Բեռների ամբողջական ապահովագրության նոր ծրագիր՝ Հայաստանից գյուղմթերք արտահանողների համար

24.06.2024 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այսուհետ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքներ արտահանողները կարող են օգտվել նախադեպը չունեցող ապահովագրությունից, որը կփոխհատուցի նաեւ մաքսային կետերում արտահանման ժամկետների ուշացման դեպքում բեռին հասցվող հնարավոր վնասը։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը եւ «Նաիրի» ինշուրանսը համատեղ մշակել եւ ներկայացրել են ապահովագրական ծրագիր, որն օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մեր երկրից այլ պետություններ գյուղմթերքի արտահանմամբ։

Ապահովագրական պրոդուկտը գործարարներին, տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնելիս «Նաիրի» ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը նշեց, որ իրենք շատ են կարեւորում պետություն–մասնավոր համագործակցությունը, որի արդյունքում արժեք է ստեղծվում։



«Գործուն քայլ է կատարվել պետության եւ մասնավորի համագործակցության, որի արդյունքում այնպիսի ապահովագրական պրոդուկտ է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին, արտահանող կազմակերպություններին բեռն արտահանելիս ապահով եւ անվնաս գործունեություն իրականացնել՝ վստահ լինելով, որ չեն կրելու ֆինանսական վնասներ՝ իրենց կամքից անկախ պայմաններում բեռին հասցված վնասի դեպքում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ է նման պրոդուկտ մշակվել, որով ապահովագրողն իր վրա կվերցնի մաքսակետերում ապահովագրական պատահարի հետեւանքով բեռի՝ մասնավորապես գյուղմթերքի, առաքման ժամկետների ուշացման պատճառով ի հայտ եկած վնասի փոխհատուցումը։



Ապահովագրական պատահար է համարվում ամբողջ բեռի կամ դրա մի մասի ցանկացած պատճառով ոչնչացումը կամ վնասումը, ներառյալ բեռի կամ դրա մի մասի ոչնչացումը կամ վնասը, որը հետեւանք է բեռի առաքման ժամկետից ուշացման՝ Վերին Լարսի կամ այլ անցակետի անցողունակության սահմանափակման կամ թողունակության կրճատման արդյունքում։ Մասնավորապես, ապահովագրական պատահար են համարվում՝ հրդեհը կամ պայթյունը, տարերային աղետները, բեռնափոխադրող տրանսպորտային միջոցի վթարը, բեռնման, տեղավորման կամ բեռնաթափման ժամանակ հասցված վնասը, փրկման աշխատանքների դեպքում բեռի զոհաբերումը, հրդեհի մարման ժամանակ բեռի խոնավեցումը, բեռի առաքման ժամկետից ուշացումը՝ անցակետի սահմանափակման դեպքում, ցանկացած այլ հավանական, անսպասելի եւ պատահական բնույթ կրող դեպք։

Մանե Մարտիրոսյանը եւ Կարեն Իվանովը


Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ՀՆ բաժնի ղեկավար Կարեն Իվանովը նշեց, որ գործակալությունը բացի իր ուղիղ մանդատից՝ զբաղվում է նաեւ Հայաստանում արտահանողներին աջակցմամբ․«Գործարարների հետ բանակցությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ նրանք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով շատ խնդիրների են հանդիպում մաքսակետերում։ Օրինակ՝ Վերին Լարսում հանդիպող օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, երբ եղանակային պայմաններից ելնելով բեռների կուտակում է լինում՝ ընկերությունները ստիպված խախտում են առաքման ժամկետները եւ չեն կարողանում մատակարարել ապրանքը։ Լինում են ուշացումներ նաեւ սուբյեկտիվ պատճառներով, երբ մաքսային մարմինները զննում են մեքենաները, բեռնաթափում եւ այլն։ «Նաիրի» ինշուրանսի հետ այս համագործակցության արդյունքում մշակել ենք բեռների ամբողջական ապահովագրության նախագիծ, որով հիմնականում սպառման կարճ ժամկետ ունեցող ապրանքներ արտահանողները կարող են բեռն ամբողջությամբ ապահովագրել ցանկացած ռիսկից»։



Գործընկեր կազմակերպությունները հայտնել են, որ սա պիլոտային նախագիծ է եւ առաջիկա մի քանի տասնյակ բեռնատարների ապահովագրումից հետո ունեցած արդյունքներից եւ առաջարկներից ելնելով՝ կփորձեն էլ ավելի բարելավել ծրագիրը։

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ այս համագործակցության արդյունքում տնտեսվարող եւ առեւտրային գործունեություն իրականացնող սուբյեկտները, որը մեր տնտեսությունը զարգացնող հիմնասյուներից են, առավել վստահ կգործեն եւ առողջ միջավայրում կծավալեն իրենց գործունեությունը: Երկրի զարգացման, անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսության զարգացումն է։ Հայաստանից իրականացվող արտահանումներն այստեղ կարեւոր դեր ունեն, դրանց զարգացումը եւ գյուղացու, եւ արտադրողի, եւ արտահանողի, եւ վերջնարդյունքում երկրի ու ժողովրդի համար է եկամուտ գեներացնում։ Ծրագրի գերնպատակն է՝ արտահանողի համար ռիսկերն ավելի կառավարելի դարձնելով՝ ավելացնել արտահանումների ծավալը, հետեւապես նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է Մանե Մարտիրոսյանը։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 1201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW