“Կենտրոնական բանկի քայլն ուղղված է համաշխարհային տնտեսության մեջ հայաստանյան ընկերությունների ինտեգրմանը”

03.04.2008 | 02:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գրանթ Թորնթոն Ամիօ-ի (GTA) տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասիի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- “Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպությունների վարկանշման կարգում” վերջին լրացումների համաձայն, ընկերությունները, որոնք արդեն ունեն “Բ-“ կամ ավելի բարձր վարկանիշ, 2009 թվականից սկսած պետք է “մեծ վեցնյակի” ընկերություններից մեկի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն: Կցանկանայինք ստանալ Ձեր գնահատականը այս որոշման վերաբերյալ:

- Մեր գնահատականը շատ դրական է, ընդ որում, ոչ այն պատճառով, որ մենք “մեծ վեցնյակի” մեջ մտնող ընկերություններից մեկն ենք: Կենտրոնական բանկի այդ քայլն ուղղված է համաշխարհային տնտեսության մեջ հայկական ընկերությունների ինտեգրմանը, քաղաքակիրթ եւ մասնագիտացված բիզնես-հարաբերությունների ձեւավորմանը:

- Որքանո՞վ պատրաստ կլինեն տեղական կազմակերպություններն օգտվել “մեծ վեցնյակի” ընկերությունների ծառայություններից` ինչպես գների, այնպես էլ իրենց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու տեսանկյունից:

- Այնքանով, որքանով նրանք ձգտում են աշխատել արտաքին աշխարհի հետ` հավաստիացնելով երրորդ կողմին իրենց ֆինանսական հաշվետվությունների հիվնավորվածությունն ու լրջությունը: Հայաստանում 10 տարիների աշխատանքի ընթացքում մեր ծառայություններից օգտվում են ամենալուրջ ընկերությունները, ընդ որում, բնականաբար, դա անում են կամավոր հիմունքներով: Ոչ մի ընկերություն` անկախ իր գործունեության ծավալից, մեկ դոլար էլ չի ծախսի, եթե վստահ չլինի դրա շահավետության մեջ: Նշանակում է, այս ամենն ունի իր տրամաբանությունը:

- “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն տարիներ շարունակ աշխատում է հայաստանյան շուկայում: Հայաստանում քոնսալթինգային եւ աուդիտորական ծառայությունների շուկայի կայացման ինչպիսի՞ հիմնական փուլեր կարող եք առանձնացնել: Արդյոք շուկայում առկա պահանջարկը բավարարու՞մ է Ձեր ընկերության զարգացման ծրագրերին:

- Մենք հայկական շուկայում սկսել ենք աշխատել 1991 թվականից` երկրի անկախության հռչակումից անմիջապես հետո: Այն ժամանակ մենք ծառայություններ էինք մատուցում Հայաստանում ներդրումային գործունեություն վարելու մտադրություն ունեցող ֆրանսիական ընկերություններին:

1994 թվականին մենք ստացանք աուդիտորական գործունեություն իրականացնելու առաջին արտոնագիրը, իսկ արդեն 1997 թվականին` գրանցվեցինք որպես համատեղ ձեռնարկություն, որը հետագայում վերակազմավորվեց Գրանթ Թորնթոն Ամիօ ՍՊԸ-ի:

90-ականների կեսին քչերը գիտեին “աուդիտ” տերմինի նշանակությունը, իսկ այսօր իրավիճակն արմատապես փոխվել է. հասարակության բազում ներկայացուցիչներ` սկսած ուսանողներից եւ վերջացած բիզնես-հանրության ներկայացուցիչներով, սկսել են գիտակցել այն օգուտը, որն աուդիտը բերում է տնտեսական գործունեությանը:

Այդ առաջընթացի հետ զուգահեռ նաեւ աճում էր մեր ընկերությունը: Եթե 1998 թվականին ընկերությունում աշխատում էր 4 մարդ, ապա այսօր մեր աշխատակազմն ունի 120 աշխատակից: Մեր բիզնեսն աճում է` անմիջականորեն կախված լինելով տնտեսական զարգացումից եւ շուկայի կայունությունից. եթե մենք աշխատում ենք, նշանակում է աուդիտորական ծառայությունների պահանջարկ կա շուկայում:

Ինչ վերաբերում է մեր ծառայությունների պահանջարկին, ապա այն գերազանցում է առաջարկը. կարեւորը այն սեղմ ժամկետների մեջ տեղավորվելն է, որոնք հաճախ մեզ նեկայացնում են մեր հաճախորդները:

- Ո՞ր ծառայություններն են այսօր առավել պահանջված Հայաստանում, Ձեր ծառայությունների տեսականու մեջ կա՞ն յուրատեսակ խորհրդատվություն:

- Այսօր մեզ դիմում են աուդիտորական, քոնսալթինգային եւ իրավաբանական ծառայությունների համար: Ընդ որում, եթե աուդիտորական եւ իրավաբանական ծառայությունները քիչ թե շատ սահմանափակ եւ կոնկրետացված են, ապա խորհրդատվական ծառայությունների շրջանակն ավելի լայն է` բիզնես-ծրագրերի կազմումից եւ ֆինանսական միջոցներ փնտրելուց մինչեւ ձեռնարկությունների առք ու վաճառքն ու լուծարումը:

Վերջին երկու տարիներին մենք նաեւ աջակցում ենք մի շարք ընկերությունների, որոնք պատրաստվում են արժեթղթերի շուկա դուրս գալ, եւ վստահ եմ, որ նոր սեփականատիրոջ մուտքով` ի դեմս OMX NASDAQ-ի, այդ աշխատանքը որակապես նոր մակարդակի դուրս կգա:

Յուրահատուկ ծառայությունների շարքին է պատկանում IT-աուդիտը, որի մշակումը մենք սկսել ենք մոտ երկու տարի առաջ: Այն նախատեսված է բանկերի, վարկային կազմակերպութոյւնների, հրապարակային ընկերությունների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների համար եւ ուղղված է նրանց գործունեության անվտանգության ապահովմանը` միջազգային չափանիշների համաձայն: Տվյալ ծառայության մշակումն ու ներդնումը հնարավոր դարձավ շնորհիվ միջազգային արտոնագիր ունեցող մասնագիտացված կադրերի ընտրության:

- Որքանո՞վ է դիվերսիֆիկացված GTA հաճախորդների բազան, ինչպիսի՞ տեղ են այնտեղ զբաղեցնում բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները:

-Գրանթ Թորնթոն Ամիօ-ի -ի հաճախորդներն են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ` անկախ սեփականության ձեւից: Եթե նախկինում մեր ընկերության կառույցում գործող 4 դեպարտամենտներից ամենամեծը բանկային աուդիտի բաժինն էր, ապա այսօր այն զիջել է իր դիրքերը ձեռնարկությունների աուդիտի դեպարտամենտին: Այսօր բանկային դեպարտամենտի մասնաբաժինը կազմում է մեր ծառայությունների ծավալի ընդամենը մոտ 15%-ը:

- Որքա՞ն ուժեղ է այսօր մրցակցությունը հայաստանյան խորհրդատվական եւ աուդիտորական ծառայությունների շուկայում:

- Քոնսալթինգա-աուդիտորական ծառայությունների շուկայի մրցակցությունը ես կբնութագրեի որպես ուժեղ , սակայն առողջ: Հաճախորդներին հետաքրքրում են ամենաորակյալ ծառայությունները, ինչի կապակցությամբ մենք մշտական եւ լուրջ աշխատանք ենք տանում մեր աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

- Ինչո՞վ էր պայմանավորված Grant Thornnton բրենդի փոփոխության անհրաժեշտությունը:

- Իմ կարծիքով, բրենդի փոփոխությունը հարմար առիթ հանդիսացավ, որպեսզի մենք հայտարարենք, թե որքան կարգավորված եւ համակարգված է Grant Thornton International միջազգային ցանցի բոլոր ստորաբաժանումների գործունեությունը:

Բրենդի փոփոխությունը հերթական անգամ հաստատեց մեր պատրաստակամությունը միեւնույն օրն ու ժամին միասնական կորպորատիվ գաղափար իրագործել բոլոր 113 երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք:

Դիտում՝ 6808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW