Հայաստանում արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է տնտեսագիտական միջազգային օլիմպիադա: Դրա նպատակն է ավագ դպրոցականների շրջանում ֆինանսական եւ տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, տնտեսագիտության ու ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը: Այս տարի օլիմպիադան մեկնարկել է մարտին. Հայաստանի 110 դպրոցից 10, 11, եւ 12-րդ դասարանների ավելի քան 890 աշակերտ է մասնակցել, որոնցից 91-ը, հաղթահարելով անցողիկ շեմը, անցել է հանրապետական փուլ։ Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։ Օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Գրավոր եւ բանավոր փուլերի արդյունքում կպարզվեն հաղթողները, իսկ անգլերենով ամենաբարձր ցուցանիշներ գրանցած մասնակիցներից 5-ը կմասնակցի միջազգային փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերին Հունաստանում՝ ավելի քան 20 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ։Հայաստանում օլիմպիադան կազմակերպվում է Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից` ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաեւ՝ միջազգային գործընկերներ Economic Fundamentals Initiative-ի հետ սերտ համագործակցությամբ։ Այս տարի օլիմպիադայի անցկացմանը աջակցել են նաեւ Էվոկաբանկը եւ Իզի Փեյ ընկերությունը։ Tweet Դիտում՝ 1147