«Ոսկեհատ» փառատոնը՝ ի նպաստ մարզերում գինու մշակույթի զարգացման

04.09.2019 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Ոսկեհատ» #Զարուհի Մուրադյան
«Ոսկեհատ» անունը ստացած գինու փառատոնը, որն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում, նպատակ ունի բացահայտելու տարածաշրջանի գինեգործական ավանդույթներն ու տարածելու գինու մշակույթը։ Թե ինչ է սպասվում գինեսերներին փառատոնի ընթացքում, Banks.am-ին պատմել է Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Զարուհի Մուրադյանը նշում է, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է հագեցած մշակութային ծրագիր, որը գինու մշակույթի ներկայացմանը զուգահեռ՝ կընդգծի մարզի առանձնահատկությունները եւ հնարավորությունները։


«Ծրագրի նպատակն է զարգացնել գինեգործության ոլորտը, բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, խթանել գինու զբոսաշրջությունը, որը կնպաստի խաղողագործական եւ գինեգործական շրջանների համաչափ զարգացմանը, տվյալ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ինչպես նաեւ երկրի տնտեսական աճին»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է նա։

Զարուհի Մուրադյանը

Փառատոնը ստացել է «Ոսկեհատ» անունը, քանի որ նվիրված է Ոսկեհատ խաղողի սորտին, որի հայրենիքը Արագածոտնի մարզն է։

«Ոսկեհատն էնդեմիկ հայկական սորտերից է, որն այժմ մեծ պահանջարկ ունի։ Ոսկեհատից պատրաստված սպիտակ գինին շատ լավ սպառվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Փառատոնի նպատակներից է գինեսերներին ծանոթացնել այս գինու հետ, բարձրացնել սորտի ճանաչելիությունը՝ այդ կերպ նպաստելով նոր այգիների տնկմանը»,- մանրամասնել է Զարուհի Մուրադյանը։

Նա հավելել է, որ թեեւ միջոցառման հիմնական շեշտադրումն արված է հենց Ոսկեհատից պատրաստված գինիների վրա, սակայն արտադրողները կներկայանան նաեւ այլ տեսականիով։


Փառատոնի ընթացքում գնելով գինու գավաթ՝ այցելուները հնարավորություն կստանան վայելելու անսահմանափակ գինի՝ ներկայացված 26 տարբեր գինեգործարաններից։ 

«Այս անգամ հատուկ ձեռք ենք բերել Riedel մասնագիտացված գինու գավաթները, քանի որ կարեւորում ենք այն, որ գինին մատուցվի պրոֆեսիոնալ բաժակներով»,- նշել է հիմնադրամի տնօրենը։

Այցելուները կկարողանան մասնակցել կավագործության, տիկնիկագործության, գորգագործության վարպետաց դասերի, գինու թեմայով խաղ-մրցույթների եւ շահել մրցանակներ՝ դեպի գինեգործարաններ շրջայցերի եւ գինու համտեսի վարպետության դասերի տեսքով։


Կազմակերպիչները նախապես տարբեր տուր օպերատորների են տրամադրել տեղեկատվական թռուցիկներ եւ ակնկալում են զբոսաշրջիկների մեծ հոսք։

Փառատոնի մեկնարկը կտրվի 17։00-ին, Երեւանից կգործի անվճար ուղեւորափոխադրում՝ սկսած 16։00-ից։ Նախատեսված միկրոավտոբուսները ուղեւորներին Երեւան կհասցնեն սկսած 22։00-ից, իսկ փառատոնը կտեւի մինչեւ կեսգիշեր։

Տեքստն ու լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 5737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai