Covid-19-ը եւ սպառողական վարքի փոփոխություններն աշխարհում

04.05.2020 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Covid-19 #Մարթա Մամյան
Ներկայացնում ենք «Արինսայթս» հետազոտական ընկերության վերլուծաբան Մարթա Մամյանի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար:
 
Covid-19 համավարակի տարածումը, որի առաջ բերած պարտադրված սոցիալական պրակտիկաներից մեկը տարբեր երկրներում հասարակության անդամների ինքնամեկուսացումն էր, նպաստեց սպառողական վարքի մի շարք փոփոխությունների։ Չնայած վարակի առաջին դեպքերը տարբեր երկրներում բացահայտվեցին տարբեր շաբաթներում, վարքային փոփոխությունների շղթան, ընդհանուր առմամբ կարող է նկարագրվել ցիկլային նմանություններով, որի ընթացքում բնակչության սոցիալական վարքը ենթարկվեց համանման փոփոխությունների՝ կախված վարակի տարածման փուլերից: Ավելին, մասնագետները պնդում են, որ համաճարակի ժամանակ ձեռք բերած սովորությունները կամրապնդվեն՝ դառնալով հետհամաճարակային առօրեականության մի մասը։

Շուկայի ուսումնասիրությունների ոլորտի համաշխարհային առաջատարները, ինչպիսիք են Nielsen-ը, IPSOS-ը, GFK-ը, Kantar-ը, պրոակտիվ կերպով պարբերաբար վերլուծում են սպառողական վարքի այդ փոփոխությունները տարբեր երկրներում: Ընդհանրացնելով նրանց հրապարակած վերլուծությունները՝ ներկայացնում ենք սպառողական վարքի հիմնական փոխակերպումները։

Սպառողական վարքի փոփոխությունների էվոլյուցիան

Nielsen-ը դեռ մարտի 2-րդ շաբաթվա ընթացքում հրապարակել է վարակի զարգացմանը համընթաց փոփոխվող սպառողական վարքի փուլերի վերլուծություն, որը միտված է օգնելու արտադրողներին՝ կանխատեսելու ապրանքների պահանջարկի փոփոխությունները։ Ընկերությունն առանձնացրել է վարքի փոփոխության 6 հիմնական փուլեր, որոնց հիմքում ընկած են վարակի տարածման ցուցանիշները՝ ելնելով մի շարք երկրներում, այդ թվում Չինաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, վիրուսի տարածման դինամիկայից։

Փուլ 1. Պրոակտիվ ընդհանուր առողջական մտահոգությամբ պայմանավորված սպառում – համընկնում է երկրում վարակի առաջին դեպքերի հայտնաբերման հետ, աճում է ընդհանուր առողջության պահպանմանն ուղղված եւ առաջին անհրաժեշտության պարագաների նկատմամբ հետաքրքրությունը:

Փուլ 2. Առողջության ռեակտիվ կառավարում – պետությունը սկսում է առողջության եւ անվտանգության արշավներ, գրանցվում են վարակի տեղային փոխանցման եւ մահվան առաջին դեպքերը: Այս փուլում աճում է վարակից պաշտպանվելու պարագաների, օրինակ՝ դիմակների, պահանջարկը

Փուլ 3. Պահեստավորում – գրանցվում է վարակվածության դեպքերի թվի ավելացում, ինքնամեկուսացման պրակտիկայի նախնական տարածում, երկրների սահմանների փակում: Սպառողական վարքն այս փուլում արտահայտվում է խանութներ հաճախակի այցերով, սպառողական զամբյուղի մեծացմամբ, հատկապես՝ երկար պահպանվող սննդամթերքի լայնածավալ սպառմամբ:

Փուլ 4. Նախապատրաստում մեկուսացված կյանքին – վարակվածության դեպքերը շարունակում են ավելանալ մեծ թափով, մեծ հավաքներն արգելվում են, փակվում են դպրոցներն ու հասարակական վայրերը: Սպառողական վարքն այս փուլում փոխակերպվում է՝ խանութներ այցելության նվազման, օնլայն գնումների աճի դրսեւորումներով, խանութներում նկատվում է որոշ ապրանքների դեֆիցիտ:

Փուլ 5. Սահամանափակումներով լի կյանք – գրանցվում են վարակվածության մասսայական դեպքեր, արգելափակվում է տեղաշարժը համայնքներում, փակվում են ռեստորանները, արգելվում են նաեւ փոքր հավաքները: Խիստ սահմանափակումներ են դրվում նաեւ խանութներ այցելությունների վրա: Սպառողական վարքի արձագանքն է դառնում օնլայն գնումների շարունակական աճը, ինչի արդյունքում առաջանում է սննդի սակավություն եւ գնաճ:

Փուլ 6. Անցում նոր «նորմալությանը» – համաճարակի ավարտ, մարդիկ վերադառնում են հին կյանքին՝ նոր սովորություններով (առողջության նկատմամբ ավելի մեծ ուշադրություն, հիգիենայի պահպանում, ինտենսիվացված օնլայն գնումների պրակտիկաներ):

Առցանց գնումների դինամիկան

Nielsen ընկերության կողմից մարտի 13-26-ն իրականացված հետազոտության հաշվետվությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրված 13 երկրներում կտրուկ նվազել է սուպերմարկետ այցելելու հաճախականությունը եւ աճել առցանց առեւտուրը: Ըստ ընկերության կողմից ապրիլի երկրորդ շաբաթվա սկզբում հրապարակած հաշվետվության՝ Լեհաստանում բնակչության 80%-ը, Իտալիայում՝ 78%-ը, իսկ Ֆրանսիայում 71%-ը նշում է, ավելի հազվադեպ է այցելում սուպերմարկետներ։

Գծապատկեր 1. Սուպերմարկետից գնումներ կատարելու հաճախականությունը 13 երկրներում


Առցանց գնումների պրակտիկայի աճը Nielsen ընկերության կողմից հետազոտված 13 երկրներում արձանագրված ամենաակնառու եւ համատարած փոփոխությունն է: Սակայն սպառողական վարքն առցանց հարթակում միանման չէ բոլոր ուսումնասիրված երկրներում․ եթե Իտալիայում եւ Ֆրանսիայում փետրվարի վերջին շաբաթվանից մինչեւ պաշտոնական մեկուսացում ընկած ժամանակահատվածում կտրուկ աճ են ապրել օնլայն գնումները, Գերմանիայի բնակիչներին հաջողվում է պահպանել սուպերմարկետ այցելելու մշակույթը։ Իտալիայում բնակչության շրջանում օնլայն գնումներ կատարող մարդկանց տոկոսն աճել է գրեթե 60 տոկոսային կետով մինչեւ մեկուսացման պահը եւ 120 տոկոսային կետով մինչեւ մարտի վերջին շաբաթը՝ համեմատած հունվար ամսվա հետ։ Ֆրանսիայում հունվար ամսվա հետ համեմատած օնլայն գնումներն աճել են 50 տոկոսային կետով մինչեւ պաշտոնական  ինքնամեկուսացումը, որից հետո՝ մարտի վերջին շաբաթում, անկում ապրել մինչեւ 30 տոկոսային կետով՝ ընդհանուր բնակչության շրջանում ցուցանիշը հասցնելով մոտ 60%-ի։ Իսպանիայում օնլայն գնումների ամենաբարձր տոկոսը նույնպես գրանցվել է պաշտոնական մեկուսացման շրջանում՝ հունվարին արձանագրված 15%-ից հասնելով 60%-ի։

Ուսումնասիրված 13 երկրներում բազում սպառողներ փոխարինել են սրճարանում սնվելու սովորությունը տանը սնվելով եւ սրճարանից սնունդ պատվիրելով։ Թուրքիան եւ Իտալիան գրանցել են տանը սնվելու դեպքերի ամենամեծ աճը (համապատասխանաբար աճելով 80 եւ 75 տոկոսային կետով), իսկ Հունաստանն ու Լեհաստանը սննդի օնլայն առաքման ամենամեծ աճը (մոտ 20 տոկոսային կետով)։

Ֆինանսական վարք

Covid-19-ի տարածումը ազդել է նաեւ բնակչության ֆինանսական կարողությունների վրա։ Ipsos MORI ընկերությունը ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հրապարակել է Բրիտանիայի 18-75 տարեկան բնակչության շրջանում իրականցված հետազոտության արդյունքները: Վերջիններս փաստում են, որը բնակչության 46%-ը ստիպված է ավելի քիչ գումար ծախսել եւ խնայել։ Այս առումով ամենախոցելին երիտասարդներն  են (18-34 տարեկան)․ երիտասարդների 11%-ը նշել է, որ ունի օվերդրաֆտ բանկում, իսկ 16%-ն արդեն պարտքով գումար է խնդրել ընտանիքից եւ ընկերներից։

Արդյունքները ցույց են տալիս, որ նշված ժամանակահատվածում Բրիտանիայի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ավելի քիչ գումար է ծախսում, ավելի շատ գումար տալիս պարտքով, օգտագործում է խնայողությունները, օվերդրաֆտը եւ վարկային քարտը:

Գծապատկեր 2. Համավարակի պատճառով ձեռնարկված ֆինանսական քայլերը, Մեծ Բրիտանիա


Kantar հետազոտական ընկերության կողմից Ռուսաստանում իրականացված իրականացրած հետազոտության շրջանակներում բնակչության 29%-ը նշել է, որ կորոնավիրուսն ազդել է իրենց եկամտի վրա, իսկ 45%-ը սպասում է, որ կազդի։ 60%-ը նշել է, որ վարակի տարածմանը զուգընթաց ավելի մեծ ուշադրություն է դարձնում ապրանքների գներին, իսկ 57%՝ զեղչերին։

Սպառողների վստահության ինդեքսը

Ապրիլի 14-ին Ipsos ընկերությունը հրապարակել է Սպառողների վստահության գլոբալ ինդեքս հետազոտության տվյալները: Սպառողների վստահության ինդեքսն արտացոլում է սպառողների դիրքորոշումները իրենց երկրի տնտեսության ներկայի կամ ապագայի, իրենց անձնական ֆինանսական միջոցների, խնայողությունների դրության եւ ներդրումներ անելու վստահության վերաբերյալ։ Ընկերությունը չափում է տվյալ ինդեքսը յուրաքանչյուր ամիս հավաքագրվող տվյալների վրա 24 երկրներում՝ սկսած 2010 թվականից:

Սկսած 2020 թվականի հունվարից, երբ հրապարակվում էին կորոնավիրուսի բռնկման առաջին հաշվետվությունները, 24 երկրներից 23-ում արձանագրվել է Սպառողների վստահության ինդեքսի նշանակալի անկում. անկումը բոլոր երկրների մակարդակով կազմել է 4.2 կետ, իսկ ընդհանուր ինդեքսը՝ 44.4: Սա 2012 թվականից սկսած՝ ինդեքսի ամենացածր արժեքն է: Ինդեքսի ամենանշանակալի անկումը (5 եւ ավելի կետով) արձանագրվել է 8 երկրում, մասնավորապես Ավստրալիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում, Հունգարիայում, Իտալիայում եւ Ճապոնիայում: 8 երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Աֆրիկայի, Հարավային Կորեայի, Հունգարիայի եւ Իսպանիայի ցուցանիշն այժմ ցածր է 40-ից։

Գծապատկեր 3. Սպառողների վստահության գլոբալ ինդեքսը 2020թ ապրիլի դրությամբ


Սպասումների գլոբալ ցուցանիշը (50.6), որն արտացոլում է աշխատանքի, սեփական ֆինանսական միջոցների եւ լոկալ տնտեսության նկատմամբ հեռանկարները, տարեսկզբի համեմատ նվազել է 6.4 կետով։ Ցուցանիշը բաղկացած է վստահության մի շարք ենթաինդեքսներից, որոնք նույնպես անկում են ապրել: Օրինակ՝ Աշխատանքի (աշխատանքի ապահովություն) ինդեքսը նվազել է 3.9-ով՝ դառնալով 52.6, Սպասումների (անձնական ֆինանսական միջոցներ, համայնքի տնտեսություն) ինդեքսը նվազել է 6.4-ով՝ դառնալով 50.6, իսկ ներդրումների ինդեքսը 3.8-ով` հասնելով 38.6-ի։

Տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի սպառում

GFK հետազոտական ընկերությունն ամփոփել է կենցաղային տեխնիկայի, գրասենյակային պարագաների, տեխնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման պարագաների սպառումը՝ շրջադարձային համարելով ինքնամեկուսացման պահը։ Ընկերությունը հետազոտություններ է իրականացրել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում։ Գերմանիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում ինքնամեկուսացումից առաջ աճել են գրասենյակային  պարագաների (տպիչ սարքեր) եւ համակարգիչների սպառումը։ Ընդհանուր առմամբ տեխնիկական սպառողական ապրանքների վաճառքը աճ է գրանցել Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում մեկուսացումից անմիջապես առաջ, եւ անկում ապրել մյուս երկրներում։ Մեկուսացումից առաջ եւ հետո նվազել է սմարթֆոնների պահանջարկը բոլոր հետազոտված երկրներում։ Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում կտրուկ նվազել է սպառողական էլեկտրոնիկայի (ականջակալներ, տնային աուդիո համակարգեր, հեռուստացույցներ), սառեցնող եւ լվացող տեխնիկայի եւ մանր կենցաղային տեխնիկայի պահանջարկը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում նույն կատեգորիաների համար այն աճել է։

Ժամանցի կազմակերպում

Իսկ ինչո՞վ են զբաղվում Covid-19-ի ժամանակ ինքնամեկուսացած մարդիկ եւ ինչպե՞ս են հաղթահարում սթրեսը։ Ըստ Chicago Tribune-ի ընդհանրացված հրապարակման՝ ժամանցի ամենատարածված ձեւերը սնունդ պատրաստելն է, հավելվածներից օգտվելը, սեղանի եւ վիդեո խաղեր խաղալը։

Սննդի պատրաստումը, հատկապես տանը հաց թխելը դարձել է թրենդային ԱՄՆ-ում ինքնամեկուսացման ժամանակ։ NPD Group-ը հրապարակել է, որ հաց թխող սարքերի վաճառքն աճել է 195%-ով, իսկ ջրի ֆիլտրերի վաճառքը՝ 256%-ով։

Ռուսաստանում բնակչության մեծամասնությունը փորձել է նոր բաղադրատոմսեր եւ գրեթե կեսը փորձում է ավելի առողջ սնվել։

Ըստ Kantar ընկերության Covid19 Barometer հետազոտության՝ Ռուսաստանում հարցվողների զգալի մասը նշել է, որ ավելի շատ ժամանակ է տրամադրում քնելուն (41%), ընթերցանությանը (37%), անձնային զարգացմանը (32%), հնարավորին չափ շատ արեւային լույսի ներքո գտվելուն (26%) եւ ֆիզիկական վարժություններին (24%):

Nielsen-ը հաղորդում է, որ աճել է վիդեո խաղերի օգտագործման վրա ծախսված ժամանակը վիդեո գեյմերների շրջանում ԱՄՆ-ում՝ 45%, Ֆրանսիայում՝ 38%, Մեծ Բրիտանիայում՝ 29% եւ Գերմանիայում 20%-ով։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Learning Express Toys խանութում աճել է փազլների եւ խաղերի վաճառքը՝ համապատասխանաբար 90%-ով եւ 41%-ով։

Նույն ընկերությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում վարակի շրջանում շեշտակի աճել է վիդեո հավելվածների օգտագործումը մարտի 3-րդ շաբաթվա տվյալներով՝ համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ։ Աճել է ոչ միայն ամենահայտնի հավելվածների օգտագործումը (Netflix, YouTube, Hulu, Amazon), այլեւ «այլ» կատեգորիայում գտնվողներինը։

Գծապատկեր 4. Վիդեո հավելվածների սպառումն ԱՄՆ-ում


Մեդիա սպառում

Kantar ընկերության կողմից իրականացվող Covid-19 Բարոմետրի 30 երկրներում եւ 25000 հարցվողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները բացահայտել են, որ մեդիա սպառումը աճել է բոլոր հետազոտվող երկրներում։ Ըստ Բարոմետրի արդյունքների, վեբ օգտագործումն (web browsing) աճել է 70%-ով, հեռուստացույցինը՝ 67% եւ  սոցիալական մեդիայինը՝ 61%-ով։

Սոցիալական մեդիա հավելվածների օգտագործման ամենամեծ աճը գրանցել է WhatsApp-ը (40%): Իսպանիայում օգտագործման ցուցանիշը հասել է 70%-ի։ 18-35 տարեկան տարիքային խմբում WhatsApp-ը, Facebook-ը եւ Instagram-ն արձանագրել են 41%-ից ավելի օգտագործման աճ։

Ավանդական համազգային  լրատվական միջոցները (հեռարձակում եւ տպագիր թերթ) տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են․ բնակչության 52%-ը համարում է դրանք վստահելի։ Պետական պաշտոնական կայքերը վստահելի են բնակչության 48%-ի համար, իսկ սոցիալական մեդիա ցանցերին վստահում է բնակչության միայն 11%-ը։
Դիտում՝ 7941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai