Որտեղ եւ ինչ սովորել. Շեֆիլդի համալսարանի բաց դռների օրը Երեւանում

21.10.2019 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան
Բրիտանական Շեֆիլդի համալսարանը հայաստանյան դիմորդներին կրթական ծրագրերի համար տրամադրում է հատուկ պայմաններ եւ մասնակի կրթաթոշակներ: Հոկտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցավ բաց դռների օր, որի ժամանակ ներկայացվեցին առաջարկվող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Երեւանում իրականացվող Executive MBA ծրագրերը:

Լիլիթ Շահզադեյանը

Հանդիպմանը ներկա էին համալսարանի արտասահմանյան ուսանողների ընդունելության գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը, Executive MBA ծրագրի գործադիր տնօրեն Ջորջ Էֆստադիադիսը եւ հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն, Հայաստանում համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլիթ Շահզադեյանը:

Ջորջ Էֆստադիադիսը

Գրեգորի Դիկեոսը ներկաներին պատմել է մասնագիտության հարցում ճիշտ կողմնորոշման, համալսարանն ընտրելու ու Շեֆիլդի ծրագրերի մասին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Banks.am-ն առանձնացրել է հատկանշական դրվագները:

Հետաքրքրություննե՞ր, թե՞ իրականություն

Շատ երիտասարդներ մասնագիտության հարցում կողմնորոշվելիս սխալ են գործում՝ ընտրելով կյանքի իրականությունը: Ասում են, որ կսովորեն մի բան, որն անպատճառ աշխատանք կապահովի եւ չեն կարեւորում իրենց անձնական հետաքրքրությունները:

Իրենց միանգամայն դժբախտ դարձնող մասնագիտությունը սովորելուց հետո, մի օր հասկանում են՝ ամեն օր պետք է գնան միեւնույն ձանձրալի միջավայրը ու զբաղվել միեւնույն ձանձրալի գործով:

Այլ երիտասարդներ չափազանց իդեալիստ են եւ ընտրությունը կատարում են հիմնվելով անձնական հետաքրքրությունների վրա: Բայց ի՞նչ կարիերա այն կարող է ապահովել:

Գրեգորի Դիկեոսը

Ես միշտ խորհուրդ եմ տալիս երիտասարդներին մասնագիտություն ընտրելիս լինել իրատես այն հարցում, թե ինչ է կյանքն ակնկալում քեզնից, բայց միեւնույն ժամանակ չզոհաբերել երազանքները՝ կրթության համար:

Ապագան ընտրելիս իմաստուն եղեք: Անգամ նրանք, որ արդեն սովորում են համալսարանի որեւէ ֆակուլտետում եւ հասկանում են, որ իրենց մասնագիտացումը չի կարող հետագայում լավ աշխատանք ապահովել, կարող են մագիստրոսական ծրագրով այլ բան սովորել:

Հարցեր համալսարանն ընտրելիս

Մինչեւ համալսարանն ընտրելը պետք է հաշվի առնել դրա հեղինակությունը, որովհետեւ այն ուղղակիորեն կապված է կրթության որակի, նաեւ կարիերային հնարավորությունների հետ:

Հաջորդ հարցը, որ պետք է տալ համալսարանն ընտրելիս, այն է՝ արդյոք կարո՞ղ եմ վճարել վարձը եւ բնակության ծախսերը:

Ամենալուրջ հարցն էլ թերեւս այն է, թե ինչու ենք մենք գնում համալսարան. չէ՞ որ այսօրվա տեխնոլոգիաների շնորհիվ գիտելիք ձեռք բերելու համար համալսարան գնալը պարտադիր չէ:

Պատասխանը հետեւյալն է. լավ համալսարանը քեզ կդարձնի անկախ մտածող, այն կսովորեցնի քեզ գտնել տեղեկատվություն տարբեր ոլորտներից, վերլուծել եւ եզրակացություններ անել:

Գրեգորի Դիկեոսը

Ներկայում գործատուները ցանկություն չունեն ձեզ վերապատրաստելու, նրանք ձեր աշխատասեղանին կդնեն ծրագիրն ու կասեն, որ երկուշաբթի առավոտյան առաջարկներ են սպասում: Եթե դուք չգիտեք՝ ինչպես կատարել ուսումնասիրություն, աշխատանքը երկար պահել չեք կարողանա:

Ինչո՞ւ Շեֆիլդ

Շեֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին եւ հեղինակավոր համալսարաններից է եւ հանդիսանում է Russel Group-ի անդամ:

Շեֆիլդի համալսարանը եւ դրա միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը մի քանի կրթական ծրագրեր եւ մասնակի կրթաթոշակներ են առաջարկում հայաստանյան դպրոցների եւ համալսարանների շրջանավարտներին, իսկ 2016 թվականից Երեւանում մեկնարկել է Շեֆիլդի համալսարանի  Executive MBA ծրագիրը:

Շեֆիլդի համալսարանը բաղկացած է 6 ֆակուլտետներից, որոնցից մեկը՝ միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Այն հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական բակալավրի եւ մագիստրոսի բարձրակարգ աստիճաններ բիզնեսի ուսումնասիրման, համակարգչային գիտելիքների, հոգեբանության եւ լեզվաբանության ոլորտներում:

Գրեգորի Դիկեոսը

Պատասխանն այն հարցի, թե ինչու է պետք ընտրել հենց այս ֆակուլտետը, շատ պարզ է: Վարձավճարն ու ապրելու ծախսերը շատ ավելի մատչելի են:

Բրիտանական համալսարաններում բակալավրի աստիճան ստանալու համար պետք է սովորել 3 տարի, մագիստրոսի կոչման համար՝ մեկ տարի: Այսպես, դուք կարող եք ավելի վաղ գտնել աշխատանք, ավելի վաղ աշխատել ձեր սեփական գումարը:


Բրիտանական բուհերը քննություններ չունեն: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատը կամ դիպլոմ՝ մագիստրոսական ծրագրի համար, եւ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ՝ IELTS կամ TOEFL:

Մագիստրոսական ծրագրիր կարելի է անցել գրեթե ցանկացած ոլորտում՝ անկախ նրանից, թե բակալավրի ինչ մասնագիտացում ունեք: Իհարկե, կան որոշ բացառություններ:

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 6130
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai