EY-ի փորձագետները՝ տրանսֆերային գնագոյացման նոր կարգավորումների մասին

11.11.2019 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Transfer pricing #EY Armenia
Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերությունը (նախկինում՝ Ernst & Young) հոկտեմբերի 22-ին Երեւանում կազմակերպել էր «Տրանսֆերային գնագոյացում․ մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով սեմինար՝ ընկերության՝ տարբեր երկրներում գործող տրանսֆերտային գնագոյացման խմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Banks.am-ը նրանց հետ զրուցել է տրանսֆերային գնագոյացման նոր կարգավորումների, միջազգային միտումների, հայաստանյան շուկայի եւ այլ թեմաների շուրջ։

Օրենսդրական նոր կարգավորումներ

Միջոցառման ընթացքում EY ընկերության փորձագետները մասնակիցներին ներկայացրել են տրանսֆերային գնագոյացման նոր օրենսդրական դրույթներն ու քննարկել գործնական նկատառումները։

Համաձայն տրանսֆերային գնագոյացման օրենսդրության՝ այն գործարքները, որոնք իրականացվում են փոխկապակցված անձանց միջեւ, պետք է համապատասխանեն պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։


2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր կարգավորումները, որոնք զգալի ազդեցություն կունենան հայկական ընկերությունների եւ Հայաստանում գործող օտարերկրյա ձեռնարկությունների շահույթի բաշխման վրա։ Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման եւ միջազգային ծրագրերի բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը, որը միջոցառման բանախոսներից էր։

«Նոր կարգավորումներով՝ Հայաստանի հարկային մարմիններն ավելի մեծ հետաքրքրվածություն կդրսեւորեն հարկատուների կողմից իրականացվող միջխմբային գործարքների հարկային հետեւանքների, հարկատուների ձեռնարկատիրական գործունեության, մատակարարման շղթայի առանձին գործարքների եւ տրանսֆերային գնագոյացման ռազմավարության նկատմամբ։ Ընկերությունները կարիք են ունենալու վերահսկել, փաստաթղթավորել եւ հաճախ հիմնավորել միջխմբային գործարքների գնագոյացումը»,- մանրամասնել է նա։


Նաիրուհի Ավետիսյանը հավելել է, որ նոր կարգավորումները մեծ ծավալով փաստաթղթավորում են պահանջելու բացառապես այն հարկատուներից, որոնց վերահսկվող գործարքների համախառն գումարը տարվա կտրվածքով կգերազանցի 200 մլն դրամը։

Հայաստանյան ընկերությունները պետք է նախապատրաստվեն

EY Հայաստանի Հարկային ծառայությունների ղեկավար Կամո Կարապետյանի խոսքով՝ հայաստանյան շուկան այդքան էլ պատրաստ չէ փոփոխություններին։

«Ընդհանուր տպավորությամբ՝ տվյալ պահի դրությամբ հայկական ընկերություններն ունեն միայն մակերեսային տեղեկատվություն եւ չեն պատկերացնում ամբողջական գործընթացը։ Համակարգի ներդրման այս փուլում շատ կարեւոր է ընկերություններին տրամադրել պատշաճ աջակցություն, քանի որ խաղադրույքը բավականին մեծ է։ Եթե ընկերությունները չհամապատասխանեն առաջադրված պահանջներին, շարունակեն խախտումներով գործարքներ կատարել, ապա էական հարկային տուգանքների կհասնեն»,- պարզաբանել է նա։

Կամո Կարապետյանը

Կամո Կարապետյանը նշել է, որ EY ընկերությունն ունի տարիների փորձ այնպիսի երկրներում, որոնք տնտեսական զարգացման տեսանկյունից բավականին նման են Հայաստանին։

«Մենք կարող ենք թե՛ հաճախորդների փոխարեն զբաղվել տրանսֆերային գնագոյացման ընթացակարգերով, թե՛ համապատասխան կադրեր պատրաստել ընկերություններում։ 2015 թվականից երեւանյան գրասենյակում ձեւավորել ենք մասնագիտացված թիմ՝ բաղկացած վեց անդամից, եւ հետզհետե այն ընդլայնելու ենք։ Մեր մասնագետները, համադրելով միջազգային լավագույն փորձը եւ տեղական շուկայի առանձնահատկությունների իմացությունը, կարող են հեշտորեն մատուցել անհրաժեշտ ծառայությունները։ Այսինքն՝ ունենք տեղական ռեսուրս, որը մեծ առավելություն է»,- ամփոփել է նա։

Վրաստանի փորձը

Վրաստանում տրանսֆերային գնագոյացման օրենսդրական կարգավորումները գործում են 2014 թվականից։ Վրաստանում EY ընկերության տրանսֆերտային գնագոյացման խմբի ղեկավար Իրինե Բուկիայի խոսքով՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում դրանք հիմնված են նույն՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության առաջադրած սկզբունքների վրա։

Իրինե Բուկիան

«Երբ Վրաստանում առաջին անգամ ներդրվեցին տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, շատ ընկերություններ պատրաստ չէին դրան։ Սկզբնական շրջանում հարկային աուդիտորական ստուգումներից հետո պարզ դարձավ՝ որոշ ընկերություններ կատարել են գործարքներ, որոնք չեն համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Դրանից հետո միայն միտումը փոխվեց, եւ ընկերությունները սկսեցին պլանավորել ու նախապես պատրաստել փաստաթղթավորումը»,- պատմել է նա։  

Փորձագետի կարծիքով՝ հայկական ընկերություններն այս առումով նպաստավոր դիրքում են, քանի որ կարող են սովորել հարեւան երկրների փորձի օրինակով եւ պատրաստվել գործընթացին։ Այդ կերպ ավելի քիչ կլինեն թյուրընկալումները հարկային մարմնի եւ կազմակերպությունների միջեւ։

Երկխոսության կարեւորությունը

EY ընկերության գործընկեր, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում տրանսֆերային գնագոյացման խմբի ղեկավար Անուար Մուկանովը նշել է, որ բացի Վրաստանից, օգտակար են Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի օրինակները։ Հայաստանը կարող է առավելագույնս օգտագործել այդ գիտելիքը՝ չկրկնելու համար մյուսների սխալներն ու հարեւան երկրների փորձից առավելագույն օգուտ քաղել։

Անուար Մուկանովը

«Ամենակարեւորը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ բիզնեսի միջեւ երկխոսությունն է։ Այդպիսի երկխոսություն ստեղծելու համար հարթակ կարող է դառնալ միջազգային փորձը, որն ունի EY ընկերությունը։ Մենք ուրախ ենք կիսվել մեր գիտելիքներով ինչպես կազմակերպությունների, այնպես էլ պետական մարմինների հետ եւ ներդրում ունենալ Հայաստանում տրանսֆերտային գնագոյացման զարգացման գործում»,- ասել է փորձագետը։

Տրանսֆերային գնագոյացման համակարգի ներդրման առումով նա առանձնացրել է հատկապես ֆինանսական ոլորտը, որն ունի որոշակի առանձնահատկություններ ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում։   

«Բանկերի համար շատ կարեւոր է նեղ համագործակցությունն ու փոխըմբռնումը տարբեր գործառույթներ իրականացնող բաժինների միջեւ՝ հարկային, ֆինանսական վարչություն, գանձապետարան եւ այլն։ Այս բաժինների փորձագետները պետք է աշխատեն միասին»,- մանրամասնել է Անուար Մուկանովը։

Նա հավելել է, որ բանկերը պետք է երկխոսության գնան նաեւ վերահսկող մարմինների հետ, ժամանակ տրամադրեն հանդիպումների եւ քննարկումների համար, բարձրացնեն ակտուալ հարցեր ու չվախենան պատասխանել իրենց ուղղված հարցերին։

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ հեղինակի եւ EY-ի
Դիտում՝ 30830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai