Ձնամարտից՝ կայտբորդինգ կամ տուրիստական ձմեռը Հայաստանում

22.01.2020 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ձմեռային տուրիզմ #ձնամարտ #լեռնադահուկ
Թեեւ այս տարին Հայաստանի համար այնքան էլ ձնառատ չէ, այդուհանդերձ, լեռնային շրջաններում շարունակում է զարգանալ ձմեռային տուրիզմը: Banks.am-ը ներկայացնում է մի շարք արկածային գրավչություններ, որ պատրաստ են ապահովել զբոսաշրջիկի ժամանցը ձմեռային Հայաստանում:

Կանոններով ձնագնդիկ կամ «Յուկիգազն»

Էդմոնդ Խաչատրյան, Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի համահիմնադիր.

«Յուկիգազն» կամ «Ձնամարտ» խաղը ստեղծվել է Ճապոնիայում 1980-ականների վերջում, ապա՝ տարածում ստացել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Այսօր «Յուկիգազն»-ի միջոցառումներին մասնակցում են 15-ից ավելի երկրներ, որոնցից են Ֆինլանդիան, Ռուսաստանը, Նորվեգիան։

Հայաստանն այս մրցաշարին միացել է 2019-ին, երբ հիմնեցինք Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան եւ Ապարան քաղաքում անցկացրինք առաջին մրցաշարը։

Դրանից հետո մեկնեցինք Ֆինլանդիա՝ մասնակցելու Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցինք։


Խաղն ունի հստակ կանոններ։ Պայքարում է երկու թիմ, որից յուրաքանչյուրում կա 7 մասնակից՝ 3 հարձակվող եւ 4 պաշտպան։ Նրանք զինվում են հատուկ սարքով պատրաստված ձնագնդերով եւ փորձում հասնել հաղթանակի մի քանի հնարավոր եղանակներով՝ վերցնելով մրցակցի դրոշը, խաղից դուրս հանելով մրցակից թիմի բոլոր խաղացողներին կամ սպասելով, թե երբ կսպառվեն մրցակցի ձնագնդերը։


Այս տարվա փետրվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Ապարանում անցկացնելու ենք ձնամարտի չեմպիոնների լիգա՝ Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ համատեղ։ Հյուրընկալելու ենք տարբեր թիմերի 6 երկրներից՝ այդ կերպ նպաստելով նաեւ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու խթանելով ձմեռային տուրիզմը։

Խաղի տարածմանը նպաստելու համար Երեւանում յուրաքանչյուր շաբաթ օր փակ դահլիճում անցկացնում ենք մրցաշարեր արհեստական ձնագնդերով։

Էդմոնդ Խաչատրյանը

Դեպի լեռնային բնության տեսարաններ

Աղվան Ղուկասյան, ձմեռային քայլարշավների ուղեկցորդ.

Աշխատում ենք հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկների հետ՝ առաջարկելով լեռնադահուկային տուրիզմ եւ snowshoeing: Հայաստանում գրեթե տեղեկացված չեն այս սպորտաձեւերից: Բացի այդ, գույքը բավականին թանկ արժե: Օրինակ, լեռնադահուկային ալպինիզմով զբաղվելու համար անհրաժեշտ օգտագործված գույքը գնելու համար 700-1000 եվրո գումար է պետք:

Արտերկրից հյուրերի համար հայաստանյան էքստրեմալ զբոսաշրջությունն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ հնարավորություն է ընձեռում վայելելու վայրի բնությունը: Այն դեռեւս չի «խեղդվել» հյուրանոցներով եւ ռեստորաններով, ու զբոսաշրջիկը, բարձրանալով լեռների գագաթներ, կարող է հիանալ բնության հրաշք տեսարաններով:  


Արշակ Մկրտչյան, ձմեռային քայլարշավների ուղեկցորդ.

Snowshoeing-ի կամ, ինչպես ես եմ այն անվանում, ոտնաթիակի օգնությամբ կարելի է շարունակել լեռնային արշավները նաեւ ձմռանը: Ոտքին ամրացող ու կոշիկի նման այս սարքերը թույլ են տալիս հեշտությամբ քայլել ձյան վրայով:

Դրա առավելությունը լեռնադահուկային տուրիզմի նկատմամբ այն է, որ Snowshoeing-ը չունի տարիքային սահմանափակում եւ չի պահանջում հատուկ մարզավիճակ: Բացի այդ, դահուկային տուրերը շատ ավելի թանկ արժեն:


Դահուկավազք՝ չեմպիոն ընտանիքի հետ

Արթուր Միքայելյան, Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ, Աշոցքի դահուկավազքի կենտրոնի ղեկավար.

Նախորդ տարվա հունվարին այստեղ՝ Աշոցքում, տեղի ունեցավ դահուկավազքի կենտրոնի բացումը, որը կառուցվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ:

Այս կենտրոնը մեր 30-ամյա երազանքի մեկնարկն է: Ես, կինս եւ որդիներս տարբեր մրցաշարերում դահուկավազքի չեմպիոններ ենք, չորսս միասին մոտ 70 ոսկե մեդալ ենք նվաճել, իսկ այժմ փորձում ենք Աշոցքը դարձնել դահուկավազքի սպորտային կենտրոն, ինչպես նաեւ նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Արթուր Միքայելյանը

Այստեղ եկել են մարզիկներ Ուկրաինայից եւ Ռուսաստանից, ընդունել ենք զբոսաշրջիկների Իրանից, Մեքսիկայից, Լիբանանից, Ավստրալիայից, Կանադայից, եվրոպական տարբեր երկրներից:

2019-ի սեպտեմբերին մեզ այցելեցին միջազգային փորձագետներ՝ գնահատելու դահուկուղին, որից հետո այն դասվեց B մակարդակի՝ համապատասխան միջազգային չափանիշներին: Դա նշանակում է, որ այստեղ կարող ենք անցկացնել միջազգային խոշոր մրցաշարեր, իսկ ենթակառուցվածքների բարելավման դեպքում՝ հասնել A մակարդակի:


Մեր նպատակն է Աշոցքում ունենալ քոթեջներ եւ հյուրատներ, որոնք կլինեն մատչելի: Դահուկավազքի սիրահարները չեն սիրում բարձրակարգ հյուրանոցներ:

Այժմ մեր կենտրոնում կարող ենք գիշերակացով եւ սնունդով ապահովել մոտ 15 այցելուի:

Հաշվի առնելով դահուկավազքի համար անհրաժեշտ առկա գույքը՝ միաժամանակ կարող ենք դահուկավազքի ծառայություն մատուցել 20-30 հոգու: Դրա արժեքը 2000 դրամ է:

Առաջիկայում կհիմնենք ձեռնարկություն եւ կհստակեցնենք բիզնես հեռանկարն ու գնային քաղաքականությունը:


Տուրիստական հոսքերի ապակենտրոնացում

Հայկ Խառատյան, Կայտբորդինգի զարգացման կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու.

Արդեն 7 տարի է՝ Շիրակի մարզում զբաղվում ենք կայտբորդինգով: Սպորտաձեւի հիմքում ընկած է քամու ուժի կիրառումը. մարզիկը սահում է ձյան վրայով՝ կառավարելով շարժման ընթացքը հատուկ օդապարուկի միջոցով:

Նպատակ ունենք Հայաստանում զարգացնել այս սպորտաձեւը եւ ներկայացնել նաեւ որպես տուրիստական պրոդուկտ:

Այժմ մշակել ենք նոր տուրիստական փաթեթներ, որոնց շրջանակում իրականացնում ենք 3-4 օր տեւողությամբ տուրեր: Դրանք ներառում են գիշերակաց, սնունդ եւ կայտբորդինգի գործնական պարապմունքներ:


Իրականում սա թանկ սպորտաձեւ է, սակայն եթե արտասահմանում մեկժամյա պարապմունքի համար պետք է վճարել միջինում $50, ապա մեր 3-4 օր տեւողությամբ տուրերն արժեն մոտ $200:

Տուրերն անցկացնելու ենք հիմնականում Շիրակի մարզում, քանի որ այստեղ քամիները եւ ձյունն ավելի կանոնավոր են:

Բացի այդ, ցանկանում ենք ապակենտրոնացնել տուրիստական հոսքերը՝ ցույց տալով Շիրակի մարզի գրավչությունները:


Հեռանկար եւ անհրաժեշտություններ

Անահիտ Ոսկանյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի տուր-պրոդուկտի զարգացման փորձագետ.

Ամենաձնառատ լանդշաֆտների մերձակայքում չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ Վրաստանում է, երբ լեռան ստորոտում կառուցված փոքրիկ ենթակառուցվածքը մեծապես նպաստում է ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Թեեւ այսօր ունենք ճոպանուղիներ Սեւանում եւ Ջերմուկում, սակայն դրանք տարվա ընթացքում ընդամենը 1-2 ամիս կարող են ծառայել լեռնադահուկորդին, քանի որ տեղակայված են ոչ այնքան ձնառատ լեռների վրա:


Դահուկավազքի զարգացման համար համապատասխան են Աշոցքը, Ամասիան եւ ընդհանուր առմամբ Շիրակի մարզի այդ հատվածը, սակայն դեռեւս միայն Աշոցքն ունի դահուկավազքի կենտրոն: Դահուկավազքի սիրահարների համար այժմ Կրաշենում վերանորոգվում է փոքրիկ բազա, սակայն այն չունի գիշերակացի ծառայություն:

Ձմեռային տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի Արագածոտնի մարզը՝ հատկապես Արագած լեռան հյուսիսային փեշերին գտնվող Եղիպատրուշ գյուղը, որտեղ, ցավոք, չկան համապատասխան ենթակառուցվածքներ:


Դահուկով կամ ընդհանուր առմամբ ձմեռային սպորտով գալիս են զբաղվելու այն դեպքում, երբ տեղանքին մոտիկ օդանավակայան կա: Այս առումով Գյումրիի օդանավակայանը կարող է մեծապես նպաստել Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանը: Սակայն մինչ այդ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է ձեւավորել ԱԻՆ ծառայությանը կից համապատասխան ջոկատներ՝ բաղկացած լեռնադահուկային փրկարարական հմտություններով անձանցից:


Բացի այդ, կարիք կա հիմնելու լեռնադահուկորդների մասնագիտացված դասընթացներ ուղեկցորդների համար: Այսօր Հայաստանում նման պատրաստվածություն ունեցող ուղեկցորդների թիվը շատ քիչ է:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 9057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai