Ինչպես պահպանել Կենտրոնական բանկերի անկախությունը

15.07.2019 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Պատրիկ Բոլթոնը Կոլումբիայի բիզնես դպրոցի պրոֆեսոր է:

Սթեֆեն Քեչեթին Բրենդիս միջազգային բիզնես դպրոցի պրոֆեսոր է:

Ջան Պիեր Դանթինը Շվեյցարական ազգային բանկի նախկին փոխնախագահն է:

Խավիեր Վիվեսը IESE բիզնես դպրոցի տնտեսագիտության եւ ֆինանսների պրոֆեսոր է:

Մեդիամաքս մեդիա ընկերությունը Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ ներկայացուցիչն է: Սույն հոդվածի թարգմանության բացառիկ գործընկերը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն է, որն իրականացվում է Երեւանում եւ նախատեսված է հայաստանյան ղեկավարների եւ մասնագետների համար: Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:


Միջազգային ֆինանսական ճգնաժամը, որը սկսվեց 2008 թվականին, փոխեց Կենտրոնական բանկերի դերը եւ դրանց քաղաքականության գործիքակազմի ծավալներն ու շրջանակը: Ներկայում ֆինանսական կայունությունը կրկին Կենտրոնական բանկերի գործունեության առանցքն է, եւ տոկոսադրույքները մի շարք երկրներում հավանաբար կշարունակեն մնալ զրոյական մակարդակում կամ նույնիսկ դրանից ցածր: Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկերի գործունեությունը կլինի ավելի տեսանելի եւ քաղաքական առումով զգայուն, քան մեկ տասնամյակ առաջ էր: Ստեղծված իրավիճակն ահագնացող սպառնալիք է 20-րդ դարի վերջերին ստեղծված ամենակարեւոր ինստիտուցիոնալ նորարարությունների համար. խոսքը վերաբերում է Կենտրոնական բանկերի անկախությանը:

Որոշ տեսաբաններ նշում են, որ Կենտրոնական բանկերը լավագույնս կարող են խուսափել քաղաքական միջամտությունից՝ հրաժարվելով գների կայունությունն ապահովելու մանդատից, ինչը նախկինում կատարել է իր գործառույթը: Այս խորհուրդը սակայն սխալական է: Հնարավոր չէ խուսափել Կենտրոնական բանկերի՝ ֆինանսական կայունության խնամակալի սկզբնական դերը վերականգնելու հրամայականից:

Պատրիկ Բոլթոնը

Ի վերջո, գների կայունությունն ինքնանպատակ չէ: Սա պարզապես գործոն է, որը օժանդակում է մակրոտնտեսական կայունությանը, որի կարիքն ունի հասարակությունը: Ֆինանսական աջակցությունն այս հիմքի երկրորդ բաղադրիչն է, ինչն ակնհայտորեն արտահայտվեց վերջին ճգնաժամի ընթացքում:

Ավելի լայն համատեքստում, Կենտրոնական բանկերը հասարակության մեջ իրենց վերապահված դերի շուրջ անխուսափելիորեն քննարկումներ կունենան քաղաքական գործիչների, ոլորտը կարգավորող մասնագետների եւ ֆինանսական ոլորտի առաջնորդների հետ: Սա հենց այն է, ինչի անհրաժեշտությունը կա: Այսպիսի մասնակցությունը կարեւոր է Կենտրոնական բանկերի անկախության ապահովման համար:

Մեր վերջին զեկույցը (Sound At Last? Assessing a Decade of Financial Regulation) ամփոփում է վերջին տասնամյակի ֆինանսական կարգավորումները՝ ընդգծելով երեք կարեւոր կետեր, որոնց միջոցով 2008 թվականի ճգնաժամը վերափոխեց մեր հավաքական պատկերացումները Կենտրոնական բանկերի մասին: Առաջինը, այն պահից, երբ տոկոսադրույքները հասան նվազագույն զրոյական կետի (ZLB), հետագա դրամավարկային քաղաքականությունը սկսեց հիշեցնել եւ հաճախ նաեւ փոխարինել այն միջոցները, որոնք հիմնականում ձեռնարկվում են ուրիշ ատյանների կողմից: Երկրորդ, Կենտրոնական բանկի վարկավորման մակարդակը զգալիորեն ավելացել է: Եվ երրորդ, մերօրյա քաղաքական գործիչներն արդարացիորեն կենտրոնանում են համակարգային ռիսկերի կրճատման եւ ֆինանսական ճգնաժամերի բարդության վրա:

Սթեֆեն Քեչեթին

Կենտրոնական բանկերի կարգավիճակի վերանայումը խելամիտ քայլ է, ինչը տալիս է իրական հնարավորություն, որ տոկոսադրույքները հետագայում լինել զրոյական կամ գոնե զրոյական մակարդակում: Մասնավորապես, մենք կոչ են անում հատուկ ռեժիմ սահմանել, որն առաջանում է զրոյական ամենացածր մակարդակի հետեւանքով, ինչի արդյունքում գործադիր իշխանության ճյուղերը եւ Կենտրոնական բանկը հայտնում են իրենց կարծիքն ու համատեղ համաձայնում առկա գործունեության տարբերակների շուրջ:

Երբ տոկոսադրույքները հասնում են զրոյի, բոլոր դերակատարները պետք է համապատասխանեն թափանցիկության կանոններին: Յուրաքանչյուր հանդիպմանը պետք է հաջորդի համատեղ հանրային հայտարարություն, որը պետք է տրամադրի տեղեկատվություն առկա տնտեսական իրավիճակի եւ որդեգրած ուղեգծի մասին: Անհամաձայնությունների պարագայում ժողովրդավարական կերպով ընտրված կառավարությունները կունենան վերջին խոսքի իրավունք, չնայած որ նրանք պետք է հիմնավորեն իրենց առաջարկած փաստարկները եւ տվյալ որոշման ռացիոնալությունը: Այսպիսի զրոյական ամենացածր մակարդակի (ZLB) ռեժիմը կօգնի պահպանել Կենտրոնական բանկերի անկախությունը՝ տրամադրելով քաղաքական աջակցություն ոչ սովորական քաղաքականությունների իրագործման համար:

Կենտրոնական բանկերի՝ որպես վերջին ատյանի վարկատուների (LOLRs) գործունեության աննախադեպ մասշտաբները, դեռեւս սկսած ճգնաժամի ամենասկզբից, շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Կարեւոր է, որ այսպիսի գործունեությունը հանրության աչքում շարունակում է դիտարկվել որպես օրինական: Այդուհանդերձ, կենտրոնական բանկերը պետք է քննարկեն LOLRs գործունեության նպատակը, գործառնական կառուցվածքը եւ կառուցվածքային երկակիության անթույլատրելիությունը, քանի որ ոլորտի քաղաքական որոշումներ կայացնողները միտումնավոր կերպով անորոշության են մատնում, թե ում եւ ինչ պայմաններով են նրանք ցանկանում վարկ տրամադրել: Այս պարագայում, ինչպես եւ տնտեսական քաղաքականության բազմաթիվ այլ ոլորտներում, ժողովրդավարական լեգիտիմության ապահովումը պահանջում է թափանցիկություն եւ հանձնառություն:

Ջան Պիեր Դանթինը

Ի լրումն, շեշտադրումը՝ համակարգային ռիսկերի եւ մակրոպրուդենտալ (համընդգրկուն) քաղաքականության վրա, անհրաժեշտ է դարձնում Կենտրոնական բանկերին վերապահված մանդատի փոփոխման հարցը: Թեեւ համաձայնություն չկա, թե ինչպես կարելի է հնարավորինս լավ կազմակերպել ֆինանսական եւ դրամավարկային քաղաքականության ամենատարբեր բաղադրիչների գործառնականությունը, մենք նախապատվություն ենք տալիս «մեկ-տանիքի տակ» մոդելին, որում Կենտրոնական բանկն ունի երկու հիմնական խնդիր, այն է՝ գների կայունության եւ ֆինանսական կայունության ապահովումը: Այս երկու նպատակների իրագործման համար Կենտրոնական բանկերը պետք է ունենան LOLR-ի հետ կապված թափանցիկություն ու միկորպրուդենտալ լիազորություններ՝ անհրաժեշտ գործիքակազմով:

Տարբեր երկրներում ինստիտուցիոնալ սահմանափակումները կհանգեցնեն տարբերակումների: Որոշ (հավանաբար շատ) դեպքերում իշխանության որոշ մարմիններ պատասխանատվություն կկրեն ֆինանսական կայունության համար՝ դրանով իսկ համակարգումը եւ հաշվետվողականությունը դարձնելով կարեւոր գործոն: Ներգրավված գործակալությունները պետք է գիտակցեն բնորոշ գործառնական դժվարություններն այն պարագայում, երբ ամենատարբեր նպատակներ ունեցող մարմիններ կրում են համընդհանուր պատասխանատվություն, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է բախվեն այն ռիսկի հետ, որ համակարգման ֆրագմենտացիան եւ սակավությունը կհանգեցնեն անգործության:

Խավիեր Վիվեսը

ZLB պարագայում դրամավարկային եւ ֆիսկալային համակարգմանը պետք է հետեւեն հանրային հայտարարություններ, որոնք պետք է զուգորդվեն քննարկումներով՝ կապված ֆինանսական կայունության, անհամաձայնությունների հետ, որոնք դարձել են հանրային հաշվետվողականության մի մասը: Կարճ ասած, դրամավարկային քաղաքականության հետ կապված որոշումների համընդհանուր չափորոշիչները պետք է կիրառելի լինեն նաեւ ֆինանսական կայունության հանձնաժողովի որոշումների հետ:

Կենտրոնական բանկերի անկախության պահպանումը պահանջում է ադապտացիա: Հետճգնաժամային աշխարհում կառավարությունները եւ քաղաքացիները կշարունակեն ավելի մեծ ծավալի քաղաքականություն մշակող ռեսուրսներ պատվիրակել չընտրված անկախ հաստատություններին: Այդ իսկ պատճառով Կենտրոնական բանկերը պետք է դառնան ավելի հաշվետու՝ իրենց լեգիտիմության պահպանման համար: Մենք կարիք ունենք հանրային բանավեճերի՝ Կենտրոնական բանկերի գործունեության շրջանակին վերաբերող խնդիրների, գործունեության գործիքակազմի եւ հաղորդակցության մեխանիզմների շուրջ համաձայնության գալու նպատակով: Այսպիսի քննարկումներ անցկացնելու ձախողումը ոչ միայն ռիսկի կենթարկի Կենտրոնական բանկերի անկախությունը, այլեւ ֆինանսական կայունությունը եւ ընդհանուր սոցիալական բարեկեցությունը:

Copyright: Project Syndicate, 2019.

www.project-syndicate.org
Դիտում՝ 32794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW