

Դավիթ Կարմիրշալյանը

Բացի այդ, բոլորը մեզ խրախուսում էին, որ շուտ բացենք հյուրատունը, քանի որ Հայաստանում հիմա էլ ներգնա տուրիզմն է զարգանալու:

Հասցրին բացվել

Լիլիթ. 2020-ի հուլիսի 1-ին ավարտեցինք վերանորոգումը ու «Չամիչ» հյուրատունը բացեցինք հուլիսի 20-ին: Բացման օրվանից մինչեւ Արցախյան պատերազմի սկիզբը հյուրատունն այնքան լավ է աշխատել, որ սենյակները չեն բավարարել. ամեն շաբաթ-կիրակի 15-20 հոգու ստիպված մերժում էինք:


Ինքս երեխայիս հետ հյուրատանը չեմ գիշերել, հարեւանի տանն եմ մնացել, իսկ Դավիթը մեծ տղայիս հետ օգոստոս ամսին ընդհանրապես չի եկել Դեբետ, որովհետեւ մնալու ազատ տեղ չունեինք (երկուսիցս մեկը հիմնականում Դեբետում է լինում, որ ղեկավարի աշխատանքը):


Ունենք չորս ննջարան, հյուրատանը կարող են գիշերել մինչեւ 12 հոգի: Շուտով պատրաստվում ենք ընդլայնել հյուրատունը, արդեն գնել ենք հարեւան տարածքը:


Այս ընթացքում ինչ աշխատել, ներդրել ենք հյուրատան զարգացման վրա, այստեղ էլ ամեն ինչ աստիճանաբար ենք կառուցել: Բիզնեսում ներդրած գումարի մի մասը ընտանեկան խնայողություններից ենք հատկացրել, մի մասն էլ վարկ ենք վերցրել.  դրամաշնորհային ոչ մի ծրագրի չենք դիմել:

Փոքրիկ ռեստորանը՝ գյուղական ուտեստներով

Դավիթ. Նախաճաշը ներառված է գիշերակացի գումարի մեջ, իսկ եթե հյուրերն ուզում են նաեւ ճաշել ու ընթրել, առանձին առաջարկում ենք տեղական համեղ սնունդ:


Չենք մատուցում քաբաբ-խորոված. կարծում ենք՝ խորոված-քաբաբն ավելի շատ ասոցացվում է «օբյեկտի» հետ, իսկ «Չամիչ» հյուրատունը «օբյեկտ» չէ, սա մեր տունն է, որտեղ հյուրընկալում ենք մեր հյուրերին ու առաջարկում օգտվել փոքրիկ ռեստորանից:

Լիլիթ. Ճաշացանկը շատ պարզ է՝ տեղական մթերքներից պատրաստված գյուղական ուտեստներ:


Ունենք այս մարզին բնորոշ ավանդական հին փուռ: Եթե մեզ մոտ առնվազն 5-6 մարդ հավաքվում է, հացն այս փռում ենք թխում: Փռում պատրաստում ենք նաեւ ձուկ, գաթա, աջարական խաչապուրի, պիցցա: Հյուրերը նույնպես կարող են մասնակցել հացի թխման գործընթացին:

«Չամիչն» է գրավում

Դավիթ. Մեր ռեստորան այցելում են Դեբետ ու հարեւան գյուղեր այցելող զբոսաշրջիկները. դեպի Հաղպատ եւ վերադարձ եկողները հիմնականում այստեղ են ճաշում:

Երբեմն, մարդկանց հենց մեր «Չամիչ» անվանումն է գրավում, ու հետաքրքրությունից գալիս են տեսնելու, թե սա ինչ տեղ է: «Չամիչ» ենք անվանել, քանի որ կարծում ենք՝ այս հյուրատունը չամիչի նման փոքրիկ ու հաճելի է:


Նպատակ ունենք հետագայում եւս նման ոչ ճանաչված գյուղերում հյուրատներ հիմնել ու Հայաստանի բոլոր մարզերում մեր «Չամիչ»-ներն ունենալ:

Այս ամռանը պատրաստվում ենք բակում սեղան-աթոռներ ավելացնել, որ հյուրերին հնարավորություն տանք անմիջապես հենց բնության գրկում սնվել:

Գյուղ՝ գյուղական խնդիրներ

Լիլիթ. Մենք այս գյուղում բախվում ենք շատ լուրջ ենթակառուցվածքային խնդիրների, որոնց լուծման համար ամեն անգամ լրացուցիչ գումար ու ժամանակ ենք ծախսում:

Դեբետում մի թեթեւ քամուց էլեկտրաէներգիան անջատվում է, զուգահեռ դադարեցվում է ջրամատակարարումը, երբեմն էլ գազի մատակարարումն է թուլանում: Այս ամենը մեր հյուրերին շատ մեծ անհարմարություն է պատճառում, ու մենք ամեն անգամ փորձում ենք շատ արագ լուծել խնդիրը:


Չէինք պատկերացնում, որ գյուղերում եղանակային նման փոքր փոփոխությունից հնարավոր է լույս օրերով չլինի, իսկ բնակիչները չփորձեն անգամ այդ հարցը լուծել: Հիմա մենք մարզում ՀԷՑ-ի աշխատողների հետ այնպիսի հարաբերություններ ենք հաստատել, որ մի փոքր տատման դեպքում փորձում են լուծել խնդիրը:

Գյուղում բիզնես ծավալողների համար իսկապես բարդ է հաղթահարել ենթակառուցվածքային այս խնդիրները: Հայաստանի գյուղերի մեծամասնությունն այնքան թերի է զարգացած, որ տեղացին չի էլ հավատում, թե հնարավոր է մի բան փոխվի: Այստեղ շատերը դադարել են պայքարել. հենց այդ պատճառով են մեզ նման մարդիկ գյուղերում հաջողության հասնում, որովհետեւ մենք գյուղից չենք ու չենք հաշտվել վատի հետ՝ մենք փորձում ենք փոխել, ոչ թե հարմարվել:

Դսեղ չէ, Դեբետ

Լիլիթ, Դավիթ. Դեբետ գյուղը հաճախ են շփոթում Դսեղի հետ, շատերը Դեբետի տեղն անգամ չգիտեն: Ի տարբերություն Դեբետի՝ Դսեղը բավականին ճանաչված ու տուրիզմի առումով զարգացած գյուղ է:

Դեբետում գործում է ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը եւ «Դեբեդ լայֆ» հյուրատունը, որն ավելի շատ նախատեսված է աշխատանքն ու հանգիստը համատեղելու համար: «Չամիչ» հյուրատունը բաց է բոլորի՝ ընտանիքների, ընկերների, մեկօրյա այցելությունների համար, ուստի կարող ենք ասել՝ մեր հյուրատունն իր տեսակով միակն է Դեբետ գյուղում:


Դեբետ գալով՝ ոչ միայն մենք ենք եկամուտ ստանում, այլեւ տեղացիներին ենք աջակցում, երբ իրենց արտադրանքն ենք գնում ու աշխատատեղ ստեղծում: Մեր բոլոր աշխատակիցները Դեբետ գյուղից են:

Բացի այդ, ցանկանում ենք նաեւ այստեղի երիտասարդական կյանքը փոխել, օրինակ, այս ամռանը պատրաստվում ենք մեր բակում բացօթյա կինոդիտումներ, համերգներ կազմակերպել ու տեղացի երիտասարդների հրավիրել:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ «Չամիչ» հյուրատան

Դիտում՝ 6746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW