Դավիթ Երեմյան. «Լիվինգսթոն»-ը բարձր թռչելու մեր նոր երազանքն է

13.09.2019 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դավիթ Երեմյան #«Երեմյան Փրոջեքթս»
Սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում շուտով նոր ռեստորան է բացվելու. կառավարությունը որոշում կայացրեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությանը վարձակալությամբ տարածք հանձնելու մասին:

Banks.am-ը նոր ռեստորանի մասին զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

- Մենք պարբերաբար խոսում ենք մեր երազանքների մասին, որոնցից ծնվել են «Երեմյան Փրոջեքթսի» բոլոր նախագծերը, որոնցից շատերը անիրական էին թվում: «Լիվինգսթոնը» բարձր թռչելու մեր նոր երազանքն է:

Ե՛վ մեր հայրենակիցները, եւ՛ արտասահմանյան հյուրերը հաճախ էին հարցնում, թե ռեստորաններում ճաշելուց կամ ընթրելուց հետո որտեղ կարելի է շարունակել երեկոն: Հաճախակի լինելով արտերկրում, ուշադրություն էի դարձնում յուրօրինակ կոնցեպտներով ռեստորաններին, ուր հաճախորդներն այցելում էին երեկոյան ժամերին՝ հետաքրքիր միջավայրում ամփոփելու հագեցած օրվա ավարտը։


Այստեղից էլ ծնվեց մայրաքաղաքում նոր ձեւաչափով ռեստորան բացելու միտքը, որը հյուրերին համեղ խոհանոցից բացի կառաջարկի մեր ժամանցային վայրերին ոչ բնորոշ նոր մշակույթ:

Առաջարկ ստացանք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունից եւ ծանոթացանք տարածքին: Այն գտնվում է համալիրի 9-րդ հարկում. կառուցվել էր 1986թ.-ին եւ նախատեսված էր հենց ռեստորանի համար, սակայն ինչ-ինչ պատճառներով երբեք չէր շահագործվել՝ 20-30 տարի փակ է եղել:

Այդ շենքը մեր պատմությունն է, Երեւանի դիմագիծը: Զարմանալի է, թե ինչպես են 1980-ականներին ճարտարապետները կարողացել այդպիսի գեղեցիկ եւ նորարարական լուծումներ ստանալ: Ինձ հատկապես տպավորել էր առաստաղն՝ իր բարձրությամբ ու վեհությամբ: Ափսոս կլիներ, եթե ճարտարապետների մտքի թռիչքն անուշադրության մատնվեր:

Երազանքներից իրականացում մի քանի քայլ է: Կար գաղափար եւ մոտիվացիա, իսկ թիմը պատրաստ էր ներդնել բոլոր ջանքերը նախագիծը կյանքի կոչելու համար։

Փորձել ենք հնարավորինս պահպանել հինը: Իրականացրել ենք ամրացման եւ վերանորոգման աշխատանքներ, նորացրել ենք պատշգամբները, իսկ առաստաղը գրեթե անփոփոխ ենք թողել:

Պատշգամբից աներեւակայելի տեսարան է բացվում Երեւանի եւ Մասիսների վրա, եւ
առաջին իսկ այցելությունից հասկացանք, որ սա այն վայրն է, որը կարծես նախատեսված է մեր նոր երազանքն իրագործելու համար։

- Ինչո՞ւ որոշեցիք ռեստորանն անվանել «Լիվինգսթոն»:

- Դա է թելադրում շենքի ճարտարապետությունը՝ թեթեւ ու սլացիկ կամարները թռիչքի, մեծ թռչունի թեւերի լայն բացվածքի, ճախրանքի զուգորդություններ են առաջացնում։ Մտնում ես ներս, կանգնում ես պատշգամբներից մեկում եւ վայելում ես երկինքն ու ազատությունը: Լիվինգսթոն ճայն է՝ իր տարբերվելու փիլիսոփայությամբ, իր ազատության գաղափարախոսությամբ։

Մեր ընկերության եւ իմ անձնական փիլիսոփայությանը շատ են մոտ Ռիչարդ Բախի Լիվինգսթոն ճայի այս խոսքերը՝ «Հասկացի՛ր, թե ինչ ես դու կյանքում ամենաշատն ուզում անել եւ գործի՛ր»:


Այս անվանումը դրական ընդունվեց նաեւ մեր թիմի կողմից, քանի որ «Լիվինգսթոն»-ը մեզ հարազատ դարձած երազանքին հետեւելու, անընդմեջ աշխատելու, զարգանալու, ինքներս մեզ ուսումնասիրելու եւ ավելիին ձգտելու գաղափարի արտացոլումն է։

- Ասացիք, որ ռեստորանը Երեւանի համար նոր ձեւաչափ է ունենալու: Որո՞նք են լինելու առանձնահատկությունները:

- Յուրօրինակ միջավայր ենք ձեւավորել, որը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար՝ նրանց, ովքեր ցանկանում են իրենց ժամանցը դարձնել անմոռանալի, հիշվող եւ առանձնահատուկ առիթ:

Ցանկանում ենք, որ ինչպես օպերա կամ թատրոն գնալու դեպքում, «Լիվինգսթոն» այցելելը եւս իրադարձություն դառնա՝ յուրահատուկ արարողակարգով։



Պատկերացնու՞մ եք. իրիկնամուտ է, կանայք երեկոյան զգեստներով, տղամարդիկ դասական հագուստով տեղափոխվում են «հոլիվուդյան» միջավայր, որտեղ նրանց դիմավորում է խստականոն հյուրընկալը եւ ժպիտով ուղեկցում սեղանների մոտ: Հյուրերը կարծես հոլիվուդյան ֆիլմում են հայտնվում, որի «սյուժեն» խաղարկվում է «բարձր» հասկացության շուրջ՝ բարձր խոհանոց, բարձրակարգ սպասարկում, բարձրաճաշակ երաժշտություն:

Առանձնահատուկ է լինելու նաեւ երաժշտական ձեւաչափը: Մինչեւ 23։00-ը «Լիվինգսթոն»-ի նվագախումբը ներկայացնելու է 1960-70-ականների ամենահայտնի մեղեդիները, իսկ հետո պարահրապարակում կհնչեն ժամանակակից ակումբային ռիթմերը հայտնի դիջեյների եւ բենդերի կատարմամբ:

Նոր ռեստորանի ճաշացանկում ընդգրկել ենք ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական բարձր խոհանոցի ամենապահանջված ճաշատեսակները: Ունենալու ենք նաեւ ֆիրմային ուտեստներ՝ հյուրերին ընձեռելով նոր համեր բացահայտելու հնարավորություն։

Ձգտել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ թե՛ քաղաքի բնակիչները, թե՛ զբոսաշրջիկներն իրենց կզգան ամենացանկալի, ամենասպասված եւ բարձրաստիճան հյուրերի կարգավիճակում։
Դիտում՝ 22744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW