«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնին» Հայաստան է եկել 20 տարի առաջ։ Գազավորված եւ չգազավորված ըմպելիքներ, ջուր արտադրելուց բացի, ընկերությունն այստեղ իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Դրանց նպատակների մասին Banks.am-ը զրուցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանի հետ։- Ձեր գրասենյակում, ամեն ինչ եւ անընդհատ հիշեցնում է Կոկա-Կոլայի գոյությունը։ Դուք անձամբ հաճա՞խ եք Կոկա-Կոլա խմում։- Ամեն օր։ Նախընտրում եմ Կոկա-Կոլա Զերոն։ Այն ինձ օգնության է հասնում, երբ սուրճ չեմ ուզում խմել, բայց ուղեղս որեւէ կերպ թարմացնել է պետք։ Ամեն ինչ անում եմ՝ քանակը վերահսկելու եւ մի քանի շիշ խմելուց խուսափելու համար, որովհետեւ, այնուամենայնիվ, գազավորված ըմպելիքներ առանձնապես չեմ սիրում։ - Աշխատելով այստեղ՝ Կոկա-Կոլայի գաղտնի բաղադրիչի լեգենդը գոնե Ձեզ համար բացահայտե՞լ եք, թե՞, այնուամենայնիվ, համոզվել եք, որ որեւէ գաղտնի բաղադրիչ չկա։-Իրականում սկսեցի ավելի շատ Կոկա-Կոլա խմել, երբ սկսեցի աշխատել այստեղ, որովհետեւ պարզեցի, որ այն իրականում բաղկացած է այն բաղադրիչներից, որն ամեն օր օգտագործում ենք առօրյա սննդակարգում եւ ամենեւին էլ վտանգավոր չէ։Կարծում եմ, որ Կոկա-Կոլայի բաղադրատոմսը այնքան էլ առեղծվածային չէ՝ 90 տոկոս ջուր է, մի քիչ կարամել, շաքարավազ, տարբեր համեմունքներ, օքսիդացված ջուր եւ վերջ։- Ինչո՞ւ որոշեցիք աշխատել այս ընկերությունում։ - Դեռ մանկության տարիներից Կոկա-Կոլան ինձ համար երջանկության ու նաեւ մարդկանց համախմբելու խորհրդանիշն էր։ Այն դրդում էր մտածել տոների ու Ձմեռ պապիկի մասին։ Եվ միշտ այն կարծիքին էի, որ Կոկա-Կոլան երջանիկ, ուրախ բրենդ է։ Էլինա Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ բրենդին սկսեցի պրոֆեսիոնալ աչքով նայել, հասկացա, որ այն բացառիկ հաջողության հասած ապրանքանիշ է, որովհետեւ գոյություն ունի 132 տարի եւ շարունակում է շուկայի առաջատարը մնալ։Ինձ ոգեշնչեց նաեւ Կոկա-Կոլայի՝ պատասխանատու բիզնես լինելու գաղափարը եւ այն գործունեությունը, որը ծավալում է ամբողջ աշխարհում։- Ինչպես նշեցիք, Կոկա-Կոլան աշխարհի խոշորագույն ընկերություններից է։ Հետաքրքիր է, այն որպես բիզնես, ի՞նչ մարտահրավերներ է հաղթահարում Հայաստանում։- Լինելով շուկայի առաջատարը՝ շատ ջանքեր են պահանջվում, որ պահպանենք մեր դիրքերը, օրինակ` հենց բիզնես միջավայրում։ Հույս ունենք, որ նոր կառավարությունը այն բարելավվելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Էլինա Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկա ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ, ակցիզային հարկի փոփոխությունների տարածումն է գազավորված ըմպելիքների վրա։ Կարծում եմ՝ սա մարտահրավեր է շուկայի համար։ Մյուսը կրթական ցենզի բարձրացումն է։ Մենք շատ ջանքեր են գործադրում, որ կրթենք երիտասարդներին, քանի որ շատ ենք կարեւորում մարդկային գործոնը։ Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել երիտասարդների համար, որպեսզի սովորեն, մնան եւ աշխատեն Հայաստանում։ Մեզ համար կարեւոր է նրանց գտնելն ու պահելը։- Կյանքի հմտությունների, բիզնես հմտությունների ծրագրերը հենց ա՞յդ շարքից են։ - Այո՛։ Այդ ծրագրերն իրականացվել են 2018-ին, եւ այս տարի շարունակելու ենք։ Դրանք կրթության եւ գիտության նախարարության հետ կնքած հուշագրի արդյունք են եւ տեւելու են մինչեւ 2020-ը։ Մեր թիրախում կես միլիոն երիտասարդների վերապատրաստումն է, որոնք աշխատանքի կանցնեն կամ կշարունակեն աշխատանքը կենսական կարեւոր եւ բիզնես հմտություններով։ Էլինա Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծրագրի պատճառը մեր իրականացրած ուսումնասիրություններից մեկն էր, որով պարզել էինք, որ 18-34 տարեկան երիտասարդների խումբն ամենախոցելին է եւ կանգնած է աշխատանք գտնելու եւ գործազրկության խնդրի առջեւ։ Շատ դեպքերում, բուհն ավարտելուց հետո 20 տարեկան երիտասարդները չգիտեն, թե ինչով են զբաղվելու հետո։ Չգիտեն՝ ինչպես կազմել ինքնակենսագրական, ում եւ երբ ուղարկեն։ Այլ խնդիր էլ կա. նրանք գտնում են աշխատանք, սակայն շարունակում են նոր աշխատանք փնտրել։ Ստացվում է, որ աշխատում են սոսկ աշխատելու համար, երջանիկ չեն եւ չեն մտածում կարիերայի մասին։Բիզնես հմտությունների դեպքում մենք հստակեցնում ենք գործատու եւ աշխատակից հարաբերությունների դրույթները, փորձում ենք կապ հաստատել այդ երկու օղակների միջեւ տարբեր ծրագրերով։ Օրինակ, պոտենցիալ գործատուն դառնում է աշխատանք փնտրողի մենթորը։ Արդյունքում՝ այս շղթան հնարավորություն է տալիս, որ ստեղծվի գործատու-աշխատակից կապը, որի շնորհիվ գործատուն գտնում է իր փնտրած աշխատակցին, իսկ աշխատանք փնտրողը սկսում է ավելի լավ հասկանալ իր աշխատանքի բնույթը։- Կրթականից բացի, շրջակա միջավայրին ուղղված ծրագրերն են շատ։ Սա թիրախավորել էիք 2016-ին, երբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ որպես պատասխանատու բիզնես՝ մշտապես ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանմանը։ Ընկերությունն ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է իրականացնում սա։- Ծրագիրը, այո, թիրախավորվել է 2016-ից, բայց ավելի մեծ թափ ստացավ 2018-ին, երբ Ջեյմս Քուեյսին՝ մեր համաշխարհային տնօրենը, Դավոսի գագաթաժողովում հայտարարեց, որ մենք որոշել ենք հավաքագրել ու վերամշակել պլաստիկ թափոնների 100 տոկոսը մինչեւ 2030թ։ Էլինա Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում սա մեր առաջին թիրախներից է եւ մեզ հաջողվում է վերամշակել թափոնների 96-98 տոկոսը։ Մենք հպարտանում ենք այս փաստով։ Մեր դեպքում «շրջանառու տնտեսություն» տերմինը կիրառելով, պետք է հասկանալ հենց սա՝ ամեն ինչ վերամշակվում է եւ նորից շրջանառության մեջ դրվում։Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարության հետ մենք կնքեցինք մեկ այլ հուշագիր, որով աջակցում ենք «Առանց թափոնների քաղաք» ծրագրին։ Այն իրականացվում է Թալինում։ Տեղադրել ենք պլաստիկի հավաքագրման արկղեր եւ իրազեկում ենք, որ քաղաքում կա նման բան։- Եվ դա աշխատո՞ւմ է մեր երկրում։-Նոր ենք սկսել եւ ինչ-որ չափով աշխատում է։ Նախարարության դիմաց նույնպես կարող եք տեսնել այդ արկղերից։ Հաջորդ քայլը արկղերի տեղադրումն է վաճառքի տարբեր կետերում եւ դրանց գոյության ու նշանակության մասին իրազեկումը։ Որոշ ժամանակ անց կհասկանանք, թե ինչն է լավ աշխատում։Աշխատում ենք նաեւ տարբեր ստարտափերի հետ եւ նրանց զարգանալու հնարավորություն ենք տալիս։- Իսկ ինչո՞ւ է դա կարեւոր ընկերության համար։- Որովհետեւ մենք հավատում ենք, որ բիզնեսի բոլոր տեսակներն էլ կարող են իրենց ներդրումն ունենալ եւ աջակցել ստարտափերին։ Ի վերջո, միայնակ ոչինչ չես կարող անել։- Դուք սովորեցնում եք նաեւ ջրային ռեսուրսների մոնիթորինգ իրականացնելու հմտություններ։ Որո՞նք են հիմնական նպատակները եւ դասընթացից հետո ի՞նչ արդյունք եք գրանցել։- Մեր ապրանքանիշի հիմքում ջուրն է։ Պատահական չէ, որ ընկերությունն այս ոլորտում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում։Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ջրի վերամշակմանը։ Գործարանում ունենք ներդրված շատ թանկ համակարգ, որի շնորհիվ արտադրության ժամանակ օգտագործվող ջուրը վերամշակվում է եւ ոռոգման համար կիրառելի դառնում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծրագրերից մեկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ ենք իրականացրել Հայանիստ համայնքում։ Այնտեղ գործող ձկնաբուծարանների ջուրը մոնիտորինգի չէր ենթարկվում։ Ջուրն անիմաստ կորում էր, իսկ կողքի համայնքը՝ 2000 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղը, ոռոգման ջրի խնդիր ուներ։ Որոշեցինք վերականգնել ու վերազինել պոմպակայանը, եւ արդյունքում արդեն ամռանը մեզ բնակիչները մրգեր էին ուղարկում իրենց գյուղից։Այդ ծրագրի արդյունքում ձկնաբուծարաններում կորչող ջուրը սկսեց վերամշակվել եւ պոմպակայաններով ուղղվել ոռոգմանը, եւ սկսեց խնայվել շուրջ հարյուր միլիոն խորանարդ մետր ջուր։- Ընկերությունը տարեկան որք՞ան գումար է նախատեսում եւ ուղղում սոցիալական ծրագրերի իրականացմանը, եւ ինչպե՞ս են որոշվում, թե հատկապես ի՞նչ ծրագրեր են իրականացվելու։- Գլոբալ մակարդակով այն ամբողջ հասույթի երկու տոկոսն է։ Բայց կա նաեւ «Կոկա-Կոլա հիմնադրամ», որը, ըստ տարբեր ռազմավարական ոլորտների, գումարներ է տրամադրում տարբեր նախաձեռնություններին, օրինակ՝ ստարտափերին, ոչ առեւտրային կազմակերպություններին։Էլինա Մարգարյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի Tweet Դիտում՝ 15182