Իվան Տելեգին. Մեր խնդիրն է՝ դառնալ առաջին ընտրության բանկ

09.03.2020 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Իվան Տելեգին #ՎՏԲ-Հայաստան Բանկ
Banks.am-ի հարցազրույցը ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետ:

- Պարոն Տելեգին, Դուք 2018-ից ղեկավարում եք ՎՏԲ-Հայաստան Բանկը: Նոր պաշտոնում Ձեր առջեւ ծառացած էին Հայաստանի տարածքում ՎՏԲ Խմբի զարգացման եւ բանկն առաջատար դիրքեր դուրս բերելու խնդիրները: Ինչպե՞ս են լուծվում այդ խնդիրները:

- Մենք մեր առջեւ մշտապես բավական հավակնոտ նպատակներ ենք դնում, ձգտում առաջատար դառնալ Հայաստանի բանկային շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ծավալների տեսանկյունից: Այդ նպատակին հասնելու համար մենք բարելավում ենք մեր ծառայությունները, ձեւակերպում առաջարկներ հաճախորդների համար՝ հիմնվելով նրանց պահանջների վրա: Ներկայում առաջարկում ենք պրոդուկտների եւ սակագնային լուծումների ճկուն տեսականի, որը վարկառուներին հնարավորություն է տալիս ընտրել հենց այն վարկային ծրագրերը, որոնք համապատասխանում են իրենց ֆինանսական հնարավորություններին:

2019-ի վերջին բանկը պահպանեց իր առանցքային դիրքերը եւ շուկայում զբաղեցրեց առաջին տեղը՝ սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ ՎՏԲ Խումբն առաջատար դիրք զբաղեցրեց ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի չափերով: ՎՏԲ-Հայաստան Բանկը նաեւ առաջինն է Խմբի դուստր բանկերի միջեւ՝ ֆիզիկական անձանց վարկային եւ ավանդային պորտֆելների մեծության տեսանկյունից:

2019-ին ավանդների տոկոսադրույքների անկման ֆոնին մենք մեկնարկեցինք բրոքերային ծառայություններ՝ հաճախորդների լայն խմբի համար, եւ արդեն իսկ նկատում ենք բավական մեծ պահանջարկ դրանց նկատմամբ: Բազմաթիվ հաճախորդներ նախընտրում են արժեթղթեր գնել, քանի որ դասական խնայողական պրոդուկտների տոկոսադրույքները նվազում են:

Իվան Տելեգինը

Եթե խոսենք տեխնոլոգիական լուծումների մասին, ապա մենք գործարկել ենք Մոբայլ/Ինտերնետ Բանկ հավելվածն ու Վիդեո Բանկ ծառայությունը, ինչը դրական է ազդել բանկի պրոդուկտների առաջխաղացման վրա: Ներկայումս մենք էլ ավելի հավակնոտ նպատակներ ունենք, որոնք կապված են հեռահար ծառայությունները զարգացնելու եւ ամբողջությամբ թվայնացնելու հետ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք կդադարենք զարգացնել մասնաճյուղային ցանցը. 2019-ի վերջին բացեցինք մեր թվով 72-րդ մասնաճյուղը:

Բացի այդ, նախատեսում ենք ուժեղացնել մեր ներկայությունը միջին եւ փոքր բիզնեսի հատվածում: Արդեն իսկ վստահորեն կարող եմ ասել, որ այս ուղղությամբ մենք հասել ենք դրական արդյունքների. միայն անցած տարվա ընթացքում փոքր բիզնեսին տրված վարկերն ավելացել են 15%-ով:

Միջին բիզնեսի հետ աշխատանքն ավելի շատ ժամանակ է պահանջում: Մեկուկես տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուներ բավական շատ ոչ պրոֆիլային ակտիվներ՝ գործարաններ, հյուրանոցներ, հողամասեր եւ այլն: Սակայն, վերջին տարիների ընթացքում մենք լուծեցինք նաեւ այդ խնդիրները:

- Այդ նպատակներին հասնելու համար ի՞նչ խնդիրներ եք լուծել առաջին հերթին:

- Տնօրինության կազմն ամբողջովին թարմացվել է: Մեր խնդիրն էր ներգրավել հնարավորինս շատ որակյալ մենեջերների: Ոմանք մեզ մոտ են եկել Հայաստանի այլ բանկերից, ոմանք էլ՝ ժամանել այլ երկրից: Ուժեղ թիմը բիզնեսի զարգացման կարեւոր գործիքներից է: Բացի այդ, նպատակներին հասնելու համար հարկավոր է ունենալ մոտիվացված եւ միասնական թիմ:

Հաջորդ խնդիրը բանկի կառավարման կառուցվածքի ամբողջական վերակազմավորումն էր, որը մենք լուծեցինք բավական արագ եւ արդյունավետ: ՎՏԲ Խմբի աջակցությունն ու փորձը նշանակալի դեր ունեցան այս գործընթացում:

- Ի՞նչ է անհրաժեշտ բանկային բիզնեսում առաջատար լինելու համար:

- Ամենակարեւորը մշտապես կատարելագործվելն է. ինքնակրթություն, ինքնազարգացում, անդադար շարժում դեպի նորարարություններ: Անհրաժեշտ է նաեւ չկորցնել ձեր սեփական, ներքին մոտիվացիան՝ նպատակներին հասնելու համար: Սա շատ կարեւոր է, քանի որ առաջնորդի ճիշտ տրամադրվածությունը փոխանցվում է ամբողջ թիմին:

Իվան Տելեգինը


- Ո՞րն է ներկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության առաջնահերթ ոլորտը ՝ մանրածախ բիզնե՞սը, թե՞ աշխատանքը խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ:

- ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմապրոֆիլ բանկ է, հետեւաբար՝ բիզնեսի երկու ուղղություններն էլ առաջնային են մեզ համար՝ հատկապես, որ դրանք փոխկապակցված են: Առօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք սիներգիայի էֆեկտը: Օրինակ՝ իրավաբանական անձանց վարկավորման դեպքում առկա է հաճախորդին աշխատավարձային ծրագրերում եւ ուղեկցող այլ ծառայություններում ներգրավելու հնարավորություն ու անհրաժեշտություն, որոնք բանկին ինտեգրալ շահույթ են բերում: Սա, իր հերթին, հնարավորություն է տալիս սակագների վերաբերյալ ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել:

- Բանկը գործարկել է գովազդային արշավներ, եւ Դուք դարձել եք դրանց դեմքը: Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:

- Օրեր առաջ մենք թողարկեցինք նոր գովազդային հոլովակ մեր աշխատավարձային քարտերի առավելությունների մասին: Նախորդ հոլովակը նվիրված էր վարկերի գնմանը, եւ այդ արշավը մեծ հաջողություն ունեցավ. սպառողական վարկերի վաճառքն ավելացել է գրեթե 60%-ով: Պրոդուկտն ինքնին պահանջված էր Հայաստանի քաղաքացիների կողմից: Նախկինում շատերը վարկեր էին ձեւակերպում 40-50%-ով կամ ավելի բարձր տոկոսադրույքով, իսկ վարկերի գնում ծառայությունը հնարավորություն տվեց այդ հաճախորդներին զգալիորեն թեթեւացնել վարկային բեռը:

Ինչ վերաբերում է գովազդային հոլովակում իմ դերին, մենք ենթադրեցինք, որ սպառողը, հավանաբար, պատրաստ է ավելի շատ վստահել այն պրոդուկտներին եւ ծառայություններին, որոնք առաջարկվում են անմիջապես բանկի ղեկավարի կողմից: Եվ դատելով արդյունքներից՝ մենք չսխալվեցինք:

- Ինչպե՞ս են կառուցվում ՎՏԲ Խմբի դուստր բանկերի միջեւ փոխհարաբերությունները, եւ կա՞ն արդյոք միասնական բանկային պրոդուկտներ, որոնք արդիական են խմբի բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար:

- Հարաբերությունները բավական հստակ են կառուցված: Խմբի առաջատար թոփ-մենեջերները ՎՏԲ-Հայաստան Բանկի դիտորդ-խորհրդի անդամներն են, ինչը չափազանց դրական է ազդում ֆինանսական կազմակերպության աշխատանքի որակի եւ փոխգործակցության վրա:

Ռուսաստանում ՎՏԲ-ն առաջատար դիրք է գրավում բիզնեսի շատ ոլորտներում: Մեր կողմից մենք նաեւ փորձում ենք ստեղծել ծառայություններ, որոնք նպաստում են ամբողջ խմբի զարգացմանը: Այլ կերպ ասած, մենք դոտացիաներ ենք ստանում ոչ միայն տեխնոլոգիայի եւ փորձաքննության տեսքով, այլեւ գործում ենք նաեւ որպես «դոնոր»:

Իվան Տելեգինը

- Որո՞նք են բանկի զարգացման ռազմավարության առանցքային կետերը:

- ՎՏԲ-Հայաստան Բանկը հաստատել է զարգացման ռազմավարությունը մինչեւ 2022 թվականը եւ նպատակ ունի զարգացնել եւ պահպանել առաջատարի դիրքերը բիզնեսի բոլոր հատվածներում: Մեզ համար առաջնայինը հաճախորդային բազայի ընդլայնումն ու թվայնացման մակարդակի բարձրացումն է: Չնայած մասնաճյուղային լայն ցանցին՝ այսօր մենք բավական ակտիվորեն զարգացնում ենք հաճախորդների հեռահար սպասարկման եղանակները:

- Հարմարվե՞լ եք Հայաստանին:

- Կա մի հայտնի արտահայտություն. «Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք», բայց ես կվերաշարադրեմ. «Լավ է այնտեղ, որտեղ մենք կանք»: Երբ մարդը կենտրոնանում է դրական կողմերի վրա, կյանքը դառնում է ավելի դրական եւ հետաքրքիր:

Հայաստանում, առաջին հերթին, ինձ դուր են գալիս ոչ միայն սնունդն ու կլիման, այլեւ ամենակարեւորը՝ մարդիկ, ինչպես նաեւ ծագող խնդիրների լուծման արագությունը:



Իվան Տելեգինի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը
Դիտում՝ 28152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW