Կոկա-Կոլան այցելուներին հրավիրում է «Երջանկության գործարան»

20.11.2019 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կոկա-Կոլա #Երջանկության գործարան #Էլինա Մարգարյան
Այսուհետ Կոկա-Կոլա զովացուցիչ ըմպելիքի սիրահարները կարող են ծանոթանալ դրա ստեղծման պատմությանն ու ականատես դառնալ պատրաստման գործընթացին: «Երջանկության գործարանում» նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Կոկա-Կոլա այցելուների կենտրոնի բացումը, որին ներկա էր նաեւ Banks.am-ը:

Առաջինը տարածաշրջանում

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ուկրաինա-Մոլդովա-Հայաստան բիզնես միության գործադիր տնօրեն Կոնստանտինոս Սպանուդիսն ասել է, որ Հայաստանը տարածաշրջանում առանձնանում է իր նորարարություններով եւ Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը դրանցից մեկն է:

«Տարածաշրջանում միակ այս կենտրոնը կրթական նախագիծ է, որը պատրաստում է շատ ավելի  պատասխանատու քաղաքացիներ վաղվա համար՝ ներկայացնելով այցելուներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որ այսօր աշխարհում դառնում են շատ կարեւոր»,- նշել է նա:  

Կոնստանտինոս Սպանուդիսը

Նորարարական լուծումներ

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը պատմել է, որ Կոկա-Կոլա այցելուների կենտրոններ կան աշխարհի տարբեր երկրներում, եւ այդ օրինակները ցույց են տալիս՝ մարդկանց իսկապես հետաքրքիր է ըմպելիքի հաջողության գաղտնիքն ու արտադրական գործընթացը:  

«Կենտրոնը լի է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ նորարարական լուծումներով: Այստեղ մեր հաճախորդը կարողանում է ոչ միայն ծանոթանալ ընկերության պատմությանը, այլեւ մասնակից դառնալ արտադրական գործընթացին՝ ինտերակտիվ լուծումների շնորհիվ»,- մանրամասնել է նա:

Արթուր Սահակյանը

Արթուր Սահակյանի խոսքով՝ ընկերությունը կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը:

«Երկար տարիներ մենք ոչ միայն ավելացնում ենք ներդրումները նման ծրագրերում, այլեւ բարձրացնում արդյունավետությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ ծրագրերը լինելու են շարունակական, ու այցելուների այս կենտրոնը եւս դրա ապացույցն է»,- մանրամասնել է նա:  


Պատուհան դեպի աշխարհ

«Ընկերությունը գործում է ավելի քան 200 երկրներում, եւ այս կերպ այցելուների կենտրոնը դառնում է պատուհան դեպի աշխարհ՝ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում: Այժմ Հայաստանում եւս ստեղծել ենք այդ պատուհանը, որ կտա կրթվելու եւ աշխարհը Կոկա-Կոլայի աչքերով տեսնելու հնարավորություն»,- նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը:


Նա հավելել է, որ գործարան կարող են այցելել 12 տարեկանը լրացած բոլոր ցանկացողները: Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Happyvisit.am կայքում:

Էլինա Մարգարյանը

Դեպի «Երջանկության գործարան»

Այցելուների կենտրոնի բացման օրը մասնակիցներին բաժանել են մի քանի խմբերի, որոնք հերթով շրջայց են կատարել «Երջանկության գործարանում»:

Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է ըմպելիքի հեղինակ, բժիշկ եւ դեղագործ Ջոն Փոմբերտոնին մարմնավորող կերպարը: Մինչ նա իր «Ջեկոբա» դեղատանը փորձարկումներ է կատարում եւ ստանում անուշադրության արդյունքում ստեղծված օշարակը, որ հետագայում դարձել է Կոկա-Կոլա, ընկերության աշխատակիցն այցելուներին ներկայացնում է ըմպելիքի ստեղծման պատմությունը եւ 130 տարիների զարգացման ընթացքը:


Մյուս սրահներ բարձրանալու համար այցելուներն անցնում են պատմական պատի կողքով, որը ցուցադրում է ընկերության հետաքրքրական դրվագները՝ ըստ տարիների:

Վերեւում գտնվող նեղ միջանցքն անցնում է գործարանային հատվածի վերնամասով, իսկ առկա պատուհանները թույլ են տալիս հետեւել Կոկա-Կոլա զովացուցիչների ստեղծման ամբողջական շրջափուլին՝ նախակաղապարից մինչեւ պատրաստի արտադրանք:


Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 8855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW